Chapter 4
IV
Շտապ հեռացա, և առաջին խաչմերուկի անկյունում տեսա մի նոր ողբերգություն։ Երկու գարշելի մարդիկ կողոպտում էին մի տղամարդու և մի կնոջ` երկու երեխաների հետ միասին: Ես ճանաչում էի այդ մարդուն, թեև մենք ծանոթ չէինք, նա բանաստեղծ էր, որի ոտանավորներով երկար ժամանակ հիացել էի։ Եվ, այնուամենայնիվ, նրան օգնության չհասա, որովհետև երբ մոտեցա, լսվեց կրակոց, և նա ծանրորեն ցած գլորվեց։ Կինը ճչաց, բայց այդ անասուններից մեկը բռունցքի հարվածով նրան անմիջապես դետին տապալեց։ Սպառնալից տոնով ինչ-որ բան գոռացի, բայց նրանք սկսեցին ինձ վրա կրակել, և ես, հարկադրված, շտապ նետվեցի անկյան հետևը։ Այստեղ իմ առաջը կտրեց հրդեհը։ Երկու կողմերի շենքերն էլ վառվում էին, և փողոցը լցվել էր ծխով ու բոցով։ Ծխածածկույթի միջից լսվում էր մի կնոջ ականջ ծակող ճիչը, որ օգնություն էր հայցում։ Շարունակեցի առաջ գնալ։ Այսպիսի զարհուրելի պահերին, երբ շատերն էին օգնություն կանչում, մարդու սիրտը երկաթ է դառնում։
Վերադառնալով դեպի խաչմերուկ՝ տեսա, որ կողոպտիչները անհետացել են։ Բանաստեղծն ու կինը մեռած՝ ընկած էին մայթի վրա։ Սարսափից մարմինս փշաքաղվեց։ Երեխաները չքացել էին՝ հայտնի չէ, թե ուր։ Միայն այժմ հասկացա, թե ինչու փախստականները, որոնց հանդիպեցի, այդպես վախեցած էին և գողեգող ծլկեցին։ Բանն այն է, որ մեր քաղաքակրթության խորքերում՝ խուլ անկյուններում ու բանվորական գետտոյում, մենք աճեցրել էինք բարբարոսների ու վայրենիների սերունդ, և հիմա, ընդհանուր աղետի ժամանակ, նրանք գազանների պես նետվում էին մեզ վրա ու ոչնչացնում։ Նրանք ոչնչացնում էին և իրենց։ Նրանք խմում էին հալից ընկնելու աստիճան, բազմաթիվ գազանություններ էին կատարում և, խելագարությամբ համակված, վիճում ու սպանում էին իրար։ Տեսա մի խումբ կարգին բանվորների, որ, կանանց ու երեխաներին իրենց մեջտեղն առած, պատգարակների վրա տանում էին հիվանդներին ու խոր ծերության հասած մարդկանց։ Ձիերը քաշում էին մթերքներով լի բեռնատար ավտոմեքենաներ։ Ակամայից նայում էի ծխով լի փողոցով անցնող մարդկանց բազմությանը, թեև քիչ էր մնացել, որ նրանք հրազենով սպանեին ինձ, երբ առաջին անգամ երևացի նրանց ճանապարհին։ Իմ կողքով անցնելիս՝ նրանց ղեկավարներից մեկը բարձրաձայն ներողություն խնդրեց ինձանից։ Նա ասաց, որ իրենք տեղնուտեղը սպանում էին ավազակներին ու կողոպտիչներին, և որ միայն այդ կերպ պաշտպանվելով, իրենք կարող էին խուսափել թափառաշրջիկներից։
