1. Ծաղկած փշալարեր

Chapter 14

13.2

Ճամփանե՜ր, ճամփանե՜ր։ Վաղը դու գնում ես Առաջին, և մի՞թե սա համեմատական կամ հարաբերական երջանկություն չէ։ Այդ յոթ տարվա ընթացքում յոթից ավելի անգամ դու տեսար և զգացիր համեմատական երջանկության համն ու հոտը։ Ի՞նչ է համեմատական երջանկությունը․ այդ մասին մի օր պատմեց նույն կըրխ֊դաիրմացին, մի ծխախոտ փաթաթելով։ Խոսակցությունն սկսվեց այն բանից, երբ ես ասացի, որ ձեր գյուղի անունը՝ Կըրխ֊դաիրման, բանի նման չէ, ինչո՞ւ չեք փոխել։ Նա չհամաձայնվեց։ Կըրխ֊դաիրման, ― ասաց, ― նշանակում է քառասուն ջրաղաց։ Մի՞թե սիրուն անուն չէ։ Հին֊հնուց մեր շենն ունեցել է քառասուն ջրաղաց, հետո պզտկցեր է, էնքան է պզտկցեր, որ ոչ մի ջրաղաց չի պահել, գյուղացիներն իրենց աղունը տանում էին հարևան գյուղի ջրաղացը։ Մի երկու տարի առաջ մի ջրաղաց սկսեց բանել, տեսնեի՜ր, ի՜նչ քեֆ եղավ, ի՜նչ քեֆյաթ․․․

― Դրա ավելի լավ պատմությունը կա, ― շարունակեց նա, ― ասեմ, լսիր։ Խեղճ Ահմեդն իր կնկա հետ կապրի մի պստիկ տան մեջ։ Երկու էծ ունի, մի կով, հավ, ճիվ․․․ քանի երկու հոգով էին, ալլահից գանգատ չուներ, բայց որ դարձավ հինգ երեխի հեր, օթախը պստիկ եկավ Ահմեդին։ Կնիկն էլ ամեն օր տզզաց, տզտզաց, թե՝ էս ինչ կյանք է, օթախի մեջ շուռ գալ չի լինի, իրար վրա թափված, գիշեր ոչ քուն կա, ոչ հանգիստ։ Ճարը գցին մոլլին։ Մոլլան լսեց Ահմեդի գանգատ, մուրուս սղալեց ու հարցրեց․

― Հավ֊ճիվ ունե՞ս։ ― Ունեմ, ինչի՞ չունեմ, ― ուրախացավ Ահմեդ, մտածելով, որ մոլլան գործը հաջողեցնելու համար կաշառք կուզե․ ― Էսօրվանից հավերը քշի օթախդ, միասին քնեք, միասին զարթնեք, ― հրամայեց մոլլան։ Հրամանը հրաման էր։ Եկավ Ահմեդ, կնկան պատմեց, էսպես֊էսպես։ Ճարն ի՞նչ։ Հավերուն ներս արին ու քնան։ Առտուն վեր կացան, չորս կողմ՝ փետուր, կեղտոտություն։ Կինն էլի տզաց։

― Գնա՛, ասա՛, էսպես ապրել չի լինի, թող հրաման տա, գոնյա հավերուն դուրս թալենք։ ― Գնաց, թե՝ մոլլա, էսպես֊էսպես։ Մոլլան մորուս սղալեց, հարցուց։

― Էծ֊մեծ ունե՞ս։

― Ունեմ, ― խեղճացավ Ահմեդը, ― երկու էծ ունեմ։ ― Էծերին էլ օթախդ առ, միասին քնեք, միասին զարթնեք, ― հրամայեց մոլլան։ Եկավ Ահմեդ, կնկան պատմեց, էսպես֊էսպես։ Հրաման հրաման էր, էծերուն ներս արին ու քնան։ Ի՜նչ քնել։ Առտուն քնահարամ վեր կացան, ամեն կողմ պտըտուր, անտանելի ֆոտ։ Կինը ծնկներ ծեծեց։

― Ալլահի սիրուն, գնա՝ մի ճար արա, էսպես ապրել՝ ապրել չի։ ― Գնաց Ահմեդ, գտավ մոլլին։ ― Էսպես ապրել՝ ապրել չի, մոլլա, մի ճար արա։ ― Մոլլան մտածեց, մտածեց, ծանր ու թեթև արավ, հարցուց։ ― Կով ունե՞ս։

― Ունեմ, ― գույն տվեց, գույն առավ Ահմեդը, ― մի ֆորթ էլ հետը։

― Կովն ու ֆորթը ներս առ, միասին քնեք, միասին զարթնեք։ ― Էկավ Ահմեդ, կնկան ասաց։ ― Կնիկ, մեր տուն ավիրվավ, էսպես֊էսպես։

Կովն ու ֆորթը ներս առան, գիշեր չքնան։ Կնիկ չուր ի լուս լաց ու արցունք թափեց։ Առտուն վեր կացան, անասուններ դուրս քշին, մարդ ու կնիկ չոքան, օթախի կեղտոտություն մաքրին, դուրս թափին։ Կնիկ չարշափ թալեց գլխին, գնաց չոքավ մոլլի առաջ, խնդիր, պաղատանք արավ, թե ալլահի սիրուն մի ճար արա։ Մոլլան մորուս սղալեց, ծանր ու թեթև արավ, հարցրեց։

