1. Ծաղկած փշալարեր

Chapter 13

13.1

Մամոն դուրս եկավ պատժարանից, ինչպես թակարդից են դուրս գալիս՝ նիհարած, գզգզված, աչքերը դեռ վախով լեցուն։ Դուրս եկավ Մամոն, մտավ բարաք, բարձրացավ, նստեց նառին և ասաց․

― Աբաստումանցի ֆայթոնջի Մամոն Բորժոմ հյուր էր գնացել, եկավ։ Ինչ ունեք֊չունեք՝ մեյդան բերեք։

Մենք Մամոյին ընդունեցինք ուրախ դեմքով, ավելի շուտ՝ կեղծ, քան իսկական ուրախությամբ։ Մի օր առաջ մի երկտող էինք ստացել Լյուդմիլայից, ուր նա գրում էր, որ երեխան հիվանդ է։ Այո, այո, Մամոն հիմա երեխայի հայր է․ ի՞նչ անենք, որ երեխան հիվանդ է․ դրսում, ազատության մեջ երեխաները չե՞ն հիվանդանում․․․ ճիշտ էր գուշակել Մամոյի սիրտը, տղա էր նորածինը։

Մամոն տեղյակ էր ծնունդի մասին, սակայն հիվանդության մասին՝ ոչ։ Մենք նրան ոչինչ չասացինք։ Աշոտ դային վերցրեց իր ամանը, գնաց խոհանոց, բռնեց Մեսրոպի օձիքը և վերադարձավ մի կտոր հացով ու ապուրով։ Այնուհետև Աշոտ դային երկու քառակուսի կտոր շաքար տվեց Մամոյին իր ծանրոցի մնացորդից․ Մամոն ուտելուց հետո մի կտորով երկու բաժակ եռացրած ջուր խմեց, իսկ մյուս կտորը դրեց գրպանը։

― Շյո՛ւքր ալլահին, ― ասաց նա, ― բանտից ազատվեցի․․․

Սկսեցինք խոսել դեսից֊դենից և չնայած որ բոլորս էլ մտքով առաջին ճամբարային կետում էինք, բայց, կարծես խոսքը մեկ արած, խոսում էինք չեզոք նյութերի մասին։ Միայն Մամոն մի անգամ, ի միջի այլոց, մտահոգվեց մի֊երկու բաժին հաց ճարելու և ծննդկանին ուղարկելու մասին։ Թվաց, որ Աշոտ դային չլսե՛ց Մամոյի կցկտուր խոսքերը․ նա զբաղված էր իր գրպանի փողերը հաշվելով։ Հետո նա վար իջավ ու գնաց։

Ճամբարում նույնպես լինում են առօրյա գործեր, որոնք բարեհաջող լուծում են ստանում շնորհիվ չնախատեսված, ուղղակի զարմանալի զուգադիպությունների։ Այդպես բարեհաջող կերպով կատարվեց իմ ճամբարային առաջին կետ գնալու վաղուցվա ցանկությունը։ Դրա համար պետք էր, որ մեր նկարագրած այդ երեկոն շաբաթ լիներ, հետևաբար հաջորդ օրը՝ կիրակի, երբ բաժանմունքի գրասենյակային աշխատողների ազատ օրն էր, այնինչ Աշոտ դային․․․

Քիչ հետո Աշոտ դային եկավ երկու բաժին հացով և մի տեսակ հանկարծակիի եկած մարդու դեմքով։ Նա հացը դրեց արկղին և՝

― Ախր, ես մոռացա, որ վաղը կիրակի է․․․ սանիտարից գնեցի և մտածում էի վաղը ուղարկել․․․ Ճիշտ այդ րոպեին բարաք մտավ կարգադրիչ Սիդորովը և կանչեց․

― Բալաշո՛վ․․․

Բալաշովն աշխատում էր գործարար բակում․ նա և՛ հյուսն էր, և՛ ապակի գցող, և ներկարար․․․ հաճախ նրան առանձին կամ գրասենյակային աշխատողների հետ ուղարկում էին առաջին կետը։ Ինչպես ասում էին՝ «ճեղքվածքները փակելու համար»։ Աշոտ դային վեր թռավ տախտակամածից և կանգնեց մի քիչ հեռու Սիդորովից, որն այդ րոպեին զբաղված էր Բալաշովի հետ խոսելով։ Երբ կարգադրիչը վերջացրեց իր խոսակցությունը և խավատախտակի վրա ինչ֊որ նշանակեց, մոտեցավ Աշոտ դային և․․․