Եվ հենց այստեղ էր, որ ես առաջին անգամ ականատես եղա մի դեպքի, որը հետագայում դարձավ սովորական երևույթ։ Քայլողներից մեկի մոտ հանկարծ երևացին ժանտախտի բացահայտ նշաններ։ Նրա կողքից քայլողները անմիջապես ետ քաշվեցին, և նա, առանց մի բառ ասելու, դուրս եկավ շարքից։ Մի կին, հավանորեն նրա կինը, ուզում էր հետևել ամուսնուն։ Կինը բռնել էր փոքրիկ մի տղայի ձեռքը։ Բայց ամուսինը նրան հրամայեց շարունակել ճանապարհը, իսկ մյուսները կնոջը թույլ չտվեցին շարքից դուրս գալ։ Դա կատարվեց իմ աչքերի առջև։ Հետո տեսա, թե ինչպես այդ մարդը, ալ բծերը դեմքին, մտավ փողոցի դիմաց գտնվող մի տան մուտք։ Լսվեց կրակոց, և նա անշնչացած վայր կավ։
Երկու անգամ հրդեհների պատճառով շրջան գործելով՝ վերջապես հասա համալսարան։ Բակի մուտքի մոտ հանդիպեցի մի խումբ դասախոսների, որոնք գնում էին քիմիական ֆակուլտետի շենքը։ Բոլորն էլ եկել էին իրենց ընտանիքներով՝ հետները բերելով նույնիսկ դայակներին ու սպասավորներին։ Պրոֆեսոր Բադմինթոնը բարևեց ինձ, և ես դժվարությամբ ճանաչեցի նրան։ Ըստ երևույթին ինչ-որ տեղ նա անցել էր կրակի միջով, և մորուքը այրվել էր։ Նրա գլուխը կածած էր արյունոտված վիրակապով, իսկ հագուստը կեղտոտվել էր։ Նա պատմեց, թե ինչպես ավազակները իրեն դաժանորեն ծեծեցին, իսկ իր եղբայրը սպանվեց երեկ գիշեր իրենց տունը պաշտպանելիս։
Բակի միջով անցնելիս պրոֆեսոր Բադմինթոնը հանկարծ մատնացույց արեց միսիս Սուինթոնի դեմքը։ Ժանտախտի բացահայտ բծեր։ Մնացած կանայք անմիջապես սկսեցին ճչալ և փախչել նրանից։ Փախան նաև երկու երեխաներն ու դայակը։ Բայց ամուսինը՝ բժիշկ Սուինթոնը, մնաց կնոջ կողքին։
— Մի հապաղեք, Սմիթ, գնացեք,— ասաց նա ինձ։— Նայիր երեխաներին։ Ես կմնամ կնոջս հետ։ Նա կմեռնի, գիտեմ, բայց ես չեմ կարող նրան լքել։ Եթե չվարակվեմ, կգամ քիմիական ֆակուլտետի շենքը, և խնդրում եմ, որ ներս թողնեք ինձ։
Նա հակվեց կնոջ վրա՝ փորձելով թեթևացնել նրա վերջին րոպեները, իսկ ես սկսեցի արագ քայլերով առաջ գնալ, որ հասնեմ մյուսներին։ Մենք վերջիններն էինք, որոնց թույլ տվեցին ներս մտնել։ Հետո ավտոմատ զենքով մենք պաշտպանում էինք շենքը և չէինք թողնում, որ մարդ ներս մտնի։
Սկզբում ծրագրված էր, որ այս ապաստանում կթաքնվեն վաթսուն հոգի։ Բայց ամեն մեկը, բնականաբար, իր հետ բերեց ազգականներին ու ընկերներին՝ իրենց ընտանիքներով, այնպես որ հավաքվեց չորս հարյուրից ավելի մարդ։ Քիմիական ֆակուլտետի շենքը շատ ընդարձակ էր և մեկուսացած, ուստի մենք կարող էինք չվախենալ հրդեհներից, որոնք մոլեգնում էին քաղաքում։