― Բաջի, ձեր հարևան Ալին քանի՞ էշ ունի։

― Էստեղ կնկա ուշք գնաց։ Էլի՛, էլի վեր, գնա՛ տուն, ― ասաց մոլլան, ― գնա՛ հանգիստ ապրի։ Ահմեդի կին ուրախացավ, աշխարհով մեկ եղավ, եկավ, ասաց։ Մա՛րդ, ապա չե՞ս ասե, մոլլան կուզեր Ալու էշերն էլ մեր օթախ քշել, իմ ուշք գնաց վախից, նա էլ խղճաց մեզի, բաշխեց, ազատեց էդ փորձանքից։ Իրիկուն, մարդ ու կին անասուններ ներս առին, պառկան, քնին։ Անցավ ժուկ ու ժամանակ, մեկ օր մոլլան կանչեց Ահմեդին։ Ահմեդ, ― ասաց, գնա՛, հավերին քշի հավանոց։

― Ահմեդ խնդումերես տուն եկավ, հավեր դուրս քշին, մի քիչ թեթևցան։ Երկու օրից մոլլան կանչեց Ահմեդին։

― Ահմեդ, ասաց, էծերդ դո՛ւրս արա։ ― Ալլահի շնորհք քեզ վրա թափվի, այ մոլլա, ուրախացավ Ահմեդը, տուն վազեց, էծերը գոմ քշին, պառկան ու անուշ քնով քնան։ Անցավ մի շաբաթ․ մոլլան կանչեց Ահմեդին, ասաց։

― Կովն ու ֆորթն ախոռ քշեք, հանգիստ, բախտավոր ապրեք․․․ Տուն եկավ Ահմեդ՝ ալլահին փառք ու մոլլին օրհնանք տալով։ Մարդ ու կին լեն ու բոլ յաթաղներ փռին, ուրախությունից չուր կես գիշեր արթուն մնացին, երեխաներին գրկան, քնան։ Ու կապրեն չուր ի էսօր էդպես բախտավոր, իրենց հին օթախում։

Այս է ահա Ահմեդի ու ահմեդների բախտը և այս է իրենց սփոփում․․․ Այս է, ինչ կոչվում է համեմատական երջանկություն։

Ու մի՞թե համեմատական երջանկություն չէր, երբ մեկուկես տարի ներքին բանտում ամենայն բարեխճությամբ չմեռնելուց հետո քեզ հանեցին Դյուժինգրադից և ապրանքատար մեքենայում քեզ նման ապրանքների հետ բարձեցին ու քշեցին քաղաքային բանտ։ Ապրանքատարը սլացավ Նալբանդյանով ու մտավ Մարքսի փողոց։ Ապրանքատարի երկու կողմով հոսեցին ծանոթ տներ, մարդիկ, հիմնարկներ։ Երկիրը պատրաստվում էր, ըստ երևույթին, ինչ֊որ տոնի։ Կենտկոմի, պետական բանկի և քաղխորհրդի շենքերի ճակատներով մեկ, կողք֊կողքի շարված էին երկրի ղեկավարների մեծադիր նկարները, իսկ ամենամեծը՝ ամենամեծ ղեկավարի նկարն էր, որն անտեղյակ էր, թե ինչ է անցնում ու չի դառնում Երևանում։ Մեքենայի աղմուկի միջից իմ ականջին հասավ բարձրախոսի

Я другой такой страны не знаю,

Где так вольно дышит человек...

երգը։ Քաղխորհրդի հրապարակում ես կարողացա ճանաչել կենտրոնական թերթի գլխավոր հաշվապահին, նիհար, բարձրահասակ, ինչպես միշտ թթված դեմքով՝ նա կտրում էր հրապարակը։ Մարքսի փողոցից ապրանքատարը թեքվեց պետական կրկեսի փողոցը, ևս մի պտույտ, և ահա մեր չորս ապրանքատարները՝ բեռնավորված այն ժամանակ ամենաթանկագին կապիտալով ― նախկին մարդկանցով, մտան քաղաքային բանտի դարպասներից ներս։

Հիմա մենք գտնվում ենք համեմատական երջանկության ընդարձակ բակում։ Երկաթաճաղ բազմաթիվ բաց պատուհաններից դուրս է հորդում խժալուր աղմուկ։ Այստեղ մինչև անգամ երգում են։ Բանտապետը մեկ֊մեկ կարդում է մեր ազգանունները, մենք պարտավոր ենք լրացնել՝ բարձրաձայն արտասանելով մեր անուններն ու հայրանունները։ Այսպիսով, բանտապետն ապրանք է ընդունում։ Հետո մեզ բաժանում են կամերաների վրա։ Ես մի խմբի հետ ընկնում եմ 5֊րդ կամերան, այսինքն Դյուժինգրադից ընկնում եմ Հնդկաստան։ Այստեղ էլ ծանոթներ կան, մոտ, սրտառուչ մարդիկ։ Մենք քաշվում ենք մի անկյուն և փորձում բացատրել, թե ինչ պատահեց մեզ հետ, և գուշակել, թե ինչ կարող է պատահել․․․

Ու չենք հասնում ոչ մի արդյունքի։

Եվ մի՞թե այս չէ համեմատական ահմեդյան երջանկությունը․ շաբաթվա ընթացքում մենք մեր հարազատներից սպիտակեղեն ենք ստանում, տնային ուտելիք, ծխախոտ։ Մենք ամենօրյա, տասը րոպեի տևողությամբ զբոսանք ունենք, շրջում ենք ընդարձակ շրջանաձև բակում, և նայում աջ ու ձախ, վեր, վար, որտեղ ուզենք։ Կամերայի պատուհանից մենք կարող ենք տեսնել կրկեսի շենքը, տրամվայների հեռավոր երթևեկությունը, բանտի դռան մոտ խռնված՝ ծանրոցներ հանձնող հարազատների ահագին բազմությունների հերթը։ Կամերայի անձնակազմը բազմազան է, բազմազգ, գյուղացիներ և քաղաքացիներ։ Նրանք շատ են, կամերաների տարողությունից մի քանի անգամ շատ։ Քնում ենք ոտք֊գլուխ, կամերկոմը լուցկու տուփով չափում է ամեն մեկին հասնող կենսական տարածությունը։ Ցերեկները ոչինչ, մարդիկ նստում են կողք֊կողքի, իրար սեղմված։ Գիշերը ծանր է, մի կողքից մյուս կողքին շրջվելը կապված է տիեզերական դժվարությունների հետ։