Ես հետևում էի այս ամենին և զգում, որ Աշոտ դային ինչ֊որ կարևոր գործի վրա է․ չի կարելի ասել, որ հեռավոր կերպով չէի գուշակում, թե ինչ է եփում․․․ նա ինչ֊որ բան ասաց Սիդորովին դեմքի լարված արտահայտությամբ, Սիդորովը գլուխը շարժեց դրական մտքով և ինչ֊որ հարցրեց, Աշոտ դային ժպտաց և պատասխանեց, հետո բարաքի աղմուկի միջից իմ ականջին հասան կարգադրիչի խոսքերը․

― Հիմա մենք կտեսնենք․․․

Նա մոտեցավ Աշոտ դայու հետ և դիմեց ինձ․

― Ադժեմյա՛ն, վաղը կգնա՞ս Առաջին՝ Բալաշովի հետ աշխատելու։

― Կգնամ, ― պատասխանեցի ես։

― Լա՜վ, լա՜վ, ― նա գրեց խավատախտակին երևի իմ անունը, ― գրեցի՜նք, Բալաշո՛վ, ― նա ցույց տվեց ինձ, ― միասի՛ն կգնաք․․․

― Իսկ նա ի՞նչ պիտի անի, ― հարցրեց Բալաշովն ակնհայտ դժգոհությամբ։

― Ճա՛նճ պիտի քշի, ― բարկացավ Սիդորովը, ― կգա որպես սևագործ։

Բալաշովն ուսերը թոթվեց և քրթմնջաց․

― Լսում եմ։

― Սաղ օլ, ուստա՜, ― բացականչեց Մամոն, որը նույնպես հետևել էր դեպքերի ընթացքին, երբ Աշոտ դային բարձրացավ իր տեղը գոհունակ դեմքով։ ― Ո՛ղջ լինես, վարպե՛տ․․․

― Հայդո՛ւկ, ― ասաց Աշոտ դային, ― գործդ հաջողվեց, գնում ես։

Այնուհետև Աշոտ դային պատրաստեց իմ տոպրակը։ Տոպրակում տեղավորեց երեք բաժին հաց, որից մեկն իմ օրաբաժինն էր, իսկ երկուսը՝ սանիտարից գնած օրաբաժինները՝ գերմանուհու համար։ Աշոտ դային դրեց ինձ հետ նաև մի քանի կտոր շաքար, մի բուռ բրինձ և մի կտոր օճառ․ Մամոյի աչքերը լցվեցին արցունքներով։

― Ալլահը քեզ երկար արև տա, ― մրմնջաց նա, ― գյուլ քիմի ադամ սան, ― վարդի պես մարդ ես․․․

― Դու մեզ մի՛ նայի, հայդո՛ւկ, մենք լոդրեր ենք, վեր կաց, քնիր, որ առավոտյան շուտ վեր կենաս։

Բարաքը չէր քնում, չնայած որ քնելու գոնգը վաղուց էր հնչել։ Կալանավորներն զբաղված էին կարգի բերելով իրենց տնտեսությունը, կարելով, կարկատելով, նամակներ գրելով կամ վաղուց ստացված նամակները նորից և նոցից կարդալով։ Ամեն անգամ, երբ կարդում են նրանք հին նամակները, նրանց թվում է, որ մի նոր բան են գտնում այդ նամակներում, մի նոր, կարևոր բան, որ առաջ չէին նկատել։

Ես պատրաստվում եմ հանձնվելու Մորփեոսին։ Դուրս եմ գալիս բակը։ Ճամբարը լռել է թրատող սառնամանիքից, կծկվել է խավարում և անհնարին է հավատալ, որ նրա գետնափորերում հազարավոր մարդիկ են ապրում։ Ես իմ քայլերն ուղղում եմ դեպի այնտեղ, ուր թագավորներն անգամ գնում են ոտքով և գնում են մենակ․ առանց թիկնապահների։ Դեմից գալիս է մեկը։ Երբ հավասարվում ենք, նա ինձ ճանաչում է։

― Քո Կառապետյանին այսօր էտապ տարան։

Էմանուել Ալտհաուզենի ձայնն է։

― Ի՞նչ ես ասում, իսկ ես․․․ ― տխրում եմ ես։

― Այնտեղ մի ուրիշ հայ էլ կա, ― մխիթարում է ինձ իմ խոսակիցը, ― բայց առանց «յանի», «ալո՛ւնց֊խալո՛ւնց֊մալո՛ւնց» կամ նման մի բան։

Ու մենք բաժանվում ենք՝ իրար բարի գիշեր մաղթելով։

Բարաքում Աշոտ դային նամակ է գրում Մամոյի կողմից։ «Լյութմիլային»։

― Յա՛զ, ալլահ քյարիմ դըր․․․ գրի՛ր, աստված ողորմած է, ― թելադրում է Մամոն։

― Կարապետյանին այսօր էտապ են տարել, ― հաղորդում եմ ես Աշոտ դայուն, ― բայց իմ գնալը չի կորցնում իր իմաստը, ― դատում եմ ես։

