Chapter 16
13.4
― Հայդո՛ւկ, դու քնա՞ծ ես։
Աշոտ դային է։ Ես լռում եմ, այսինքն ուզում եմ ասել՝ այո՛, ես քնած եմ։ Բայց նա չի հուսահատվում։
― Ինչո՞ւ կալանավորներին չի թույլատրվում ժամացույց պահել։
― Որպեսզի չկարողանան ժամադրություն նշանակել, ― պատասխանում եմ ես։
― Երևի՛, երևի, ― պատասխանում է նա։ Հետո անդրադառնում է։ ― Ժամադրություն՝ ո՞ւմ հետ․․․
― Ամեն կալանավոր ունի իր սիրուհին, ― ասում եմ ես, և զարմանալի կերպով բոլոր կալանավորների սիրուհիները մի անուն ունեն։
― Զարմանալի բան, ― նկատում է Աշոտ դային և ուզում է երևի զարմանալ, բայց ես զգում եմ, որ նրա մտքերը հեռու են, ― և ինչպե՞ս են կոչվում նրանք, ― այնուամենայնիվ հարցնում է նա։
― Ազատությո՛ւն, ― ասում եմ ես մեծ հանդիսավորությամբ։
― Տեղը բերիր, ― երևի ժպտում է նա խավարում, ― բայց գիշերվա համար շատ է դժվարամարս։ Ավելի լավ է քնիր։ Վաղը․․․
― Վաղը, այո՛, վաղը, ― հաստատում եմ ես և աչքերս փակում։
․․․ Չորս կողմից լսվեց խշշոց, թշշոց, և տաք գոլոշին ասես կտրեց մեզ ցեմենտե հատակից, և մենք, մերկ ու մազակալած, միայն վախ ներշնչող հրեշտակների նման լողացանք ցեմենտի ամպերում։ Քիչ հեռու կարելի էր նկատել, որ մեր ժողովրդական կոմիսարը փնչում է և երկու ձեռներով եռանդով շփում սեփական գլուխը։ Մշուշից դուրս լողաց ճարտարապետներից մեկը և օգտվելով աղմուկից, ականջիս շշնջաց։ ― Հիմա կսկսեն․․․ ― Ի՞նչը, ― հարցնում եմ ես։ ― Գնդակահարել, ― պատասխանում է նա։ ― Իսկ ինչո՞ւ բաղնիքում, ― գրեթե բարկանում եմ ես։ ― Կրակոցները խլացնելու, արյան հետքերը սրբելու համար, ― բացատրում է նա արագ֊արագ, ասես վախենալով, որ ժամանակ չի մնացել իր մտքերը մինչև վերջ բացատրելու։ Հետո մենք հայտնվում ենք մի ցնցուղի տակ և վերից թոփվող ախորժելի ջերմաստիճանով ջուրը կյանքի է կոչում մեր հոգնած ու տառապած մարմինները։ Ցնցուղները չեն ենթարկվում մեզ, և կարիք էլ չկար, որ ենթարկվեն, նորմալ էր և չափը, և ջերմությունը։ Մշուշի միջից մի քանի անգամ լսվեց հրացանավորների «սը՛ս֊սը՛ս»֊ը։ Այդ նշանակում էր, որ մենք լողանալիս փնչփնչում ենք, մի բան, որ երևի չի կարելի։
Կասկածից դուրս էր, որ համառ հետևողականությամբ մեզ հետևում էր համեմատականության թեորիան, որը կապ չուներ Ալբերտ Էյնշտեյնի հետ, ոչ, այս տեսությունը լուսահոգի կըրխ֊դաիրմանցի Սերոբին էր պատկանում։ Հիմա մենք երջանիկ ենք, որ Վոլոգդայի բանտային բաղնիքում մեզ չգնդակահարեցին, և մենք լողանում ենք զինված պահակների հսկողության տակ։
Ու հանկարծ, ինչպես միանգամից և անսպասելի սկսվեց աղմուկը, միանգամից էլ կտրվեց։ Այս անգամ մենք մեզ զգացինք այն անհարմար դրության մեջ, ինչպես զգում են մեծ ոգևորությամբ պարողները, երբ հանկարծ նվագախումբը լռում է։ Այս անգամ բացվեցին ձախակողմյան դռները, և նույն համր նշաններով հրամայեցին մեզ դուրս գալ։ Մենք մտանք մի՝ կարելի է ասել՝ ընդարձակ սենյակ կամ փոքր մի սրահ։ Երկար նստարաններին, պատշաճ հեռավորության վրա, դրված էին շորերի գորշ կապոցներ։ Ցուրտը երևի մեզ օգնեց, որ մենք արագ կողմնորոշվենք։ Ամեն մեկս տեր կանգնեցինք մի կապոցի։
Առաջին տպավորությունը բավականաչափ աննպաստ էր, եթե չասենք՝ քստմնելի։ Սպիտակեղենը կոշտ քաթանից էր և շատ էր հեռու սպիտակեղեն լինելուց։ (Ի՞նչ օճառով էր լվացված, ծանր հոտ ուներ)։ Գորշագույն բլուզի երեք կոճակներից մեկը փայտից էր։ Բամբակած շալվարն ու պիջակը մեծ ու փոքր էին, ականջավոր գլխարկը կուպր էր հոտում։ Բուշլատը քաշում էր երևի մեկ փութ։ Ամենասարսափելին կոշիկներն էին, դրանք ոչ թե կոշիկներ էին, այլ ծանր սանդալներ։ Նրանցից ամեն մեկում երեք ոտք կարող էր տեղավորվել ապահովաբար։
Երբ վերջացավ դժվար զգեստավորումը, մենք վերջապես բարձրացրինք մեր գլուխը և նայեցինք իրար։ Հիմնականում կարելի էր երկու մասի բաժանել մեզ՝ ծիծաղելիներ և ողբերգականներ։ Ես, կարծեմ, և՛ մեկն էի, և՛ մյուսը։
Հետո զնգացին ինչ֊որ փականքներ ու կողպեքներ, ինչ֊որ դռներ փակվեցին ու բացվեցին, և մենք մուտք գործեցինք պաշտոնական բանտը։
Չորսհարկանի մի մռայլ շենք էր դա, կառուցված ծանր, ճնշող ճարտարապետական ոճով։ Ամեն մի հարկն ուներ իր երկաթե դուռը, որին հսկում էին մի զինված և մի անզեն պահակ։ Դեպի չորրորդ հարկը ձգվող քարե աստիճանների հարթակների վրա բացվում, ավելի շուտ փակվում էին հսկայական լուսամուտներ, որոնցից ոչինչ չէր կարելի տեսնել, որովհետև ապակիները գույնզգույն էին և բաժանված հարյուրավոր քառակուսիների և եռանկյունիների։ Ինչ֊որ միստիկական, խորհրդավոր, անհասկանալի բան ուներ այս բանտը, որը հետո հասկանալի դարձավ։ Այո՛, հետո՛։ Մենք քայլում էինք մեկ֊մեկ աչք֊ծոծրակ, այդպես բարձրացանք քարե, խուլ աստիճաններն ու երբ հասանք չորրորդ հարկը, թեքվեցինք աջ։ Մեր երթը ձախից և աջից հսկում էին երկու հերթապահներ։ Նրանք քայլում էին մեզ հետ և մի քիչ կռացած, չափ էին տալիս մեր քայլվածքին, ամեն քայլի հետ կրկնելով՝ «սըս֊սըս֊սըս․․․»։ Այսպես հետևում է պարի ուսուցիչը նոր ընդունված աշակերտի առաջին քայլերին։ Կոշիկները ծանր էին, չէին ենթարկվում մեզ, մենք աշխատում էինք քայլել անձայն, և դա միշտ չէ, որ մեզ հաջողվում է։ ― Սըս․․․ սըս․․․