Մենք կարողացել էինք ապահովել պարենի զգալի պաշարներ, և մթերային հանձնաժողովը սահմանեց օրապահիկներ տարբեր ընտանիքների և խմբերի համար, որ միացել էին ընդհանուր ֆոնդին։ Ընտրեցինք այլ հանձնաժողովներ ևս, և մեզ մոտ ստացվեց բավականին աշխատունակ կազմակերպություն։ Ինձ ընտրեցին պաշտպանության հանձնաժողովի անդամ, թեև առաջին օրը ոչ մի ավազակ շենքին չմոտեցավ։ Սակայն նրանց տեսնում էինք հեռվում և խարույկներից հասկանում էինք, որ մի քանի ավազակախմբեր իրենց ճամբարը դրել էին համալսարանի բակի հեռավոր ծայրում։ Նրանք անընդհատ խմում էին, և մենք լսում էինք, թե ինչպես էին բղավում ու անճոռնի ձայնով երգում անվայել երգեր։ Նրանց շուրջը կործանվում էր աշխարհը, պատի նման կանգնած էր ծուխը, իսկ այդ տականքները անձնատուր էին լինում անասնական սանձարձակ քեֆի, աղտեղաբանում, խմում, հարբում էին, կռվում ու մեռնում էին։ Եվ սակայն ի՞նչ նշանակություն ուներ։ Այսպես, թե այնպես մեռնում էին բոլորը՝ առաքինի և անբարոյական մարդիկ, ուժեղներն ու թույլերը, նրանք, ովքեր տենչում էին ապրել, և նրանք, ովքեր հոգնել էին կյանքից, մի խոսքով՝ բոլորը։ Մեռնում էին մարդիկ։ Մեռնում էր աշխարհը։
Քսանչորս ժամ անցավ, և մեզնից ոչ մեկի մոտ հիվանդության ախտանշաններ չերևացին։ Մենք շնորհավորեցինք իրար և սկսեցինք ջրհոր փորել։ Դուք, իհարկե, տեսել եք երկաթե մեծ խողովակներ, որոնցով իմ ժամանակ ջուր էր հասնում դեպի բնակարանները։ Մենք վախենում էինք, որ հրդեհից խողովակները կպայթեն և ջրամբարները կդատարկվեն։ Ուստի պոկեցինք քիմիական ֆակուլտետի շենքի կենտրոնական բակի ցեմենտի ծածկոցը և սկսեցինք փորել գետինը։ Մեր մեջ կային շատ երիտասարդներ, ուսանողներ, և մենք աշխատում էինք գիշեր-ցերեկ։ Մեր երկյուղը հաստատվեց։ Ջրի շերտին հասնելուց երեք ժամ առաջ ջրմուղը դադարեց աշխատելուց։
Անցավ մի քսանչորս ժամ ևս, բայց մեզնից ոչ մեկը չհիվանդացավ։ Թվում էր, թե մենք փրկված էինք։ Այն ժամանակ մենք դեռ չգիտեինք այն, ինչ պարզվեց հետագայում՝ Ալ ժանտախտի խմորման շրջանը մարդու մարմնի մեջ տևում էր մի քանի օր։ Քանի որ առաջին ախտանշանները երևալուց հետո մարդը շատ շուտ մեռնում էր, ապա մենք ենթադրեցինք, որ խմորման շրջանը պետք է շատ կարճ լինի։ Հենց դրա համար էլ, երբ երկու օրը մեզ համար ապահով անցավ, մենք ուրախացանք, որ մեզնից ոչ մեկը չվարակվեց։
Բայց երրորդ օրը բոլորս էլ հիասթափվեցինք։ Երբեք չեմ մոռանա նախորդ գիշերը։ Երեկոյան ժամը ութից մինչև գիշերվա տասներկուսը ես պահակախմբի պետ էի և շենքի տանիքից տեսնում էի, թե ինչպես էին կործանվում մարդկության կատարած վիթխարի աշխատանքների պտուղները։ Շրջապատի հրդեհներն այնքան սարսափելի էին, որ ամբողջ երկինքը լուսավորված էր բոսոր ցոլքերով։ Մարդ կարող էր այդ պայծառ լույսի տակ կարդալ մանր տպատառերն անգամ։ Թվում էր, թե ամբողջ աշխարհը բռնված է բոցերով։ Սան-Ֆրանցիսկոն կրակ ու բոց էր ժայթքում գործող հրաբուխների պես։ Վառվում էին