― Ոչ, չի կորցնում, ― հաստատում է Աշոտ դային։

― Մանավանդ, որ այնտեղ մի ուրիշ հայ էլ կա․․․

― Դու գիշերային հավքերի՞ց առար այդ տեղեկությունները, ― հարցնում է Աշոտ դային ծիծաղելով։

― Գիշերային հավքեր չեն մնացել, ցրտահարվել են, ― ասում եմ ես ցրտից սրթսրթալով։ Իսկ Աշոտ դային նամակը ծալում է շորի մի կտորով, խաչաձև կտրում․ անհետացնում իմ ձմեռային գլխարկի պատռվածքներից մեկում և․․․ և ես պատրաստ եմ մեծ ճանապարհորդության։

․․․ Ճամփանե՜ր, ճամփանե՜ր, ես հիմա հիշում եմ ճանապարհներ, որոնք փակվեցին, և բացված նոր, հեռավոր ճանապարհներ։ Ես հիմա հիշում եմ ազատության վերջին օրերը։ Այդ ութ տարի առաջ էր։ Ամառ էր, բառի իսկական իմաստով շոգ օգոստոս։ Օ՜, այո, մենախցի երկաթե դուռը բացվեց իմ դեմ և փակվեց ինձ վրա օգոստոսի 10֊ի լուսաբացին։ Աշխարհը, Երևանը, փողոցը, որի վրա ես ապրում էի, տունը, հարազատներն ու ընկերները, «Կապույտ մզկիթն» էլ հետը՝ մնացին ասես յոթ սարից անդին, իսկ ինձ մնաց այն նեղ ու մութ խուցը, որի միակ բարձր, երկաթե ճաղերով ամրացված պատուհանից երևում էր դպրոցական քանոնի լայնությամբ ու երկարությամբ երկնքի մի շերտ, որը լինում էր կապույտ, ճերմակ, գորշ, նայած օրվան ու եղանակին։

Ես առանձնապես չազդվեցի, երբ գիշերվա 3֊ին մի անծանոթ անձնավորություն ընկերական ուրախ սեղանից ինձ հանեց և ասաց, որ պետք է գնալ տուն։ Ես առջևից, նա հետևից՝ մենք անցանք անմարդ, լուսնի լույսով ողողված փողոցներով և մոտեցանք մեր տանը։ Մեծ տպավորություն չթողեց ինձ վրա և այն, որ մեր շենքի առաջ կանգնած էր մի փակ ավտո և մեզ երևի անհամբերությամբ սպասում էր մի երկրորդ անձնավորություն։ Նրանցից մեկի հարցը՝ զենք ունե՞ք, ես համարեցի հիմարություն և ցույց տվի գրասեղանիս վրա մի բաժակում կողք֊կողքի ցցված իմ զանազան գրիչներն ու մատիտները։ ― Հարցը վերաբերում է ա՞յս զենքերին, ― հարցրի ես։ ― Ես հարցնում եմ այսպի՛սի զենքի մասին, ― ասաց նա և գրպանից հանելով՝ քթիս տակ թափ տվեց մի իսկական ատրճանակ։ Սրա վրա ես պատասխանեցի, որ ես, որքան հիշում եմ, զինվորական չեմ եղել, դրա համար էլ ատրճանակ կրելու անհրաժեշտություն երբեք չեմ զգացել։ ― Լա՜վ ես երգում, ― ասաց մյուսը, չնայած որ ես ոչ մի երգ չերգեցի և ընդհանրապես աչքի չեմ ընկել լավ ձայնով, թեև զուրկ չեմ եղել երաժշտական լսողությունից։

Ինձ վրա տպավորություն չթողեց նաև խուզարկությունը, որը տևեց մինչև լուսաբաց։ Նրանք տակն ու վրա արին ամբողջ տունը, քրքրեցին իմ գզրոցները, առանձնացրին բազմաթիվ նամակներ, վերցրին1922 պահած իմ հուշատետրերը։ Խուզարկության ընթացքում ես պառկեցի դիվանին, մի րոպե փակեցի աչքերս և ուզեցի պատկերացնել րոպեի լրջությունը։ Հաջողության չհասա։ Խուզարկությանը ներկա էր նաև դոմկոմը, այսինքն «տնային կոմիտեն»․ նա ապրում էր մեր շենքում, աշխատում էր թատրոնում և մեծ հարգանքով ընդունում իմ բարևները։ Հիմա նա կանգնած էր դռների մոտ պաշտոնական դիրքով և նայում էր ինձ սառը, անգամ թշնամական աչքերով։

