1. Ալ ժանտախտը

Chapter 3

III

Ծերունին արցունքները սրբեց կեղտոտ բռունցքներով և նորից սկսեց խոսել դողդոջուն, բարակ ձայնով, որը գնալով ավելի ու ավելի էր ամրանում։

— Ժանտախտը բռնկվեց 2013 թվականի ամռանը։ Ես քսանյոթ տարեկան էի և հիանալի կերպով հիշում եմ բոլորը։ Հաղորդագրությունները անթել հեռագրով...

Նապաստակի Շրթունքը զզվանքից բարձրաձայն թքեց, և ծերունին շտապեց բացատրել․

— Այն ժամանակներում մենք օդով խոսում էինք հազարավոր մղոններ հեռավորության վրա։ Եվ ահա լուր ստացվեց, որ Նյու-Յորքում բռնկվել էր մի անհայտ հիվանդուաթյուն։ Ամերիկայի վեհասքանչ այդ քաղաքում այն ժամանակ ապրում էր տասնյոթ միլիոն մարդ։ Ոչ ոք այդ լուրին նշանակություն չտվեց։ Դա միայն մի չնչին բան էր։ Մեռել էին միայն մի քանի հոգի։ Ուշադրություն էր գրավում, սակայն, այն հանգամանքը, որ նրանք շատ արագ էին մահացել, և որ հիվանդության առաջին նշաններից մեկը՝ դեմքի և ամբողջ մարմնի կարմրելն էր։ Քսանչորս ժամ հետո լուր ստացվեց, որ նման դեպք գրանցված է Չիկագոյում։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լոնդոնում՝ Չիկագոյից հետո աշխարհի ամենամեծ քաղաքում, արդեն երկու շաբաթ է, ինչ գաղտնաբար պայքարում էին ժանտախտի դեմ, և բոլոր հաղորդումները ենթարկվում էին գրաքննության, այսինքն՝ արգելում էին մնացած աշխարհին հայտնել, որ Լոնդոնում ժանտախտ է սկսվել։ Գործը, ըստ երևույթին, ընդունում էր լուրջ ընթացք, բայց մենք Կալիֆորնիայում, ինչպես և այլուր, բոլորովին չէինք անհանգստանում։ Բոլորս համոզված էինք, որ մանրէաբանները այդ հիվանդության դեմ անպայման միջոց կգտնեն, ինչպես և գտել էին անցյալում ուրիշ հիվանդությունների դեմ, բայց դժբախտությունն այն էր, որ այդ մանրէն մարդուն ոչնչացնում էր զարմանալի արագությամբ, և մարմնի մեջ թափանցող մանրէից ոչ մի փրկություն չկար։ Չեղավ ապաքինման ոչ մի դեպք։ Դա հին ասիական խոլերայի նման հիվանդություն էր, երբ դուք կարող էիք ընթրել բոլորովին առողջ մարդու հետ, իսկ հետևյալ առավոտ, եթե վաղ վեր կենայիք, կտեսնեիք, թե ինչպես նրան ձեր տան մոտով տանում էին գերեզմանատուն։ Բայց այս նոր ժանտախտը վնասում էր ավելի շատ և ավելի արագ։ Հիվանդության առաջին նշանները երևալուց մի ժամ հետո մարդը մեռնում էր։ Ոմանք դիմանում էին մի քանի ժամ։ Շատերն էլ մեռնում էին տասնհինգ րոպեից հետո։

Սկզբում արագանում էր սրտի բաբախումը, բարձրանում էր ջերմությունը։ Հետո դեմքն ու ամբողջ մարմինը արագորեն ծածկվում էին ալ բծերով։ Շատերը չէին նկատում, որ իրենց ջերմությունը բարձրանում է ու սիրտն սկսում է արագ աշխատել, և իրենց հիվանդության մասին իմանում էին միայն այն ժամանակ, երբ երևում էին կարմիր բծեր։ Այդ ժամանակ նրանք սովորաբար ունենում էին ցնցումներ։ Բայց այդ ցնցումները երկար չէին տևում և շատ ուժեղ էլ չէին լինում։ Ցնցումներից հետո մարդն այլևս չէր տանջվում և զգում էր միայն, թե ինչպես թմրությունը արագորեն ոտքից սողում էր դեպի մարմինը։ Սկզբում ընդարմանում էր ոտնաթաթը, ապա՝ ծնկներն ու գոտկատեղը, իսկ երբ ընդարմացումը հասնում էր սրտին, մարդը մեռնում էր։ Նա չէր զառանցում, չէր քնում։ Մինչև վերջ, քանի դեռ սիրտը կանգ չէր առել, նա գտնվում էր լրիվ գիտակցության մեջ։ Եվ մի տարօրինակ բան էլ կար, որ դիակը շատ շուտ էր քայքայվում։ Հենց որ մարդը մեռնում էր, նրա մարմինր սկսում էր տրոհվել մանր կտորների և, ասես, հալվում էր ճիշտ քո աչքերի առաջ։ Ժանտախտի արագ տարածման պատճառներից մեկն էլ հենց այդ հանգամանքն էր։ Դիակի մեջ գտնվող միլիարդավոր մանրէներ անմիջապես տարածվում էին օդում։

