Chapter 4
Երկրորդ մաս - 2
Սպիտակ արջերի մեջ
Իմ բարեկամները ուրախ էին, որ ես կենդանի էի մնացել։
Առհասարակ ես բազմաթիվ բարեկամներ ունեի, որոնք ինձ շատ էին սիրում։ Կարող եք պատկերացնել, թե նրանք ինչքան ուրախացան, երբ իմացան, որ ես սպանված չեմ։ Նրանք ինձ վաղուց մեռած էին համարում։
Ամենից շատ ուրախացավ հայտնի ճանապարհորդ Ֆիպսը, որը հենց այդ ժամանակ պատրաստվում էր ճանապարհ ընկնել դեպի Հյուսիսային բևեռ։
― Սիրելի Մյունխհաուզեն, չափազանց ուրախ եմ, որ կարող եմ ձեզ գրկել,– գոչեց Ֆիպսը, հենց որ ես հայտնվեցի նրա առանձնասենյակի շեմքին։― Դուք պետք է ինձ հետ ճանապարհվեք՝ որպես իմ ամենամոտիկ ընկերը։ Ես գիտեմ, որ առանց ձեր իմաստուն խորհուրդների հաջողություն չեմ ունենա։
Ես, իհարկե, իսկույն համաձայնեցի, և մի ամսից հետո մենք բևեռից հեռու չէինք։
Մի անգամ, նավի տախտակամածի վրա կանգնած ժամանակ, հեռվում նկատեցի մի բարձր սառցե սար, որի վրա երկու սպիտակ արջ թավալվում էին։ Ես հրացանս վերցրի և նավից ցատկեցի ուղիղ մի լողացող սառցաբեկորի վրա։
Շատ դժվար էր առաջ գնալ հայելու պես ողորկ սառցաձորի և սառցալեռների վրայով։ Ամեն րոպե սայթաքում էի և կարող էի անհատակ անդունդներն ընկնել։ Բայց, չնայած դժվարություններին, հասա լեռան գագաթը և համարյա թե կիպ մոտեցա արջերին։
Եվ հանկարծ դժբախտություն պատահեց, հենց որ ուզում էի հրացանս արձակել, սայթաքեցի ու ընկա, գլուխս կպավ սառույցին և նույն րոպեին ուշաթափվեցի։
Կես ժամից հետո, երբ ուշքի եկա, սարսափից հազիվ չգոռացի. մի ահագին սպիտակ արջ ինձ իր տակն էր առել և, բերանը լայն բացած, պատրաստվում էր ինձնով ընթրիք անել։
Հրացանս ընկած էր հեռվում՝ ձյան վրա։
Ասենք, հրացանն այստեղ անօգուտ էր, որովհետև արջն իր ամբողջ ծանրությամբ մեջքիս էր ընկել և շարժվել չէր թողնում։
Մեծ դժվարությամբ գրպանիցս հանեցի իմ փոքրիկ դանակը և, երկար չմտածելով, արջի ետևի ոտքի երեք մատը կտրեցի։
Արջը ցավից մռնչաց և մի րոպե ինձ իր սարսափելի գրկից բաց թողեց։
Օգտվելով առիթից, ես իմ սովորական քաջությամբ վազեցի հրացանի մոտ, վերցրի և կրակեցի։ Սարսափելի գազանը փռվեց ձյան վրա։
Բայց դրանով դժբախտությունը չվերջացավ, հրացանի ձայնը արթնացրեց մի քանի հազար արջերի, որոնք, ինձանից ոչ հեռու, սառույցի վրա քնած էին։
Դուք միայն պատկերացրեք, մի քանի հազար արջեր։
Նրանք խմբով դեպի ինձ ուզվեցին։ Ի՞նչ անեի։ Մի րոպե ևս, և կատաղի գիշատիչներն ինձ կտոր-կտոր կանեն։
Հանկարծ գլխումս մի սքանչելի միտք ծագեց։ Վերցրի դանակը, վազեցի սպանված արջի մոտ, կաշին քերթեցի և վրաս առա։ Այո, արջի մորթին հագա։ Արջերը շրջապատեցին ինձ։ Ես հավատացած էի, որ նրանք ինձ մորթուց կհանեն և կտոր-կտոր կանեն։ Բայց նրանք հոտ քաշեցին և ինձ արջի տեղ ընդունելով, մեկը մյուսի ետևից հանգիստ հեռացան։