Լուսաբաց էր, երբ վերջացավ խուզարկությունը։ Նրանք հրամայեցին հետս վերցնել միայն սպիտակեղեն․ ― Ածելի՞։ ― Ոչ։ Գրքե՞ր, թո՞ւղթ։ ― Ոչ, այնտեղ ամեն ինչ կա․․․ Նրանք վերցրին մի մեծ թղթապանակ, ուր տեղավորեցին վերցրած կասկածելի (երևի) նյութերը։ Դուռը փակեց «տնային կոմիտեն» և գրպանեց բանալին։

Ես գիտեի ուր են տանելու ինձ և ամենևին չզարմացա, երբ ավտոն կանգնեց և մենք դուրս եկանք խորհրդավոր շենքի բակը։ Ոչ, այս ամենն ինձ վրա առանձին տպավորություն չթողեցին։ Ես սթափվեցի միայն այն րոպեին, երբ ինձ հանձնեցին մի մարդու՝ ասելով․

― Վերցրու սրան, Ներսե՛ս․․․

Ներսեսը խոթեց ինձ մի քառակուսի սենյակ, կոպիտ կերպով արձակեց գոտիս, նետեց մի կողմ ու շուռ ու մուռ տալով խուզարկեց ինձ, ձեռքերն անքաղաքավարի կերպով խոթելով գրպաններս։

Ես ցնցվեցի և առաջին անգամ զգացի, որ գործը լուրջ է և բանս՝ բուրդ։

Երկրորդ հարվածն իջավ իմ գլխին երրորդ օրը։ Իմ մենախցի դուռը բացվում էր միայն առավոտյան և երեկոյան, երբ ինձ տանում էին փակ զուգարան։ Մնացած գործերը կատարվում էին դռան վրա բացված մի քառակուսի անցքից։ Այնտեղից ես ստանում էի բանտային օրաբաժին՝ 500 գրամ հաց, 25 գրամ շաքար, առավոտյան և երեկոյան մի֊մի բաժակ թեյանման մի բան, իսկ կեսօրին՝ մի շերեփ վռիկ, որին այստեղ «սուպ» էին կոչում։ Երրորդ օրը ճաշից հետո անակնկալ կերպով շխկշխկացին ծանր կողպեքներն, ու դուռը բացվեց։

― Ոտքի՛, ― հրամայեց ներս մտնողը, ― երբ բանտապետը ներս է մտնում՝ ոտքի՛։

Ես կանգնեցի։

Նա նայեց շուրջը և հարցրեց․

― Ասելու բան ունե՞ս․․․

― Ինձ հայտնի չէ, թե ինչու ինձ․․․ ― սկսեցի ես։

― Կգա ժամանակը և կիմանաս, ― կտրեց նա։

― Արդեն երեք օր է, ինչ այստեղ եմ․․․ ես գործեր ունեմ․․․

Չլսելու տվեց։

― Արև, արևի լույս չեմ տեսնում․․․

Այստեղ էր, որ նա իջեցրեց կացինը․

― Սովետական արևը հակահեղափոխական սրիկաների համար չէ՛․․․

Ու նայեց աչքերիս։

Կարճահասակ էր նա, ամառային համազգեստով, շեկ, կարճ, մեջտեղը ճեղքված եռանկյունի բեղերով, բաց լեղակագույն աչքերով, ըստ ամենայնի լպստած մի դեմք․ ես ուզեցի գոռալ, օգնություն կանչել, պատիվ պահանջել, բայց այդ րոպեին նա դառնում է դռների մեջ կանգանած պահակին և հարցնում․

― Ո՞նց է պահում իրեն․․․

Պահակը տեղը քայլ կատարեց․

― Չի՞ կծում․․․

Պահակը նայեց գիշեր֊ցերեկ վառվող՝ առաստաղից կպած աղոտ լույսին։ Բանտապետը դուրս քաշեց գրպանից գորշագույն թաշկինակը, աղմուկով խնչեց ու դուրս եկավ։

Ահա թե երբ, ավելի շուտ՝ նաև ե՞րբ ես զգացի, որ ինձ հետ կատակ չեն անում, և իմ բանը բուրդ է, ի՜նչ բուրդ, բամբակի տակա՛նք ասա․․․