Դրա համար էլ այդ հիվանդության դեմ մղած պայքարում մանրէաբանները հաջողության քիչ շանսեր ունեին։ Նրանք մեռնում էին իրենց լաբորատորիաներում՝ Ալ Մահվան մանրէները ուսումնասիրելիս։ Նրանք իրենց դրսևորեցին որպես հերոսներ։ Մեռածների տեղն անմիջապես գրավում էին ուրիշները։ Լոնդոնում էր, որ առաջին անդամ հաջողվեց մեկուսացնել բացիլները։ Հեռագիրն այդ լուրը տարածեց ամեն տեղ։ Այդ գիտնականի անունը Թրասք էր, բայց երեսուն ժամից հետո նա մեռավ։ Իրենց լաբորատորիայում գիտնականները ճգնում էին, որպեսզի գտնեն ժանտախտի բացիլները ոչնչացնող միջոցը։ Բոլոր հայտնի դեղերը անզոր էին։ Հարկավոր էր գտնել մի միջոց կամ բուժաշիճուկ, որը սպաներ մանրէներին, բայց չվնասեր մարդուն՝ ահա թե ինչումն էր կայանում դժվարությունը։ Նույնիսկ փորձում էին օգտագործել ուրիշ մանրէներ, փորձում էին հիվանդ մարդու մարմնի մեջ ներարկել այնպիսի մանրէներ, որոնք հանդիսանում էին ժանտախտի մանրէների թշնամիներր․․․

— Բայց ախր այդ բաները, այսինքն՝ մանրէները, անտեսանելի են, պապ,— առարկեց Նապաստակի Շրթունքը,— իսկ դու այնպիսի բաներ ես պատմում ղրանց մասին, կարծես թե իսկականից գոյություն ունեն։ Այն, ինչ որ չի երևում, առհասարակ գոյություն չունի։ Պայքարել այն բանի դեմ, ինչ չկա, այն բանով, որ չկա. այդպիսի բա՞ն կլինի։ Նրանք երևի բոլորն էլ հիմարներ են եղել այն ժամանակներում։ Դրա համար էլ ոտքերը ձգել են։ Ես էլ հավատացի այդ դատարկ բաներին։

Պապը նորից սկսեց լաց լինել, բայց Էդվինը նրան անմիջապես վերցրեց իր պաշտպանության տակ։

— Լսիր, Նապաստակի Շրթունք, դու ինքդ էլ հավատում ես շատ բանտերի, որ չես տեսնում։

Նապաստակի Շրթունքը թափահարեց գլուխը։

— Դու, օրինակ, հավատում ես, որ մեռածները դուրս են գալիս գերեզմանից, բայց երբեք չես տեսել նրանց։

— Իսկ ես ասում եմ, որ տեսել եմ նրանց անցյալ ձմեռ, երբ ես և հայրս գայլեր էինք որսում։

— Դե լավ, բայց դու միշտ թքում ես ձախ ուսիդ վրայով, երբ անցնում ես վտակը,— նեղում էր Էդվինը։

— Դա նրա համար է, որ աչքով չտան,— պաշտպանվում էր Նապաստակի Շրթունքը։

— Ուրեմն, դու հավատո՞ւմ ես աչքով տալուն։

— Անպայման։

— Բայց դու ոչ մի անգամ այն չես տեսել,— հաղթական տոնով ասաց Էդվինը։— Դու ավելի վատ ես, քան պապը իր մանրէներով։ Հավատում ես այն բանին, ինչ չես տեսել։

— Շարունակիր պատմել, պապ։

Նապաստակի Շրթունքը, որ ընկճվել էր այդ մետաֆիզիկական վեճում կրած պարտությունից, լռեց, իսկ ծերունին շարունակեց։

