Chapter 12
XII
Հյուգը տառապում էր. տարբերություններն օրեցօր շատանում էին: Նույնիսկ մարմնական նմանության հարցում այլևս անկարելի էր խաբվել: Ջեյնի դեմքին մի տեսակ կոշտություն էր նկատվում, միաժամանակ նաև հոգնածություն, աչքերի տակ կնճիռներ էին հայտնվել, որոնք, ասես, խամրեցնում էին ակնախնձորների սադափափայլը: Թատրոնում աշխատելու շրջանի սովորույթները վերսկսել էին. բրնձափոշի էր ցանում այտերին, շրթներկ քսում, հոնքերը ներկում: Հյուգն ապարդյուն փորձում էր նրան հետ պահել դիմահարդարումից, քանզի դա հակաբնական և հեռու էր իր հիշողության մեջ պահպանված մաքուր դեմքից: Ջեյնը ձեռ էր առնում նրան, դաժանորեն ծաղրում, զայրանում: Այդ ժամանակ Հյուգը վերհիշում էր հանգուցյալ կնոջ մեղմ բնավորությունը, նրա՝ մշտապես հավասարակշռված տրամադրությունը, նրբին ազնվությամբ լցված նրա բառերը, որ ասես ծաղկի թերթերի պես թափվում էին նրա բերանից: Տասը տարվա համատեղ կյանքի ընթացքում ոչ մի անգամ վեճ չեղավ, ոչ մի անգամ չարտասանեց այն սևամաղձ բառերից թեկուզ մեկը, որոնք տիղմի պես բարձրանում են պղտորված հոգու հատակից:
Երկու կանանց միջև եղած տարբերությունները գնալով ավելի որոշակի էին դառնում: Օ՜, ոչ, հանգուցյալն այսպիսին չէր: Այդ տարբերության ակնհայտությունը ճնշում էր նրան, վերացնելով այն, ինչով արդարացնում էր սիրային այս արկածախնդրությունը, որի ողորմելիությունն արդեն սկսել էր տեսնել: Նա շփոթված էր, գրեթե ամոթահար: Այլևս չէր համարձակվում մտածել այն մեկի մասին, որի համար այդքան արցունք էր թափել, որի հանդեպ իրեն մեղավոր էր զգում:
Այլևս գրեթե չէր մտնում այն սենյակները, որտեղ հանգուցյալի հիշատակն էր պահպանվում: Հուզված ու շփոթված կանգնում էր նրա դիմանկարների առջև, որոնք ասես մեղադրող հայացքով էին նայում իրեն: Իսկ ապակե տուփի մեջ դրված մազերը գրեթե մոռացվել էին, ծածկվել գորշավուն փոշու բարակ շերտով:
Առավել քան երբեք իր հոգին զգում էր թույլ ու անզոր: Դուրս էր գալիս տնից, վերադառնում, հետո նորից դուրս գալիս, այսպես ասած, իր տնից քշվում դեպի Ջեյնի տուն: Երբ հեռու էր, նրա դեմքը քաշում էր, սակայն կողքը հայտնվելուն պես, զղջում էր իր արածի համար, արհամարհում ինքն իրեն:
Նրա տնտեսությունն էլ անկանոն վիճակում էր: Ոչինչ այլևս կազմակերպված ու ճշգրիտ չէր: Կարգադրություն էր տալիս Բարբին, հետո փոխում: Պառավ Բարբն այլևս չգիտեր, թե ինչպես կատարի իր պարտականությունները, ինչ մթերք առնի: Տխուր ու անհանգիստ աղոթում էր Աստծուն իր տիրոջ համար, հրաշալի իմանալով այդ ամենի պատճառը...