Շուտով ես սովորեցի արջի պես մռնչալ և թաթս ծծել։
Գազանները ինձ վստահությամբ էին վերաբերվում, և ես որոշեցի օգտվել այդ հանգամանքից։
Մի բժիշկ ինձ պատմել էր, որ ծոծրակին հասցրած վերքը վայրկենական մահ է պատճառում։ Ես մոտեցա մոտս կանգնած արջին և դանակս խրեցի ուղիղ նրա ծոծրակը։ Ես չէի կասկածում, որ եթե արջը կենդանի մնար, պատառ-պատառ կաներ ինձ։ Բարեբախտաբար, փորձս հաջող անցավ։ Արջն ընկավ՝ մինչև անգամ առանց ձայն հանելու։
Այդ ժամանակ ես որոշեցի նույն ձևով ազատվել և մնացած արջերից։ Այդ բանն ինձ հաջողվեց առանց մեծ դժվարության։ Թեև նրանք տեսնում էին, թե ինչպես են ընկնում իրենց ընկերները, բայց որովհետև իրենք ինձ արջի տեղ էին ընդունում, ուստի չէին կարող գլխի ընկնել, որ ես եմ նրանց սպանում։
Ընդամենը մի ժամվա ընթացքում ես մի քանի հազար արջ սպանեցի։
Այս քաջագործությունը կատարելուց հետո նավ վերադարձա, իմ բարեկամ Ֆիպսի մոտ և պատմեցի բոլորը։
Նա իմ տրամադրության տակ դրեց հարյուր ամրակազմ նավաստի, որոնց հետ գնացի սառցադաշտը։ Նրանք սպանված արջերի մորթիները քերթեցին և բուդերը նավը քարշ տվին։
Բուդերն այնքան շատ էին, որ նավերն այլևս առաջ գնալ չկարողացան, և մենք ստիպված էինք վերադառնալ տուն, առանց նշանակված տեղը հասնելու։
Ահա թե ինչու նավապետ Ֆիպսը Հյուսիսային բևեռը չգտավ։
Ասենք, մենք դրա համար չափսոսացինք, որովհետև մեր բերած արջի միսը շատ համեղ դուրս եկավ։
Երկրորդ ճանապարհորդությունս դեպի լուսին
Վերադառնալով Անգլիա, ես ինձ խոսք տվի այլևս ոչ մի ճանապարհորդություն չկատարել, բայց մի շաբաթ էլ չանցավ, որ պետք եղավ կրկին ճանապարհ ընկնել։
Բանն այն է, որ միջին տարիքի իմ մի հարուստ ազգականի խելքին, չգիտեմ ինչու, փչել էր, իբրև թե աշխարհում գոյություն ունի այնպիսի երկիր, ուր հսկաներ են ապրում։
Նա ինձ խնդրեց անպատճառ գտնել այդ երկիրը և փոխարենը խոստացավ մեծ ժառանգություն թողնել ինձ։ Նա հսկաներին տեսնել շատ էր ուզում։
Ես համաձայնեցի, նավը սարքավորեցի, և ճանապարհ ընկանք դեպի Հյուսիսային օվկիանոս։
Ճանապարհին ոչ մի զարմանալի բանի չհանդիպեցինք, բացի մի քանի թռչող կանանցից, որոնք թիթեռների պես ճախրում էին օդում։
Բայց տասնութերորդ օրը սարսափելի փոթորիկ սկսվեց։
Քամին այնքան ուժեղ էր, որ մեր նավը բարձրացրեց ջրից և փետուրի պես քշեց օդով։ Շարունակ բարձրացնում էր ու բարձրացնում։ Վեց շաբաթ սլանում էինք ամենաբարձր ամպերի վրայով։ Վերջապես մի կլոր ու փայլուն կղզի տեսանք։
Դա, իհարկե, լուսինն էր։
Մենք հարմար նավահանգիստ գտանք և լուսնափ դուրս եկանք։ Ներքևում, հեռու-հեռու, տեսանք մի ուրիշ մոլորակ, որի վրա քաղաքներ, անտառներ, սարեր, ծովեր և գետեր կային։ Մենք գլխի ընկանք, որ դա մեր թողած երկիրն է։