Օքլենդը, Սան-Լեանդրոն, Հեյուարդը, իսկ հյուսիսում, ընդհուպ մինչև Ռիչմոնդի հրվանդանը, ամենուրեք մոլեգնում էին ահագին հրդեհներ։ Դա մի սարսափելի տեսարան էր։ Այո, թոռնիկներս, բոցի լեզուներն ու մահվան շունչը սրբում, տանում էին քաղաքակրթությունը։ Այդ գիշեր ժամը տասին մեկը մյուսի հետևից պայթեցին Պինոլ հրվանդանի մոտ գտնվող վառոդի պահեստները ։ Ցնցումներն այնքան ուժեղ էին, որ մեր շենքը երերաց, ինչպես լինում է երկրաշարժի ժամանակ, և բոլոր ապակիները ջարդվեցին։ Ես ցած իջա կտուրից և անցա երկար միջանցքներով, մտա սենյակից-սենյակ, հանգստացնելով վախեցած կանանց և պատմելով, թե ինչ կատարվեց դրսում։
Մի ժամ հետո, երբ կանգնած էի ներքևի հարկի լուսամուտի մոտ, ավազակների ճամբարում սկսվեց դժոխային մի իրարանցում։ Այնտեղից լսվում էին ճիչեր, լաց ու կական և ատրճանակների կրակոցներ։ Ինչպես հետո ենթադրեցինք, ծեծկռտոցը առաջացել էր այն բանից, որ առողջները փորձել էին ճամբարից դուրս վտարել հիվանդներին։ Ինչևէ, ժանտախտով վարակված մի քանի հիվանդ ավազակներ փախան բակի միջով և հավաքվեցին մեր շենքի մուտքի մոտ։ Մենք նախազգուշացրինք նրանց, որ չմոտենան, բայց նրանք անեծքներ թափեցին մեր գլխներին և ատրճանակներից համազարկ տվեցին։ Լուսամատի մոտ կանգնած պրոֆեսոր Մերրիվեզերը սպանվեց տեղնուտեղը․ գնդակը կպել էր ճիշտ ճակատին։ Մենք էլ կրակեցինք, բայց կողոպտիչները փախան, բացի երեքից։ Նրանցից մեկը կին էր։ Բոլորն էլ վարակված էին և նրանցից ամեն ինչ կարելի էր սպասել։ Հրդեհների բոսոր լույսի տակ, հիվանդությունից կարմրատակած դեմքերով, նրանք նմանվում էին գարշելի չար ոգիների և հայհոյում էին ու կրակում մեզ վրա։ Մեկին ես իմ սեփական ձեռքով սպանեցի։ Մյուս տղամարդն ու կինը, շարունակելով անիծել մեզ, վայր ընկան շենքի լուսամուտների տակ, և մենք, ակամա, ականատես եղանք նրանց մահվանը։
Դրությունը դառնում էր կրիտիկական։ Վառոդի պահեստների պայթյունից ջարդվել էին ֆակուլտետի պատուհանների բոլոր ապակիները, և մենք կարող էինք վարակվել քայքայվող դիակներից։ Սանիտարական հանձնաժողովի անդամները բարեխիղճ կերպով գործի անցան։ Երկու հոգի պետք է դուրս գային և դիակները տեղափոխեին մի հեռավոր վայր, իսկ դա նշանակում էր հավանական անձնազոհություն, քանզի աշխատանքը կատարելուց հետո հազիվ թե նրանց նորից ներս թողնեին։ Կամովին այդ գործը հանձն առան մի ամուրի պրոֆեսոր և մի ուսանող։ Նրանք հրաժեշտ տվեցին մեզ և շենքից դուրս եկան։ Այդ մարդիկ հերոսներ էին։ Նրանք իրենց զոհում էին, որպեսզի մյուս չորս հարյուր հոգին ապրեն։ Գործը վերջացնելուց հետո նրանք մի պահ կանգնած մնացին որոշ հեռավորության վրա՝ տխուր հայացքով նայելով մեզ։ Ձեռքով հրաժեշտ տվեցին և դանդաղորեն բակի միջով առաջ շարժվեցին դեպի հրկիզվող քաղաքը։