Քանզի խանութներից հաճախ էին հաշիվներ բերում՝ պահանջելով հսկայական գումարներ վճարել այդ կնոջ գնումների դիմաց: Բարբն ընդունում էր այդ թղթերը տիրոջ բացակայությամբ և մնում ապշած: Անվերջանալի զգեստներ, մանրուքներ, տնաքանդ զարդեր, հազար ու մի բան, որոնք նա վերցնում էր ապառիկ, քաղաքի տարբեր խանութներում, որտեղ գնումներ էր անում անդադար՝ լկտի մի շռայլությամբ, օգտագործելով ու չարաշահելով իր սիրեկանի անունը:
Հյուգը զիջում էր նրա բոլոր քմահաճույքներին: Այնուհանդերձ Ջեյնը նրա հանդեպ երախտիքի ոչ մի զգացում չէր տածում: Գնալով ավելի հաճախակի էր դուրս գալիս տնից, երբեմն ամբողջ օրը բացակայելով, հապճեպ գրված մի երկտողով, Հյուգին տրված ժամադրությունը տեղափոխելով:
Այժմ ասում էր, թե նոր ծանոթություններ է հաստատել, թե ընկերուհիներ ունի: Հո չէր կարող շարունակ այսպես մենակ ապրել: Մի անգամ էլ ասաց, թե Լիլում ապրող իր քույրը հիվանդ է: Քույր, որի մասին երբեք ոչինչ չէր ասել: Պիտի գնար նրան տեսներ: Մի քանի օր բացակայեց: Վերադառնալուց հետո շարունակեց առաջվա պես. անկանոն կյանք, բացակայություններ, հովհարի շարժումի պես գնալ ու գալ, տեղատվություններ ու մակընթացություններ... Եվ Հյուգի կյանքը կախված էր այդ ամենից:
Ի վերջո սկսեց կասկածել Ջեյնին: Որոշեց նրան լրտեսել: Երեկոյան գնաց թափառելու նրա տան շուրջ, ասես գիշերային ուրվական լիներ քնած Բրյուգեում: Այսպիսով, նա ճանաչեց գաղտնի լրտեսումը, անսպասելի կանգառը հևասպառ վազքի պահին, զանգակների հակիրճ ծնգոցները, որ հնչում ու անհետանում են լուռ միջանցքներում, հսկողությունը կատաղի քամու տակ մինչև ուշ գիշեր՝ վարագույրը փակած և լուսավորված պատուհանի առջև, որի շրջանակի մեջ չինական մի ստվեր է հայտնվում և ամեն վայրկյան սպասում ես երկրորդի հայտնվելուն:
Հանգուցյալի մասին այլևս խոսք չկար: Ջեյնը կախարդել էր նրան, և Հյուգը դողում էր նրան կորցնելու մտքից: Միայն դեմքը չէր, որ գրավել էր նրան, այլև միսը, ամբողջ մարմինը, որի այրող տեսիլքն անընդհատ հայտնվում էր աչքերի առջև, գիշերվա ընթացքում, սակայն վարագույրի ծալքերի միջից կարողանում էր միայն թրթռացող ստվերը տեսնել... Այո՛, սիրում էր նրան, որովհետև խանդում էր տառապելու աստիճան, լացելու աստիճան, երբ գիշերով, զանգահարության տակ, հյուսիսին հատուկ անձրևի մանր կաթիլներից հալածյալ, կանգնած սպասում էր:
Եվ նա հսկում էր, ասես բանտախցի սահմանափակ տարածության մեջ ետուառաջ քայլում, լուսնոտի պես բարձրաձայն ու տարտամ բառեր արտասանում՝ չնկատելով ուժգնացող ձնախառն անձրևը, ցեխը, ձմռան վերջի ամպամած երկինքը, շրջապատի տևական թախիծը...
