1. Ծաղկած փշալարեր

Chapter 15

13.3

․․․ Ճամփանե՜ր, ճամփանե՜ր։ ― Նորից աշուն էր, աշունը փչեց իր դեղին բուռուները և Նորքից, Կոնդից ու Քանաքեռի բարձրունքից քշեց անթիվ, անհամար դեղին տերևներ։ Նրանցից մի քանիսն ընկան բանտի բակը, ընկան ու անշարժացան։

Մի օր, ուշ երեկոյան, երբ մենք սպասում էինք մեր սովորական գիշերային զբոսանքին, դուռը բացվեց, և ներս մտան երեք կանաչ գլխարկավորներ։

― Իրերը հավաքել, ― եղավ հրամանը։

Ու դուրս եկան։

― Տանում են գնդակահարեն, ― կասկածեցին ագռավները։

― Էտապի են հանում, ― դայլայլեցին դեղձանիկները, միաժամանակ վախենալով այն մտքից, որ ագռավները կարող են ճիշտ դուրս գալ։

Մենք իրերով առաջնորդվեցինք բանտի դրսի բակը։ Այնտեղ բացվեց մի դուռ, և մենք մտանք մի որջ, որը չուներ ոչ մի լուսամուտ։ Նստեցինք իրերի կապոցներին և սպասեցինք, ― ովքե՞ր պիտի հաղթեն, ագռավնե՞րը, թե՞․․․

Կեսգիշերին դուռը բացվեց։ Դռների մեջ կանգնածներից մեկը կարդաց երկու ճարտարապետների ազգանունները։ Նրանց հրամայվեց դուրս գալ։ Առանց իրերի։

Առանց իրերի։ Ա՛յս էր կասկածելին և սարսափելին։ Առանց իրերի, ինչո՞ւ առանց իրերի։ Ագռավները փակեցին իրենց աչքերը, ― մենք այդպես էլ գիտեինք, ― կարծես ասում էին նրանց փակ աչքերը։ Առաստաղին կպած լամպի աղոտ լույսի տակ երկու ճարտարապետների անտեր մնացած իրերի երկու կապոցները չարագուշակ խորհուրդ էին ստանում, հատկապես նրանցից մեկը։ Ճարտարապետներից մեկի ադյալը մուգ֊կարմրագույն էր։

Ոչ֊ոք չէր խոսում։ Եվ ի՞նչ խոսեին։ Ագռավներն իրենց ասածն ասել էին, դեղձանիկները դայլալելու հիմք չունեին, լսվում էր միայն ծխողների լուցկիների չրթոցը։ Թայչարուխցի Օթելլոն բարձր հազաց։ Նրան սաստեցին այս ու այն կողմից, ― «սը՛ս», ― նա երկու ձեռքերը բռունցք արած վեր բարձրացրեց ու թափով խփեց ծնկներին։ Այս նշանակում էր, ― «ի՞նչ է, հազալու իրավունք չունե՞մ․․․»։ ― Հետո ժպտաց։ Ժպիտը վարակիչ չէր։ Ուր որ ընկավ, կորավ նրա ժպիտը, և նա խեղճացավ։

Լռություն, լռություն, լռություն, այնպիսի մի լռություն, որը բանաստեղծի ասածի նման աճում է, աղմուկ դառնում։ Ա՛խ, եթե հիմա դուռը բացվեր և ներս խոթվեին երկու ճարտարապետները, երկուսն էլ գրեթե մի բոյի, այն ժամանակ, այո՛, այն ժամանակ ամեն ինչ կգնար իր բնականոն ճանապարհով, և այն ժամանակ դեղձանիկները ցույց կտային ագռավներին։ Ասենք, ի՞նչ կարող էին ցույց տալ, պարզապես պիտի կտցահարեին, գիշեր֊ցերեկ կտցահարեին այդ սև ագռավներին։