Անցնում են ժամերն առանց ժամացույցի և օրերն առանց օրացույցի։ Յոթանասունհինգ օր հաշվեցի ես այդ մենախցում։ Այս ժամանակահատվածում ես աճել եմ, ես հիմա շատ բան գիտեմ, որ առաջ չգիտեի։ Այո, լայնացել ու հարստացել է իմ հորիզոնը։ Ես հիմա գիտեմ, որ ես անդամ եմ «ընդհատակյա֊ազգայնական֊տրոցկիստական֊տեռորիստական կազմակերպության»։ Այո՜։ Կարգին մարդ եմ եղել ես և ինքս տեղեկություն չեմ ունեցել։ Ես հիմա գիտեմ, որ մենք՝ մի քանի գրողներ գաղտնի ժողովներ ենք գումարել և գիշեր֊ցերեկ մտածել ենք մի կերպ Հայաստանն անջատել Ռուսաստանից։ Էլի շատ բաներ գիտեմ ես, որոնց մասին պատմելը երկար կլիներ, կասեմ միայն, որ եթե հիմա իմ խեղճ, որբացած մայրիկը կարողանա ինձ տեսնել և մի ժամ խոսել ինձ հետ, պիտի մտածի, որ ես կամ խախտվել եմ, կամ ես՝ ես չեմ, կամ մինչև հիմա նա չի իմացել, թե իր հարազատ որդին ինչ ահավոր գազան է եղել։

Նոյեմբերյան մի տխրամած առավոտ, երբ բարձր պատուհանից երևացող քանոնաձև երկինքը կապարի գույն ուներ և լսվում էր բակում հոսող անձրևաջրի խուլ խշշոցը, դուռն աղմուկով բացվեց, և ներս մտավ պահակը․

― Ունեցածդ հավաքի՛ր․․․

― Ուր․․

― Ունեցածդ հավաքի՛ր, ― կրկնեց նա։

― Ես պատրաստ եմ։

― Առաջ ընկիր։

Առաջ ընկա։

― Դեպի աջ։

Ես գնում եմ դեպի աջ։ Այս աջ թեքումն իմ սիրտը լցնում է անձկությամբ։ Ցամաք նետված մահամերձ ձկան նման հույսն իմ մեջ բերանը բացուխուփ է անում։ Մի՞թե․․․ մի՞թե ազատություն։

― Սանդուղքներով վե՛ր։

Ես բարձրանում եմ տասնյակի մոտ սանդուղքներով։ Հիմա ես գտնվում եմ ներքնահարկի վրա ամուր նստած բանտի երկրորդ հարկում՝ աջ ու ձախ ձգվող երկար, կիսամութ միջանցքներով և կամերաների, այսինքն բանտային խցերի համարակալված դռներով։

― Ձա՛խ, ― լսում եմ հրահանգը և թեքվում այս անգամ ձախ։

― Կանգնի՛ր։

Ես կանգնում եմ մի փակ դռան առաջ։ Նայում եմ համարը՝ 12։ Պահակը գործի է դնում մի քանի բանալի, բացում արտաքին, ապա ներքին շարժական և անշարժ կողպեքները, շրխկացնում ինչ֊որ նիգեր, և ես ներս եմ մտնում։

Մի րոպե, և ես ինձ զգում եմ այնպես, ինչպես բեմ մտած մարդը։ Ծխախոտի ծխի միջից դեպի ինձ են հառել իրենց նայվածքները ինձ նման մազակալած մարդիկ՝ նստած ոմանք սակավաթիվ մահճակալներին, ոմանք հատակին փռված անկողիններին։ Ես լսում եմ իմ անունը ոչ այն շեշտով, ինչպես ծանոթը տեսնում է իր ծանոթին և տալիս նրա անունը, ոչ, այլ տարակուսանքով, երկմտելով․ նա՞ է, թե՞ նա չէ․․․ Այո, կային ծանոթներ։ Նրանցից մեկը հատկապես ինձ զարմացրեց իր ներկայությամբ․ ով՝ ով, համենայն դեպս, նա դրսում պիտի լիներ և ոչ ներսում։ Դա մի փիլփսոփա էր, որը մի քանի անգամ երևաց գրողների տան բեմում և ուղղափառ ճառեր ճամարտակեց մեր դեմ, հանդիսանալով մեր թունավոր հակառակորդներից ձայնափողը։

― Ե՛կ, ե՛կ նստիր․․․ ոչինչ մի հարցնի, իմ ընկերներն ինձ դավաճանեցին, ― ասաց նա ինձ։

Ու ես նստեցի ու ոչինչ չհարցրի։ Ես ոչինչ չհարցրի, որովհետև քաջ գիտեի նրա ընկերներին, նրանք գիտեին և՛ դավել, և՛ դավաճանել։ Ես նստեցի, իսկ նա շարունակեց կիսատ թողած շախմատը։ Նա լուռ էր, երբ հակառակորդն էր քայլ կատարում, հետո նա երգում էր․

Партизанские отряды

Занимали города...