Բայց այդ բոլորը իզուր էր։ Հաջորդ առավոտ մեզանից առաջինը, որ հիվանդացավ ժանտախտով, պրոֆեսոր Սթաութի ընտանիքում ծառայող երիտասարդ դայակն էր։ Խղճալու և կարեկցելու ժամանակ չկար։ Որպեսզի մյուսներին չվարակի, մենք նրան շենքից դուրս արեցինք և հրամայեցինք, որ հեռանա։ Նա դանդաղ հեռանում էր բակի միջով՝ հեկեկալով և հուսահատությունից ձեռքերը կոտրատելով։ Իհարկե մենք դաժանորեն վարվեցինք, բայց ինչ կարող էինք անել։ Չորս հարյուր հոգուն փրկելու համար անհատները պետոք է զոհվեին։
Լաբորատորիաներից մեկում, որտեղ տեղավորված էր երեք ընտանիք, մենք նույն օրը հայտնաբերեցինք չորս դիակ և յոթ մարդ՝ հիվանդության տարբեր փուլերում։
Այստեղ էլ սկսվեց ամենասարսափելին։ Մեռածներին թողնելով տեղում՝ հիվանդներին մեկուսացրինք ու փակեցինք հատուկ սենյակներում։ Մնացածների մեջ էլ երևացին հիվանդության դեպքեր։ Հենց որ մեկնումեկի մոտ հայտնվում էին ժանտախտի ախտանշաններ, մենք նրան ուղարկում էինք այդ սենյակները։ Որպեսզի ձեռք չտանք այդ մարդկանց, նրանց ստիպում էինք, որ իրենք գնան։ Կարեկցությունից մեր սրտերը կտրատվում էին։ Իսկ ժանաախտը շարունակում էր մոլեգնել, և սենյակները լցվում էին դիակներով ու մեռնողներով։ Մենք՝ առողջներս, տեղափոխվում էինք հարկից հարկ, նահանջելով այդ մահաբեր ալիքի առաջ, որ, անցնելով սենյակից սենյակ և հարկից հարկ, ճարակում էր ամբողջ շենքը։
Ֆակուլտետը վերածվեց դիարանի, և գիշերվա կեսին նրանք, ովքեր դեռ չէին վարակվել, փախան՝ իրենց հետ վերցնելով միայն զենք, փամփուշտներ և պահածոների զգալի պաշար։ Մենք ճամբար կազմակերպեցինք համալսարանական թաղամասի հակառակ ծայրում, ավազակների դիմաց, ոմանք պահակ կանգնեցին, ոմանք էլ կամավոր կերպով քաղաք գնացին, որպեսզի գտնեն, բերեն ձիեր, ավտոմոբիլներ, ֆուրգոններ կամ սայլեր, մի խոսքով ինչ որ հնարավոր է, բերեն, որպեսզի բառնանք մեր պաշարները և դուրս գանք քաղաքից, ինչպես այն բանվորական ջոկատը, որը մենք տեսել էինք։
Հետախույզներից մեկն էլ նշանակված էի ես։ Բժիշկ Հոյլն ասաց ինձ, որ իր ավտոմոբիլը մնացել է իրենց տանը կից ավտոկայանում։ Մենք գնացինք զույգերով. ինձ ուղեկցում էր երիտասարդ ուսանող Դոմբին։