Միջանցքը լայն է․ միջանցքը լուսավորվում է էլեկտրական աղոտ լույսով։ Առջևից քայլում է Երևանի կոմիտեի քարտուղարը, հետո ճարտարապետներից մեկը, երրորդը ես եմ։ Ովքե՞ր են ինձնից հետո, չգիտեմ, կարևոր էլ չէ։ Երկու կողմերում երկաթե փակ դռներ կան, ոմանք մոտ֊մոտ, ոմանք իրարից հեռու։ Մեծ ու փոքր կամերաներ են։ Իրար մոտ գտնվող ղռների վրա մեկից ավելի ծանր կողպեքներ կան։ Մեկուսարաններ են երևի։ Դռներից մեկի մոտ առաջնորդը կանգնում է։ Մենք էլ։ Նա սկսում է դռնբացեքի արարողությունը։ Ես մի աչքով հետ եմ նայում։ Ինձնից հետո միայն վեց հոգի կան։ Մնացյալները․․․ մնացյալներին կուլ են տվել առաջին, երկրորդ և երրորդ հարկերի կատակոբները։
Դուռը բացվում է, և մենք ներս ենք մտնում։
Մենք հիմա մենք չենք, մենք համարակալված, բայց այսպես թե այնպես կենդանի միավորներ ենք։ Ես «222»֊ն եմ, օրինակի համար։ Ինչպես էլ գտան իսկական թիվս՝ 222, ոչ ավել, ոչ պակաս․․․
Որովհետև եթե մեկով ավելի լիներ՝ կարող էր ստացվել Երևանի կոմիտեի քարտուղար, իսկ եթե պակաս՝ ճարտարապետ․․․ 222, ահա՛, ահա ես, ոչ ավելի և ոչ պակաս։
Ու եթե ես փախչեմ, այդպես էլ կասեն՝ 222֊ը փախավ, ու եթե իմ և բանտային բժշկի հարաբերությունները լավանան, նա մի գեղեցիկ օր կապացուցի, որ համր չէ։ Կխփի ուսիս և կասի՝ «222, քեֆդ ո՞նց է»։
Ու եթե մայրս ինձ նամակ գրի, պիտի գրի․ «Որդյակ իմ 222, ստացա վերջին նամակդ և կարդալով շատ․․․»
Ու եթե ես միօրինակ ու տաղտկալի կյանքս քիչ թե շատ բազմազան դարձնելու բարի նպատակով վերցնեմ ու մեռնեմ, չորրորդ հարկի պատասխանատու հերթապահն այդպես էլ պիտի զեկուցի բանտապետին․ «222֊ը մեռավ․․․»։
Խե՜ղճ 222։
Թվաբանական խնդիրն ավելի քան պարզ էր․ կամերայում նստած էին 6 կալանավոր։ Դուռը բացվեց, և ներս մտան 9 կալանավորներ։ Քանի՞ Կալանավորներ էին ապրում կամերայում։ Պատասխան ― 15:
Մենք հիմա գիտենք, որ գտնվում ենք Վոլոգդայի քաղաքական մեկուսարանում։ Մեկուսարանի շենքը ժամանակին եղել է վանական սուրբ հայրերի կացարանը։ Այո, աստեղ, այս պատերից ներս ապրել ու ճգնել են աշխարհից խռոված մարդիկ։ Նրանք կամավոր կերպով չարչարել են իրենց մարմինը, իսկ հոգին նվիրել խստասիրտ ու դժվարահաճ աստծուն։
Մեծ տարբերություն չկա այս մռայլ շենքի նախկին ու ներկա բնակիչների միջև։ Աշխարհից խռոված՝ մենք էլ ենք ճգնում, մեր մարմինն էլ է չարչարված, իսկ մեր հոգիները՝ զոհաբերված խստասիրտ ու դժվարահաճ աստծուն։ Աստվածների մեջ մի փոքր տարբերություն կա։ Նրանց աստվածը զառամած, ալեհեր բեղ֊մորուսով է, մերը՝ մաքուր սափրված, ալեխառն բեղերով։ Այս է եղածը։ Մի աննշան տարբերություն էլ կա՝ մինչ այս շենքի նախկին բնակիչները իրենց ձեռքով էին փակել դուռն իրենց վրա, ապա նրա նոր բնակիչներն իրենց կամքից ու ցանկությունից անկախ, շա՛տ, շա՛տ, շա՛տ հարգելի պատճառով նստած են փակ դռներից ներս։
Այս չէ՞ եղածը։
Այստեղ չեն խոսում, իսկ եթե խոսում են, ապա խոսում են շշուկով։ Գոյություն ունեցող դրակոնական կարգերից շեղվողին սպառնում էր 5 ― 10 ― 15 օրյա տքնություն ստորերկրյա պատժարանում։ Հինգ օրվա դատապարտվածները կամերա են վերադառնում այլափոխված ու կիսամեռ վիճակում, տասը օրականներին փոխադրում են այնտեղից փակ հիվանդանոց, իսկ տասնհինգ օրականներին՝ մո՛րգ։ Վոլոգդայի սուրբ հայրերի մենաստանում կարծեմ այս էլ չի եղել։
Այատեղ մեզնից առաջ հաստատված վեց կալանավորներից ամենահետաքրքիր անձնավորությունը, իհարկե, Սերյոժա Բենեդիկտովն է։ Սա եղել է Լենինգրադի կոմերիտական շրջկոմի քարտուղարներից մեկը և իր ասելով՝ տեղյակ է քաղաքական ներքին բոլոր անցուդարձերին։ Նա երեք անգամ ամուսնացել է, բռնվել է չորրորդ անգամ ամուսնանալու նախորյակին և խորապես համոզված է, որ ինքը զոհ է իր նախկին կանանց սադրանքներին։ Գեղեցկադեմ է Սերյոժան, երիտասարդ, մի քիչ թեթևաբարո և կարելի է ասել՝ պարծենկոտ։ Երբ մենք շշուկով նրան ասացինք, որ ահա՛ այն մարդը Երևանի կոմիտեի քարտուղար էր, կարծում էինք, որ նրա մեջ կարթնացնենք կոմերիտական հարգանքի զգացմունք դեպի իր ավագ, կուսակցական ընկերը։ Իսկի էլ չէ։ Նա անտարբեր մի հայացք նետեց մեր քարտուղարի վրա և փընչաց․ ― Շա՜տ եմ տեսել․․․
Ռոման Բելուգովը մոտ յոթանասուն տարեկան մի ծերուկ էր։ Մանր դիմագծերով և ավելի մանր աչքերով այս մարդը կարող էր անշարժ նստել ժամերով կամ ձմեռը ժամերով անշարժ կպչել վառարանին, մնալ։ Ոչ մի կերպ հնարավոր չեղավ պարզելու, թե ի՞նչ մեղադրանքով է նստած այս ահավոր հանցագործը։ Մեզնից առաջ նա պատմել է, որ ինքը ձկնորս է․ մի անգամ ձուկ որսալիս նա խմել է ու քնել է՝ թողնելով մակույկը բախտի քմահաճույքին։ Բարձրացել է ուժեղ քամի և նրան քշել դեպի ծովի բացերը։ Երբ ուշքի է եկել, նա իրեն գտել է նավահանգստային քաղաքներից մեկի կենտրոնական բանտում։ Նրան մեղադրել են Սկանդինավիա փախչելու փորձ կատարելու մեջ։