Անում էր իր քայլը, լռում և նորից երգում նույն երկու տողը՝ ջղեր սղոցելու չափ միօրինակ ու ձանձրալի, ձանձրալի ու միօրինակ բանտարկյալի օրերի նման․․․

Բանտարկյալի օրե՜ր, բանտարկյալի օրե՜ր։ Երկու տարի ես ապրեցի №12 ընդհանուր բանտասենյակում, որին մենք Դյուժինգրադ անունով կոչեցինք։ Երկու տարվա ընթացքում Սայաթ֊Նովի քյամանչի նման՝ շատ բան տեսավ Դյուժինգրադը։

Կամաց֊կամաց ուժեղացավ «մարդամթերման» թափը, իսկ 1937 թվականին հասավ իր զենիթին։ Դուրս նետեցին ժանգոտ մահճակալները, և Դյուժինգրադի բնակիչների թիվը ութսունի հասավ։ Գալիս էին ամեն օր նոր ու նոր հոսանքով նոր կալանավորներ և բերում ահավոր լուրեր։ Շոգ օր, բայց նոր ժամանող կալանավորները հավատացնում էին, որ քաղաքի շենքերի ծխնելույզներից ծուխ է բարձրանում։ Ի՞նչ զարմանալի բան, ինչո՞ւ են վառվում վառարանները, պարզվում է, որ գրքեր են այրում, այրում, այրում են նրանց գրքերը, որոնք նետված են բանտերը։ Խարո՜ւյկ։ Խարո՛ւյկ։ Խարույկ։ Փակեցե՛ք ձեր աչքերն ու ականջները, մարդիկ, միջնադարը վերադարձել է․․․ Հնձված էր և շարունակում էին հնձել կուսակցական և կառավարական կարևոր ղեկավարներին, բոլոր հիմնարկների պետերին ու պատասխանատուներին, հանրապետական գլխավոր դատախազին ու դատախազներին, Կենտկոմի նոր քարտուղարին ու նրա աշխատակիցներին, շրջկոմ ու գործկոմ, համալսարանի դասախոս ու վանեցի, ուսուցիչներ, գյուղացիներ, ուսանողներ, բարձր դասարանցի աշակերտներ։ Դյուժինգրադում բնակություն հաստատեցին երեք ժողովրդական կոմիսար, մեկ բժիշկ, երկու շրջկոմի քարտուղարներ, երեք դասախոս, ինքը՝ քաղխորհրդի նախագահը, կենտրոնական թերթի նախկին և ներկա պատասխանատու խմբագիրները, երկու գնդապետ, մի փոխգնդապետ․․․ Մի օր էլ․․․

Դուռն աղմուկով բացվեց և ամառային համազգեստով ներս մտավ բանտապետն այս անգամ առանց պահակի ուղեկցության։ Մի քանիսը ոտքի կանգնեցին, իսկ մեծ մասը միայն անհանգստացավ։ Ավելի մոտիկ նստածները ոտքի թռան, բայց ոչ ըստ բանտային ներքին կանոնադրության։ Առաջին բանը, որ նկատեցին նրանք, այն էր, որ բանտապետը գոտի չուներ և չուներ բանտապետի իր խրոխտ արտահայտությունը։ Նա անվճռական մի քայլ կատարեց դեպի առաջ, բայց քայլելու տեղ չգտնելով, կանգուն մնաց՝ դռնից մի քիչ հեռու դրված թիթեղե այն մեծ ամանի մոտ, ուր կալանավորներն իրենց փոքր կարիքն էին հոգում։ Առաջինն ուշքի եկավ լենինականցի նշանավոր իրավաբանը։ Նա իր խռպոտ բասով հարցրեց․

― Հերթը քե՞զ հասավ։

― Այո՛, ― պատասխանեց նախկին բանտապետը, ― Գեպեուն ամբողջ կազմով նստեց, ավագ քննիչն ինքնասպանություն գործեց։

Գեպեուն պետական անվտանգության վարչությունն էր։

Նույն իրավաբանը, որը կամերկոմն էր, այսինքն բանտախցի ավագը, 81֊երորդին տեղ տվեց հիշյալ թիթեղե ամանի մոտ։ Այդպես էր օրենքը, նորերն անցնում էին այդ քավարանը ու երբ հներին տանում էին այս կամ այն ուղղությամբ, նրանք աստիճանաբար բարձրանում էին, իրենց տեղը զիջելով նորեկներին։

