1. Բրյուգե — մեռյալ քաղաք

Chapter 14

XIV

Այդ երկուշաբթի Բարբը չափազանց կանուխ արթնացավ, սովորականից ավելի շուտ, քանզի նրա տրամադրության տակ էր ընդամենը առավոտի մի մասը, որպեսզի մինչև թափորի անցնելը հասցներ տունը կարգի բերել:

Առավոտյան ժամը հինգ անց կեսին ներկա եղավ առաջին պատարագին, մեծագույն ջերմեռանդությամբ հաղորդություն ստացավ և վերադառնալուն պես անցավ գործի: Պահարաններից հանեց արծաթյա մոմակալները, ոսկեջրած փոքրիկ վազերը, փոքրիկ կրակարանները, որոնց մեջ խունկը պիտի մխար: Բարբն այնպիսի եռանդով ու ջանասիրությամբ մաքրեց յուրաքանչյուր առարկան, որ հայելու պես փայլեցին: Նուրբ սփռոցները նաև հանեց, որպեսզի յուրաքանչյուր պատուհանի մոտ դրվող փոքրիկ սեղանները ծածկի: Ասես Մարիամի ամսվա պստիկ խորաններ լինեին, որոնց վրա զետեղված խաչելությունը կամ Տիրամոր արձանիկը շրջապատված էր բազմաթիվ մոմերով...

Պետք էր մտածել նաև տան առջևը զարդարելու մասին, քանզի այդ օրը բոլորը, բարեպաշտ մի եռանդով, մրցում են իրար հետ: Ընդունված սովորության համաձայն, տան ֆասադն արդեն եղևնու ճյուղերով էին զարդարել, որոնք գյուղացիք էին նվիրում՝ դռնեդուռ ընկած: Եվ այդ ճյուղերը, տների առջև, ասես ծառերի երկրորդ շարքն էին կազմում:

Բարբը պատշգամբում պապական գույնի վիժակներ կախեց, ճերմակ պաստառներ, ողջախոհություն խորհրդանշող զարդարանքներ: Բարեպաշտ մի եռանդով իրար էր անցել, մտազբաղ գնում-գալիս էր, սրբազան երկյուղածությամբ դիպչում ամեն տարի այս օրը որպես զարդարանք գործածվող իրերին, որոնք ծեսի սրբության մի մասն էին կազմում, ասես դրանք օծված էին մեռոնով և օրհնված քահանաների ձեռքով: Նրան թվում էր, թե ինքն էլ սպասատանն է գտնվում:

Բարբին մնում էր ծաղիկները և խոտերը զամբյուղների մեջ դնել: Թափորի անցնելուց առաջ սպասուհիները դրանցով մի խճանկար գորգ էին սարքում տան առջև: Նա շտապում էր: Ասես հարբած լիներ մոլոշավարդի, շուշանների, մարգարտածաղկի, եղեսպակի, հազրեվարդի և եղեգների բույրերից:

Բաց պատուհաններից լսվում էր զանգակների ուժգնացող ղողանջը:

Գորշ եղանակ էր, մայիսի տարտամ օրերից մեկը, երբ չնայած ամպերին, այնուամենայնիվ զգացվում է ուրախության ներկայությունը երկնքում: Եվ այդ թափանցիկ օդի, զանգահարության պատճառով նա լցվեց ուրախությամբ: Հարյուրամյակների խորքից եկող պարտասած զանգեր, եկեղեցիների, աշտարակների հիվանդկախ, նստակյաց, անթացուպերին հենված նախնիներ, որոնք ամբողջ տարին փակված են, այժմ մասնակցում են Սուրբ Արյան թափորին: Եվ թվում էր, թե իրենց բրոնզյա հնամաշ զգեստների վրայից ճերմակ քոթանակներ էին հագել, հովհարի պես ծալծլված շապիկներ: Բարբը լսում էր զանգահարությունը, կաթողիկեի հսկայական զանգը, որ հնչում էր միայն մեծ տոներին, դանդաղ ու սև ղողանջով, կարծես մուրճով հարվածեր լռությանը... Եվ մերձակա աշտարակների փոքրիկ զանգերն, ասես հուզված իրենց արծաթյա զգեստների մեջ, նույնպես հրճվալից մի թափոր էին կազմել երկնքում...