Լուսնի վրա մեզ շրջապատեցին ինչ-որ հսկաներ, որոնք նստել էին եռագլուխ արծիվների վրա։
Լուսնի բնակիչների համար այդ թռչուններն իբրև ձի էին ծառայում։
Հենց այդ ժամանակ լուսնի թագավորը պատերազմում էր արեգակի կայսեր հետ։
Նա իսկույն ինձ առաջարկեց իր բանակի գլուխն անցնել և կռվի տանել, բայց ես, իհարկե, կտրականապես մերժեցի։
Լուսնի վրա ամեն բան շատ ավելի մեծ է, քան մեգ մոտ՝ երկրի վրա։
Այնտեղ ճանճերը ոչխարի չափ են, խնձորը ձմերուկից փոքր չէ։
Զենքի փոխարեն լուսնի բնակիչները բողկ են գործածում։ Իսկ երբ բողկ չկա, նրանք աղավնու ձվերով են կռվում։ Վահանի փոխարեն կարմիր ճանճասպան սունկ են գործածում։
Այնտեղ ես տեսա հեռու աստղի մի քանի բնակիչների։ Նրանք եկել էին լուսնի վրա առևտուր անելու։ Նրանց դեմքը շան մռութի էր նման, աչքերն էլ տեղավորված էին կամ քթի ծայրին, կամ քթածակերի տակ։ Նրանք արտևանունքներ չունեին, երբ որ պառկում էին քնելու, աչքերը լեզվով էին ծածկում։
Լուսնի բնակիչներն ուտելու վրա բոլորովին ժամանակ չեն կորցնում. նրանց փորի ձախ կողմում հատուկ դուռ կա. այդ դուռը բաց են անում և կերակուրը դնում։ Հետո դուռը փակում են մինչև մյուս ճաշի ժամանակը, որ լինում է ամիսը մի անգամ։ Նրանք տարեկան ընդամենը տասներկու անգամ են ճաշում։
Դա շատ հարմար է, բայց դժվար թե երկրային շատակերները և քաղցրասերները համաձայնեն այդքան ուշ-ուշ ճաշել։
Լուսնի բնակիչներն աճում են ուղղակի ծառերի վոա։ Այդ ծառերը շատ գեղեցիկ են. բաց-կարմիր գույնի ճյուղեր ունեն։ Ճյուղերի վրա չափազանց ամուր կեղև ունեցող ընկույզ է աճում։
Երբ ընկույզները հասնում են, զգուշությամբ հավաքում են ծառերից և մառանում պահում։
Հենց որ լուսնի թագավորին նոր մարդիկ են պետք գալիս, հրամայում է այդ ընկույզները եռացող ջրի մեջ գցել։
Մի ժամից հետո ընկույզները պայթում են, և նրանցից դուրս են ցատկում բոլորովին պատրաստի լուսնի մարդիկ։ Այդ մարդիկ սովորելու կարիք չեն զգում։ Նրանք միանգամից մեծահասակ են ծնվում, և ամեն մեկն իր արհեստը գիտե։ Մի ընկյուզից ծխնելույզ մաքրող է դուրս գալիս, մյուսից՝ երգեհոն նվագող, երրորդից՝ պաղպաղակ ծախող, չորրորդից՝ զինվոր, հիգերորդից՝ խոհարար, վեցերորդից՝ դերձակ։
Եվ յուրաքանչյուրն իսկույն սկսում է իր գործը՝ ծխնելույզ մաքրողը կտուրն է բարձրանում, երգեհոն նվագողն սկսում է նվագել, պաղպաղակ վաճառողն սկսում է գոչել. «տաք պաղպաղակ, տաք պաղպաղակ» (որովհետև լուսնի վրա սառույցը կրակից տաք է), խոհարարը խոհանոց է վազում, զինվորը կրակում է թշնամու վրա։
Ծերանալուց հետո լուսնի մարդիկ չեն մեռնում, այլ հալվում են օդի մեջ, ինչպես ծուխ կամ գոլորշի։
Նրանց յուրաքանչյուր ձեռքի վրա միայն մի մատ կա, բայց աշխատում են այնպես լավ, ինչպես մենք՝ հինգ մատով։