Չնայծ դրան, մարդը քարից ամուր է․ կամերան ունի իր իսկական կամերային երգիչը, հեքիաթասացը, խեղկատակը։ Կամերան զվարճանում է, դոմինո, նարդի, շախմատ է սարքում, խաղում է, բանաստեղծները լուցկու այրված քթով ծխախոտի թղթերի վրա բանաստեղծություններ են գրում։ Ներս են մտնում հանկարծ ինչ֊որ կանաչ գլխարկավորներ, ինչ֊որ ցուցակներով։ Կարդում են կալանավորների անուններն ու մեկ֊մեկ դուրս հանում կամերայից։ Հիմա մենք գիտենք, թե ուր են տանում նրանց, առաջ անփորձ էինք, չգիտեինք։ Մեզ լուսավորեցին բանտարկված քննիչներն ու բանտապետը։ Երբ կարդում էին միայն կալանավորի անունն, ազգանունն ու հայրանունը, նշանակում է, «էտապի են հանում», այսինքն տանում են Սիբիր, իսկ երբ կարդում են անունը, ազգանունն ու հայրանունը, ապա ստուգում ծննդյան թվականն ու ծննդավայրը, ապա նշանակում է տանում են․․․ տանում են այնտեղ, ուր մի օր տարան իմ «խեղճ նայիրցուն»։

Խե՜ղճ նայիրցիներ, խե՜ղճ նայիրցիներ։

Նրանց չեն դատում, այսինքն դատում են՝ բացակայությամբ։ Դրա համար գոյություն ունի տրոյկա, այսինքն՝ եռյակ։ Նստում են երեքով, վերցնում հսկայական ցուցակներ, աշխատում սև ու կարմիր մատիտներով։ Այստեղ էլ երջանկությունը համեմատական է։ Սև խաչավոր անուն֊ազգանուն կրողներն ավելի բախտավոր են, քան կարմիր խաչավորները։ Ամեն դեպքում խաչը մնում է խաչ։

Երբ կամերայից դուրս է գալիս ցուցակով կանչված վերջին մարդը ու նրա ետևից կանաչ գլխարկավորները, ու երբ փակվում են ծանր դռները, մի րոպե տիրում է ծանր, ծանրությունից էլ ծանր լռություն, որից հետո կյանքը կարծես մտնում է նոր մի հուն։ Նորից կամերան սկսում է բզզալ անհանգիստ բզզոցով․ և մնացորդներին տիրում է համեմատական երջանկության զգացմունքը, մի գիշեր նրանք մի քիչ կպարզեն ոտները, իսկ վաղը․․․ վաղը նրանց սպասում են նոր անակնկալներ․ ― կբերեն նոր, թարմ մարդկանց և նրանք կպատմեն, թե ինչ է անցնում, դառնում դրսի աշխարհում։

Մեղադրել, որ նրանք եռյակների և զանազան արտակարգ հանձնաժողովների միջոցով արագ և առանց օրինական քաշքշուկի վճռում են մարդկանց ճակատագիրը գունավոր մատիտների օգնությամբ, անարդարացի կլիներ։ Որովհետև եթե այդ ահագին կալանավորական բանակներն օրինական կարգով և արարողություններով դատեին և դատապարտեին, ապա գլուխ բերելու համար այդ գործը հարկավոր կլինեին տասնամյակներ։ Իսկ մեկ տասնամյակն արդեն ինքնըստինքյան պատմություն է։ Իսկ այն ժամանակ պատմություն ստեղծողները պատմության հետ գլուխ դնելու նախասիրություն չունեին։ Երբ «Կապիտալի» առաջին թարգմանչին, ազնիվ սովետական դասախոսին քննիչները ծեծի են քաշել, դասախոսը փորձել է ուշքի բերել իր նախկին ուսանողներին, դիմելով նրանց զգաստացնող խոսքերով։ ― Ի՞նչ եք անում, տղաներ, ինչո՞ւ հեռու չեք նայում, ախր, պատմություն կա, պատասխանատվություն կա․․․ Քննիչներից մեկը ծխախոտը հանգցրել է՝ սեղմելով իր պրոֆեսորի ճակատին և ասել։ ― Քանի մենք կանք, պատմություն չի լինի, իսկ երբ պատմություն լինի, մենք չենք լինի։ ― Ճի՛շտ գուշակություն։ Հիմա, երբ այդ օրերը պատմություն են դարձել, երբ տիրում է երկրում լենինյան կարգ ու կանոն, նրանցից ոչ մեկը չկա․․․

Համեմատական երջանկությունը չի գալիս այն հետևողական կարգով, ինչպես եղավ Ահմեդի կյանքում։ Այս տեսակետից քո կյանքն ավելի բարդ եղավ։ Եղավ այնպես, որ համեմատական երջանկությանը հաջորդեցին անհամեմատ ձախորդությունն ու դժբախտությունը։ Անցավ աշունը, եկավ ձմեռը, ձմեռն էլ անցավ, եկավ գարուն, հալավ բարձրիկ սարերու ձյուն․․․ Բայց ոչ մի ճամփա չբացվեց կալանավորներուն։ Այս ամբողջ ժամանակվա ընթացքում բաց էր միայն մի ճանապարհ, էտապների ճանապարհը։