Բարբի բարեպաշտ ոգևորությանը չափ ու սահման չկար: Այս առավոտ կարծես օդն անգամ լցված էր ջերմեռանդությամբ, ասես զանգերի ղողանջի հետ մի հիացում էր իջնում երկնքից, թվում էր, թե հրեշտակների անտեսանելի թևերի թափահարությունն է լսվում:

Եվ այս ամենը կարծես գալիս և լցվում էր նրա հոգու մեջ, որտեղ զգում էր Հիսուսի ներկայությունը: Առավոտյան ստացած նշխարը ճառագայթում էր իր ամբողջ պարունակով, որի կենտրոնում նա տեսնում էր մի դեմք:

Պառավ սպասուհին մտածում էր Հիսուսի բարության մասին: Հիսուսը նրա մեջ էր: Նա խաչակնքեց և սկսեց աղոթել՝ հիշելով և բերանում շարունակ զգալով Սուրբ նշխարների համը:

Այդ պահին նրա տերը զանգակը հնչեցրեց. նախաճաշի ժամն էր: Առիթից օգտվելով, նա ասաց, որ ճաշին հյուր է գալու և որ ինքը՝ Բարբը, պետք է նկատի ունենա այդ հանգամանքը:

Բարբն ապշած էր. իր տերը երբեք հյուր չէր ընդունել: Դա նրան տարօրինակ թվաց: Հանկարծ մի զարհուրելի միտք անցավ նրա գլխով. այսօր արդյոք չպիտի՞ կատարվի այն, ինչից այդպես վախենում էր, ինչի մասին այլևս չէր մտածում, արդեն հանգստացել էր: Նա կռահում էր... այո՛, արդյոք այն կնոջը չի՞ սպասում, որի մասին քույր Ռոզալին պատմեց:

Բարբն զգաց, թե ինչպես արյունը խուժեց գլուխը... Այդ դեպքում նրա որոշումը պարզ էր, նա իր անելիքը գիտեր. նրա խոստովանահայրը որոշակիորեն արգելեց այդ արարածի առջև դուռ բացել, սեղանի մոտ նրան սպասարկել, նրա կարգադրությունները կատարել, մեղսակից դառնալ: Եվ այն էլ այսպիսի օրը: Հենց այն օրը, երբ Հիսուսի արյունը պիտի անցնի տան առջևով: Եվ ինքը, որ այս առավոտ հաղորդություն էր ստացել... Օ՜, ո՛չ, դա անկարելի էր: Պետք է հենց հիմա թողնի իր աշխատանքը:

Նա ցանկացավ ամեն ինչ իմանալ, և այրիների ու ամուրիների մոտ ծառայող գավառական սպասուհիներին հատուկ միամիտ բռնակալությամբ հարցրեց.

— Պարոնը ո՞ւմ է ճաշի հրավիրել:

Հյուգը պատասխանեց, թե նա մի փոքր հանդուգն է այդպիսի հարց տալու համար, թե կիմանա այն պահին, երբ հյուրը կգա:

Սակայն Բարբն ավելի համոզվելով, որ իր ենթադրությունը ճիշտ է, ուստի սարսափած ու խուճապահար, վախենալով, թե իրեն վտանգի կենթարկի և հանկարծակիի կգա, հարցրեց.

— Պարոնը գուցե մի կնո՞ջ է սպասում:

— Բա՛րբ, — զայրացած ու մի քիչ էլ խստությամբ ասաց Հյուգը և նայեց նրան:

Սակայն սպասուհին անվրդով էր.