Նրանք իրենց գլուխը պահում են թևատակ՝ և տեղ գնալիս թողնում են տանը, որ ճանապարհին չփչանա։
Նրանք կարող են խորհրդակցել իրենց գլխի հետ միչև անգամ այն դեպքում, երբ շատ հեռու են գտնվում։ Սա շատ հարմար է։
Երբ թագավորն ուգում է իմանալ, թե ժողովուրդն իր մասին ինչ է մտածում, մնում է տանը, պառկում գահավորակի վրա, իսկ գլուխն աննկատելի կերպով մտնում է, ուրիշի տները և լսում բոլոր խոսակցությունները:
Լուսնի խաղողը կարկուտից ոչնչով չի տարբերվում։
Ես չեմ կասկածում, որ այն կարկուտը, որ երբեմն թափվում է երկրի վրա, նույն լուսնի խաղողն է, որ փոթորիկը պոկում է լուսնի դաշտերից։
Եթե ուզում եք լուսնի գինու համը տեսնել, մի քանի կարկուտ վերցրեք և թողեք, որ լավ հալչի։
Լուսնի բնակիչների համար փորն իբրև պայուսակ է ծառայում։ Նրանք երբ ուզեն, կարող են փակել կամ բաց անել և մեջն ինչ ուզեն՝ դնեն։ Նրանք ոչ ստամոքս ունեն, ոչ փայծաղ, ոչ սիրտ, նրանց ներսը բոլորովին դատարկ է։
Նրանք իրենց աչքերը կարող են հանել ու դնել։ Աչքը ձեռքին բռնած՝ նրանք այնպես լավ են տեսնում, ինչպես գլխի վրա եղած ժամանակ։ Եթե աչքը փչանում է կամ կորչում, նրանք շուկա են գնում ու նորը գնում։ Այդ պատճառով էլ լուսնի վրա աչքավաճառներ շատ կան։ Այնտեղ ամենուր ցուցանակների վրա կկարդաս. «Էժան գնով վաճառվում են տեսակ-տեսակ աչքեր, նարնջագույն, կարմիր, բաց մանուշակագույն, կապույտ»։
Ամեն տարի լուսնի բնակիչների աչքերի գույնի մոդան փոխվում է։
Այն տարին, երբ լուսնի վրա էի, մոդաիկ էին կանաչ ու դեղին գույնի աչքերը։
Բայց ինչո՞ւ եք ծիծաղում։ Միթե դուք կարծում եք, որ ես սուտ եմ ասում։ Ո՜չ. իմ ամեն մի խոսքը զուտ ճշմարտություն է, իսկ եթե չեք հավատում, ինքներդ գնացեք այնտեղ և կիմանաք, որ ես բան չեմ հնարում, այլ միայն ճշմարտություն եմ պատմում։
Պանրի կղզին
Ես մեղավոր չեմ, որ ինձ հետ այնպիսի արտասովոր բաներ են կատարվում, որ ուրիշների հետ երբեք չեն կատարվել։
Այդ նրանից է, որ ես սիրում եմ ճանապարհորդել և շարունակ արկածներ փնտրել, իսկ դուք նստում եք տանը և ձեր սենյակի չորս պատերից բացի, ոչինչ չեք տեսնում։
Օրինակ, մի անգամ ես հոլանդական մի մեծ նավով ուղևորվեցի հեռավոր ճանապարհորդության։ Հանկարծ բաց ծովում փոթորիկ բարձրացավ, որը մի րոպեում մեր բոլոր առագաստները պատառոտեց, կայմերը ջարդեց։
Կայմերից մեկն ընկավ կողմնացույցի վրա և փշուր-փշուր արեց։
Բոլորին հայտնի է, որ առանց կողմնացույցի նավ կառավարելը դժվար է։ Մենք ճանապարհը կորցրինք և չէինք իմանում, թե ուր ենք գնում։
Օվկիանոսի ալիքները երեք ամիս շարունակ մեզ այս ու այն կողմ գցեցին, իսկ հեաո տարան հայտնի չէ թե ուր։ Եվ ահա մի գեղեցիկ առավոտ մենք ամեն բանի մեջ արտասովոր փոփոխություն նկատեցինք. կանաչագույն ծովը սպիտակ դարձավ։ Քամին մի քնքուշ, շոյող հոտ էր բերում։ Մեզ համար այդ շատ հաճելի էր և ուրախալի։
