1. Բրյուգե — մեռյալ քաղաք

Chapter 3

III

Այդ հանդիպումից հետո Հյուգը մեծ տագնապ էր ապրում: Այժմ, երբ մտածում էր հանգուցյալի մասին, փողոցում տեսած անծանոթ կնոջն էր պատկերացնում: Այդ անծանոթուհին իր կնոջ կենդանի, ճշգրտված հուշն էր: Նա ավելի էր նման իր կնոջը, քան հիշողության մեջ մնացած կերպարը:

Այժմ երբ անխոս ջերմեռանդությամբ համբուրում էր պահպանված մասունքը՝ մազերը, կամ հուզվում որևէ դիմանկարի առջև կանգնած, ապա այլևս մեռյալի հետ չէր զուգադրում, այլ նրան նմանվող անծանոթուհու: Երկու դեմքերի նույնությունը խորհրդավոր էր: Ճակատագիրն, ասես գթալով, օգնել էր նրա հիշողությանը, դաշնակցել, որպեսզի միասին պայքարեն մոռացումի դեմ... Եվ այդպիսով, ժամանակի ընթացքում գունափոխված ու դեղնած պատկերը փոխարինել էր կենդանի դիմանկարով:

Հյուգն այժմ ուներ հանգուցյալի մի նոր և չափազանց հստակ տեսիլքը: Բավական էր, որ հիշեր այն օրվա քարափը՝ մթնշաղի կիսախավարի մեջ և մեռյալի դեմքն ունեցող կնոջը պատկերացներ: Այլևս կարիք չուներ ետ նայելու, հեռուն, դեպի տարիների խորքը, բավական էր, որ վերհիշեր անցած կամ նախանցած երեկոն: Հիմա արդեն նա շատ մոտիկ էր և շատ պարզ: Նրա աչքը կարողացավ մեկ անգամ ևս թարմացնել թանկագին դեմքի հիշատակը: Նոր պատկերը խառնվել էր հնի հետ, մեկը մյուսին զորացրել այնպիսի նմանությամբ, որ կենդանի ներկայության պատրանքն էր ստեղծվում:

Հաջորդող օրերի ընթացքում այդ դյութանքի ազդեցության տակ էր: Ուրեմն, գոյություն ունի մի կին, որը կատարելապես նման է այն մեկին, որին կորցրել է: Երբ տեսավ նրան անցնելիս, մի պահ մտածեց, թե մի դաժան երազ է տեսնում, թե կինը վերադառնալու է... արդեն վերադարձել է և, հին օրերի պես, մոտենում է իրեն: Նույն աչքերը, մազերի նույն գույնը՝ իրար նման և իրար համապատասխան: Բնության և ճակատագրի տարօրինակ քմահաճույք:

Կուզեր նրան նորից տեսնել: Գուցե այլևս երբեք նրան չհանդիպի: Սակայն մտածելով, որ նույն քաղաքում է ապրում, որ կարող է նրան հանդիպել, իրեն նվազ մենակ և ավելի քիչ այրի զգաց: Մի՞թե կարող է իրեն այրի համարել, երբ իր կինն ընդամենը բացակա է և, ժամանակ առ ժամանակ, հայտնվում է:

Հյուգին թվում էր, թե իր մեռած կնոջը կգտնի, եթե հանդիպի նրան անչափ նման անծանոթուհուն: Այդ հույսով էր, որ երեկոյան նույն ժամին գնաց այն կողմերը, որտեղ նրան տեսել էր: Նա քայլում էր հինավուրց քարափներով, սևացած պատերով տների երկայնությամբ: Պատուհանների շղարշե վարագույրների ետևից, պարապ կանայք, անմիջապես հետաքրքրվեցին նրա երթուդարձով և սկսեցին լրտեսել: Նա խորացավ մեռյալ փողոցների, ոլորապտույտ նրբանցքների մեջ՝ հուսալով հանկարծակի նրան տեսնել որևէ խաչմերուկում:

Այսպիսով, հուսախաբ սպասումի մի ամբողջ շաբաթ անցավ: Սկսեց ավելի քիչ մտածել նրա մասին, սակայն երկուշաբթի, ճիշտ նույն օրը, երբ առաջին անգամ տեսավ նրան, հանդիպեց նորից և անմիջապես ճանաչեց: Կինը դարձյալ քայլում էր իրեն հանդիպակաց, միևնույն չափավոր քայլվածքով: Նմանությունն այս անգամ ավելի ամբողջական, ավելի բացարձակ և ավելի սոսկալի էր:

Սիրտը հուզմունքից քիչ մնաց կանգ առնի, արյան մոլեգին վազքն էր լսում ականջների մեջ: Մշուշի միջից, աչքերի առջև, ճերմակ շղարշներ, հարսանեկան քողեր, հաղորդվողների թափորներ հայտնվեցին: Հետո, չափազանց հստակ, մոտեցող սև ուրվագիծը տեսավ:

Կինն անկասկած նկատել էր նրա խռովքը, քանզի զարմացած նայեց նրան: Ա՜հ, անէությունից վերադարձած, ետ բերված հայացքը: Այդ հայացքը, որը կարծում էր, թե այլևս չի տեսնի և որը թվում էր, թե վերջնականապես ջնջված է երկրի երեսից, այժմ զգում էր իր վրա ուղղված, քնքույշ և հանդարտ, առաջվա պես լուսավոր ու շոյող: Գերեզմանի խավարից հարություն առած հայացքը: Ղազարոսն այսպիսի հայացքով պիտի նայած լիներ Հիսուսին:

Հյուգը մնաց անուժ, ամբողջ էությամբ այդ հայտնությունով հմայված: Հանգուցյալ կինն այստեղ էր, իր առջև, նա շարունակում էր քայլել, նա հեռանում էր: Պետք էր գնալ նրա ետևից, մոտենալ, նայել նրան, նրա վերահայտնված աչքերն ըմպել, սեփական գոյությանը կենդանություն հաղորդել նրա մազերի լույսով: Պետք էր գնալ նրա ետևից՝ առանց մտածելու, պարզապես գնալ, մինչև քաղաքի ծայրը, մինչև աշխարհի ծայրը:

Առանց հիմնավորելու, մեքենայորեն սկսեց քայլել նրա ետևից՝ այս անգամ արդեն չափազանց մոտիկ տարածության վրա, վախենալով, թե նորից կկորցնի նրան այս հինավուրց քաղաքի ոլորապտույտ և ծուռումուռ փողոցներում:

Ոչ մի րոպե չմտածեց իր անպատշաճ արարքի մասին. հետապնդել կնոջը: Սակայն ո՛չ, նա իր կնոջն էր հետևում, այս մթնշաղային զբոսանքում ուղեկցում էր նրան մինչև իր դամբանը...

Նա շարունակում էր հմայված քայլել՝ մերթ նրա կողքից, մերթ ետևից, ասես երազի մեջ լիներ: Չնկատեց նույնիսկ, որ հեռացել են դատարկ քարափներից և հասել քաղաքի կենտրոն, խանութներով լի փողոցները, Մեծ հրապարակը, որի կենտրոնում Շուկաների ահռելի ու սև աշտարակն, իր ժամացույցի ոսկեփայլ թվատախտակով, ասես պաշտպանվում էր իջնող գիշերից:

Երիտասարդ կինը, կառուցիկ և ճապուկ, ինչպես երևում էր այս հետապնդումից դժգոհ, մտավ Ֆլամանդական փողոց, որտեղ հին ժամանակներից մնացած շենքերն էին՝ իրենց նկարազարդ ֆասադներով ու բարձրաքանդակներով ծածկված: Ամեն անգամ, երբ կինն անցնում էր խանութների լուսավորված ցուցափեղկերի առջևով կամ փողոցային լապտերի լուսապսակի միջով, նրա ուրվագիծն ավելի հատուկ և ավելի որոշակի էր երևում:

Հետո տեսավ, թե ինչպես անսպասելի մայթը փոխեց, մոտեցավ թատրոնի բաց դռներին ու մտավ ներս:

Հյուգը կանգ չառավ: Նա կատարելապես կորցրել էր կամքը, դարձել անծանոթ կնոջ ետևից քարշ եկող արբանյակը: Հոգու շարժումները նույնպես ենթակա են ձեռքբերովի արագություններին: Ներսից եկող մղումներին ենթակա, նա նույնպես մտավ բազմությամբ լցված թատրոնի նախամուտք: Սակայն տեսիլքը չքվել էր: Ոչ մի տեղ չտեսավ նրան, ոչ հերթ կանգնած ժողովրդի մեջ, ոչ հսկիչների մոտ, ոչ էլ աստիճանների վրա: Ո՞ւր էր անհետացել: Ո՞ր կողմնակի դռնով: Նա լավ տեսավ կնոջ ներս մտնելը, դրանում սխալ չէր կարող լինել: Կինն, անկասկած, գալիս էր ներկայացման: Քիչ հետո կերևա դահլիճում: Հավանաբար արդեն նստած էր այնտեղ՝ բազկաթոռին կամ տեղավորվել էր օթյակի կարմիր կիսախավարի մեջ: Գտնե՛լ նրան: Նորի՛ց տեսնել: Մի ամբողջ երեկո դիտել նրան՝ հստակ ու պարզ: Գլուխը պտտվում էր այդ մտքից, որը նրան միաժամանակ հրճվանք ու ցավ էր պատճառում: Սակայն մտքով անգամ չանցավ դիմադրել իրեն համակած ցանկությանը: Ոչ մի բանի վրա չէր մտորում. ոչ՝ մեկ ժամից ավելի տևող իր տարօրինակ պահվածքի, ոչ էլ իր նոր ծրագրի անխոհեմության մասին՝ չնայած իր սգո զգեստներին, ներկա գտնվել թատերական ներկայացմանը: Առանց վարանելու մոտեցավ դրամարկղին, տոմս գնեց և մտավ դահլիճ:

Արագ հայացքով զննեց պարտերի բազկաթոռներն ու նստարանները, վարի և վերի օթյակները՝ վառ լապտերներով լուսավորված, վերնահարկը, որ աստիճանաբար լցվում էր հանդիսատեսներով: Ոչ մի տեղ չգտավ կնոջը, տրամադրությունն ընկավ, անհանգստացավ, տխրեց: Այս ի՞նչ չար պատահականության խաղ էր իր գլխին: Տեսիլքը հայտնվում էր ամպերի տակ մտնող ու դուրս եկող լուսնի նման: Նա սպասում էր, շարունակում փնտրել: Ուշացած հանդիսատեսներն շտապում էին իրենց տեղերը գրավել՝ ճռռացնելով դռները, շրխկացնելով նստարանները:

Սակայն կինը չկար:

Սկսեց զղջալ իր չմտածված արարքի համար: Մանավանդ որ իր ներկայությունը դահլիճում նկատել էին և զարմացած նրա վրա ուղղել հեռադիտակները, ինչը նրա ուշադրությունից չէր կարող վրիպել: Հայտնի էր, որ նա ոչ մի տեղ չի հաճախում, ոչ մի ընտանիքի հետ կապեր չի հաստատում և ապրում է մեն—մենակ: Բայց բոլորը, առնվազն տեսքով, նրան ծանոթ էին, գիտեին, թե ով է նա, լսել էին նրա ազնվական վշտի մասին: Փոքրիկ Բրյուգեի բնակիչները, որ ապրում էին անզբաղ կյանքով, հետաքրքրվում էին միմյանցով, նոր եկածներով, տեղեկություններ հավաքում հարևանների մասին:

Հյուգի հայտնվելը թատրոնում զարմացրեց բոլորին, քանդեց նրա մասին տարածված առասպելը: Չարամիտները ցնծում էին, նրանք, որ միշտ ժպիտով էին լսել անմխիթար այրու մասին շրջող զրույցները:

Հյուգի հետին զգայարանները որսացին հավաքական մտքով միավորված ամբոխի վերաբերմունքը, և այդ պահին նրան թվաց, թե մի մեղք է գործել ինքն իր դեմ, ոտնահարել իր վշտի վեհությունը, որ ամուսնական պաշտամունքի սրբազան անոթը ճաքել է և մինչև այսօր խնամքով պահպանվող ցավը պիտի դուրս թափվի:

Նվագախումբը նախերգանքը սկսեց: Իր հարևանի ձեռքին գտնվող ծրագրի վրա կարդաց խոշոր տառերով գրված վերնագիրը. «Ռոբերտ-Սատանա»: Գավառական թատրոնների խաղացանկը մեծ մասամբ այսպիսի հնամոդա օպերետներից էր կազմվում: Ջութակներն արդեն առաջին նոտաներն էին նվագում:

Հյուգն իրեն ավելի շփոթված զգաց: Կնոջ մահից հետո նա ոչ մի երաժշտություն չէր լսել: Վախենում էր երաժշտական գործիքների ձայնից: Անգամ փողոցում հնչող ակորդեոնի խռպոտ ձայնը նրանից արցունք էր կորզում: Նրա վրա միևնույն ազդեցությունն էր ունենում, կիրակի օրերին, Աստվածածնի կամ Սուրբ Վալբուրգի եկեղեցիներում հնչող երգեհոնը, որն ասես սև թավիշով էր ծածկում հավատացյալներին և որի հնչյունները, նրա համար, կարծես դառնում էին դիակառքեր:

Օպերետի երաժշտությունն այժմ գրգռում էր նրան: Ջութակների աղեղներն ասես նյարդերին դիպչեին: Աչքերն սկսեցին ծակծկել: Մի՞թե հիմա կսկսի արտասվել: Պատրաստվում էր դուրս գալ, երբ մի տարօրինակ միտք անցավ նրա գլխով: Նա համոզված էր, որ իր կնոջը նմանվող անծանոթուհին, որին հետևել էր մինչև թատրոնի մուտքը, սրահում չէ: Բայց նա մտավ թատրոն, իր աչքի առջև: Ուրեմն, եթե դահլիճում չէ, գուցե կհայտնվի բեմում:

Նման գռեհկացման հնարավորությունը նրա սիրտը պատռեց: Միևնույն դեմքը, իր կողակցի դեմքը, նա կտեսնի շպարված, բեմի վառ լուսավորության ներքո: Իսկ եթե այդ կինը, որին հետևել էր և որն անշուշտ անսպասելի անհետացավ ծառայողական մուտքով, դերասանուհի է՞... Իսկ եթե հայտնվի բեմում և երգի՞... Ա՜հ, նրա ձայնը: Մնում է, որ դիվական նմանությունն ամբողջացնելու համար ձայնն էլ նույնը լինի, մետաղական հնչողությամբ ձայնը, ինչպես արծաթի զնգոցը, որին մի քիչ բրոնզ է խառնված: Կնոջ մահից հետո այլևս երբեք այդպիսի ձայն չլսեց, երբե՛ք:

Հյուգը տակնուվրա եղավ այն մտքից, որ պատահականությունը կարող է գնալ մինչև վերջ և հասնել լրումին, ուստի անձկալից սպասում էր, զգալով, որ կանխազգացումն իրեն չպիտի խաբի:

Գործողությունները հաջորդում էին իրար, սակայն կինը չէր հայտնվում: Նա չկար ոչ երգչուհիների մեջ, ոչ էլ երգչախմբի՝ փայտե տիկնիկների պես ներկված ու զուգված անդամների մեջ: Անտարբեր՝ բեմում ծավալվող գործողությունների հանդեպ, որոշեց մեկնել միանձնուհիների տեսարանից հետո, որը ծավալվում էր գերեզմանոց ներկայացնող դեկորների մեջ և համընկնում իր մեռելական զգացումներին: Բայց հանկարծ, երբ ոգեկոչման ռեչիտատիվը լսվեց և երբ հարություն առած քույրերը ներկայացնող պարուհիներն իրենց երթն սկսեցին, երբ վերակենդանացած Հեղինեն դուրս եկավ իր գերեզմանից՝ մի կողմ գցելով իր պատանքը, Հյուգը ցնցվեց՝ նման այն մարդու, որը մռայլ երազից դուրս գալով մտնում է տոնական սրահ, ուր աչքերը շլանում են պայծառ լուսավորությունից:

Այո, դա անծանոթուհին էր: Նա պարուհի էր: Սակայն Հյուգն այդ մասին չէր մտածում: Դա իսկապես հանգուցյալն էր, որ դուրս էր եկել իր դամբանի խավարից, դա հանգուցյալ կինն էր, որ ժպտում էր՝ ձեռքերը մեկնած մոտենալով բեմառաջքին:

Եվ նա այդպես ավելի նման էր, լացելու աստիճան նման... Նրա սնգուրված աչքերն ավելի մուգ էին թվում, բայց մազերը ճիշտ մյուսինն էին՝ ոսկեգույն ու եզակի...

Դյութիչ տեսիլքը վաղանցուկ եղավ, քանզի անմիջապես իջավ վարագույրը:

Հյուգը, բորբոքված գլխով, տակնուվրա եղած և ուրախ, քայլում էր քարափների երկայնքով, շարունակ դյութված մնայուն տեսիլքով, որ իր լուսավոր պատկերն էր պահում նրա հայացքի առջև՝ գիշերվա խավարի մեջ... Ասես դոկտոր Ֆաուստը լիներ՝ երկնային կնոջ պատկերն արտացոլող հայելու առջև:

Comments