1. Բրյուգե — մեռյալ քաղաք

Chapter 10

X

Հյուգը որքան ավելի շատ էր զգում իր հուզիչ պատրանքի ցրվելը, այնքան ավելի էր հոգով կապվում քաղաքին, խորացնելով նորից այն զուգահեռը, որով նախկինում, Բրյուգե գալու առաջին օրվանից, լրացնում էր իր վիշտը: Այժմ, երբ Ջեյնն այլևս չէր նմանվում հանգուցյալին, ինքը նորից սկսեց նմանվել մեռած քաղաքին: Այդ նմանությունը նա լավ էր զգում դատարկ փողոցների մեջ՝ իր միապաղաղ ու տևական զբոսանքների ժամանակ:

Պատահում էր, որ այլևս անկարող էր տանը մնալ: Նա վախենում էր մենությունից, բուխարիկի մեջ կաղկանձող քամուց, սևեռուն հայացքի պես հալածող հուշերից: Գրեթե ամբողջ օրվա ընթացքում դուրսն էր, թափառում էր աննպատակ, անգործ, և չգիտեր, թե ինքը սիրո՞ւմ է Ջեյնին կամ նա՝ իրեն:

Իսկապես, սիրո՞ւմ էր նրան: Իսկ նա՝ Ջեյնը, անտարբերությո՞ւնն էր թաքցնում, թե դավաճանությունը: Տանջալից անորոշություն: Ձմռան կարճ օրերի հետկեսօրյա տխուր ավարտ: Թանձրացող մառախուղ: Նա զգում էր, թե մշուշն ինչպես է թափանցում իր հոգին, և նրա բոլոր մտքերը խեղդվում էին գորշ մահաթմբիրի մեջ:

Օ՜, ձմռան երեկոների այդ Բրյուգեն:

Քաղաքը նորից սկսում էր ազդել նրան: Անշարժ ջրանցքները լռության դասեր էին տալիս: Նրանց անդորրը վարձատրվում էր ազնիվ կարապների ներկայությամբ: Լռակյաց քարափները հրաժարումի օրինակ էին մատուցում: Բարեպաշտության ու խստամբերության խորհուրդներ էին իջնում Տիրամոր եկեղեցու և Սուրբ Փրկչի բարձր զանգակատներից, որ ասես միշտ հորիզոնի ծայրին էին:

Բնազդաբար աչքերը բարձրացրեց, ասես ապաստան էր փնտրում նրանց մեջ: Սակայն աշտարակները հեգնանքով նայեցին նրա թշվառ սիրուն: Կարծես ասում էին. «Հապա մեզ նայիր: Մենք հավատի մարմնացումն ենք: Անմխիթար, առանց արձաններին բնորոշ ժպիտների: Օդային ամրոցների նման մենք բարձրանում ենք առ Աստված: Մենք մարտնչող զանգակատներ ենք: Եվ Չար Ոգու սլաքներն անզոր են մեր դեմ»:

Այո, այո, Հյուգը կուզեր այդպիսին լինել: Աշտարակ լինել՝ կյանքից վեր: Սակայն նա չէր կարող Բրյուգեի աշտարակների պես հպարտանալ, որ ի չիք է դարձրել Չարի խարդավանքները: Ընդհակառակը, կարելի էր ասել, որ նրան համակած և նրան տառապեցնող կիրքը հենց Սատանայի գործն է:

Նա մտաբերում էր սատանայության վերաբերյալ կարդացած իր պատմությունները: Գաղտնի զորությունների և կախարդության հանդեպ եղած երկյուղները մի՞թե կատարելապես անհիմն էին:

Եվ նրա կիրքն արդյոք որևէ գաղտնի դաշինքի հետևանք չէ՞ր, որն արյան կարիք ունի և անպայման պիտի հասնի ողբերգական վախճանին: Հյուգին երբեմն թվում էր, թե մահվան ստվերն է մոտենում իրեն:

Նա ցանկացավ խուսափել մահից, հաղթել նրան և արհամարհել նմանության հնարքով: Հիմա մահը գուցե վրեժ լուծի նրանից:

Բայց նա կարող էր խուսափել, ժամանակին փրկել իր հոգին: Եվ միստիկ մեծն քաղաքի մեջ թափառելով, նա հայացքը հառում էր ողորմած աշտարակներին, մխիթարություն սպասում զանգերից, գթասիրտ ընդունելություն Սուրբ Կույսից, որ փողոցի ամեն անկյունում, ապակյա ծածկոցի տակ, մոմերով ու ծաղիկներով շրջապատված, ձեռքերն առաջ էր մեկնել... ասես ծաղիկներով լցված ապակյա դագաղ լիներ:

Այո, նա կազատվի չար լծից: Նա կապաշխարի: Նա ցավի կարգուրացն էր դարձել: Սակայն նա մեղքը կքավի: Նորից կդառնա այն, ինչ էր: Արդեն նորից սկսում էր նմանվել քաղաքին: Նորից դառնում էր վշտակրած Բրյուգեի մելամաղձության և լռության եղբայրը, soror dolorosa-ն : Ա՜հ, ինչ լավ արեց, որ իր մեծ վշտի օրերին եկավ այստեղ: Համր նմանություններ: Իրերի և հոգու փոխադարձ ներթափանցում: Հոգին մնում է իրերի մեջ, իրերը՝ հոգու մեջ:

Քաղաքներն անհատականություն ունեն, մի ինքնատիպ ոգի, դրսևորված մի նկարագիր, որ համապատասխանում է ուրախության, նոր սիրուն, հրաժարումին, այրիության: Ամբողջ քաղաքը հոգու մի վիճակ է, և բավական է այցելես նրան, որպեսզի այդ հոգին հաղորդակցվի քեզ, հեղուկի պես լցվի մեջդ, պատվաստվի մեզ հետ, օդի նրբերանգների պես թափանցի մեր ներսը:

Հյուգն առաջին օրվանից զգաց Բրյուգեի մեղմ և տմույն ազդեցությունը և դրա օգնությամբ տրվեց բացառապես հուշերին, հրաժարվեց հույսից, սպասելով բարի մահվան...

Եվ հիմա, չնայած ներկայի տագնապներին, նրա անձուկն, այնուամենայնիվ, մեղմանում էր ջրանցքների անդորրով, և նա նորից ձգտում էր նմանվել քաղաքին:

Comments