Մի ուրիշին նա պատմել է, որ ինքն ունեցել է տնային հազվագյուտ ակվարիում՝ հազվագյուտ ձկների տեսակներով, որ իր ողջ կյանքում նա սնվել է սեփական ակվարիումի համեղ ձկներով և որ իրեն բռնեցին սուտ մեղադրանքով, որ տիրանան իր արժեքավոր ակվարիումին։ Եվ, վերջապես, մի ուրիշ անգամ պատմել է, որ իր փեսան ձկնարդյունաբերության ժողկոմատի պատասխանատու աշխատող է և որ նա կենտրոնական պահեստից դուրս գրեց մեկ թե երկու տոննա ձկնկիթ մասնավոր շուկայում կրկնակի գումարներով ծախելու համար։ Իր ասելով՝ նա օրգաններին իմացրել է այս հակապետական գործի մասին և ահա՝ շնորհակալության փոխարեն իրեն նստեցրին։
Այս և նրա պատմած բոլոր հակասական պատմությունների մեջ մի բան ակներև էր․ նրա «գործից» ձկան հոտ էր գալիս։ Ու մի անգամ, երբ ես և նա գտնվում էինք վառարանի մոտ և փորձում էինք տաքացնել մեր մարմնի երկու երեսները, ես շատ ցածր ձայնով հարցրի․
― Ինչո՞ւ քեզ նստեցրին խե՜ղճ մարդ․․․
― Ձկան պահածոնե՛րը, անիծվա՛ծ ձկան պահածոները․․․
Խնդիրը լուծեց կալանավոր Արխիպովը, որը եղել է ուսուցիչ, ձերբակալվել որպես մենշևիկ և այստեղ բերվել Ռոման Բելուգովի հետ։ Նա ցուցամատը երկու անգամ խփեց ճակատին և ասաց․
― Մի՞թե չեք նկատում, որ նա․․․ էն֊իքը․․․
Ուզում էր ասել ցնդել է։
Առավոտյան և երեկոյան մեզ տանում են զուգարան։ Մարգարե չպետք է լինել գուշակելու համար, որ բանտային վարչությունը որոշ ջանքեր չի խնայել սուրբ հայրերի այս մենաստանը վերակառուցելու համար։ Նույն բանտային վարչությունն, ըստ երևույթին, առանձին ուշադրության է արժանացրել զուգարանին։ Հիրավի, ուշադրության արժանի էր այս կառույցը։ Զուգարանն ուներ միայն երեք կետ, բայց կարող էր սպասարկել տասներկու հոգու միանգամից, շնորհիվ իր հնարագետ և միաժամանակ անպատվաբեր ճարտարապետություն։ Սուրբ հայրերը հազիվ թե համաձայնվեին օգտվել այդ հարմարանքից, անգա՛մ եթե նրա հղացումն աստվածային ծագում ունենար։ Յուրաքանչյուր անցից, ինչպես ասվեց, օգտվում էր միանգամից չորս կալանավոր և նստում էր այնպես, որ նրանցից մեկը նայում էր դեպի արևելք, մյուսը՝ արևմուտք, երրորդը հյուսիս, իսկ չորրորդը՝ դեպի հարավային կողմն աշխարհի։ Զուգարանի մուտքի մոտ հսկող հերթապահ պահնորդներն ամեն մի կալանավորի առողջապահական կարիքների համար մի֊մի կտոր եռանկյունի կտրված թերթի կտորներ էին տալիս։ Եռանկյունի՝ որ կալանավորները չկարողանան կարդալ և չիմանան, թե ինչ է կատարվում դրսում։ Այնուամենայնիվ, մենք այդ կտորներից իմացանք, որ Եժովի տեղը նշանակված է Լավրենտի Բերիան, իսկ Մուստաֆա Քեմալը մահացել է։
Բանտային շենքի մռայլ թարթիչների տակ տարածվում էին զբոսանքի քառակուսի տարածությունները, որոնք մեկ֊մեկից անջատված էին տախտակե ցանկապատերով և փշալարերով։ Ծանր կոշիկների խուլ դոփյուններից միայն կարելի էր գուշակել, որ պատից այն կողմ նույնպես իրար ետևից քայլում են կալանավորներ։ Քայլելիս պետք էր ձեռքերը պահել հետևում, չպետք էր նայել ոչ վեր, ոչ վար, ոչ աջ, ոչ ձախ, այլ ուղղակի դիմացը, առջևից քայլողի ծոծրակին։ Բանտային լռության կարգ ու կանոնին չէին ենթարկվում շատախոս սարյակները։ Նրանք բարձրացնում էին այնպիսի աղմուկ ու աղաղակ, որ հսկիչներն անհանգստացած նայում էին դեպի վեր։
Ձմեռը պատի վառարանները վառում էին միջանցքից։ Ի՞նչ փայտ էին վառում, ես չգիտեմ, բայց վառելիքը պետք էր, որ առաջնակարգ լիներ։ Վառվող փայտը ուրախ աղմուկով ճարճատում էր ու երգում աշխարհի ամենաքաղցր և հուզիչ մեղեդիները, և պատը կամաց֊կամաց տաքանում էր։ Մի ջերմ ալիք էր անցնում կամերայում և տաքացնում մեր մրսած ու կծկված հոգիները։ Մենք նայում էինք իրար, լուռ ժպտում և շատ լավ հասկանում էինք իրար։
Իմ մեծագույն հաճույքներից մեկն էր՝ դիտել նեղ պատուհանի ապակիների հարափոփոխ սառցանկարները։ Ինչե՜ր ասես չէի գտնում այնտեղ։ Ահա լեյտենանտ Գլանն իր շան, Եզոպի հետ, ապա Էդվարդյան ծառի մոտ կանգնած ժպտալիս, ձկնորսական խրճիթի դռանը կանգնած է Եվան և տխուր նայում է անտառային արահետին։ Գիքո՜րն է կանգնած խանութի դռանը, որսորդը կրակում է, իսկ միրհավը ծալել է վիրավոր թևը, մի նաիրյան աղջիկ թեքել է հեզաճկուն իրանը, ու հոգնած հնձվորներն արտից գյուղ են վերադառնում։
Վոլոգդայի սո՛ւրբ հայրերի մենաստան։
․․․ Իմ աջակողմյան մահճակալը պատկանում է ճարտարապետներից մեկին, իսկ ձախինը Լենինականի պատասխանատու աշխատողներից մեկին։ Վերջինիս ազգանունը ադրբեջանական է, ինքը՝ հայ։ Ղարաբաղի կողմերից։ Ե՛վ մեկը և՛ մյուսը երդվայլ ագռավներ են, մաքուր հոռետեսներ։ Ամեն առավոտ նրանք քնից զարթնում են ու մեկն աջից, մյուսը ձախից պատմում են իրենց տեսած երազները։ Նրանց բոլոր երազները մեկը մյուսից մռայլ են ու չարագուշակ։