Պետք էր որ լուսաբաց լիներ, երբ լսվեց ավտոյի հռինդ, հետո լսվեց, թե ինչպես բացվեց բանտի դուռը, և լսվեցին ոտնաձայներ։ Երկու անգամ երկուսի նման պարզ էր, որ գալիս են տանեն հաջորդ զույգին կամ զույգերին։ Տեսնես ո՞ւր են տանում, ― ո՞ւր պիտի տանեն, նման դեպքերում ո՞ւր են տանում, ― աներանց տո՞ւն․․․ խե՜ղճ ինժեներներ․ խե՜ղճ մենք։

Դուռը։

Դուռը բացվեց, և հանգիստ քայլերով և ավելի հանգիստ դեմքով ներս մտան երկու ինժեներները։ Ա՛յս ի՛նչ բա՛ն է՛ր։ Ագռավները լայն բացին աչքերը։ Բայց կտուցները փակ մնացին։ Նույն դրության մեջ էին գրեթե դեղձանիկները։

― Տղերք, ձեզ ո՞ւր տարան, ― շշուկով կարողացավ հարցնել ժողովրդական կոմիսարը։

― Մեր հին տունը, ― պատասխանեց ճարտարապետներից մեկը ոչ շշուկով։

― Նալբանդյան փողոց, լրացրեց մյուսը։

― Չվախեցա՞ք, ― հարցրեց մեկը։

― Կվախենայինք, եթե․․․

― Մարդատար շիկարնի ավտոյով տարան մեզ, վախենալու ժամանակ չեղավ, ― լրացրեց մյուսը։

― Ինչո՞ւ տարան, ― հարցրեց բժիշկը։

― Ինչ֊որ դատարկ֊մատարկ հարցերով, ― պատասխանեց մեկը և դարձավ մյուսին, ― լսիր, դու մի բան հասկացա՞ր, ինչո՞ւ մեզ տարան։ Ես որ բան չհասկացա․․․

― Ես էլ բան չհասկացա, ― պատասխանեց մյուսը։

Մենք էլ բան չհասկացանք։ Վերջապես բոլորս անխտիր եկանք մի հասկացողության։ Այս լավ նշան էր։ Եվ, վերջապես, ի՞նչ կարևոր է, թե ինչո՞ւ տարան, կարևորն այն է, որ սաղ֊սալամաթ ետ եկան։

― Մեզ հյուսիս են տանում, տղերք, ― ասաց մեկը։

― Տանում են կորցնեն, ― կռռաց մի ագռավ։

― Հյուսիսը շատ լայն հասկացողություն է, կոնկրետ ո՞ւր են տանում, ― ուզեց խնդիրը ճշտել նա, առանց որի ստորագրության թերթերում լույս չէր տեսնում ոչ մի որոշում։

― Չասացին։ Այնքանն էլ որ ասին, շնորհակալ եղեք։

― Դա ի՞նչ ասելու բան է, բա խոմ հարավ չե՞ն տանելու․․․

― Տղերք, դրանք միշտ խաբում են, կա չկա, մեզ արևմուտք են տանում, ― ասաց Օթելլոն՝ մատը ճակատին ցցելով։ Այս անգամ նրա ժպիտը վարակիչ էր, մինչև անգամ եղան ծիծաղողներ։

Համեմատական երջանկությունը կատարյալ էր և ավելի կատարյալ դարձավ, երբ վերջապես առավոտը բացվեց և դուռը բացվեց։ Մեր որջը ողողվեց աշնանային առավոտյան թարմ օդով։ Բերին մեր օրաբաժինները, երկու կտոր շաքարը, թեյանման թեյը և եղավ մի րոպե, երբ դժվար էր տարբերել ագռավները դեղձանիկներից, որովհետև ագռավները ծածկվեցին դեղձանիկների փետուրներով։ Այս փոփոխությունը սակայն աննախադեպ չէր, այսպիսի դեպքեր՝ որքա՜ն ասես։ Բավական էր մի փոքրիկ, անբարենպաստ հով և կքշեր, կտաներ արհեստական փետուրները։ Նույնը և պատահել է դեղձանիկների հետ։ Հեռու չգնանք, հենց այդ գիշեր՝ և՛ ձևով, և՛ բովանդակությամբ դեղձանիկները շատ քիչ էին տարբերվում, ավելի շուտ ոչ մի բանով չէին տարբերվում ագռավներից։ Նման դեպքերում նրանք չէին չարախնդում, մեկ֊մեկու չէին մեղադրում անսկզբունքայնության մեջ, նրանք բարեհոգի կերպով լռում էին, որովհետև գիտեին, որ նույն ուղտը վաղը կարող է չոքել իրենց դռանը, նույն ծուխը նույն հաջողությամբ կարող է բարձրանալ իրենց երդիկից։