Ուզում էր իմանալ, պարզել, տեսնել... Օ՜, ինչպիսի անձուկ էր պատել նրան և ի՜նչ չար հոգի ուներ այդ կինը, որ նման տառապանքներ էր պատճառում իրեն, մինչդեռ մյուսը որքա՜ն բարի էր: Ծայրահեղ հուսահատության այս րոպեներին, գիշերվա խավարի մեջ, թվում էր, թե հանգուցյալը, լուսնի բարի հայացքով, նայում է իրեն:
Հյուգի համար արդեն ամեն ինչ պարզ էր. նա Ջեյնի սուտը բռնացրեց, ապացույցներ հավաքեց: Նա շուտով ամեն ինչ իմացավ, երբ գավառական քաղաքների բարքերին համաձայն, միանգամից նրա գլխին թափվեցին բազմաթիվ անստորագիր նամակներ՝ լցված ծաղրուծանակով, սոսկալի հեգնանքով, դավաճանության մանրամասներով, անկարգ ու անկանոն կյանքի փաստերով, որոնց մասին նա արդեն կասկածում էր... Ապացույցներ էին բերում, անուններ տալիս... Ահա թե ինչի հանգեցրեց հանդիպումը պատահական կնոջ հետ: Նա կապերը կխզի և վե՛րջ: Բայց ինչպե՞ս շտկի սեփական անկումը, ծիծաղելի դարձած իր վիշտը, իր սրբազան պաշտամունքը և համընդհանուր հեգնանքի առարկա դարձած իր անհուսությունը:
Հյուգը վշտացած էր: Ջեյնի հետ ամեն ինչ վերջացած էր նրա համար: Ասես մեռածը երկրորդ անգամ մեռներ: Ա՜խ, ինչեր քաշեց այս քմահաճ և դավաճան կնոջ երեսից:
Վերջին անգամ երեկոյան գնաց մոտը, որպեսզի նրանից հեռանա, հրաժեշտ տա, նրա իսկ պատճառով հոգու վրա կուտակված ցավերից ազատվի:
Առանց բարկության, անսահման տրտմությամբ, պատմեց այն ամենը, ինչ իմացել էր, և քանի որ Ջեյնը արհամարհանքով, չարությամբ, հոխորտանքով ընդունեց նրա ասածները («Ի՜՞նչ, ինչե՜ր ես ասում...»), ապա ստիպված եղավ ցույց տալ մատնագրերը, ամոթալի թղթերը:
— Մի՞թե այնքան հիմար ես, որ հավատում ես այս անստորագիր նամակներին, — ասաց նա և մի դաժան քրքիջ արձակեց, բացելով իր ճերմակ ատամները, զոհին հոշոտելու համար ստեղծված ատամները:
Հյուգն առարկեց. «Ձեր խորամանկություններն ինձ համոզեցին դրանում»:
Ջեյնը միանգամից կատաղեց, սկսեց ետուառաջ քայլել, դռները շրխկացնել, շրջազգեստի փեշերն օդի մեջ ծածանել:
— Է հետո՞, իսկ եթե դրանք ճի՞շտ են, — գոչեց նա և քիչ հետո ասաց. — Իմիջիայլոց ես զզվել եմ այստեղ ապրելուց: Ես պիտի մեկնեմ:
Նրա խոսելու ընթացքում Հյուգը նայում էր նրան: Լապտերի վառ լուսավորության տակ նորից տեսավ նրա դեմքը, նրա սևորակ աչքերը, ոսկեգույնով ներկված մազերը՝ կեղծ, ինչպես իր սիրտը և իր սերը: Ո՛չ, սա այլևս հանգուցյալի դեմքը չէր: Բայց պենյուարի մեջ դողացող և հուզմունքից հևացող այս կինն իր սիրուհին էր, ուստի երբ լսեց նրա հայտարարությունը («Ես պիտի մեկնեմ»), նրա հոգին դողաց և ընկղմեց անսահման խավարի մեջ...