Բժիշկ Հոյլի տունը հասնելու համար կես մղոն պետք է անցնեինք քաղաքի բնակելի թաղամասերով։ Տներն այստեղ կանգնած էին մեկուսի կանաչ մարգագետինների ու խիտ ծառերի մեջ, և կրակն այստեղ անցել էր քմահաճորեն, հիմնահատակ անելով ամբողջ թաղամասեր և չդիպչելով մյուսներին, երբեմն շրջանցելով նույնիսկ առանձին շենքեր։ Այս կողմերում ևս կողոպտիչները անկարգություններ էին անում։ Մենք քայլում էինք վճռական տեսքով, պատրաստ պահած ավտոմատ ատրճանակները, որպեսզի հենց սկզբից մեզ վրա հարձակվելու ցանկությունը խափանենք։ Բայց բժիշկ Հոյլի տան մոտերը կատարվեց անսպասելին։ Տունը անվնաս էր մնացել, սակայն հազիվ էինք մոտեցել, երբ լուսամուտներից դուրս ժայթքեցին ծխախառն բոցեր։ Անարգ մարդը, որ վառել էր տունը, երերալով իջավ գլխավոր սանդուղքով և դանդաղ քայլերով հեռացավ գնաց։ Նրա գրպաններից դուրս էին ցցվել վիսկիի շշերը, և նա սարսափելի հարբած էր։ Իմ առաջին մղումը եղավ տեղնուտեղը սպանել նրան, և մինչև այսօր էլ ափսոսում եմ, որ չարեցի այդ։ Նա քայլում էր, երերալով այս ու այն կողմ, քթի տակ փնթփնթում էր ինչ-որ անհասկանալի բառեր, աչքերը արյունակալած էին, իսկ այտին, այտամորուքի տակ, երևում էր հենց նոր բացված վերքը, մի խոսքով՝ դա ստորությունն ու կեղտն իր մեջ խտացրած մի գարշելի արարած էր, որին ես երբևիցե հանդիպել էի։ Նրան չսպանեցի, և նա հենվեց մի ծառի, որ մեզ ճանապարհ տա։
Բայց մենք հազիվ էինք հավասարվել նրան, երբ նա անակնկալ կերպով հանեց ատրճանակը և կրակեց Դոմբիի գլխին։ Դա մի կամայական և անիմաստ քայլ էր։ Նույն այդ վայրկյանին ես սպանեցի նրան։ Բայց արդեն ուշ էր։ Դոմբին մեռավ անմիջապես, նույնիսկ ծպտուն չհանեց։ Կարծում եմ, որ նա չկարողացավ հասկանալ, թե ինչ կատարվեց իր հետ։
Թողնելով երկու սպանվածներին՝ հրկիզվող տան մոտով շտապեցի ավտոկայան, որտեղ գտա բժիշկ Հոյլի ավտոմոբիլը։ Բաքը լցված էր բենզինով, և մեքենան պատրաստ էր գործածության համար։ Այդ մեքենայով անցա ավերված քաղաքի փողոցներով և վերադարձա համալսարանի բակը։ Վերադարձան և մյուս հետախույզները, բայց նրանք ոչինչ չէին գտել։ Ճիշտ է, պրոֆեսոր Ֆերմիդը ինչ-որ տեղից բերել էր շոթլանդական պոնի, բայց խեղճ կենդանուն կապած պահել էին ախոռում առանց կերի, և մի քանի օրվա ընթացքում նա այնպես էր թէուլացել, որ բոլորովին չէր կարողանում ծանրություն կրել։ Ոմանք ուզում էին ազատ արձակել պոնիին, բայց ես պնդեցի, որ նրան հետներս տանենք․ մենք կարող էինք մորթել նրան, եթե պարենը վերջանար։
Քառասունյոթ մարդ էինք, երբ ճանապարհ ընկանք, շատերը կանայք էին ու երեխաներ։ Մեքենա նստեցրինք ֆակուլտետի ծերունի դեկանին, որը ընկճվել էր անցյալ շաբաթվա ահավոր դեպքերից, մի քանի երեխաների և պրոֆեսոր Ֆերմիդի խոր ծերության հասած մորը։ Մեքենան վարում էր Ուոթրոպը՝ անգլերեն լեզվի երիտասարդ դասախոսը, որին ծանր վիրավորել էին ոտքից։ Մյուսները քայլում էին ոտքով։ Պրոֆեսոր Ֆերմիդը քաշում էր պոնիին։