Ճամփանե՜ր, ճամփանե՜ր։ Կեսօրից հետո մեզ իրերով լցրին ապրանքատար երկու մեքենա և ծածկեցին բրեզենտով։ Մեքենայում տեղ գրավեցին նաև երկու զինված պահակներ։ Մեզ հրամայվեց չշարժվել, ոչ մի բանով չմատնել, որ բրեզենտի տակ մարդիկ են պահված։ Այսպես փոխադրում են արգելված ապրանք կամ սպանդանոցից տանում են մսամթերք։ Փոխադրության այս արտակարգ ձևը տակն ու վրա արավ մեր լավատեսությունը։ Միակ մխիթարությունն այն է, որ ցերեկ էր։ Եթե գիշեր լիներ, կարելի էր խելագարվել։ Սակայն սրանց համար ի՞նչ նշանակություն ունի ցերեկ կամ գիշեր։ Քաղաքից դուրս, ամայի դաշտում կատարվող մութ գործերի համար ի՞նչ նշանակություն ունի ցերեկ կամ գիշեր։

Մեքենաները շարժվեցին։ Մենք լսում էինք անցնող ավտոների և տրամվայների աղմուկն ու զվաթ զնգոցը։ Ո՞ր փողոցի վրա ենք։ Բայց ահա աղմուկը քիչ֊քիչ նոսրացավ։ Կասկած չկա, որ մեզ տանում են քաղաքից դուրս։ Ո՞ւր են տանում մեզ, ո՞ւր եք տանում մեզ։ Այսպես տանում են գողացած ապրանքը։ Գողացած ապրանք չենք, ի՞նչ ենք։ Գողացան մեզ մեր տներից, մեր հարազատներից, մեր ժողովրդից, գողացան մեզ։ Վերադարձրեք մեզ մեր օրինական տիրոջը, մենք ժողովրդի թշնամիներ չենք, կեցցե՜ ժողովուրդը․․․

Ավտոները կանգնեցին։ Հիմա որ լռություն է, հիմա որ․․․

Բրեզենտի ծածկոցը բարձրացրին։

― Ոտքի՛․․․

Արևը խտտում է մեր աչքերը։ Մեր ոտները թմրած են։ Նայում ենք շուրջը։ Այս ի՞նչ բան է, տղե՛րք։ Կեցցե՜․․․ այս ի՞նչ երջանկություն է, մեզ աքսոր են տանում․․․ կայարա՛ն։

․․․ Կեցցե համեմատական երջանկությունը։ Մենք գտնվում ենք կայարանի հրապարակում։ Այստեղ մեզ սպասում է բացառիկ ընդունելություն՝ ամենաբարձր մակարդակով։ Կողմնակի ոչ մի քաղաքացի։ Ոչ էլ ուղղակի։ Ընդարձակ հրապարակը գտնվում է զինվորական հսկողության տակ։ Այստեղ֊այնտեղ երևում են զինված պահնորդներ՝ վարժեցրած շների հետ։ Այս բոլորն, իհարկե, արվում է մեր ապահովության համար։ Նրանք արգելել են ամեն երթևեկ և փակել բոլոր ճանապարհները։ Առանց այս հոգատար միջոցառումների ժողովուրդը կարող է հարձակվել․․․ ո՞ւմ վրա․․․ Իհարկե, իր թշնամիների, մե՛զ վրա, մե՛զ վրա։ Նրանք մեզ բզիկ֊բզիկ, ակնոցավոր օձի լեզվով ասած՝ հողմացրիվ կանեն, հում֊հում կուտեն։ Մենք հիմա պաշտպանված ենք ամեն կողմից շներով և մարդկանցով։ Մեզ չեն գնդակահարում, մեզ տանում են հյուսիս, աքսոր։ Կեցցե՜ մարդասիրությունը, կամ այն մյուս բառով ասած՝ հո՛ւմ․․․ հո՛ւմ․․․ հումանիզմը։ Շնորհակալությո՜ւն, շնորհակալությո՜ւն՝ հոգատարության համար։ Հո՛ւմ֊հո՛ւմ֊հումանիզմի՛ համար։