Այս պայմաններում սիրտ կա դեռ կատակելու։ Մեզ հայտնի է, որ մեր դիմացի կամերայում նստած է պետհրատի հաղթանդամ դիրեկտորը։ Մի անգամ զուգարանի պատին մատիտով ես գրեցի․ «Պետրհրատի դիրեկտորին․ ի հաշիվ հոնորարի խնդրում եմ ամառանոց մեկնելու կապակցությամբ բաց թողնել 350 ռ․ կանխավճար»։ Եվ ստորագրեցի։ Երկրորդ օրը իմ գրության տակ շեղակի մակագրել էր․ «Հաշվապահությանը, ― բաց թողնել 300 ռ․» և ստորագրել էր։ Նշանավոր դերասանը մի անկյունում գրել էր․ «Կատարվեց կամքը Արամազդի, ստորագրեցի հօգուտ երեք պետությունների լրտեսության մեղադրանքը․ պետությունների անունը չեմ հիշում, բայց դա ի՞նչ կարևոր է․․․»։

Եկավ հուլիսը։ Շոգը չոքել էր Երևանի ու բանտի սրտին։ Լրանում էր շուտով երկու տարին այն օրից, երբ սկսվեցին մեծ դեպքերը Երևանում, և ես դարձա մի ուրիշ ես։ Նախ շշուկով, ապա ավելի ու ավելի բարձրաձայն սկսեցին խոսել այն մասին, որ բոլոր աչքի ընկնող մարդկանց սկսել են քաղաքային բանտից փոխադրել ներքին բանտ և որ շուտով պիտի դատեն նրանց։ Հարյուրներ էին, այսպես կոչված, կուսակցական֊կառավարական֊հասարակական ակտիվիստները, և նրանք պիտի կանգնեն դատարանի առաջ։ Ես հիշեցի ներքին բանտը, Դյուժինգրադը և նրա նախկին բնակիչներին։ Իմ սիրտը լցվեց անասելի ծանրությամբ։ Մի՞թե նորից այնտեղ։ Մի՞թե ես էլ պիտի ընկնեմ այդ ցուցակը։ Հենց միայն խորհրդավոր շենքում դատվելու փաստը ոչ մի լավ բան չէր խոստանում։

Հուլիսյան մի շոգ օր ներս մտավ հերթապահը։

― Հավաքիր իրերդ։

Ես հավաքում եմ իրերս և զգում ինձ վրա կալանավորների հայացքը։ Ես շատ լավ գիտեմ այդ հայացքների նշանակությունը, ինքս այդ հայացքով նայել եմ «գնացականներին»։ Ցավակցական այդ հայացքով մարդիկ նայում են հուղարկավորների ուսերին ծանրացած օրվա հերոսին։ Ոմանք շշուկով սիրտ են տալիս․ ― Մի՛ վախենա, լավ կլինի։ ― Մեկն էլ ասում է․ ― Դու գնում ես տուն։ ― Ես հիշում եմ դասագրքով սովորած «անարգ, խայտառակ մահվան մատնված հունգարացի կոմսի» պատմությունը։ Պետեֆի՜․․․

Նույն ճանապարհով ենք անցնում երևի ― պետական կրկեսի, Մարքսի և Նալբանդյանի փողոցներով։ Ասում եմ երևի, որովհետև այս անգամ մեզ տանում են փակ ավտոներով, և դա հասկանալի է։ Պետական հանցավորներին դատի են տանում։ Մենք հիմա շա՜տ, շա՜տ կարևոր ապրանք ենք, որից պետք է շուտ ազատվել և թեթևանալ։

Մենք լույս ենք տեսնում խորհրդավոր շենքի արևահար բակում։ Այս անգամ ես ընկնում եմ տասնչորսերորդ կամերան, Դյուժինգրադից ոչ հեռու։ Այստեղ էլ կային ծանոթներ, մոտիկներ, անգամ ցանկալի մարդիկ և կային, որոնց ես գիտեի միայն թերթում տպված լուսանկարներից, բայց մոտիկից ծանոթ չեմ եղել։ Նրանցից մեկը շարժվում էր անթացուպերով։ Նրան ենթարկել էին ծանր կտտանքների։ Նա շուտ֊շուտ ծխում էր և բարեհոգի ժպտում ծանոթ և անծանոթ կալանավորներին, շարժում գլուխը․ այդ մոտավորապես նշանակում էր՝ տեսա՞ր ինչ եղավ․․․

Այստեղ արդեն հայտնի էր, որ Երևան է ժամանել («ականջդ բեր ասեմ․․․») Սովետական Միության Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան և որ ահա, տեղի պիտի ունենա ահեղ դատաստանը։ Պիտի դատեն, բայց ինչպե՞ս։ Այդ մասին իր հեղինակավոր կարծիքը հայտնեց Մոսկվայից Երևան բերված տեղի Գեպեուի դատախազը։ Նրա կարծիքով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատավորները կարևոր մարդիկ են, տեղի կունենա մարդավարի դատավարություն․ վկաներով, պաշտպաններով․․․ Բոլորովին այլ տեսակետի վրա էր կանգնած Երևանի Գեպեուի֊մամուլի բաժնում աշխատողը։ Նրա կարծիքով տեղի կունենա մինուտնի սուդ ― այսինքն՝ րոպեական դատավարություն, այլապես մի քանի տարի կարող է տևել դատավարությունը։ Դարձյալ նրա կարծիքով դատավարությունը ձևական բան կլինի և որ հիմա մեքենագրուհիները մեքենագրում են գնդակահարության դատապարտվածների ցուցակները․․․