― Երազումս երեք ատամներս ընկան ափիս մեջ, ― շշնջում է ղարաբաղցին։
― Լավ երազ չէ։ ― Բացատրում է ճարտարապետը։ ― Հարազատներիդ հետ մի դժբախտություն չպատահի՞․․․ Ես էլ տեսա՝ մինչև մեջքս թաղվել եմ ցեխում, ― ավելացնում է նա։
― Նոր գործ կարող են բաց անել, զգույշ կաց, ― խորհուրդ է տալիս ղարաբաղցին։
Լավ երազներ են համարվում, երբ երազ տեսնողը ձի է նստում․ ավանակ նստելը նույնպես համարվում է ազատվելու նման մի բան։ Հակազդելու համար իմ հարևանների գեշ երազների վրա՝ ես շաբաթվա մեջ մի քանի անգամ ստիպված եմ լինում ձի կամ ավանակ նստել։
― Ավանակն ի՞նչ գույն ուներ, ― հարցնում է ղարաբաղցին։
Ես մտածում եմ, որ սև էշը դժվար թե բարի նշան համարվի և ինձ նետում եմ ապիտակ ավանակի կռնակին։
― Սպիտակ, ― պատասխանում եմ ես։
― Սպիտակը պատանք է, ― շշնջում է ղարաբաղցին և հորանջում։
Երկու օր հետո ես փոխադրվում եմ սև էշի վրա։
― Սևը սուգի նշան է, ― այս անգամ վայում է ճարտարապետը։
― Բայց երազում էշ կամ ձի նստելը լավ նշան է, ― բողոքում եմ ես։
― Կապրենք, կտեսնենք, ― զիջում է ղարաբաղցին։
― Ինչ երազ ուզում ես՝ տես, մեզ վրա սև խաչ են քաշել, ― մտքերի փոխանակությունն ամփոփում է ճարտարապետը։
Հին կալանավոր Արխիպովը մի տարի եղել է Սիբիրի ճամբարներից մեկում։ Նա շշուկով պատմում է ճամբարային կյանքի մասին։
― Եգիպտական ճորտերի մասին գաղափար ունե՞ ք, ― հարցնում է նա։
― Ունենք։
― Ուրիշ բան չեմ ուզում ասել, ― ասում է նա և աչքերը փակում։
․․․ Ես չգիտեմ, չգիտեմ ո՛չ եգիպտական ճորտերի, ո՛չ էլ Սիբիրի ճամբարների մասին։ Բայց ես լավ գիտեմ Վոլոգդայի քաղաքային մեկուսարանը, որը նախկինում եղել է սուրբ հայրերի մենաստան։ Գիտեմ և այն, որ այս պայմաններում երկաթե մարդն անգամ կարող է մաշվել և ծակծկվել։ Միօրինակ սնունդը մեզ զրկել է ախորժակից, և մենք հյուծվում ենք օր֊օրի, այո, օր֊օրի՝ այս բառի բուն նշանակությամբ։ Մեր լինդերը հիվանդ են, նրանք այնքա՜ն են թուլացել, որ անձամբ ես ունեմ այն տհաճ զգացողությունը, որ ատամներս կակղել են։ Եթե բժիշկը ցանկանա, ես կարող եմ նրա ուզած ատամը դուրս քաշել իմ բերանից և դնել իր ափին։ Իսկ բժիշկը ոչինչ չի ցանկանում ու մեզ անհայտ մնաց, նա ասո՞ւն է, թե խուլ ու համր։ Նա լսում է մեր շշուկով արտասանված խոնարհ գանգատները, «քղը՛» է անում և հսկիչի հետ դուրս գալիս կամերայից, թողնելով իր ետևից այրված օղու երբեմն հաճելի թվացող բուրմունքը։ Լավատես լինելու, դայլայլելու տեղ չի մնում հիրավի, թեկուզ ամեն գիշեր երեք երազ տես, ընտիր նժույգների և տոհմական ավանակների երամակներով։ «222»֊ը կորչում է, նա կանգնում է այնպես, որ պատին ընկնում է նրա գլխաստվերը։ Նրա վիզը բարակել է և երկու կողմից երևում են բեղերի ցից֊ցից վերջավորությունները։ Նա հիշում է Կուկունյանի լուսանկարը, որը տեսել է ինչ֊որ բարակ գրքույկի վարդագույն շապիկի վրա։ Կասկած չկա, որ նա հիմա իր այս վիճակով նրան է նման։
Մենք դատապարտված ենք կորստյան նաև այն պատճառով, որ հյուծված ու քայքայված են մեր ներվերը։ Միայն երևանյան հուլիսյան երեք գիշերները բավական էին, որպեսզի մենք ուղարկվեինք Սև ծովի ափերը երկարատև ու տևական հանգստի։ Այդ տևական հանգիստը վայելում ենք մենք հիմա այս դարավոր, մի քիչ ձևափոխված վանքում, ուր տիրում են լռություն ու խաղաղություն։ Սակայն այս լռության ու խաղաղության տակ խարտոցներ կան ու նուրբ, հազիվ տեսանելի սղոցներ, որոնք խարտում ու սղոցում են մեր ջղերն օր֊օրի, ժամ֊ժամի։ Մենք գտնվում ենք օրվա քսանչորս ժամվա ընթացքում՝ քսանչորս ժամ հսկողության տակ։ Մենք մեզ զգում ենք լուսարձակների ու խոշորացույցի տակ, ուր հաշվի են առնվում մեր ամեն մի քայլը, ամեն մի շարժումն ու դիմախաղը։ Քուն մտնելիս անգամ մենք ազատ չենք, որովհետև առաստաղին կպած ցանցապատ լույսը վառվում է ցերեկ ու գիշեր, իսկ մենք, քնած թե արթուն, միևնույն է, պարտավոր ենք պառկել՝ երեսներս դեպի դուռը։ Մեկ ժամվա ընթացքում մի քանի անգամ շրխկոցով բացվում է դռան քառակուսին, և այնտեղից հսկիչը նայում է և ստուգում՝ ոչ ոք չի՞ փախել կամ չի՞ մտածում փախչելու մասին։ Բոլոր մեծ ու փոքր զանցանքները նշվում են կալանավորների թվերի առաջ, և մի գեղեցիկ օր առանց բացատրության ընկնում ես դաժան պատժարանը։ Բելուգովի հետ, սակայն, այսպես չպատահեց։ Նա մի հարվածով տիրացավ պատժարանին։ Մենք ուզում ենք ասել երևի, որ պատժարանը մի հարվածով տիրացավ Բելուգովին և հինգ օրվա ընթացքում խախտեց նրա մտավոր վիճակը։
