1. Բրյուգե — մեռյալ քաղաք

Chapter 11

XI

Քաղաքը հավատացյալի դեմքն ուներ: Հավատի խորհուրդներ և հրաժարումներ են արտածվում նրանից, նրա բազմաթիվ աղքատանոցներից, քարե շապիկ հագած նրա ծնրադիր բազմաթիվ եկեղեցիներից: Քաղաքը նորից սկսեց կառավարել Հյուգին՝ պահանջելով իրեն ենթարկվել: Քաղաքը նորից դարձավ գործող անձ, իր կյանքի հիմնական խորհրդատուն, որն ազդում է, պահանջում, կարգադրում, որը կողմնորոշում է և ասում, թե ինչպես գործել:

Հյուգը շուտով զգաց, որ այժմ, երբ ձերբազատվել է կնոջ կեղծիքից և նրա դեմքի ազդեցությունից, քաղաքի այդ միստիկ դեմքը նվաճել է նրան: Եվ որքան ավելի քիչ էր լսում կնոջը, այնքան ավելի՝ զանգերի ղողանջը:

Անհամար և անխոնջ զանգերն էին ղողանջում, երբ նա՝ թախծի նոպային գերի, դուրս էր գալիս մթնշաղներին և ջրանցքների եզերքով թափառում:

Այդ մշտական զանգերը նրան ցավ էին պատճառում՝ մահվան տարեդարձի, ռեքվիեմների, երեսնօրյա պատարագների ղողանջները: Զանգերը հնչում էին առավոտյան և երեկոյան ժամերգությունից առաջ՝ ամբողջ օրն ասես իրենց սև բուրվառները շարժելով, որտեղից ձայների քուլաներն էին դուրս գալիս:

Օ՜, Բրյուգեի այդ անդադար զանգերը, օդի մեջ միապաղաղ սաղմոսվող մահերի այդ հսկա ժամերգությունը: Ինչպե՜ս էին կարողանում նրանք նողկանք առաջացնել կյանքի հանդեպ... Ամեն ինչի ունայնության գաղափարով համակում և վերահաս մահվան զգացումը բորբոքում...

Դատարկ նրբանցքներում, ուր տեղ-տեղ առկայծում էր փողոցային լապտերը, ստորին խավերի կանայք էին քայլում՝ սև երկար վերարկուներ հագած: Ծանր կերպասից կարված այդ վերարկուները նման էին բրոնզյա զանգերի և զանգերի պես տատանվում էին: Եվ թվում էր, թե զանգերն ու վերարկուները, զուգահեռաբար, միևնույն ճանապարհով, շարժվում էին դեպի եկեղեցի:

Հյուգին թվում էր, թե իրեն աննկատելիորեն հորդոր են կարդում: Նա գնում էր նշված ուղիով: Նա համակված էր միջավայրի ջերմեռանդությամբ: Վարակիչ օրինակը, իրերի թաքուն կամքը տանում էր նրան դեպի հինավուրց տաճարների գիրկը:

Առաջվա պես նա սկսեց սիրել երեկոները հաճախել այնտեղ, հատկապես Սուրբ Փրկչի եկեղեցի, որ աչքի էր ընկնում մարմարյա սև ու երկար սյուներով, շքեղազարդ բեմով, որտեղից երաժշտությունն էր հորդում ալիքների պես...

Այդ երաժշտությունը լայնարձակ էր, առվակի պես հոսում էր քարետախտակների վրայով և ասես ջրասույզ էր անում, ջնջում ամենուր սփռված դամբանաքարերի և պղնձե տախտակների վրա դրոշմված գրերը: Կարելի է ասել, թե այնտեղ քայլում էին մահվան միջով:

Եվ ոչինչ, ո՛չ վիտրաժների զարդերը, ո՛չ Պուրբյուսի, Վան Օռլեյի, Էրազմ Քելենի, Կրեյերի, Սեգերսի՝ շուշանի անթառամ դրասանգներով զարդարված հրաշալի և հավերժական նկարները չէին կարող մեղմել եկեղեցու դամբանական թախիծը: Նույնիսկ եռապատկերներում և բեմի նկարներում Հյուգը գրեթե չէր զգում գույների կախարդանքը և հեռավոր ժամանակների նկարիչների հավերժական անուրջները: Նայելով տաճարը կառուցողի և սարդիոնե աչքերով նրա կնոջ դիմաքանդակներին, նա ավելի ուժգին մելամաղձությամբ էր մտածում մահվան մասին: Նրանցից մնացել էին միայն այս քանդակները: Եվ նա նորից ոգեկոչում էր իր հանգուցյալ կնոջը: Նա չէր ուզում մտածել այդ ապրող կնոջ, այդ անմաքուր Ջեյնի մասին, որի պատկերը մոռանում էր եկեղեցի մտնելուն պես: Նա երազում էր հանգուցյալի հետ ծնրադրել Աստծո առջև, ինչպես հին օրերի եկեղեցու նվիրատուները:

Հյուգը սիրում էր նաև իր միստիկ ներսուզումների պահերին առանձնանալ Երուսաղեմի փոքրիկ մատուռի լռության մեջ: Սև վերարկու հագած կանայք սովորաբար այդտեղ էին գնում մայրամուտից հետո... Հյուգը մտնում էր նրանցից քիչ ուշ: Մատուռի առաստաղը ցածր էր և նմանվում էր գետնադամբարանի: Այն կառուցվել էր ի պաշտամունս Փրկչի վերքերի: Մատուռի խորքում բնական մեծությամբ մի Քրիստոս կար, դագաղի մեջ պառկած Քրիստոս՝ ժանյակե թափանցիկ պատանքի մեջ: Սև վերարկու հագած կանայք փոքրիկ մոմեր էին վառում, հետո հեռանում սահուն քայլերով: Եվ մոմերն ասես դանդաղ արյունաքամ էին լինում: Ասես խավարի մեջ պառկած Հիսուսի վերքերն էին նորից բացվում, որպեսզի մատուռ մտնողների վերքերը լվան:

Քաղաքի մեջ կատարվող այս ուխտագնացությունների ժամանակ Հյուգը հատկապես շատ էր սիրում մտնել Սուրբ Հովհաննեսի հիվանդանոցը, որտեղ աստվածային Մեմլինգն էր ապրել և իր մաքուր գլուխգործոցները թողել, որ դարեր շարունակ փառաբանում էին նրա երազների թարմությունը, որոնցով նա ապրում էր այստեղ իր առողջացման շրջանում: Հյուգն այստեղ էր գալիս նաև իր տենդաբորբ աչքերը բուժելու՝ դարմանատան ճերմակ պատերի մեջ: Անդորրի մեծագույն հավատամքը:

Ներսում պարտեզ կար՝ թփերով եզերված: Հիվանդասենյակները հեռու էին աղմուկից և այնտեղ շշուկով էին խոսում: Կրոնավորուհիներ էին անցնում՝ թեթևակիորեն խախտելով լռությունը, ինչպես կարապներն են խախտում ջրի անդորր մակերեսը: Ներսը խոնավ սպիտակեղենի, անձրևից թրջված թասակների, հինավուրց պահարաններից հանված խորանի ծածկոցների հոտեր էին տարածվել...

Վերջապես Հյուգը մտնում է սրբատեղին, որտեղ եզակի նկարներ են կախված, որտեղ ճառագայթում է Ս. Ուրսուլի մասնատուփը, ասես գոթական մի փոքրիկ մատուռ լինի ոսկուց, որի կողերին, երեք տախտակների վրա, ներկայացված էր տասնմեկ հազար կույսերի պատմությունը: Էմալապատ ծածկոցի վրա ագուցված են մանրանկար մեդալյոններ, որ պատկերում են նվագածու հրեշտակներին: Նրանց ձեռքին իրենց մազերի գույնի ջութակներ կան և իրենց թևերին նմանվող տավիղներ:

Այսպիսով նահատակությունն ուղեկցվում է նկարված երաժշտությամբ: Եվ որքա՜ն մեղմ է այդ կույսերի մահը, որոնք նազվարդի փնջի պես իրար միացած, իրար կապկպված նստած են նավի մեջ, որը և նրանց գերեզմանն է դառնալու: Զինվորներն ափին են: Նրանք արդեն սկսել են նախճիրը: Ուրսուլը և նրա ընկերուհիները մոտենում են ափին: Արյունն արդեն հոսում է, բայց այնքա՜ն վարդագույն է: Վերքերն ասես ծաղկի թերթեր լինեն... Արյունը չի թափվում կաթիլ-կաթիկ, այլ ծաղկի պես բացվում է կրծքներին:

Կույսերը երջանիկ են ու անվրդով և իրենց արիությունն են արտացոլում զինվորների՝ հայելու պես փայլող զրահի վրա: Իսկ աղեղը, որտեղից մահն է արձակվում, լուսնի եղջյուրի պես թվում է նրբին:

Այս նրբինությամբ նկարիչը կարողացել է արտահայտել, որ հավատով լցված կույսերի համար հոգեվարքն այլ էության անցնելու մի կերպ է, ընդունելի մի փորձություն հօգուտ մոտալուտ ուրախության: Ահա ինչու նրանցում տիրող խաղաղությունը հաղորդվել է նաև բնանկարին, դարձնելով այն իրենց հոգու արտացոլումը:

Փոխանցումի պահը. սա ավելի շատ փառաբանում է, քան սպանություն: Արյան կաթիլներն արդեն կարծրանում վերածվում են վառ կարմիր սուտակների, որոնք պիտի զարդարեն նրանց հավերժական պսակները, իսկ արյունով ողողված հողի վրա բացվում է երկինքը, նրա լույսը տեսանելի է, այն ծածկում է ամեն ինչ...

Նահատակության հրեշտակային ընկալում: Դրախտային տեսիլքը մի նկարչի՝ որքան բարեպաշտ, այնքան հանճարեղ:

Հյուգն ալեկոծվում էր: Նա մտածում էր Ֆլանդրիայի այդ մեծ նկարիչների հավատի մասին, որոնք մեզ թողել էին իսկապես ուխտական նկարներ, որ նկարել էին այնպես, ինչպես աղոթում են:

Այս բոլոր տեսարանները՝ արվեստի գործերը, արծաթագործությունը, ճարտարապետական հուշարձանները, մենաստաններին նմանվող տները, խույրերը հիշեցնող տանիքները, Տիրամոր արձանիկներով զարդարված փողոցները, զանգերի ղողանջով լցված քամին ջերմեռանդության և խստամբերության օրինակ էին մատուցում Հյուգին, օդի և քարերի մեջ կարծրացած կաթոլիցիզմի ոգով վարակում:

Միաժամանակ նա հիշում էր իր բարեպաշտ մանկությունը և իր անմեղությունը կարոտում: Իրեն մի քիչ մեղավոր էր զգում Աստծո և իր մեռած կնոջ հանդեպ: Մեղքի գաղափարը հայտնվել էր նորից և գլուխ ցցել:

Հատկապես երբ մի կիրակի երեկոյան, աղոթելու և երգեհոն լսելու նպատակով, պատահական մտավ կաթողիկեներից մեկը և քարոզի ավարտը լսեց:

Քահանան խոսում էր մահվան մասին: Ուրիշ ի՞նչ նյութ պիտի ընտրեր այս տխրադեմ քաղաքում, երբ մահն ինքն իր ներկայությունն է պարտադրում, երբ խաղողի սև տերևներով ամբիոնը պարուրած բարձրանում և հասնում է քարոզչին: Մնում է որ վերջինս ձեռքը մեկնի ու քաղի: Հապա ինչի՞ց խոսի, եթե ոչ այն բանից, ինչն իրենով է լցրել քաղաքի ամբողջ մթնոլորտը. անխուսափելի մահը: Եվ ուրիշ ի՞նչ միտք զարգացնի, եթե ոչ հոգու փրկության գաղափարը, որն այստեղ խղճի մշտական հոգսն ու արհավիրքն է:

Քահանան խոսելով մահվան, Բարի Մահվան մասին, որն Աստծով փրկված հոգիների համար ընդամենը անցում է մի վիճակից մյուսը, խոսեց նաև կործանարար մեղքի, մահացու մեղքի մասին, այսինքն՝ այն մեղքը, որը մահը դարձնում է իսկական մահ, մահ առանց փրկության, առանց հարազատներին երկնքում հանդիպելու հույսի:

Հյուգը, սյուներից մեկի մոտ կանգնած, հուզմունքով լսում էր: Հսկայական եկեղեցու ներսում խավար էր, ընդամենը մի քանի լապտեր էր վառվում և մի քանի մոմ: Հավատացյալները ձուլվել էին իրար և դարձել մի սև զանգված՝ գրեթե խավարից անբաժան: Նրան թվաց, թե ինքը մենակ է, թե քահանան դարձել է իր կողմը և դիմում է իրեն: Պատահականության խա՞ղն էր արդյոք պատճառը, թե իր տպավորվող երևակայությունը, սակայն ասես հենց իր հանցանքն էր քննարկվում: Այո, նա մեղք է գործում: Նա իզուր էր չտեսնելու դնում իր մեղավոր սերը և արդարացնում այն նմանությամբ: Նա կատարում էր մարմնական պահանջ: Անում էր այն, ինչ եկեղեցին միշտ դատապարտել է խստորեն. նա ապօրինի կապ էր հաստատել:

Ուրեմն, եթե եկեղեցին ճիշտ է, եթե հոգիները փրկած քրիստոնյաները հանդիպելու են նորից, նշանակում է ինքը երբեք չի տեսնի Ափսոսալիին և Սուրբին, որովհետև նրանից զատ ցանկացավ նաև ուրիշին: Մահը միայն կհավերժացնի նրա բացակայությունը, կսրբագործի այն բաժանումը, որը կարծում էր, թե ժամանակավոր է:

Մահից հետո, ինչպես հիմա, պիտի լինի նրանից հեռու, և նրա կատարյալ երկնային պատիժը կդառնա զուտ հուշը մեռյալի մասին:

Հյուգը եկեղեցուց դուրս եկավ սոսկալի խռովված: Այդ օրվանից սկսած մեղքի գաղափարը տանջում էր նրան, տակնուվրա անում, ասես մեխեր խրում սրտի մեջ: Իզուր էին նրա ջանքերն ազատվել այդ ապրումներից: Մտքով անցավ գնալ խոստովանել, որպեսզի թեթևացնի տվայտանքները, հոգին փրկի կործանումից: Սակայն հարկ կլիներ ապաշխարել, փոխել ապրելակերպը: Եվ, չնայած խղճի խայթին, հոգու ամենօրյա տանջանքներին, այլևս ուժ չէր գտնում իր մեջ՝ լքել Ջեյնին և նորից մենակ մնալ:

Մինչդեռ քաղաքը՝ Հավատացյալի իր դեմքով, մեղադրում էր, պնդում, հակադրում իր պարկեշտ տիպարը, իր խստակենցաղ հավատը...

Եվ զանգերն էլ քաղաքի հետ միաձայն էին: Մինչդեռ նա ամբողջ օրը թափառում էր՝ հարաճուն տագնապին ճարակ դարձած: Նա տառապում էր Ջեյնի հանդեպ տածած սիրուց, հանգուցյալին ափսոսալուց, իր գործած մեղքի և անխուսափելի պատժի վախից... Զանգերն սկզբում բարեկամաբար հորդորում էին, բարի խորհուրդներ տալիս, բայց շուտով, իրենց տեսանելի ու շոշափելի ղողանջներով, որ նմանվում էին աշտարակների շուրջը պտտվող ագռավներին, սկսեցին անողոքաբար հանդիմանել: Ասես բոթում էին նրան, մխրճվում գլխի մեջ, ասես ստիպում հրաժարվել իր ողորմելի սիրուց՝ որպեսզի խլեն նրան մեղքի ճիրաններից:

Comments