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

― Հո՜ւմ․․․ հո՜ւմ, ― ես ուզում եմ լայն բանալ իմ աչքերը, բայց դրանից արցունքներն ավելի առատ են հոսում բարձին։ Ծիծաղելի է, ես ոչ ավել, ոչ պակաս՝ հեկեկում եմ։ Այսպես հեկեկում էի ես, երբ փոքր էի, ― հո՛ւմ․․․ հո՛ւմ․․․

― Հայդո՛ւկ, ի՞նչ ես թնկթնկում․․․ Երա՞զ տեսար, ― լսում եմ Աշոտ դայու քնահար ձայնը։

― Այո, ասում եմ ես, ― երազ տեսա, ծանր երազ․․․

― Ի՞նչ տեսար, ― հարցնում է Աշոտ դային երևի առանց աչքերը բանալու։

― Աքսորում էին, ու մենք ուրախ էինք․․․

― Հետո՞․․․

― Հետո․․․

Բայց ես ուզում եմ թեթևացնել խավարը, խեղդող օդը, հիմա ես անզուսպ ցանկություն ունեմ մի ծիծաղելի բան լսել կամ ասել ու ծիծաղել, որ բարաքը զարթնի, ծիծաղել Մեֆիստեֆելի պես, այսպես, ― հա՛֊հա՛֊հա՛֊հա՛֊հա՛․․․

Ես, իհարկե մտքումս եմ ծիծաղում և դա ինձ հաջողվում է, հա՛֊հա՛֊հա՛֊հա՛֊հա՛․․․ Մեֆիստոֆե՜լիա․․․

― Հետո՞, ― անհամբերության նշաններ է ցույց տալիս Աշոտ դային։

― Հետո․․․ երազումս մի մարի․․․

― Մոտս եկավ հարցմունքի․․․ վե՛րջ տուր․․․

― Այդպես չի եղել, ― առարկում եմ ես, ― Երբ մեզ աքսորեցին, մայրս դեռ ողջ էր։ Նա իմ քննիչին դիմում է գրել, այսպես․

Երազումդ մի մաքի

Մոտդ եկա՞վ հարցմունքի,

Ասա՞ց, ― ապրի՛ քո բալեն,

Ո՞նց էր համը իմ ձագի․․․

― Դու նախ իրավունք չունես, ― ասում է Աշոտ դային, ― Թումանյանի ասածները քո ուզածի պես շուռ ու մուռ տալու։ Այս մեկ․․․

― Երկրո՞րդ, ― հարցնում եմ ես։

― Երկրորդ՝ քնիր, վաղ առավոտյան․․․ Առաջին․․․

Ու քնում է, կամ ո՞վ գիտե, ձևացնում է որ քնած է։

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

․․․ Մենք, համաձայն հրամանի, իջնում ենք մեքենաներից և իրերը գրկած կամ շալակած՝ հերթի կանգնում։ Մեկ֊մեկ։ Աչք֊ծոծրակ։ Հետո առաջ ենք շարժվում։ Առաջնթացներն արդեն խուզարկվում են, մեկ֊մեկ բարձրանում են վագոն։ Խուզարկելիս վերցնում են ծխախոտները, մախորկան․․․ ա՞յս ինչ նորություն է։