Այո, Բելուգովը կամերա մտավ հարաբերական այն առողջությամբ, ինչ հատուկ էր ամեն կալանավորի։ Ամեն ինչ սկսեց կոշկակապերի բացակայությունից․ նրա ոտներն այնքան փոքր էին, իսկ ոտնամաններն այնքան ծանր ու մեծ, որ զբոսանքի ժամանակ ձախ ոտնամանը թռավ ոտից, և նա հազիվ կարողացավ պահել իր հավասարակշռությունը։ Այդ օրը Բելուգովի համարի դիմաց նշվեց նրա այս հանցանքը։ Երկրորդ օրը հսկիչները նկատեցին, որ կալանավոր Բելուգովն իր կոշիկներից մեկը կապել է մի անցքից, մյուսը՝ կարճ թելով։ Նրան հրամայվեց «բացատրական թուղթ» գրել՝ որտեղի՞ց է ձեռք բերել «պարանը»։ Ծերուկը գրեց, որ նա պարանով չէր կապել իր ոտնամանը, այդ կարճ թելը նա կտրել էր կամերայի ցախավելի կապից․․․ ― Պետական գույքի փչացում, վնասարարություն, ― ահա բանտային վարչության եզրակացությունը։ Բանտի վարչությունն իրար անցավ։ Բելուգովը մեղադրվեց նաև մութ նպատակների համար պարան պահելու մեջ և հինգ օրվա վճռով իջեցվեց պատժախուցը։
Երբ հինգ օր հետո Բելուգովը ուռած ոտներով և ուռած այլանդակված դեմքով մի կերպ կամերա մտավ, բոլորը սարսռացին։ Ինքը՝ Բելուգովն ուրախությունից արտասվեց, որ կարողացավ նորից կամերա վերադառնալ, կամերա, որի մասին հինգ օր ու գիշեր երազել ու մտածել էր որպես կորուսյալ դրախտի մասին։ Այստեղ էլ անվրեպ գործում էր հարաբերական երջանկության տեսությունը։
Բելուգովը քնեց քառասունութ ժամ։ Երբ զարթնեց, նորից արտասվեց ուրախությունից և կարողացավ կից֊կտուր շշուկով պատմել պատժարանի հմայքների մասին։ Գետնափոր է այդ պատժարան կոչված «ցեմենտե պարկը»։ Այնտեղ դրված է մի սեղան, սեղանի վրա՝ դագաղաձև մի հարմարանք, ուր պառկեցնում են մեղանչողին՝ երեսը դեպի դուռը։ Շարժվելու ոչ մի հնարավորություն։ Բնական կարիքները հոգալ՝ ինչպես երեխան է հոգում։ Ցուրտը թափանցում է ոսկորներից ներս։ Գիշեր֊ցերեկ, երեք րոպեն մի անգամ, բացվում է դռան քառակուսին ու փակվում։ Այս այն նպատակով, որ պատժվողը չկարողանա քնել։ Այս արվում է բացառապես մարդասիրական նպատակով։ Որովհետև եթե պատժվողը քնի, կարող է այլևս չզարթնել։ Կսառչի և վերջ։ Հո՛ւմ․․․ հո՛ւմ․․․ հումանի՛զմ։ Բելուգովը կամերայում միայն իմացավ, որ հինգ օր է, ինչ բացակայում է կամերայից։ Նա կորցրել էր հաշիվը։ Նախքան այստեղ բերելը նրան բաղնիք էին տարել և փոխել էին սպիտակեղենը։ Անցել էին օրեր, և Բելուգովը կամաց֊կամաց ֆիզիկապես կարգի էր եկել, բայց հոգեպես հիվանդացել էր։ Այո, հոգեկան հիվանդ էր Բելուգովը, նա, ըստ երևույթին, պատկանում էր հանդարտաբարո հոգեկան հիվանդների դասին։ Երբ ձկնապուր էին տալիս, նա հրաժարվում էր ուտելուց, երեխայի նման խռոված՝ քաշվում էր մի անկյուն, հետո պատմում էր ձերբակալության պատմության մի նոր տարբերակ, ուր շարժիչ գլխավոր ուժը ձուկն էր․․․ Մենք նայում էինք դժբախտ Բելուգովին, և մեզ հարաբերականորեն երջանիկ էինք զգում, որ դեռ չենք ընկել պատժարանը։ Դա մեծ ուրախություն էր մեզ համար, բայց մեզ սպասում էին նոր ուրախություններ։
Մի գիշեր․․․
․․․ Դժվարությամբ, կամաց֊կամաց, ծանր մարտերով ձմեռն սկսեց նահանջել, և գարունը մտավ իր իրավունքների մեջ։ Հիրավի, գարուն էր։ Բնության մեջ տեղի ունեցավ ղեկավարության փոփոխություն։ Համատարած սպիտակ դրոշի փոխարեն ամենուր փողփողացին կանաչ դրոշներ։ Ի պատիվ գարնան գալստյան մեր միջանցքի երկու ծայրերում գտնվող երկու պատուհանները բացվեցին, և ծառերի կանաչությունը խուժեց մեր աչքերից ներս ու լցրեց մեր սիրտն ու հոգին։ Գարո՛ւն, գարո՛ւն, Վոլոգդայում։ Տարվա այս եղանակին, երևի, սուրբ հայրերը պուրակ են իջել սունկ հավաքելու։ Այսօր մեր ճաշի երեսին սունկի կտորներ էին լողում։
― Պահածոյի սունկ է, ― ասաց ճարտարապետը։
― Այնուամենայնիվ սունկ է, ― առարկեցի ես։
― Կարող է անգամ թունավոր լինել, ― վայեց ղարաբաղցի հայը։
― Մեզ դեռ ծաղիկներով պիտի դիմավորեն, ― դայլայլեցի ես։
Այդ էլ անցավ։
Օդում ինչ֊որ անհանգստություն էր զգացվում։ Տարիների ընթացքում անստուգության մեջ սրված բնազդով մենք զգում էինք, որ շուրջն արտակարգ մի բան է կատարվում, և մենք գտնվում ենք կարևոր իրադարձությունների նախօրյակին։ Մենք հիմա մեղրամոմից ձուլված շարժուն ու կենդանի էակներ ենք և ուզում ենք, որ լինելիքը շուտ լինի, այլապես մենք կհանգենք առաջին իսկ հովից։
Մի գիշեր․․․
Առաջին անսովոր երևույթն այն էր, որ մեր ականջին հասան հարևան կամերաների դռների բացվելու ու փակվելու ձայները։ Աննախընթաց երևույթ՝ այն էլ գիշերով։ Մենք սրում ենք մեր ականջները։ Հիմա լռություն է, լռություն։ Բայց ահա նորից դռներ են բացվում, դռներ են փակվում ու նորից լռություն։ Գնալով ավելի մոտ ու որոշակի են լսվում կողպեքների բացուխուփը, և ահա․․․
Շխկաց, չխկաց և բացվեց մեր դուռը։ Գիշերային հսկիչների հետ միասին մտավ մի ուրիշ զինվորական ևս։ Սովորաբար նա ուղեկցում էր բժշկին։
Մենք բոլորս էլ մի մարդու նման նստեցինք։
Նա ձեռքի թուղթը մոտեցրեց աչքին և կարդաց երեք թիվ։
— Հագնվել։
Երեք հոգի, նրանցից մեկը Երևանի կոմիտեի քարտուղարն էր, հագնվեցին արագ և տագնապով։
Ո՞ւր են տանում։ Ես հիշեցի այն գիշերը, երբ մեզնից թվում էր թե անդարձ տարան երկու ճարտարապետներին։ Ներքին մի բնազդ մեզ ասում էր (գոնե ինձ...), որ այս անակնկալ հրավերը չարագուշակ աստառ չունի, որ մեր կյանքում պիտի փոխվի մի ինչ֊որ բան, բայց ի՞նչ, ի՞նչ...