Կամերայում տիրում էր լռություն․ մարդիկ նայում էին իրար և աշխատում գուշակել, ի՞նչ է մտածում դիմացինն իր մասին, կգնդակահարե՞ն իրեն, թե՞․․․

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Իհարկե, մամուլի բաժնի տեղական աշխատողն ավելի բանիմաց դուրս եկավ, քան Մոսկվայից բերված դատախազը։ Հարյուրավոր մարդկանց, այսպես կոչված հասարակության «սերուցքի» դատավարությունը, որը կարող էր տարիներ տևել, շնորհիվ նոր տեխնիկայի հրաշքի, երեք գիշերում ավարտվեց։ Երեք գիշեր ներքին բանտը չքնեց։ Ներս էին մտնում, կարդում էին անուն֊ազգանունները, տանում իրերով դեպի հայտնի անհայտությունը։ Երբ կարդացին մամուլի բաժնի աշխատողի ազգանունը, նա գունատվեց և իրերը հավաքելիս շշնջաց կողքի նստածներին, ― «տանում են», նա փակեց մատները և ցուցամատը երեք անգամ շարժեց, ինչպես շարժում են ատրճանակ կրակելիս։ Ողջ գիշեր բանտի ընդարձակ բակից լսվում էր տրակտորի, թե տրակտորների հռինդը։ Նրանք հողի փոխարեն լռություն էին հերկում, խլացնելու համար դատապարտվածներին տանող ապրանքատարների, կարգադրությունների, հրամանների, չնախատեսված աղաղակների և բացականչություննեի ձայներ։ Դավադիր լռության փոխարեն գիշերը լեցուն էր դավադիր, խժալուր աղմուկով, դրա փոխարեն երբ բացվում էր առավոտը, լռում էր ամեն ինչ, և տիրում էր մի հեղձուցիչ, ծանր լռություն։ Մնանցողները, չնայած տանջող քաղցին, ոչինչ չէին կարող ուտել․ նրանք այլևս չէին խոսում, չէին գուշակում, չէին ենթադրում, չէին վիճում, պառկում էին նրանք, աչքերը փակում կամ բաց, ոչինչ չտեսնող աչքերով նայում առաստաղին և սպասում իրենց հերթին։

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

― Սա մի ահավոր, սպանիչ լինելու չափ ձգձգված, բայց խորապես շեքսպիրյան ողբերգություն է․․․ Ե՞րբ, ե՞րբ վերջապես պիտի ինջնի վարագույրը․․․

Քառասունութ ժամ տանջալից քննությունից հետո, ոտների վրա կանգնելու անկարող, չորս պետությունների լրտեսության մեջ մեղադրվող՝ պետական թատրոնի մեծ դերասանն այսպես է բացականչել՝ վերադառնալով կամերա և փլվելով անկողնուն։ Ծիծաղելի ողբերգություն, թե արյունոտ կատակերգություն՝ այնուամենայնիվ ներկայացումը վերջացավ։ Տեղի ունեցավ․․․ Ի՞նչ տեղի ունեցավ․․․ Կատարվեց թվաբանական չորս գործողություն․ նախ գումարեցին, ապա բազմապատկեցին, հետո բաժանեցին և, ի վերջո, համանման գործողությամբ փակեցին խնդիրը։ Մնացորդն ստացվեց 40։ Ես այդ քառասունից մեկն էի։ Դրանք այն համեմատական երջանիկներն էին, որոնք իրենց ծոծրակին չզգացին ատրճանակի փողի սառնությունը։ Հանման սառը, ապա տաք գործողությամբ ավարտվեց գործը, բարդ հանրահաշիվը թողնելով սերունդներին։ Քառասուն մնացորդներն ստացան տասից֊տասնհինգ տարվա բանտարկության վճիռ, կլոր թվով՝ չորս դար՝ քառասուն հոգուն։

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

« ― Պետք է քնել, ― ասում եմ ես ինձ, ― և չհիշել հազար անգամ հիշվածը։ Վաղ առավոտյան դու կթողնես քնած ճամբարը և Բալաշովի հետ կհայտնվես Առաջինում։ Իսկ հիմա քնե՜լ, քնե՜լ»։

Ես փակում եմ աչքերս քնելու հաստատ որոշումով, բայց որովհետև ամեն որոշում, լավ թե վատ, փախցնում է մարդու քունը, ես չեմ կարող քնել։ Ես հիշում եմ, թե ինչպես մի օր, գիշերով, քառասուն մնացորդներին ապրանքատարով քաղաքային բանտ տարան։ Մեր համեմատական երջանկությունը ոչ չափ ուներ, ոչ վախճան։ Մենք գնում էինք դեպի համեմատական ազատություն։ Մենք հիմա դատված ենք, և ոչ ոք իրավունք չունի կես գիշերով մեզ տանել ծեծել։ Մենք, որպես դատվածներ, իրավունք ունենք ծանրոցներ ստանալ տնից, անգա՛մ տեսակցություն պահանջել հարազատների հետ։ Մենք․․․