Շուտով մի նվահանգիստ տեսանք և մի ժամից հետո այնտեղ հասանք։ Նավահանգստում ջրի փոխարեն կաթ էր։
Շտապ ափ դուրս եկանք և սկսեցինք ագահությամբ ծովից կաթ խմել։
Մեր մեջ մի նավաստի կար, որը պանրի հոտ տանել չէր կարող։ Երբ նրան պանիր էին ցույց տալիս, սիրտը խառնում էր։ Հենց որ ափ իջանք, այդ նավաստին իրեն վատ զգաց և գոչեց.
― Ոտատակիս պանիրը տարեք, ես չեմ ուզում, չեմ կարող պանրի վրա քայլել։
Ես կռացա և ամեն բան հասկացա։
Այն կղզին, որի ափին կանգնած էր մեր նավը, շինված էր հրաշալի հոլանդական պանրից։
Այո, այո, մի ծիծաղեք, ես զուտ ճշմարտություն եմ պատմում, կավի փոխարեն մեր ոտների տակ պանիր էր։
Զարմանալի չէ, որ այդ կղզու բնակիչները բացառապես պանրով էին սնվում։ Բայց պանիրը դրանից չէր պակասում, որովհետև ցերեկն ինչքան ուտում էին, գիշերն ուղիղ այնքան էլ աճում էր։
Կղզին ծածկված էր խաղողի վազերով, բայց այնտեղի խաղողը յուրատեսակ էր, բռիդ մեջ որ ճզմեիր, հյութի փոխարեն կաթ էր հոսում։
Կղզու բնակիչները բարձրահասակ ու գեղեցիկ մարդիկ են։ Նրանցից յուրաքանչյուրը երեք ոտք ունի։ Երեք ոտքերի շնորհիվ նրանք ազատ կանգնում են կաթի ծովի երեսին։
Այնտեղ հացը թխված է աճում, հենց պատրաստի ձևով, այնպես որ, այդ կղզում ոչ ցանում էին, ոչ հերկում։ Ես շատ ծառեր տեսա, որոնց վրա մեղրով կարկանդակներ էին կախված։
Պանրի կղզու վրա զբոսնելիս մենք յոթ կաթի գետ տեսանք, երկու էլ գարեջրի գետ՝ թանձր ու համեղ։
Խոստովանում եմ, որ գարեջրի գետերն ինձ ավելի դուր եկան, քան կաթի գետերը։
Կղզու վրա զբոսնելիս, առհասարակ, մենք շատ հրաշք բաներ տեսանք։
Առանձնապես ինձ զարմացրին թռչունների բները։ Դրանք շատ մեծ էին։ Օրինակ, մի արծվի բույն ամենաբարձր տնից բարձր էր. հյուսված էր բազմադարյան կաղնիների բներից։ Նրա մեջ հինգ հարյուր ձու գտանք, ամեն մեկը՝ մի մեծ տակառի չափ։
Մենք մի ձու կոտրեցինք, որի միջից մեծահասակ արծվից քսան անգամ ավելի մեծ ճուտ դուրս եկավ։
Ճուտը ճտճտում էր։ Նրան օգնության հասավ մայր արծիվը, որը բռնեց մեր նավապետին, բարձրացրեց մինչև մոտակա ամպը և այնտեղից գետը գցեց։
Բարեբախտաբար, նա լավ լողալ գիտեր և մի քանի ժամից հետո լողալով հասավ Պանրի կղզին։
Մի անտառում ես մահապատժի վկա եղա։
Կղզու բնակիչները երեք մարդ կախեցին՝ գլուխն ի վար։ խեղճերը տնքում ու լաց էին լինում։ Ես հարցրի, թե ինչու են այդքան խիստ պատժում նրանց։ Ինձ պատասխանեցին, որ դրանք ճանապարհորդ են, նոր են վերադարձել հեռավոր ճանապարհորդությունից և սարսափելի ստեր են ասում իրենց արկածների մասին։