— Ես պետք է նախապես իմանամ: Քանզի եթե պարոնը սպասում է մի կնոջ, ապա պիտի զգուշացնեմ պարոնին, որ չեմ կարող ճաշի ժամանակ նրան սպասարկել:

Հյուգն ապշած էր: Երա՞զ էր արդյոք, խենթացե՞լ էր այդ կինը...

Սակայն Բարբը վճռականորեն կրկնեց, որ ինքը պիտի գնա, որ չի կարող սպասարկել, որ իրեն արդեն նախազգուշացրել են՝ իր խոստովանահայրն է կարգադրել: Ինքը պարտավոր է ենթարկվել, այլապես մահացու մեղք կգործի և որպես պատիժ հանկարծամահ կլինի ու կընկնի դժոխք:

Հյուգը սկզբում ոչինչ չհասկացավ, հետո, աստիճանաբար կռահեց, թե ինչն ինչոց է, հնարավոր բամբասանքները պատկերացրեց իր արկածի վերաբերյալ: Ուրեմն, Բարբը նույնպե՞ս գիտեր: Եվ նա սպառնում էր հեռանալ, որովհետև Ջեյնը պիտի գար: Ուրեմն որքա՜ն արհամարհված է այդ կինը, որ տարիների ընթացքում իրեն ընտելացած, իր շահերով, հազար ու մի թելերով իրեն կապված խոնարհ սպասուհին գերադասում է խզել բոլոր կապերն ու հեռանալ, քան մեկ օր սպասարկել:

Հյուգն իրեն անզոր զգաց, գլուխը կորցրած, տեսնելով, թե իր ձգտումը, այդ օրվա ուրախ ծրագիրն ինչպես է խորտակվում անսպասելի հայտնված արգելքի դեմ: Նա հանգիստ ձայնով ասաց.

— Լավ, Բարբ, դուք կարող եք հենց հիմա գնալ:

Պառավ սպասուհին նայեց նրան և, տեսնելով նրա տառապանքները, խղճահարված, իր բարի գյուղացիական հոգով հանկարծակի գլուխն օրորեց ու մրմնջաց՝ ձայնին հաղորդելով այն երգեցիկությունը, որը բնությունն է դրել կնոջ մեջ, որպեսզի օրորեն, քնեցնեն.

— Ո՜վ, Հիսուս, իմ խե՜ղճ պարոնը... Եվ այդպիսի կնոջ համար, այդպիսի վատ կնոջ համար... որը դավաճանում է ձեզ...

Մի պահ մոռանալով իրենց միջև եղած տարբերությունը, տրվելով մայրական զգացմունքներին, աստվածային գթասրտությամբ ազնվացած, մի աղաղակ արձակեց: Նրա խոսքն ասես աղբյուրից ժայթքող մի ջուր էր, որը կարող էր վերքերը լվալ ու բուժել...

Բայց Հյուգը, այդ հանդուգն միջամտությունից, Ջեյնի մասին այդպիսի արտահայտություններով խոսելուց նյարդայնացած ու ստորացված, լռեցրեց նրան: Այդ ի՛նքն է նրան արձակում, և թող հենց հիմա հեռանա: Վաղը թող գա իր ունեցվածքը տանի: Սակայն այսօր թող հեռանա, թող հենց հիմա հեռանա:

Տիրոջ գրգռվածությունը Բարբի մեջ սպանեց խղճի խայթի այն զգացումները, որոնք նա ապրում էր այսպես անսպասելի նրան լքելու համար: Նա կնգուղավոր իր սև վերարկուն հագավ՝ բավարարված, որ զոհաբերեց իր շահը հանուն պարտքի, հանուն Հիսուսի, որ իր ներսումն էր...

Հետո հանգիստ, առանց հուզվելու, դուրս եկավ այդ տնից, որտեղ ապրել էր հինգ տարի: Սակայն հեռանալուց առաջ զամբյուղի պարունակությունը լցրեց գոգնոցի մեջ և տարավ շաղ տվեց փողոցում, որպեսզի այդ տան առջև, միայն այդտեղ, թափորի անցնելու պահին ծաղիկներ չլինեն:

Comments