Նախ մեզ ոչ միայն չտարան դատվածների կամերաները, այլև ընդհանրապես ոչ մի կամերա չտարան։ Բանտի խցում, կողք֊կողքի՝ ընդհանուր պատով անջատված, կանգնած էին երկու կավաշեն օթևաններ, որոնք իրենց լույսն ստանում էին տանիքին կանգնած մի տեսակ փոքրիկ, ապակեպատ նոյան տապանից։ Այդ ոճն ունեն թուրքական բաղնիքի տանիքները։ Դա բանտի շների կացարանն էր, որը հայտնի էր բոլորին «շնանոց» անունով։ Ո՞ւր տարան շներին, գուցե առա՞ջ քաշեցին կամ գուցե ցրեցի՞ն նրանց շտատը, գտնելով, որ մարդն այնքան է հասունացել, որ կարող է կատարել այն, ինչ նրանք են կատարում։ Գուցե, գուցե։ Փաստն այն էր, որ մեզ բաժանեցին երկու հավասար մասի և տեղավորեցին ահա այդ հողե հատակով կացարաններում։ Մեզ խստիվ առանձնացրին կալանավորներից և զբոսանքի էին հանում կեսգիշերին, երբ ամբողջ բանտը քնած էր։ Մեզ արգելվեց ծանրոցներ ստանալ։ Իսկ երբ մենք ասացինք, որ դատվածներին ըստ օրենքի պետք է տեսակցություն տրվի, ապա մեզ քաղաքավարի կերպով բացատրեցին, որ կան դատվածներ և կան դատվածներ, մենք միութենական գերագույն դատարանի զինվորական հանձնաժողովի կողմից ենք դատված, համարվում ենք պետական ծանր հանցագործներ և որ մեզ համար գույություն ունի օրենքով նախատեսված հատուկ ռեժիմ․․․

Մեր քսանյակն ուներ մեկ ժողովրդական կոմիսար, պետք է ասել՝ միակը, որը ողջ մնաց։ Կարծես շուտով համերկրային ջրհեղեղ էր սպասվում, մեր կացարանն իր երկու բաժանմունքներով և երկու կիսագմբեթներով պիտի լողար ջրերի վրա և այդ մեկ ժողովրդական կոմիսարի կյանքը խնայված էր, որ մարդկային այս տեսակը չանհետանա աշխարհից։ Ի պատիվ Նոյի՝ պիտի ասել, որ նա այդ գործն ավելի լավ էր կազմակերպել, վերցնելով ամեն տեսակից արու և էգ․․․

Մեր քսանյակում կային երեք բանաստեղծներ։ Առաջին հայացքից կարող էր թվալ, որ, չգիտես ինչու, թույլ էր տրված մեծ շռայլություն, որ երեքից երկուսը միանգամայն ավելորդ են, մանավանդ, որ երեքից երկուսը ծնվել են միևնույն քաղաքում։ Նույնը կարելի է ասել երկու ճարտարապետների մասին, որոնք, ճիշտ է, ստեղծագործական տարբեր անհատականությամբ օժտված մարդիկ էին, բայց կարող էր դիտվել, որ նրանցից մեկն ու մեկն ավելորդ է, մանավանդ, որ նրանց վերաբերմամբ նույնպես կիրառված չէր հեռատես Նոյի ընտրական մտածված սիստեմը։ Ավելորդ չէր լինի հիշատակել այն, որ այս երկու ճարտարապետներից մեկը խորհրդավոր տան բարդ նախագծի հեղինակն էր։ Հատկանշական է և այն, որ երբ կալանավոր ընկերները նրան զանազան հարցեր էին տալիս իր կառուցած շենքի այս կամ այն մանրամասնության մասին, ճարտարապետը խոսքը գցում էր կտուր, մի բան, որ բավականին դժվար գործ էր, որովհետև նման հարցերով նրան դիմում էին ներսում, իսկ ներսից խոսքը կտուր գցելը կապված էր որոշ դժվարությունների հետ։

Մեր քսանյակն ուներ իր բժիշկը, որն անմիջապես շրջապատվեց ուշադրությամբ և խնամքով։ Կալանավորները գիշեր֊ցերեկ դողում էին նրա առողջության վրա և թույլ չէին տալիս, որ նրա քթին ճանճ նստի, քաջ գիտակցելով, որ բժիշկը հիվանդ մարդկության հավիտենական ուղեկիցն է եղել և պիտի լինի։

Մեր քսանյակն ուներ իր քարտուղարը, որը ոչ այլ ոք էր, եթե ոչ Երևանի քաղաքային կոմիտեի քարտուղարներից մեկը։ Այն էլ պիտի ասել, որ կուսակցականները մեր քսանյակում կազմում էին մեծամասնություն, մի հանգամանք, որ չէր կարող թույլ տալ քարտուղարին կազմակերպել նրանց և ղեկավարությունը վերցնել իր ձեռքը, քանի որ, ինչպես հայտնի է, ղեկավարությունը վերցնելու համար ոչ թե մեծամասնություն պետք է լինել, այլ փոքրամասնություն։ Այն էլ պիտի ասել հանուն արդարության, որ քարտուղարը երբեք չմտածեց ղեկավար դառնալու մասին, որովհետև նման մարմաջով մարդիկ տարվում են, երբ ապրում են մի հասարակության մեջ, ուր կան կուշտեր և քաղցածներ։ Իսկ մեր փոքր համայնքի անդամներն անխտիր քաղցում էին, որով և ղեկավար դառնալու միտքը զրկվում էր իր իմաստից։