Վագոնը հեռվից մարդավարի, սովորական վագոն է, միայն մոտենալուց հետո կարելի է նկատել, որ պատուհանները փոքր են գյուղական խրճիթների պատուհանների նման և զարդարված են երկաթե խիտ ճաղերով։ Վագոնի միջանցքը հագեցած է բանտահոտով։ Այս այն հոտն է, որը միայն կալանավորին է հայտնի։ Նկարագրել այն դժվար է։ Ասել, որ դա գարշահոտություն է, ճիշտ չէր լինի, որ հաճելի է այդ բույրը, այդ էլ կլիներ չափազանցություն։ Դեղատների հոտն, օրինակի համար, մեկին կարող է դուր գալ, մյուսին ոչ, բանտահոտը չի կարող դուր գալ որևէ մարդու, թեև, կրկնում ենք, դա գարշահոտություն չէ։ Դա, մի տեսակ, ինչպես բացատրեմ, պաշտոնական հոտ է, որը կալանավորին ներշնչում է մի տեսակ լրջություն և մի տեսակ զգաստություն։

Վագոնն ունի իր կուպեները, կուպեներն ունեն իրենց դռները, որոնք երկաթապատված են։ Կուպեները երեքհարկանի են, իսկ հարկերը՝ միակտուր։ Ամեն հարկում պիտի աշխատի ապրել չորս մարդ։ Լավ չզգալու համար ստեղծված են օբյեկտիվ և սուբյեկտիվ բոլոր հնարավորությունները։ Նստելիս պետք է քիչ կռանալ, պառկելիս պետք է աշխատել որքան կարելի է կարճահասակ լինել․ կանգնելու մասին խոսք լինել անգամ չի կարող։ Մնացյալն ինչես բանտում։ Սուպի փոխարեն տալիս են մանր, աղի ձուկ։ Մնացյալն ինչպես բանտում։ Այստեղ նկատվում է ավելի մեծ հոգատարությո՜ւն․ չեն ուզում, որ ծխելով վտանգենք մեր առողջությանը կամ դռան անցքից ներս նայող պահակների տեսողությունը․․․ Օրվա ընթացքում տալիս են միայն երեք անգամ ծխելու մախորկա։ Մնացյալը ինչպես բանտում։ Երկու մեջտեղ պառկողները դժբախտ են, նրանց անհանգստացնում են երկու կողմից։ Բայց նրանք կարող են նայել ճաղապատված պատուհանից և դիտել կառամատույցից՝ անկապ պատկերներ։ Ուրեմն, նրանց կարելի է մինչև անգամ նախանձել․․․ Մնացյալը ինչպես բանտում։

Երեկոյան մեր վագոնը ցնցվեց և առաջ շարժվեց։ Ուզեցինք ասել՝ «Մնաս բարով, Երևան», բայց ետ դարձավ ու նորից ցնցվեց։ Ետ, առաջ։ Վագոններ են կցում։

― Ուրեմն գնում ենք, ― ասում է մեկը, և տիրում է լռություն։

― Նոր գլխի ընկավ․․․

― Երանի՜ նրանց, որոնց ոսկորները մնացին Երևանում, ― կռկռում է սենտիմենտալ մի ագռավ, ― մեր ոսկորները․․․

― Մեզ դեռ ծաղիկներո՛վ պիտի դիմավորեն, ― դայլայլում է մի դեղձանիկ երրորդ հարկից։

Բացվում է դռան ծանոթ, վաղածանոթ քառակուսին, ու երևում են պահակի նախ զույգ կապույտ աչքերը, ապա արագ֊արագ բացվող֊խփվող բերանը․

― Այստեղ խոսելն արգելված է։ Դուք Երևանի բանտում չեք, ― ասում է բերանը, և քառակուսին փակվում է։ Մարդը ճիշտ էր ասում, մենք Երևանի բանտում չենք։ Ինչպես էլ իմացավ․․․

Ու նորից լռություն։

․․․ Գնացքն այնքան ետ ու առաջ էր արել, որ երբ գիշերը դուրս եկավ Երևանից, ոչ ոք չզգաց։ Միայն երբ տևական դարձավ անիվների աղմուկը, մենք հասկացանք, որ գնում ենք։ Ո՛չ, մենք չենք գնում, մեզ տանում են․

Տանո՜ւմ են, ադե՜ ջան, տանո՜ւմ են․․․

Ինձ քեզանից հանում են․․․

Ա՛յս է իրականությունը։ Իրականություն է և այն, որ այս երգը սալդատական ժողովրդական երգ է։ Մարդկանց այն ժամանակ էլ տարել են հակառակ իրենց կամքի։ Բայց ո՞ւր են տարել, ճակա՛տ, մարտադաշտ։ Մարդիկ իմացել են, թե ուր են գնում և ինչի համար։ Իսկ մե՞նք․․․

Իսկ մենք չգիտենք, թե ինչո՞ւ և ո՞ւր։ Ո՞ւմ է հարկավոր այս ամենը։

Տանո՜ւմ են, ադե՜ ջան, տանո՜ւմ են։

Մենք գիտենք, թե մեզ ո՛ւր են տանում, ամեն դեպքում ո՛չ հարավ, ո՛չ էլ արևմուտք։ Ինչո՞ւ են տանում, այդ էլ գիտենք, տանում են, որպեսզի մենք մեր գլխին չզգանք հայրենի երկինքը և մեր ոտների տակ չզգանք հայրենի հողը։ Տանում են, որպեսզի մենք մեզ պատժված զգանք, խեղճացա՛ծ, ոչնչացա՛ծ․

Տանո՜ւմ են, ադե՜ ջան․․․

Ու մենք գիտենք, ա՛խ, մենք շատ լավ գիտենք, թե ում է հարկավոր այս ամենը․․․ Բայց ավելի լավ է այդ մասին չմատածել․ որովհետև, միևնույն է, մենք այդ մասին չենք խոսել ու չենք խոսի։ Այս ամեն մեկը գիտե, գիտե և այն, որ դիմացինը գիտե, բայց այս մասին մենք չե՛նք խոսում, չե՛նք խոսում։

Տանում են․․․

․․․ Օրեր են անցնում․ գուցե տարիներ ու դարե՞ր։ Մեր՝ քառասունիս դատապարտության միջին տարիների գումարը մենք չորս դար հաշվեցինք։ Մի բան հաստատապես կարելի է պնդել, որ չորս դար չի անցել։ Գնացքը վաղուց է կանգնած։ Մենք այլևս չենք սպասում, թե երբ պիտի շարժվի։ Ե՛րբ կուզի՝ թող շարժվի։ Կարող է անգամ երբեք չշարժվել։ Մենք ժամանակի տերը չենք, ժամանակն է մեր տերը, մենք մեր տերը չենք, մեր տերը սատանան գիտե թե ո՛վ է․ մի բան որոշ է, որ մենք անտեր չենք։ Եթե անտեր լինեինք, կգնայինք ուր որ խելքներս փչեր։ Պարզվում է, որ անտերությունը ոչ միայն վատ բան չէ, այլև շա՛տ֊շա՛տ պատվական բան է։ Շա՛տ։

Հարևան կուպեների քառակուսի անցքերը բացվում ու փակվում են։ Ինչ֊որ հրամանի հոտ է գալիս։ Այո՛, այո՛։ Ահա բացվեց մեր դռան քառակուսին։ Հրամանը պարզ էր․

― Իրերը հավաքե՛լ։

Այնուհետև մեկ֊մեկ դատարկվում են կուպեները։ Հերթը հասնում է մեզ։ Մենք գրկում կամ շալակում ենք մեր իրերը, մեկ֊մեկ իջնում ենք վագոնից և ոտք դնում մայր հողին։ Առաջին գծից մենք բավական հեռու ենք։ Բայց կայարանի ճակատին կարդում ենք՝ Վոլոգդա․․․ այստեղ կարևորը վերջին վանկն է, ― դա՛։ Դա֊դա՛․ Վոլոգդա՛։ Փորձում եմ հիշել, թե ինչ գիտեմ այս քաղաքի մասին։ Ամեն դեպքում մենք գտնվում ենք Մոսկվայից էլ հյուսիս։ Այնուհետև հիշում եմ, որ Վոլոգդայի անունը կապված է․․․ այո՛, այո՛, Վոլոգդան նշանավոր է իր յուղ ու պանրով, ինչպես մեր Դարալագյազը։ Ահա թե ինչու մեզ բերին այստեղ և հատկապես այստեղ։ Ինչպե՜ս կարողացել են ճիշտ գուշակել, որ մենք ձանձրացել ենք Դարալագյազի յուղ ու պանրից և բերին մեզ այստեղ, որ Վոլոգդայի յուղն ու պանիրն անուշ անենք․․․ Ի՜նչ հոգատարություն, ի՜նչ հո՛ւմ․․․ հո՛ւմ․․․