― Մեռնեմ օրենքին, ― հպատակվեց նախկինը։

Նրանից մենք շատ բան իմացանք։ Նորեկ կալանավորներից մենք լսել էինք, որ նախկին լուսժողկոմը և նրա խմբակի անդամները ոչնչացված են առանց դատի ու դատաստանի, նրանց հետ նաև «խեղճ նայիրցին»։ Նախկինը հաստատեց այս իրողությունը։ Նա մասնակցել էր այդ ապերացիային, ինչպես ինքն էր ասում, այսինքն՝ գործողությանը։ Պատմեց նաև, որ գնդակահարվելուց առաջ նախկին լուսժողկոմն ամբողջ կոկորդով գոռացել է․

― Մենք դեռ կգա՛նք․․․ Կեցցե Լենինի կուսակցությունը։

Երբ նախկինը հարմար կերպով տեղավորվեց իրեն հատկացված ամհարմար կենսական նեղ տարածության վրա, բացվեց մի հարցազրույց։ Հարցեր տալիս էին գրեթե բոլորը և նա պատասխանում էր բոլոր հարցերին՝ գրեթե։ Մի երկու հարցի կողքով անցավ, մի հարցի պատասխանը եղավ՝

― Չգիտեմ, ինչ֊որ չգիտեմ, չգիտեմ․․․

Նրա ասելով՝ Թիֆլիսից տրված է «Մարդամթերման կայուն պլան», պետք է «նստեցնել» մոտ 40. 000 մարդ։ Դրանցից մի մասը կմահանա, մի մասը կգնդակահարվի, իսկ մեծ մասին կքշեն հյուսիս, համակենտրոնացման ճամբարները՝ ծանր աշխատանքի։ Մի շրջկոմի քարտուղար մինչև ականջները վրդովված ասաց, որ դա պրովոկացիա է, որ նման հակամարդկային լագերներ գտնվում են հիտլերական Գերմանիայում, որ սոցիալիզմի երկրում․․․

Բանտապետը փափուկ կերպով կտրեց շրջկոմի քարտուղարի ուղղափառ ճառը։

― Դե՜, հիմա ժամից ե՛ս եմ գալիս, «տեր ողորմյա» դո՞ւ ես ասում․․․

Խնդիրն սպառված է։

Օրերի ընթացքում նա ավելի ու ավելի բացվեց։ Նա ասաց, որ ինքը ոչ մի բանից չի վախենում և գիտե, որ իրեն նման մարդկանց չեն բռնում առհասարակ, իսկ եթե բռնում են, վերջը գնդակահարությունն է։

Գեպեուի ամբողջ կազմը վերին Երուսաղեմ կուղարկեն, եղած գործերն էլ իզ ու թոզով սրբելու համար։ Էն սրբողներին էլ կսրբեն։ Հովաննես Թումանյանը մի խոսք ունի․

Միշտ ուժեղից ուժեղը կա,

Իսկ ամենից ուժեղը մահ․․․

Հիմա մերն է․

Միշտ բռնողին բռնողը կա,

Իսկ բոլորին բռնողը նա․․․

― Բա՞ս, ― վերջացրեց նա։

Վճռապես կարելի է պնդել, որ այս բանտապետը սեփական մտքեր ունի, և դա ինձ դուր է գալիս․․․ Իսկ բոլորին բռնողը` նա․ վատ չի ասված։ Ունկնդիրները կարծես խոսքները մեկ՝ չլսելու տվին այս «նա»֊ն։ Ո՜վ իմանա, գուցե դիտմա՞մբ են նստեցրել այս բանտապետին կամ ինքը դիտմա՞մբ է նստել և հիմա խո՞սք է քաշում, թե ով ի՞նչ է մտածում նրա մասին։ Նման դեպքերում չպետք է լռել, որովհետև երբ դու հակապետական մի բան ես լսում և լռում ես, այդ նշանակում է, որ դու համաձայն ես։ Այսպես թե այնպես, պետք է հակահարված տալ։

Հակահարվածը չուշացավ, և նույն շրջկոմի քարտուղարը ցուցաբերեց մեծ ու նախանձելի զգոնություն։

― Դու, ի՞նչ է, ուզում ես ասել, որ նա տեղյա՞կ է այս բոլոր խայտառակություններին, ― հարցրեց նա և շարունակեց, ― մենք այդ կարծիքին չենք։ Մի օր կիմանա նա, թե ինչ է կատարվում տեղերում, և այն ժամանակ ցույց կտա, ո՞վ է ժողովրդի թշնամին՝ մե՞նք, թե նրանք, որոնք մեր գլխին խաղացին այս խաղը։ Դու ասում ես, որ Գեպեուի կազմը բռնվա՞ծ է․․․ ուրիշ կերպ չէր կարող լինել, ուրեմն մեզ բաց կթողնեն․․․