Գնացին, և դուռը փակվեց։ Մենք մի րոպե նայեցինք իրար աչքերի՝ այնտեղ գտնելու համար մեզ տանջող հարցի պատասխանը։
— Սկսվեց,— տնքաց ղարաբաղցի հայը։
— Ի՞նչը,— հարցրի ես։
— Պարզ չէ՞,— ճարտարապետն էր։
Ես չուզեցի փորփրել։ Նրանցից լավ խոսք լսելն անհնարին էր, իսկ ես... Իսկ 222-ը միայն լավը լսելու ցանկություն ունի, միայն լավը։ Թող այդ լավը լինի խաբուսիկ, սուտ ու փուչ, միայն թե... 222-ը հոգնել է և պատրաստ է կես գեղեցիկ սուտին զոհաբերել տասը բնական, բանական և տրամաբանական ճշմարտություն։ Թխի՛ գա։ 222֊ը լավ, շատ լավ գիտե գեղեցիկ ստի գինը։
Կար Ժամանակ, երբ այդ 222 կոչվածը շատ էր սենտիմենտալ և ուներ ոչ մի քննադատության չդիմացող նախապաշարումներ։ Մի՞թե մեռնելուց հետո միևնույնը չէ, մեռար դու փափուկ անկողնում ստամոքսի խոցի՞ց, թե՞ ընկար պատերազմի դաշտում, բարձրացար կախաղա՞ն, թե՞ սիրային հողի վրա ինքնասպանություն գործեցիր։ Ամենայն տեղ կյանքը մեկ չէ, ճիշտ է, բայց մա՛հը, մա՛հը... Չէ՞ որ ամենայն տեղ մահն էլ մեկ է։ Իսկ մեռնելուց հետո մի՞թե միևնույնը չէ, թե ոսկորներդ որտեղ կհանգչեն, Զանզիբարո՞ւմ, Զանգեզուրո՞ւմ, թե Վոլոգդայում... թխի՛ դա։
Թխի՛ գա, 222, դու անցար կյանքի համալսարաններով, դարձար ակադեմիկոս և իմաստուն, ափսո՜ս որ այսպես էլ պիտի ոտներդ փռես, առանց կարենալու աղքատ մարդկությանը տալու քո հոգու անտակ, անծիր գանձերը։ Երբ գտնվում էիր ազատ կյանքի, կենդանի փոխհարաբերությունների թոհ ու բոհում, դու սնանկ էիր ու տնանկ. դու ապրում էիր ծովում ու լողալ չգիտեիր, իսկ հիմա, երբ դու հմուտ լողորդ ես ու սուզակ, երբ կարող ես իջնել ծովի հատակը և այնտեղից մարգարիտներ հանել լույս աշխարհ ու նվիրել մարդկությանը, ընկել ես թակարդ ու որոգայթ ու փրկություն չկա քեզ համար, 22՛2։
222, դու կյանք մտար տաք գլխով ու տաք սրտով, դա բանի նման չէր, հետո քո սիրտը սառեց, բայց գլուխը մնաց տաք, այդ էլ մի դժբախտություն էր, իսկ հիմա, երբ դա կարող ես քո սառը գլխով և տաք սրտով հրաշքներ գործել, հավիտենական սառեցման են դատապարտված և՛ գլուխդ, և՛ սիրտդ, 22՛2։
— Գնացին, խառնվեցին հազար տարվա մեռելներին,— ասաց մեկը։
— ...
Դուռը բացվեց, ու ներս մտան։ Ոչ մի բանով չէր կարելի ապացուցել, որ նրանք խառնվել են, այն էլ՝ հազար տարվա մեռելներին։
... Եկավ Մեսրոպը՝ խաշած սիսեռի, կաղամբի, մի խոսքով՝ խոհանոցի բուրմունքով բարձրացավ ու նետվեց անկողնուն։
— Օ՜ֆ,— հառաչեց նա հաճույքից,— էսա քնուշ-հանգստանուշեն լավ բան չկա... ծո, քնա՞ծ եք...
... Եկավ Մեսրոպը, դա նշանակում է, որ կեսգիշեր է։ Ես աչքերս բաց չարի, անգամ տեղիցս չշարժվեցի։ Այս նշանակում է, որ քնած եմ։ Եվ իսկապես քնած եմ։ Ի՞նչ անենք, որ անցյալի պատկերները անհավասար արվեստով հանված կինոնկարի նման, երբեմն արագ, երբեմն դանդաղ ընթացքով անցնում են ուղեղիս կամ գուցե սրտիս ու հոգուս միջով։ Ի՞նչ անենք։ Մեսրոպը թոնթորաց, փնթփնթաց, մի քիչ շուռ ու մուռ եկավ ու քնեց։ Ակնհայտ էր, որ նա այսօր մասլահաթի տրամադրություն ուներ։
... Նրանց մեղրամոմե դեմքերը լուսավորված էին ինչ֊որ աղոտ, ամեն դեպքում խաղաղ ու կարելի է ասել գործնական լույսով։ Երևանի կոմիտեի քարտուղարը միայն կամերային լսելի բարձր, այո, բարձր շշուկով ասաց.
— Работать надо,— այսինքն՝ պետք է աշխատել։
— Ես այդպես էլ գիտեի,— տեղից վեր թռավ ղարաբաղցի հայը, ճարտարապետը նայեց նրան ու ժպտաց։
— Ճիշտ չես ասում...
— Ավելի լավ է չվիճենք,— բարկացավ ղարաբաղցին։
Այնուհետև աջից֊ձախից հարցեր տեղացին,— ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս, ինչո՞վ։
Բանտապետի գրասենյակում երեք հոգի են եղել, որոնցից մեկը՝ զինվորական բժիշկ։ Նրանք խոսել են սովորական մարդկային ձայնով և ոչ թե շշուկով։— Будем работать?— հարցրել է նրանցից մեկը։ Բժիշկը թեթևակի նայել է լնդերը, բարձրացրել կոպերը, ստուգել է Սերյոժա Բենեդիկտովի լեզուն և չգիտես լրջությամբ, թե կատակով ասել։— Լավ հանգստացել, կազդուրվել եք։ Հիմա աշխատել է պետք...— Ոչինչ,— սրտապնդել է մյուսը,— լագերում կարգի կգաք։
— Մի խոսքով,— շշնջում է Սերյոժան,— բանտերը դատարկվում են։ Կալանավորներին քշում են լագերներ։
— Բանտերը չեն դատարկվի։ Մեզ փոխարինողներ կգան,— ասում է նախկին ուսուցիչ Արխիպովը,— հին, ծանոթ պատմություն...
Բոլորս նայում ենք Արխիպովին։ Նա շատ լավ է հասկանում, թե ինչ ենք մենք նորից և նորից ուզում իմանալ նրանից։ Նա խուսափում է մեր հայացքից, բայց գիտենք, թե ինչ կարող է նա մեզ ասել ճամբարի մասին։
— Եգիպտական ճորտերի մասին գաղափար ունե՞ք...
Ուրիշ ոչինչ չի կարող ասել, կարծես թե ամեն ինչ ասված չէ, կարծես թե պարզաբանումների կարիք կա։ Իսկ Բենեդիկտովի կարծիքով՝ ճամբարը կես ազատություն է։
— Դուք էլ հաշվեք,— ասում է նա,— եթե հաշվեք բոլոր փակ դռները, մենք նստած ենք յոթ փականքի տակ։ Մի՞թե սա սարսափելի չէ։ Այսինքն սա և՛ բնական է, և՛ բանական. մեր առաջնորդը մարդուն համարում է ամենաթանկ կապիտալը և դրա համար էլ յոթ կողպեքի տակ է պահում այդ գանձը... Իսկ ճամբարում...
Գիշերն անցավ անհանգիստ երազներով։ Եգիպտական բուրգեր էինք կառուցում, իսկ սֆինքսի գլուխը ձկան վիթխարի գլուխ էր։ Նստած բուրգերի ստորոտին՝ Բելուգովը ծիծաղում էր ամբողջ կոկորդով և պարծենում։
— Սա աշխարհի ութերորդ հրաշալիքն է, որ կա, գործ՝ ճարտարապետ Իվան Իվանիչ Բելուգովի...
Ես նստած եմ երկարավիզ ուղտի երկու սապատների միջև, իսկ ուղտը մաքուր հայերենով ինձ ասում է.
— 222, քշի՛ր դեպի Նեղոս, ես սարսափելի ծարավ եմ։
— Լսի՛ր, բարեկամ,— ասում եմ ես,— ես կալանավոր մարդ եմ, ինձ նոր փորձանքի մեջ մի գցի, ես չեմ կարող առանց հրամանի...