Ամառային մի պայծառ օր էր, բայց հրդեհների ծուխը բոլորովին պատել էր երկինքը, որտեղից երբեմն աղոտ կերպով փայլում էր արևի չարագուժորեն բոսոր, թույլ, ու անկենդան սկավառակը։ Մենք արդեն ընտելացել էինք այդ բոսոր արևին։ Բայց ծխին չէինք կարողանում վարժվել։ Այն կսկծացնում էր մեր քթածձակերն ու աչքերը, և չկար մեկը, որի աչքերը բորբոքված չլինեին։ Մենք ուղղություն վերցրինք դեպի հարավ-արևելք, առաջ շարժվելով արվարձանների անծայր թաղամասերով, անցնելով հարթավայրից ծայր առնող ցածր բլուրների երկարությամբ, որոնց ստորոտին փռված էր քաղաքը։ Միայն այդ ճանապարհով մենք կարող էինք դուրս գալ գյուղական վայրերը։
Առաջ էինք շարժվում տանջալից դանդաղությամբ։ Կանայք և երեխաները չէին կարողանում արագ քայլել։ Նրանք չէին կարողանում քայլել այնպես, ինչպես մարդիկ քայլում են այժմ։ Այո, մեզնից ոչ մեկը քայլել չգիտեր։ Ես ինքս էլ քայլել սովորեցի միայն ժանտախտից հետո։ Ուստի բոլորն էլ հավասարվում էին ամենաթույլի քայլերին, քանզի ավազակների պատճառով մենք չէինք համարձակվում բաժանվել խմբերի։ Սակայն գնալով, նրանք՝ մարդկային կերպարանքով այդ գազանները, նվազում էին։ Ժանտախտը հնձել էր նրանցից շատերին, բայց դեռ էլի բավականին թվով թրև էին գալիս։ Շատ գեղեցիկ շենքեր զերծ էին մնացել հրդեհից, թեև ամենուրեք մեր առաջ բացվում էին ծխացող ավերակներ։ Թվում էր, թե ելուզակները ևս հոգնել էին այրելու իրենց խելառ ցանկությունից և այժմ ավելի հազվադեպ էին հրդեհում տները։
Մենք մոտենում էինք մասնավոր ավտոկայանների՝ ավտոմեքենա կամ բենզին գտնելու հույսով։ Մեր որոնումները հաջողությամբ չպսակվեցին։ Առաջին փախստականների հոծ բազմությունը սրբել տարել էր բոլոր փոխադրական միջոցները։ Այդպիսի որոնումների ժամանակ մենք կորցրինք Քալգենին՝ հիանալի մի երիտասարդի։ Նրան սպանեցին ավազակները, երբ քայլում էր մարգագետնով։ Դա միակ սպանվածն էր մեզանից, թեև ուրիշ անգամ ինչ-որ հարբած սրիկայի մեկը բոլորովին անսպասելի կերպով կրակ բաց արեց մեզ վրա։ Բարեբախտաբար նա կրակում էր առանց նշան բռնելու, և մենք սպանեցինք նրան, նախքան կկարողանար վնասել մեզանից մեկնումեկին։
Երբ անցնում էինք Ֆրութվե լը՝ քաղաքի շքեղ տների շրջանը, ժանաախտը նորից կպավ մեզ։ Այս անգամ գնաց պրոֆեսոր Ֆերմիդը։ Մեղ նշանացի հասկացնելով, որ մորը ոչինչ չհայտնենք, նա թեքվեց և մտավ մի գեղեցիկ տան բակ։ Այնտեղ նա նստեց առջևի պատշգամբի աստիճանին, իսկ ես, հապաղելով, ձեռքի շարժումով վերջին հրաժեշտը տվեցի նրան։ Այդ գիշեր մենք ճամբար խփեցինք Ֆրութվեյլից մի քանի մղոն այն կողմը, թեև դա էլ դեռևս համարվում էր քաղաքի սահմանը։ Այդ գիշերը մենք երկու անգամ փոխեցինք տեղներս, որպեսզի մեռածների մոտ չմնանք։ Առավոտյան մնաց երեսուն