Ունեինք մենք մեր մեջ մի նշանավոր ինժեներ, բայց նա իր ինժեներությամբ չէր, որ դարձավ մեր համայնքի սիրելին, ոչ էլ իր հանգիստ, բարեհամբույր վարք ու բարքով։ Նա օժտված էր զարմանալի հիշողությամբ։ Օրը երկու անգամ, առավոտյան և երեկոյան, շաբաթներ շարունակ նա պատմում էր Տոլստոյի «Աննա Կարենինան» և «Պատերազմ և խաղաղությունը»։ Նա ոչ թե պատմում էր այդ վեպերի բովանդակությունը, ոչ, նա առանց գրքի կարդում էր այդ վեպերը և չէր կարելի առանց գեղագիտական բարձր հաճույքի լսել նրան։

Մեր համայնքում կային պետական աչքի ընկնող գործիչներ, նաև մի ականավոր գիտնական, որը կլիներ մոտ վաթսուն տարեկան․ նա դատապարտված էր քսանհինգ տարվա բանտարկության և չափազանց լավ էր զգում իրեն։ Նախքան վճիռն ստանալը նա այն սխալ կարծիքն ուներ, որ ինքը երկու֊երեք տարվա կյանք ունի։ Քսանհինգ տարվա դատավճիռ ստանալուց հետո մարդը վերածնվեց։ Անկասկած պետությունը մի բան գիտե, որ նրան քսանհինգ տարի է տվել․ այդ նշանակում է, որ նա պարտավոր է այդքան էլ ապրել՝ պետությանը պարտք չմնալու համար։

Կային հաճելի, շատ հաճելի մարդիկ մեր համայնքում, հենց, թեկուզ, վերցնենք շինանյութեր հայթայթող այն բարձր պաշտոնյանին, որին մեղադրանք էր ներկայացված Սիբիրի անտառները կողոպտելու՝ Երևանի տրամվայի գիծը շպալներով ապահովելու համար։ Շատ բանով էր նշանավոր այս մարդը, երբ նա լողանում էր, թվում էր, թե բաղնիք է թափանցել թավամազ մի արջ։ Իր ասելով, կանանց մեջ ունեցած իր հաջողության համար նա պարտական է այդ հանգամանքին։ Նրա կինը հայ մեծագույն դերասանուհիներից մեկն էր, որով նա ակնհայտ կերպով պարծենում էր։ Սրամիտ էր նա, պատրաստաբան և կարող էր իրար ետևից անեկդոտներ պատմել գիշեր֊ցերեկ և երբեք չկրկնել իրեն։

Ի բնե և ի ծնե խանդոտ էր նա և չէր տանում, երբ խոսում էին իր կնոջ՝ սիրված դերասանուհու մասին, և իզուր չէր, որ բանաստեղծներից մեկը նրան մի օր անվանեց Թայչարուխցի Օթելլո։

Շոգ էր մեր կացարանում, առաստաղից թափանցող օդը չէր հասնում մեզ, հողե հատակին փռված մեր անկողինները քրտնամխում էին, և մենք հագնվում էինք մոտավորապես այնպես, ինչպես լողափում ավազի վրա թավալվողները։ Այդ պատճառով էլ մենք անհամբերությամբ սպասում էինք կեսգիշերին, երբ մեզ տասը րոպեով դուրս էին հանում զբոսանքի։ Մենք շնչում էինք գիշերային թարմ օդը, և մեզ տիրում էր հարաբերական երջանկության զգացումը։

Առաջին իսկ րոպեից մեր համայնքը բաժանվեց երկու մասի՝ լավատեսների և հոռետեսների։ Լավատեսները հոռետեսներին անվանում էին ագռավներ, իսկ հոռետեսները լավատեսներին՝ դեղձանիկներ։ Ըստ լավատեսների, ինչ որ եղավ՝ եղավ, երևի այս էին պահանջում պետական շահերը, սրանից հետո ամեն ինչ լավ կլինի։ Հիմարություն է մտածել, որ այս քսան հոգին երկու հարյուր տարի պետք է անցկացնեն բանտում։ Պետություն է, մի օր բռնեց, մի օր էլ բաց կթողնի, կասի՝ կորե՛ք ձեր տները․․․

Ագռավներն ունեին իրենց խմբակի հիմնը, նրանց սիրած երգը հենց իրենց անունով էլ կոչվում էր՝ «Սև ագռավ»։ «Սև ագռավ, սև ագռավ, մանկության օրերից կռռացիր, կռկռացիր իմ գլխի վրա․ ի՞նչ ես ոլորվում հիմա էլ, իմ գլխին, մի՞թե զգում ես անկումն իմ, ախ, սև ագռավ, ես քոնն եմ․․․»։ Չի կարելի ասել, որ երգում բացարձակապես կոնֆլիկտ գոյություն չուներ, երգի սկզբի տներում համառորեն ժխտվում էր անձնատվությունը, կար անընդհատ պնդում այն մասին, որ՝ «ես քոնը չե՜մ», բայց, ի վերջո, մթնոլորտն ավելի շիկանում էր, և երգը վերջանում էր զոհի բացարձակ պարտությամբ, ― «ա՜խ, սև ագռավ, ես քո՛նն եմ․․․»։ Ու տիրում էր երգից հետո մի մռայլ, ճնշող լռություն։

Ագռավները դեղձանիկների խմբակին վերագրում էին «Մի վազեր այդչափ արագ» մանկական, միամիտ երգը։ Երբ վերջիններն ազատություն էին տալիս իրենց լավատեսությանը և խոսքերն իրարից խլելով ապացուցում էին, որ հուսահատվելու ոչ մի պատճառ չկա և որ, վերջիվերջո, արդարությունը պիտի՛, այո՛, պիտի՛ հաղթանակի, Թայչարուխցի Օթելլոն նշան էր տալիս, և ագռավները մի մարդու նման երգում էին «Դեղձանիկների հիմնը»․