— Դու գտնվում ես եգիպտական ճամբարում,— ընդհատում է ինձ բարկացած ուղտը,— իսկ ճամբարը կես ազատություն է։
Վոլոգդայի գարունը, որն առաջին օրերին երկչոտ էր ու տրտում Տատյանայի նման, հիմա բռնկվել է արյան, սերմի, սիրո կրակով, ու կամերայում շնչելու օդ չկա կարծես։ Մենք կտրվել ենք ուտելուց, նայում ենք մեկ-մեկու դեմքին ու զգում, որ օր֊օրի մաշվում ենք ձկնամարդու նման, որն ընկել է արևի տակ և որի վրա մոխիր են ցանել։
... Այսօր նորից վաղ առավոտից կամերաների դռները բացվում են ու փակվում, և միջանցքում արտակարգ շարժում կա։ Բենեդիկտովի ասելով՝ թեյ ստանալիս նա նկատել է կանացի հոլանի թևեր։
— Այո՛,— պնդում էր նա,— այսօր թեյ տվողներից մեկը կին էր, իսկ այս մեկչորրորդական ազատություն է։ Իսկ երեկվա ա՞ղը... ե՞րբ էին կալանավորին այդպիսի՝ ձյունի նման սպիտակ աղ տվել...
Մենք, իհարկե, ժպտում ենք ներողամիտ ժպիտով նրա փաստարկումների վրա, բայց ներքուստ միանգամայն համաձայն ենք նրա հետ և ուզում ենք, որ նա կրկնի իր ասածները, ապացուցի նորից ու նորից, որ թեյ ստանալիս կանացի սպիտակ թևեր տեսնելն ու սպիտակ աղ ստանալն ստույգ ազատության նշաններ են։
Так, так...
... Ամեն ինչ կատարվեց սպասվածից ավելի շուտ և հասարակ կերպով։ Դուռը բացին և գրեթե մարդկային ձայնով հրամայեցին.
— Դո՛ւրս եկեք իրերով։
Մենք վերցնում ենք մեր սրբիչները, օրաբաժին հացի մնացորդը, ճաշամանն ու գդալը և մեկ֊մեկ, երկու֊երկու միջանցք ենք դուրս գալիս, մեկ֊մեկ՝ ամուր դոփելով։ Ոչ մի «սը՜ս-սը՜ս», ոչ մի նկատողություն։ Մենք իջնում ենք համր ու քարե աստիճաններով և զգում ենք, որ այլևս չենք բարձրանա վեր։— Մնաս բարո՛վ, Վոլոգդայի սուրբ հայրերի օթևան, շնորհակալությո՜ւն քո հյուրընկալ ճիրանների, քո աղ ու հացի համար։ Գնում ենք, ո՞ւր, դեպի հարաբերական, համեմատական երջանկությո՞ւն, թե՞ գուցե երանի տալով հիշենք քեզ... Ամեն դեպքում գնում ենք, ուրեմն՝ բարի՛ հիշիր մեզ քո սրտում...
Բանտի ընդարձակ բակը ողողող արևի տակ տիրում է անսովոր եռուզեռ։ Հարյուրավոր կալանավորներ խմբերով, այստեղ֊այնտեղ հանում են բանտային շորերը և հագնում սեփականները։ Շորերը պահված են կամերաների համարների տակ երևի։ Հսկիչները մեզ առանձնացնում են մի անկյուն, բերում, թափում են մեր շորերը խառնիխուռն, և մենք սկսում ենք ջոկել-ջոկջկոտել։ Դժվար է սպիտակեղենների գործը, դժվար է որոշել իմն ու քոնը. մենք լռելյայն որոշում ենք անցնել այդ մանրուքի վրայով և հագնվել՝ ինչպես հանդիպի։ Այս իրարանցումին անհաղորդ է մնում Բելուգովը։ Նա նստած է մի երկար նստարանի ծայրին ու նայում է անթարթ աչքերով մի կետի։ Հսկիչները փորձեցին նրան հասկացնել, որ պետք է հագնվել։ Ի պատասխան՝ նա մռմռում էր.
— Կհասցնեմ։ Ձկնորսության չեմ գնում...
Բենեդիկտովը հսկիչներից մեկի ականջին ինչ֊որ բան ասաց, հսկիչը հսկիչին հաղորդեց իր լսածը, մատով ցույց տալով Բելուգովին, կարճ խորհրդակցությունից հետո նրանք մոտեցան Բելուգովին, ինչ֊որ բաներ ասին, հետո առանց կոպտության և առանց ավելորդ քնքշության թևանցուկ արին նրան ու տարան։
Բժշկական քննության երևի։
Հագնվելուց հետո ես ինձ իմ շորերում զգացի թեթև, բանաստեղծի ասածի պես՝ լուսամփոփի պես թափանցիկ, իսկ երբ դեն նետեցի բանտային ահավոր ոտնամաններն ու հագա իմ տնային կոշիկները, մի ուրիշ բանաստեղծի ասածի պես՝ կարծես արև իջավ իմ ուսերին, ոչ, կարծես թևեր բուսան իմ ուսերին ու թվաց, որ ուր որ է՝ պահապանների, հսկիչների և զինված պահակների աչքերի առաջ վեր կճախրեմ, կանցնեմ բանտի պարիսպները և հսկիչ աշտարակին կանգնած զինված պահակի քթի տակով կսուրա՜մ դեպի ազատություն, պայմանով, որ նա փակի աչքերը և լինի այնքան բարի, որ չկրակի մազակալած, մեղրամոմի դեմքով ու կեռ կտուցով այս տարօրինակ թռչունի վրա, որ 222 էր կոչվում։
Մենք, նախկին երամի հայաստանյան կողմերից բերված թռչուններս, հեռվից հեռու իրար նկատում ենք, մոտենում նախ երկչոտ, ապա տեսնելով, որ մեզ վրա ուշադրություն դարձնող չկա՝ ավելի և ավելի համարձակ քայլերով։ Հետաքրքիր էր նկատել, որ, այնուամենայնիվ, ագռավները դեռ շշուկով են խոսում, իսկ դեղձանիկները ճռվողում են անհամեմատ ավելի բարձր նոտաների վրա։
Այնուհետև ի՞նչ պատահեց։ Մեզ հրամայվեց շարժվել մեր իրերով դեպի բանտի ելքի դարպասները։ Ոմանք շալակեցին, ոմանք գրկեցին իրենց տնային իրերը, և մենք առաջ շարժվեցինք աշխատելով չխանգարել իրար։ Ես մի անգամ էլ ետ դարձա և նայեցի Վոլոգդայի սուրբ հայրերի չորս հարկանի մռայլ օթևանին, և իմ սիրտը լցվեց դառն անձկությամբ։ Որքա՜ն ապրումներ ու տագնապներ թողինք մենք նրա պատերից ներս ու գնում ենք հիմա, ո՞ւր, չգիտենք, մի բան միայն պարզ է, որ այլևս չենք վերադառնա։
Ամեն ազգից բաղկացած մեր վիթխարի թափորը դուրս եկավ բանտի դարպասներից։ Այստեղ կանգնած էին տասնյակ ապրանքատարներ, որոնք եկել էին խոնարհաբար մեզ ծառայելու։ Մենք, Երևանից եկած կուկունյաններս, աշխատեցինք ամեն դեպքում միևնույն ավտոն գրավել, և դա մեզ մասամբ հաջողվեց։ Ավելի հեռու... ավելի հեռու կանգնած էր ապրանքատարների մի հսկայական շարք, նոր բանտարկյալներով բեռնավոր, որոնք եկել էին մեզ փոխարինելու։— Հին, ծանոթ պատմություն,— կասեր Արխիպովը։
Չէ՛, չկար այն լարված մթնոլորտը, որով մեզ դիմավորեցին, երբ մենք նոր ժամանեցինք։ Բանտի ծառայողները հանդարտ ու բանիմաց անում էին կարգադրություններ, որոնք չէին հակասում բանականությանը։ Վերջապես հռնդացին մոտից ու հեռվից մեր ապրանքատարները, և մեքենայացված քարավանը շարժվեց դեպի արևելք։
Դեպի՛ արևելք, դեպի արևե՛լք։
Ավտոշարանը կանգնեց կայարանի շենքից հեռու։ Մեր և կայարանի շենքի միջև բազում կառամատույցներ կային ու սլացքուն գծեր։ Առաջապահ մեքենաները չէին երևում, ու չէին երևում վերջում ընթացողները։ Այստեղ ցույց տրվեց մեզ պատշաճ ուշադրություն։ Ընդունելությանը մասնակցում էին և շները, որոնք ավելի դիվանագիտական դիտորդների դերում մնացին։ Երկաթգծի վրա կանգնել էր մի անծայրածիր ապրանքատար վագոնաշար։ Սովորական ապրանքատարներից նրանք տարբերվում էին երկու փոքրիկ, բարձրադիր, երկաթե ճաղերով զարդարուն լուսամուտներով։ Առաջին տասնյակ վագոնների մոտ երթևեկում էին զինված պահակներ։ Երևում էր, որ այդ վագոններն արդեն բնակեցված էին։
Ապրանքատար մեքենաներն աստիճանաբար թեթևացան, իսկ ապրանքատար վագոնները ծանրացան։ Մեր վագոնի բնակիչների ճնշող տոկոսը կուկունյաններս էինք։ Բենեդիկտովը մեզ ծանոթացրեց դեկաբրիստների դեմքերով իր լենինգրադցի ծանոթներին, անվանելով նրանց «Լենինգրադի ակտիվ»։ Լենինգրադի ակտիվը սարսափելի հայհոյում էր, հայհոյում ինձ համար միանգամայն անծանոթ, պատկերազարդ հայհոյանքներով։ Իմ այն հարցին, թե ո՞ւմ են նրանք հայհոյում, Բենեդիկտովը պատասխանեց.