― Լա՛վ, լա՛վ, ― ասաց նախկին բանտապետը, ― դու կաց այդ խելքին։

Նա գլուխը հենեց պատին և փակեց աչքերը։

Ծեծի մասին նախ սկսեցին խոսել շշուկով։ Համալսարանի դասախոսներից մեկը կեսգիշերին վերադառնալով քննությունից՝ իր հարևանի ականջին փսփսաց, որ քննիչի մոտ եղած ժամանակ կողքի սենյակից իր ականջին հասել են հայհոյանք, գոռգոռոց և օգնություն խնդրող կանչեր։ Մի օր էլ քաղխորհդի նախագահը քննությունից վերադարձավ թաշկինակով բերանը բռնած։ Նա բացատրեց, որ ատամնացավը հանկարծ բռնեց։ Զարմանալին այն էր, որ սպիտակ թաշկինակի վրա երևում էին արյան բծեր։ Երկու օրից հետո նույն ատամնացավով տառապողին քննիչի մոտ տարան, և նա վերադարձավ քսանչորս ժամ հետո միայն։ Մենք ասինք վերադարձավ, բայց դա չափազանցություն է, ճիշտ կլիներ, եթե ասեինք՝ բերին։ Դուռը բացվեց սովորական աղմուկով, երկու պահակ նրան ներս բերին երկու թևերից բռնած, դուռը փակեցին, իսկ նա ընկավ դռան տակ ծանր պարկի նման։

Կալանավորները միջահասակ և հաղթանդամ քաղխորհրդի նախագահին միացյալ ուժերով իր տեղը քաշեցին և պառկեցրին։ Ալեխառն մազերով՝ քաղաքի հայտնի բժիշկն արձակեց աղետյալի կոճակները և շորերը հանել տվեց։ Նա ծանր տնքոցով ընկավ փորին։ Բժիշկը բարձրացրեց բծավոր շապիկը։ Նրա հարթ, ողորկ կռնակը կապտած էր, տեղ֊տեղ սևացած, տեղ֊տեղ արնկթած։

― Այս ինչո՞վ են ծեծել, ― զարմացավ բժիշկը։

― Շոմպոլներով, ― շշնջաց աղետյալը։

Հետագայում պարզվեց, որ այդ «շոմպոլ» կոչվածը ծանր, ճկուն, մտրակի նման մի բան է, որը հյուսված է երկաթալարից և ռետինից։

― Ի՞նչ են ուզում քեզնից, ― հարցրեց բժիշկը՝ դիմելով նրան անուն֊հայրանունով։

― Ստորագրել։

― Որ ի՞նչ․․․

― Որ հակահեղափոխական եմ, վնասարար․․․ ճապոնական ագենտ, ― պատասխանեց դժվարությամբ հեղափոխական անցյալով հարուստ կոմունիստը։

Բժիշկը ժպտաց։

― Ինչո՞ւ անպայման ճապոնական․․․ որովհետև ձեր դիմագծերում ինչ֊որ ճապոնական բա՞ն կա երևի․․․

Իսկապես, քաղխորհդի նախագահը շատ նման էր ճապոնացու։ Նա անձայն ծիծաղեց։

Բոլոր կալանավորներն իրենց հոգու խորքում փայփայում էին այն հույսը, որ «ճապոնացու» գործը բացառիկ գործ է, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի, որ սա՝ մի երկու քննիչի կամայականության արդյունք է և ուրիշ ոչինչ․․․ Բայց երբ հաջորդ օրերի և շաբաթների ընթացքում ծեծված ու խոշտանգված վերադարձան կենտրոնական թերթի նախկին խմբագիրը, կըրխ֊դաիրմանցի, շեկ մազ֊միրուքով, ազնիվ, կապույտ կրակով վառվող աչքերով մի գյուղացի, զինվորականները, ժողովրդական կոմիսարներից, այսինքն մինիստրներից երկուսը, նույն ինքը՝ հավատավոր շրջկոմի քարտուղարը, և երբ Դյուժինգրադը վերածվեց հիվանդանոցային պալատի, բոլորի համար պարզ դարձավ, որ կիրառվում են զանգվածային դաժան ծեծ ու բռնություն։ Նույն վիճակին արժանացավ բոլորին խնամող և սրտապնդող բժիշկը։ Նա ներս մտավ տանջահար ու գունատ, թրջեց երկու թաշկինակ և սկսեց հերթով հովացնել այրող խարանները՝ ինքն իրեն մրմնջալով։

― Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո․․․

Ներքին բանտը տնքում էր։

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Comments