Մի՛ վազեր այդչափ արագ,

Իմ աղվորիկ նապաստակ,

Շատ փոքրիկ ես տակավին,

Թաթիկնրդ կհոգնեն․․․

Սի՜րտ պետք էր, որ դիմանար․․․

Հոռետեսները լսել անգամ չէին ուզում դեղձանիկների այս դայլայլները և կռռում էին սև ագռավների նման, ― բոլորիս վրա մի սև խաչ, լավագույն դեպքում պիտի մեռնենք մութ ու անել զնդաններում և բանտերում։ Կարող է այդ բախտին էլ չարժանանանք, եթե ներքին և արտաքին դրությունը ծանրանա, մի գիշեր կտանեն ու մեկ֊մեկ կթրխկացնեն։ Ահա թե ինչ։

Դեղձանիկները հուզված էին, բողոքում, ― մենք դատված ենք, և ոչ մի օրենքով մեզ ոչ ոք չի կարող գնդակահարել։ ― Ագռավները կռկռում էին, ― մեզ մոտ ամեն ինչ ենթարկվում է հեղափոխական նը՛֊պա՛֊ տա՛֊կա՛֊հար՛֊մա՛֊րու՛֊թյանը․․․

Բայց ընդանրապես պետք է ասել, որ մեր համայնքն ապրում էր հաշտ ու խաղաղ։ Ի՞նչ ունեին բաժանելու։ «Պատերազմ ու խաղաղություն» էին լսում, անեկդոտների մրցում էին կազմակերպում, անձնատուր լինում վերջին «երեք գիշերների» մռայլ հուշերին։ Մեր համայնքի անդամներից մեկը, որի ազգանունը մենք սովոր էինք կարդալ թերթերում, գրեթե ամեն օր, կառավարական որոշումների տակ, անհավատալի մի բան պատմեց այդ օրերին․ դատելուց հետո նրան խոթում են մի բանտասենյակ, ուր ոչ ոք չի լինում։ Երբ ուշքի է գալիս մինուտնի դատի մղձավանջից, սկսում է շրջել կամերայում։ Կամերայի պատերին նկատում է մակագրություններ։ Այնտեղ նա կարդում է ծանոթ ընկերների թողած վերջին տողերը։ Այո՛, դա եղել է մահվան դատապարտվածների վերջին հանգրվանը։ ― «Երեք րոպե տևող դատավարությամբ դատապարտված եմ գնդակահարության․ կեցցե հայ ժողովուրդը», ― գրում է ժամանակի լավագույն գրողներից մեկը։ ― «Դատապարտված եմ գնդակահարության։ Մեռնում եմ հանգիստ խղճով։ Կեցցե՛ մեր մեծ ղեկավարը»․ ― գրել և ստորագրել է ժողովրդական սիրված կոմիսարը։ «Դիալեկտիկական մատերիալիզմով զինվելը բավական չի գնդակահարվելու համար․ կեցցե՛ մեր մեծ գործը», ― գրում է ժամանակի հմուտ տեսաբաններից մեկը, որն աչքի է ընկել իր խրթին լեզվով։

Ստացվում է ահավոր մի բան։ Այդ ամենը մոռանալու համար նրանք որոշում են բանաստեղծներից մեկի դրական գործունեության 20֊ամյակը տոնել։ Մեր կացարանում պետական միակ գույքը հայտնի թիթեղե ամանն է, որի հարթ կափարիչը փայլում է այսօր մաքրությունից։ Նրա վրա տեղ է գրավում հոբելյանական հանդեսի նախագահը, մեր միակ ժողկոմը։ Բանալով հոբելյանական հանդիսավոր նիստը, նա զեկուցման համար խոսք է տալիս երկրորդ բանաստեղծին։ Հայտնի է, որ զեկուցողն իր ժամանակին մի քանի հոդվածներ է տպել հոբելյարի դեմ, այստեղ սակայն մոռացվում են բոլոր անձնական մանր կրքերն ու քինախնդրությունները։ Զեկուցողը բարձր է գնահատում հոբելյարի տեղն ու դերը ժամանակակից պոեզիայում, ափաշկարա կերպով աչք փակելով բանաստեղծի գաղափարական սայթակումների վրա։

Այնուհետև ողջույնի խոսքերով հանդես են գալիս կուսակցության, կառավարության, նկարիչների, ճարտարապետների, գիտնականների, տեխնիկական ինտելիգենցիայի ներկայացուցիչները։ Պետական թատրոնի կողմից հանդես է գալիս թատրոնի մեծ դերասանուհու օրինական ամուսինը։ Ուրիշ ելք չկար։ Համերգային բաժինն անցնում է բարձր մակարդակով։ Տեղի են ունենում ցած ձայնով խմբերգեր, մեներգեր, իսկ երրորդ բանաստեղծը կարդում է հոբելյարին նվիրված մի սիրուն բանաստեղծություն։

Վերջում՝ իհարկե բանկետ։ Նստում ենք բոլորս շրջանաձև, ամեն մեկի առաջ իր օրվա ընթացքում խնայած հացը, իսկ մեջտեղը՝ Երևանի անմահական, հազարաստղանի ջուրը։ Օրվա թամադան նույն ինքը՝ հանդիսավոր նիստի նախագահն է․ խմում ենք հոբելյարի, ներկաների կենացը և նրանց հիշատակին, որոնք խիստ հարգելի խատճառներով չկարողացան իրենց մասնակցությունը բերել այս մեծ և պատմական ու պատվական երեկոյին, խմում ենք, խմում մինչև վերջին կաթիլը։

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Comments