— Կոզմա Պրուտկովին...
Ու նայեց աչքերիս. ուզում էր ասել, երևի՝ ինչո՞ւ ես հարցնում, պարզ չէ՞ թե ում են հայհոյում... Ամեն դեպքում՝ ո՛չ Կոզմա Պրուտկովին։
Ապրանքատար վագոնները ներքուստ հարմարված էին այն նպատակին, որին, ըստ երևույթին, տարիներով նրանք ծառայել էին։ Նրանց երկհարկանի տախտամածներով, ըստ երևույթին, հազա՜ր֊հազարներ էին ճանապարհորդել, և նրանք հղկվել էին և մի տեսակ մշակվել։ Պատի տախտակներին փորված էին զանազան անուններ և մակագրություններ.— «Բեդնի շակալ», որը նշանակում էր «Խեղճ բորենի», «Միշկա֊Մուրուշկա», «Կրեստոնոսեց», այսինքն՝ «Խաչակիր», «Կինժալ Ժորա»՝ «Խանչալ կամ դաշույն Ժորա», «Տամբովսկի կրոկոդիլ»... ու դեռ «Ինդուս֊Պինդուս», «Էդվարդ Ջունգլի», «Բալնոյ Ֆերդինանտ», այսինքն՝ «Հիվանդ Ֆերդինանտ», «Բլեդնայա Մարուսյա», իսկ բլեդնայա նշանակում է գունատ. «Վերա Վարվարկա», որ կթարգմանվի «Բարբարոս Վերա», «Մանախ Ռոստովսկի»՝ «Ռոստովյան վանական», «Վաշա Նատաշա»՝ «Ձեր Նատաշան», «Տանյա Նեդոտրոգա»՝ «Անմատչելի Տանյա», «Վասկա Կաբակ», այսպես թարգմանած՝ «Վասկա Գինետուն»։ Այստեղ կարելի էր ճարել և «Դմիտրի Յադ», այսինքն «Դմիտրի թույն» և «Կոլյա Ադ»՝ «Կոլյա Դժոխք» ու հանկարծ մարդկային այս խաժամուժում հայերեն ծուռտիկ, անվարժ, երկաթագիր տառեր. «Սոգյութլեցի Տիգրան» կարելի է կարդալ այնտեղ և մի րոպե բարձրանում է նաիրյան անմար ոգին ու նայում է աչքերիդ տխուր հայացքով, Սոգյութլեցի մի Տիգրանի աչքերով ու կարծես հարցնում,— չէի՞ր սպասում...
Ո՛չ, չէի սպասում։
Որտե՞ղ ես հիմա, Սոգյութլեցի Տիգրան, եթե մարդկության ծննդյան օրից մինչև հիմա մեռած իննսունվեց միլիարդ մարդիկ գերեզման ունենային, ամբողջ աշխարհը վերածված կլիներ մի անծայրածիր գերեզմանոցի... դրա համար էլ մարդկային պատմության մեջ ժողովուրդներ են ծնվել ու մահացել առանց մի գերեզման թողնելու։ Որովհետև... Որովհետև մարդու նման գերեզմաններն ու գերեզմանոցները նույնպես մեռնում են անհուշ ու անհիշատակ. նրանց վրա շենքեր են շինում, նրանց միջով ջրանցքներ են վարում, գործարաններ են կյանքի կոչում... ի՜նչ մի մեծ բան, եթե մի Սոգյութլեցի Տիգրանից մնացած լինի ահա այս մակագրությունը և ուրիշ ոչինչ։ Խելոք ես եղել դու ու եղել ես հեռատես, Սոգյութլեցի Տիգրան, դու փորել ես քո անունն այս զարհուրելի վագոնի տախտակներից մեկի վրա հայկազյան կեռիկ գրերով. ինքդ գուցե մահացել, բայց քո ոգին հառնել է ահա որպես գերված ու շղթայված նաիրյան ոգի ու պիտի ապրես դու, Սոգյութլեցի՛ Տիգրան, քանի ապրում է մի ժողովուրդ այս հակասություններով և արտառոցություններով հարուստ հողագնդի վրա։
Այսպե՛ս է բանը։
Հետո ձիաքարշ բազմաթիվ սայլակներով ինչ-որ փակ տակառներ բերին ու տեղավորեցին հավելված վագոններում, պարկերով թխած հաց, էլի պարկեր, մի խոսքով հո՛ւմ... հո՛ւմ... հումանի՛զմ։ Ճաշին բավականին առատությամբ բաժանեցին մանր, աղի ձուկ, որն ունեցավ խանդավառ ընդունելություն։ Վաղուց մենք չէինք կերել նման սուր բան։ Ուտելիս ես հիշեցի կալանավոր Բելուգովին, խե՜ղճ Բելուգով, տեսնես ուր ես հիմա։ Ամեն մի վագոն երկու դույլ ոչ սառը ջուր ստացավ, որը մենք ուղարկեցինք մանր ձկների ետևից, որովհետև ինչպես կենդանի, այնպես էլ աղ դրած ձկները չեն կարող ապրել առանց ջրի։ Առանց մեր խնդրանքի մեր մատակարարները բաց արին դուռը, վերցրին դատարկ դույլերը և վերադարձրին ջրով լեցուն, պատվիրելով միաժամանակ ջուրը խնայողությամբ գործածել, որովհետև, նրանց ասելով, մեզ ուղեկցում են սակավաթիվ մատակարարներ, իսկ հազարավոր կալանավորներին ջրով ապահովելու համար հարկավոր է մատակարարների ամբողջ բանակ։ Ճամբարային գործերի հմուտ մասնագետ Արխիպովն ընտրվեց վագոնի կոլեկտիվի ավագ, որի առաջին գործն այն եղավ, որ ջրով լեցուն երկու դույլերն առավ իր հսկողության և քարտային սիստեմի տակ...