Այդ հանդիսավոր պահին նա զգաց, որ նմանության և պատրանքի ցնորքներից զատ, նրան սիրել է իսկական զգացմունքով, հապաղած մի կրքով, ասես ինքը տխուր մի հոկտեմբեր էր, որ սիրահարվում է պատահականորեն բացված վարդերին:
Այդ մտքերը հողմնապտույտի պես դառնում էին նրա գլխում, միայն մի բան գիտեր, որ իր տառապանքներին վերջ կտրվի, եթե Ջեյնը չսպառնա հեռանալ: Ինչպիսին էլ լիներ այդ կինը, Հյուգը դարձյալ ցանկանում էր նրան: Ամաչում էր ինքն իրենից՝ իր թուլության համար, բայց այլևս չէր կարող առանց նրա ապրել... Բացի այդ, ո՞վ գիտի, մարդիկ այնքա՜ն չար են: Չէ որ Ջեյնը նույնիսկ չուզեց արդարանալ:
Եվ նա ահռելի մի տխրություն զգաց այս ավարտվող երազի համար, երազ, որի հոգեվարքը կանխազգացել էր (սիրո խզումները նման են փոքրիկ մահվան՝ քանզի մարդիկ մեկնում են առանց հրաժեշտ տալու): Բայց այդ պահին նրան վշտացնողը միայն Ջեյնից բաժանվելը չէր, բաժանում, որ նման է հայելի ջարդվելուն: Նա սոսկում էր ապրում այն մտքից, որ կարող է մենակ մնալ՝ քաղաքին դեմ առ դեմ, առանց որևէ մեկի՝ իր և քաղաքի միջև: Այո, այս անմխիթար Բրյուգեն և նրա գորշ թախիծը ինքն էր ընտրել: Սակայն աշտարակներից ընկնող ստվերների կշիռը չափազանց ծանր էր: Մինչդեռ Ջեյնը կարողացել էր թեթևացնել այդ ստվերների ճնշումն իր հոգու վրա: Այժմ ամբողջ ծանրությունն ինքը մենակ պիտի կրեր: Նա պիտի մնա մենակ այդ աշտարակների դեմ: Ավելի մենակ՝ իր երկրորդ այրիության մեջ: Եվ քաղաքը նրան ավելի մեռելային կթվա:
Հյուգը, գլուխը կորցրած, նետվեց դեպի Ջեյնը, նրա ձեռքը բռնեց և աղաչեց. «Մնա՛, մնա՛, ես խենթ էի...»: Ձայնը դալկացել էր, արցունքներից թրջվել, ասես նրա հոգին էր լալիս:
Հենց նույն երեկո, ջրանցքների ափով տուն վերադառնալիս, անհայտ մի դժբախտության սպասում անհանգստացնում էր Հյուգին: Սգավոր մտքերը պաշարել էին նրան: Նա համակվել էր մահվան գաղափարով: Հանգուցյալը կարծես վերադարձել էր և, մշուշի սավաններով փաթաթված, ծածանվում էր հեռվում: Հյուգն առավել քան երբեք մեղավոր զգաց իրեն նրա հանդեպ: Հանկարծ մի քամի բարձրացավ: Ափին կանգնած բարդիների տրտունջը լսվեց: Մի շարժում նկատվեց ջրանցքի եզրին շարված կարապների մեջ: Այդ հարյուրամյա կարապնե՜րը... Առասպելն ասում է, թե նրանք իջել են մի ազնվականի զինանշանից, որին Բրյուգեի քաղաքացիք անարդարացիորեն մահապատժի են ենթարկել, և հիմա, քաղաքը քանի գոյություն ունի, պարտավոր է նրանց կեր տալ:
Եվ կարապները, որ միշտ հանգիստ են ու ճերմակ, ինչ-որ բանից վախեցած, խռովում էին ջրի մակերեսը, տագնապած պտտվում իրենցից մեկի շուրջ, որն անհանգիստ թևերը խփում էր ջրին, ընկերներին հենվելով բարձրանում վեր, ասես խռովված մի հիվանդ լիներ, որ ուզում է դուրս գալ իր անկողնից:
Երևում էր, որ թռչունը տառապում է: Ժամանակ առ ժամանակ, նա ճչում էր: Հետո, ճիգ գործելով, բարձրացավ ջրից, և նրա ճիչն սկսեց հնչել ավելի մեծ ընհատումներով, ավելի մեղմացած: Դա մի վիրավոր, գրեթե մարդկային էակի ճիչ էր, մի ելևէջող, մի իսկական երգ...
Հյուգը, ցնցված այդ խորհրդավոր տեսարանով, նայում էր ու լսում: Նա ժողովրդական հավատալիքը հիշեց: Այո, կարապը երգում էր: Ուրեմն, պիտի մեռնի կամ, առնվազն, մահվան ներկայությունն էր զգում:
Հյուգը սարսռաց: Արդյոք վատ նշա՞ն էր սա իր համար: Դաժան տեսարանը Ջեյնի հետ, հեռանալու նրա սպառնալիքները գուցե տրամադրել էին այս մռայլ կանխազգացումներին: Ուրիշ էլ ի՞նչ պիտի ավարտվեր նրա հոգու մեջ: Այս սնահավատ գիշերն ուրիշ ի՞նչ սգի համար էր իր սև շղարշը տարածում: Ուրիշ ինչո՞վ պիտի ևս մեկ անգամ այրիանար: