1. Բրյուգե — մեռյալ քաղաք

Chapter 1

I

Օրը մոտենում էր ավարտին՝ մթնեցնելով մեծ ու լուռ տան միջանցքները, և մուգ շղարշով գցելով պատուհանների վրա:

Հյուգ Վիանը պատրաստվում էր դուրս գալ, ինչպես անում էր ամեն օր՝ երեկոյից առաջ: Ոչ մի բանով չէր զբաղվում, մենակ էր, ամբողջ ժամանակն անց էր կացնում փակված՝ երկրորդ հարկի իր սենյակում, որի պատուհանները նայում էին դյու Ռոզետ քարափին: Տունը գտնվում էր այդտեղ՝ ջրանցքի մոտ և մշտապես արտացոլվում էր ջրերի մեջ:

Նա քչից-շատից կարդում էր. հանդեսներ, հին գրքեր: Շատ էր ծխում: Գորշ ու անձրևոտ օրերին բաց պատուհանի մոտ երազում էր՝ իր հուշերի մեջ մոլորված:

Արդեն հինգ տարի կլիներ, ինչ ապրում էր այսպես՝ սկսած այն օրվանից, երբ կնոջ մահից հետո եկավ ու հաստատվեց Բրյուգեում: Արդեն հինգ տարի: Եվ նա շարունակ մտովի ասում էր. «Այրի եմ, այրի... Ես դարձել եմ այրի»: Անշտկելի և կարճ մի բառ: Ընդամենը անարձագանք երկու վանկ: Կենտ բառ, որ արտահայտում է անզուգակից էակին:

Բաժանումը նրա համար սոսկալի էր: Նա սերը ճանաչեց պերճանքի, վայելքների, ճամփորդությունների, իրենց գորովը շարունակ նորոգող նոր երկրների մեջ: Նրանք ոչ միայն օրինակելի ամուսնական կյանքի անդորր վայելքներն էին ըմբոշխնում, այլև անեղծ կիրքը, սիրո մշտական տենդը, անհագ համբույրները, հոգիների համերաշխությունը, որ իրարից անջատ են, բայց հարակից, ինչպես զույգ քարափները, որոնց արտացոլումն իրար է խառնվում ջրանցքի մեջ:

Տասը տարվա այս երջանկությունն այնպես արագ անցավ, որ չհասցրեցին զգալ:

Հետո, երիտասարդ կինը, երեսուն տարեկան դառնալուն պես, մահացավ: Նա ընդամենը մի քանի շաբաթ պառկեց անկողնում և անմիջապես մարեց մահվան այդ մահճի մեջ: Նա շարունակ վերհիշում էր այդ պատկերը. կինը թոշնած էր ու ճերմակ, ինչպես նրան լուսավորող մոմը, նա, որին այդպես պաշտել էր իր վառ գույների, սալորի նման սև ու մեծ, սադափի պես փայլուն աչքերի համար: Աչքերի մթությունը հակադրվում էր մազերի սաթե դեղնությանը, որ երկար ու ալիքաձև իջնում էին ներքև՝ ծածկելով ամբողջ մեջքը: Պրիմիտիվիստ նկարիչների պատկերած տիրամայրերը միայն այդպիսի մազեր ունեն, որ հանդարտ ալիքների պես իջնում են:

Մահվանից հետո Հյուգը կտրեց այդ մազերը, որ նրա կենդանության վերջին օրերին երկար հյուսք էին արել: Մահն ասես խղճում է: Նա ամեն ինչ ավերում է, բայց մազերը թողնում է անվնաս: Աչքերը, շուրթերը... ամեն ինչ ջնջվում է, անհետանում: Մինչդեռ մազերի գույնն անգամ չի փոխվում: Մարդիկ միայն մազերով են կարողանում վերապրել: Եվ հիմա, հինգ տարի հետո, հանգուցյալից մնացած հյուսքը բնավ չէր դժգունել, չնայած որ անհաշիվ աղի արցունքներ էին թափվել վրան:

Այրին այդ օրն ավելի ցավագին էր հիշում իր անցյալը: Պատճառը նոյեմբերի գորշ եղանակն էր, երբ զանգերն ասես ձայների և մեռած տարիների փոշի շաղ տային օդի մեջ:

Այնուհանդերձ որոշեց դուրս գալ տնից, սակայն ոչ դրսում զվարճալիքներ գտնելու կամ իր ցավին դարման անելու նպատակով: Նրա մտքով անգամ չէր անցնում նման բան փորձել: Այլ պարզապես սիրում էր մութն ընկնելուց առաջ քայլել և իր վիշտը նմանեցնել մենավոր ջրանցքներին ու եկեղեցիներով լցված թաղերին:

Իջնելով իր տան առաջին հարկը, տեսավ, որ մեծ միջանցքի ճերմակ մեծ դռները կրնկին բաց են, երբ սովորաբար դրանք միշտ փակ էին լինում:

Իր պառավ սպասուհուն կանչեց. «Բա՛րբ, Բա՛րբ...»:

Կինն անմիջապես հայտնվեց դռան բացվածքի մեջ, գուշակելով, թե իր տերն ինչու է կանչում:

— Պարոն, — ասաց նա: — Սենյակներն այսօր պիտի մաքրեմ, որովհետև վաղը տոն է:

— Ի՞նչ տոն է, — հարցրեց Հյուգը դժգոհությամբ:

— Ինչպե՞ս թե... Պարոնը չգիտի՞... Սուրբ Կույսի ընծայեցման տոնն է, բեգինուհիների պատարագին պիտի գնամ և երեկոյան օրհնության: Այդ օրը կիրակիի պես է: Եվ քանի որ վաղը չեմ կարող աշխատել, սենյակներն այսօր մաքրեցի:

Հյուգ Վիանը չթաքցրեց իր դժգոհությունը: Բարբը լավ գիտեր, որ ինքը կուզեր սենյակները մաքրելիս ներկա լինել: Այդ երկու սենյակում բազմաթիվ գանձեր կային, կնոջից և այն օրերից պահպանված բազմաթիվ հիշատակներ, ուստի նա չէր կարող թույլ տալ, որ սպասուհին մեն մենակ մտնի այնտեղ: Կուզեր հսկել նրան, հետևել շարժումներին, զգուշությունն ստուգել, համոզվել նրա պատկառալից վերաբերմունքի մեջ: Փոշիները մաքրելու ժամանակ կուզեր անձամբ, իր ձեռքերով, տեղից տեղ դնել հանգուցյալին պատկանող իրերը՝ մանր, բայց թանկագին զարդեր, զանազան առարկաներ, նրա բարձը, նրա ձեռագործը: Հյուգին թվում էր, թե նրա դրոշմն անեղծորեն պահպանվել էր կահույքի վրա՝ բազմոցներին ու բազկաթոռներին, որտեղ սիրում էր նստել և որտեղ, այսպես ասած, պահպանվել էին նրա մարմնի կերպերը: Վարագույրների վրա մնացել էին նրա ձեռքերով արված ծալքերը: Նա գտնում էր, որ հայելիների փոշին սպունգով կամ փալասով մաքրելիս, չափազանց զգույշ պիտի լիներ, որպեսզի հանկարծ չջնջեր այնտեղ պահպանված նրա պատկերը: Սակայն Հյուգն ամենից շատ կուզեր հետևել, որպեսզի խեղճ մեռյալի դիմանկարները հանկարծ մի բանի չզարնվեն: Սենյակը լիքն էր դրանցով՝ տարբեր տարիքի դիմանկարներ՝ բուխարիկի վերևը, գիշերասեղանին, պատերից կախված: Եթե դրանց հետ մի բան պատահեր՝ իր հոգին կփշրվեր: Եվ հատկապես ամենամեծ գանձը՝ նրա մազերը, որը ոչ մի ցանկություն չուներ կոմոդի դարակում կամ մութ սնդուկի մեջ պահելու: Դա կնշանակեր մազերը գերեզման դնել: Նրա համար այսպես ավելի լավ էր, ասես կինը՝ տարիք չունեցող իր ոսկեգեղմով միշտ ողջ էր, ասես սիրո անմահության բաժինն էր այսպես աչքի առջև փռված:

Այդ մազերը հենց ինքը կինն էր, և որպեսզի մշտապես տեսներ անփոփոխ պահպանված հյուրասրահում, դրել էր այսուհետ լռած դաշնամուրի վրա՝ այդ կտրված հյուսքը, այդ փշրված շղթան, նավաբեկությունից փրկված այդ պարանը: Եվ որպեսզի պահպանի փչացումից ու խոնավ օդի ազդեցությունից, որոշեց պատսպարել ապակու տակ, թափանցիկ տուփի, բյուրեղապակյա արկղիկի մեջ, որպեսզի ամեն օր գար ու ակնածեր: Այս գաղափարը շատ միամիտ կլիներ, եթե հուզիչ չլիներ

Նրա համար, ինչպեսև նրան շրջապատող համր իրերի համար այդ հյուսքն ասես գոյության իմաստն էր և տան հոգին:

Բարբը՝ ֆլամանդացի պառավ սպասուհին, տեսքով մռայլ էր, բայց նվիրված էր և պարտաճանաչ: Նա գիտեր, թե ինչպիսի զգուշությամբ պետք է դիպչել այդ իրերին և միայն հոգու թրթիռով մոտենալ դրանց: Քչախոս էր և իր սև շրջազգեստով ու տյուլե իր սպիտակ թասակով նման էր մենաստանի դռնապանուհու: Ի դեպ, նա հաճախ էր գնում բեգինուհիների համայնք, որպեսզի իր միակ ազգականին՝ բեգինուհի քույր Ռոզալիին տեսներ:

Իր այցելությունների, իր բարեպաշտ սովորությունների շնորհիվ, նա դարձել էր լռակյաց և ձեռք բերել սահուն քայլվածք, որը հատուկ է նրանց, ովքեր մենաստանի հարթ քարերի վրայով են շարժվում: Եվ քանի որ այդ կինը աղմուկով կամ ծիծաղով չէր վիրավորում իր վիշտը, ապա Հյուգ Վիանը, Բրյուգե գալու առաջին իսկ օրերից հարմարվեց այդ կնոջ ներկայությանը: Ուրիշ սպասուհի չուներ, և այս մեկը չափազանց անհրաժեշտ դարձավ նրա համար՝ չնայած իր անմեղ բռնակալությանը, բարեպաշտի և պառաված օրիորդի իր սովորույթներին, միշտ իր ուզածով գործելու ցանկությանը, ինչպես այսօր, երբ հաջորդ օրվա սովորական տոնի պատճառով, առանց իր գիտության և հակառակ իր հրահանգներին, տակնուվրա էր արել սենյակները:

Հյուգն սպասեց մինչև սենյակները մաքրի վերջացնի, որպեսզի համոզվի, թե իր համար թանկագին իրերն անվնաս են ու՝ իրենց տեղում: Երբ վերջապես դռներն ու արտափեղկերը փակվեցին, նա հանգստացած, որոշեց գնալ մթնշաղի իր զբոսանքներին, չնայած շարունակ անձրևում էր. աշնան վերջին մարող կաթիլները, ուղղահայաց թափվող թոնընկեցը, որ լալիս է, ջրի վրա հյուսվածքներ գծում, օդը թելակարում, ասղնտում ջրանցքների տափակ մակերեսը, կալանում և ընդարմացնում հոգին, ինչպես թռչունը թաց վանդակի մեջ:

Comments