մարդ։ Երբեք չեմ մոռանա ֆակուլաետի դեկանին։ Առավոտյան չվերթի ժամանակ նրա կնոջ մոտ, որ քայլում էր ոտքով, երևացին ճակատագրական հիվանդության նշանները, և երբ նա մի կողմ քաշվեց, որպեսզի մեզ ճանապարհ տա, դեկանը ուզեց մեքենայից դուրս գալ և մնալ կնոջ կողքին։ Մենք դիմադրեցինք, բայց նա սկսեց պնդել, և վերջ ի վերջո զիջեցինք։ Եվ ճիշտ էլ արեցինք, քանզի մեզնից ոչ մեկը վստահ չէր կարող ասել, որ իրեն կհաջողվի փրկվել։
Մեր արշավի երկրորդ գիշերր մենք դադար առանք Հեյուարդից քիչ հեռու, այնտեղ, ուր քաղաքի սահմանն էր։ Առավոտյան կենդանի մնացին միայն տասնմեկ հոգի։ Ի լրումն այդ ամենի, մեքենայով փախավ Ուոթրոպը՝ վիրավորված ոտքով դասախոսը։ Նա հետը վերցրեց քրոջը, մորը և տարավ բավականին քանակությամբ ուտելիքի պաշար։ Եվ հենց այդ օրն էլ, կեսօրից հետո, հանգիստ առնելով ճանապարհին, ես վերջին անգամ տեսա մի դիրիժաբլ։ Ծուխն այստեղ ավելի նոսր էր, քան քաղաքում, և առաջինը ես տեսա, թե ինչպես երկու հազար մետր բարձրության վրա դիրիժաբլը կորցրեց իր ուղղությունը և նետվեց մի կողմ։ Թե ինչ պատահեց, չէի կարող ասել, բայց մեր աչքերի առաջ դիրիժաբլը սկսեց թափով ներքև ընկնել։ Հետո, ըստ երևույթին, պայթեց գազային խցի միջնորմը, որովհետև իրանն ընդունեց ուղղահայաց դիրք, և դիրիժաբլը քարի պես սլացավ ցած։ Այն օրվանից այլևս ոչ մի օդանավ չեմ տեսել։ Հետագա տարիներին քանի-քանի անգամներ երկար դիտել եմ երկինքը, ապարդյուն հույս տածելով, որ կտեսնեմ մի ինքնաթիռ կամ դիրիժաբլ՝ ի նշան այն բանի, որ աշխարհում ինչ-որ տեղ դեռ պահպանվել է քաղաքակրթությունը։ Բայց իզուր։ Այն, ինչ պատահեց մեզ Կալիֆորնիայում, երևի պատահեց ամենուրեք։
Հաջորդ օրը, այն ժամանակ, երբ արդեն հասանք Նայլս, մնացել էինք երեք հոգով։ Նայլսից այն կողմ՝ ճամփի մեջտեղում, մենք տեսանք Ուոթրոպին։ Ավտոմոբիլը ջարդված էր, և գետնին փռված գորգերի վրա ընկած էին Ուոթրոպի, նրա քրոջ ու մոր դիակները։
Սովոր չլինելով երկար քայլելուն՝ ես սարսափելի հոգնած էի և այդ գիշեր շատ խոր քնեցի։ Առավոտյան արդեն մենակ էի մնացել աշխարհում։ Քենֆիլդն ու Պարսոնսը՝ իմ վերջին ուղեկիցները, մեռել էին ժանտախտից։ Չորս հարյուր մարդուց, որոնք ապաստան էին գտել քիմիական ֆակուլտետի շենքում, և քաղաքից դուրս եկած քառասունյոթ հոգուց կենդանի մնացի միայն ես և շոթլանդական պոնին։ Թե ինչու այդպես պատահեց, չէի կարող բացատրել։ Չվարակվեցի ժանտախտից։ Ես ժանտախտին անընկալունակ էի։ Պարզապես իմ բախտը բերեց, միլիոնավոր մարդկանցից միայն իմ բախտը, չէ՞ որ ժանտախտից հետո միլիոնից, ավելի ճիշտ, մի քանի միլիոնից, այո, այո, մի քանի միլիոն մարդուց, կենդանի մնաց միայն մեկը։