Ես կղզու բնակիչներին գովեցի ստախոսներին այդպիսի իմաստուն պատիժ տալու համար, որովհետև ես ոչ մի խաբեություն չեմ կարող տանել և միշտ միայն ճշմարիտ բաներ եմ պատմում։
Ասենք, դուք ինքներդ էլ պետք է որ նկատած լինեք, որ իմ պատմածների մեջ ոչ մի սուտ չկա։ Ստից ես զզվում եմ ու բախտավոր եմ, որ մոտիկներս միշտ ինձ աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն են համարել։
Նավ վերադառնալով, մենք իսկույն խարիսխը բարձրացրինք և հրաշք-կղզուց հեռացանք։
Ափին աճած բոլոր ծառերը, կարծես մի ինչ-որ ազդանշանով, երկու անգամ խոնարհվեցին և նորից ուղղվեցին այնպես, կարծես թե ոչինչ չէր պատահել։
Նրանց արտասովոր սիրալիրությունից հուզված, գլխարկս հանեցի և հրաժեշտի ողջույն ուղարկեցի նրանց։
Զարմանալի քաղաքավարի ծառեր են, այնպես չէ՞։
Ձկան կուլ տված նավերը
Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։
Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։
Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։
Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։
Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։
Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։
Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։
Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։
Առաջարկությունս անցավ միաձայն։
Երկու հարյուր ամրակազմ Նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներիՆ, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։
Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։
Կայմերն, իհարկե թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։
Գերությունից ազատվելով, մենք, բնականաբար, ուզեցինք իմանալ, թե որտեղ ենք գտնվում։
Պարզվեց, որ Կասպից ծովում ենք։
Այս բանը մեզ բոլորիս շատ զարմացրեց, որովհետև Կասպից ծովը փակ է, ոչ մի ծովի հետ չի միանում։
Բայց երեքոտանի գիտնականը, որին ես հետս էի վերցրել Պանրի կղզուց, բացատրեց, որ ձուկը Կասպից ծովն է ընկել որևէ ստորգետնյա ջրանցքով։
Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։
Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։
Մենամարտ արջի հետ
Բայց հենց որ նավից դուրս եկա, ինձ վրա մի ահագին արջ հարձակվեց։
Մի րոպեում նա պատառ-պատառ կաներ ինձ, բայց ես բռնեցի նրա առջևի թաթերը և այնպես ամուր սեղմեցի, որ արջը ցավից մռնչաց։
Ես գիտեի, որ Եթե նրան բաց թողնեմ, ինձ պատառ-պատառ կանի, այդ պատճառով էլ նրա թաթերը երեք օր և երեք գիշեր բռնած պահեցի, մինչև որ սովից մեռավ։ Այո, նա սովից մեռավ, որովհետև արջերը կշտանում են իրենց թաթը ծծելով, իսկ արջը ոչ մի կերպ չէր կարող թաթերը ծծել։ Այդ պատճառով էլ սովամահ եղավ։
Դրանից հետո էլ ոչ մի արջ ինձ վրա հարձակվել չի համարձակվում։