Այստե՛ղ էլ մեզ դիմավորեցիմ մեծ վայելչությամբ, պահնորդներով և շներով։ Նրանք շրջապատեցին մեզ և մի քանի անգամ հաշվեցին հեռվից ու մոտից։ Հետո մեզ մեր իրերով հրամայեցին բարձրանալ ապրանքատարները։ Այստեղ մեզ չծածկեցին բրեզենտով։ Մենք շարժվեցինք։ Բանուկ փողոցներով և մայթերով անցնող երկսեռ տեղացիները ոչ մի ուշադրություն չդարձրին մեզ վրա։ Պատերին թարմ աֆիշներ՝ խաղում են «Թագավորը զվարճանում է»։ Ինչո՞ւ չէ, էլ ի՞նչ թագավոր է, որ չզվարճանա։ Աշնանային անձրևը քաղաքին տվել է տխուր, հոգնած տեսք։ Ուրիշ պայմաններում այս անձրևը կարող էր մինչև անգամ բանաստեղծական համարվել․․․

Բանտը գտնվում էր քաղաքի արևմտյան ծայրամասում։ Մեզ իջեցրին, նորից հաշվեցին և առաջնորդեցին մի բավականին ընդարձակ սենյակ, ուր պատերի երկայնքով դրված էին երկար նստարաններ։ Այստեղ հրամայվեց մեզ մերկանալ մինչև վերջ։ Այս կարգադրությունը մենք ընդունեցինք ակնհայտ տարակուսանքով։ Ի՞նչ են ուզում անել մեզ հետ։ Այնուհետև պահնորդները վերցրին մեր անկողիններն ու շորերը, փաթաթեցին և առանց գրելու մեր անունները, դիզեցին մի անկյունում։ Այս էլ թվաց մեզ կասկածելի։ Այստեղ կանգնել էին նաև չորս հրացանավոր պահակներ, որոնք ոչ մի բանով մեր աչքերը չէին շոյում։

Հետո՞։ Հետո այն, որ ներս մտավ զինվորական շորերը հազիվ ծածկող բժշկական խալաթով բարձրահասակ մի անձնավորություն՝ բարձրաստիճան մի զինվորականի հետ։ Այս էլ լավ նշան չէր։ Մեզ հայտնի էր, որ նման մութ գործերին ներկա է լինում նաև բժիշկը, որը նույնպես ստորագրում է կատարման ակտը։ Բժշկական ստուգումը ծիծաղելի լինելու չափ ձևական էր։ Մինչև վերջ նա ոչ մի բառ չարտասանեց։ Բժիշկը ցից֊ցից բեղեր ուներ և հալչող, կապույտ աչքեր։ Նա մի քանի անգամ միայն կոկորդը մաքրեց, ― քղը՛֊քղը՛։ ― Նրանից փչող օղու հոտն ավելի ծանրացրեց մթնոլորտը։

Այդ էլ վերջացավ։

Այնուհետև բացվեցին աջակողմյան երկու դռները, և նշաններով մեզ հասկացրին, որ պետք է ներս մտնել։ Թողնում էր այն տպավորությունը, որ մենք ընկել ենք համրերի աշխարհը։ Ներս մտանք։ Այստեղ հատակը ցեմենտից էր։ Ուրիշ ոչ մի բան մենք չկարողացանք նկատել։ Բայց ներքին վախով նկատեցինք և այն, որ մեր հետևից ներս մտան նաև չորս ավտոմատավորները։ Այս արդեն հանաք չէ։ Նրանք կանգնեցին մեզնից պատշաճ հեռավորության վրա, կողք֊կողքի։ Մենք՝ ադամամերկ՝ սպասում էինք դեպքերի հետագա զարգացմանը։ Դեպքերի զարգացումը հանկարծ, անսպասելի կերպով ստացավ աղմկալի բնույթ։ Սկզբում մենք չհասկացանք, թե ի՛նչ է կատարվում։

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Comments