Չենք ծանրացնի պատմությունը ավելորդ նկարագրություններով այն մասին, թե ինչպես թոռները շարունակ հակաճառում էին միմյանց, ընդհատելով ծերուկին։ Նրանք, ձայները իջեցնելով, քննարկում էին լսածը և ամեն տեսակի ենթադրություններ անում՝ փորձելով հասկանալ այդ անհետ կորած ու չքացած աշխարհը։

— ․․․ Ալ Մահը բռնկվեց նաև Սան-Ֆրանցիսկոյում։ Առաջին մարդը մեռավ երկուշաբթի առավոտյան։ Մինչև հինգշաբթի մարդիկ Օքլենդում ու Սան-Ֆրանցիսկոյում ոչնչանում էին ճանճերի պես։ Նրանք մեռնում էին ամենուրեք՝ անկողնում, աշխատանքի վայրում, փողոցներում։ Երեքշաբթի օրն էր, որ ես տեսա առաջին մահը։ Միսս Քոլբրենը՝ իմ ուսանողուհիներից մեկը, նստած էր լսարանում ուղիղ իմ առջև։ Դասախոսություն կարդալիս՝ ես նայում էի նրան։ Նրա դեմքը հանկարծ ալ գույն ստացավ։ Ես լռեցի և միայն նայում էի նրան, քանզի բոլորս արդեն վախեցած էինք ժանտախտի մասին տարածվող լուրերից։ Աղջիկները ճչացին և դուրս թռան սենյակից։ նրանց հետևեցին երիտասարդ տղաները՝ բոլորը, բացի երկուսից։ Միսս Քոլբրենի ցնցումները շատ թեթև էին և մի րոպե էլ չտևեցին։ Երիտասարդներից մեկը ջուր բերեց աղջկա համար։ Նա շատ քիչ խմեց և ճչաց․

— Ոտքերս։ Ոտքերս թմրում են։— Իսկ մի րոպե անց.— Ոտքերս բոլորովին բռնվել են։ Կարծես ոտքեր չունեմ։ Եվ ծնկներս էլ սառն են։ Համարյա չեմ զգում, որ ծնկներ ունեմ։

Նա պառկած էր հատակին, մենք նրա գլխի տակ դրեցինք մի կապոց տետրակներ։ Ուրիշ ոչ մի բանով նրան օգնել չէինք կարող։ Սառնությունն ու թմրությունը սողում էին գոտկատեղից դեպի վեր, դեպի սիրտը, իսկ երբ այն հասավ սրտին, աղջիկը մեռավ։ Տասնհինգ րոպեի ընթացքում, ես հետևեցի ժամացույցին, նա մեռավ հենց տեղնուտեղը՝ իմ լսարանում։ Դա մի շատ գեղեցիկ, ուժեղ, առողջ կին էր։ Հիվանդության առաջին նշանները երևալուց մինչև, մահը տևեց քառորդ ժամ։ Ահա թե ինչպիսի արագությամբ էր ոչնչացնում Ալ ժանտախտը։

Այդ մի քանի րոպեում, որ ես մնացել էի լսարանում, մեռնողի հետ, սարսափը համակել էր ամբողջ համալսարանը․ ուսանողները հազարներով լքում էին լսարաններն ու լաբորատորիաները։ Երբ դուրս եկա, որպեսզի պատահարի մասին հայտնեմ ֆակուլտետի դեկանին, տեսա, որ համալսարանը դատարկ է, միայն մի քանի հոգի, որ ինչ-ինչ պատճառով ետ էին մնացել, համալսարանի բակով շտապում էին իրենց տները։ Նրանցից երկուսը վազում էին։

Դեկան Հոուգը մենակ էր իր առանձնասենյակում, նա կարծես միանգամից ծերացել էր, դեմքը ծածկվել էր կնճիռներով, որ ես առաջ չէի նկատել։ Տեսնելով ինձ՝ նա դժվարությամբ կանգնեց և ոտքերը քարշ տալով անցավ ներքին առանձնասենյակ. իր հետևից դուռը ծածկելով՝ նա արագ կողպեց բանալիով։ Նա գիտեր, որ ես կարող էի վարակված լինել, և վախեցավ։ Նա դռան հետևից բղավեց, որ ես հեռանամ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչ էի զգում, երբ քայլում էի դատարկ միջանցքներում և ամայի բակով։ Չէի սարսափում։ Այո, ես կարող էի վարակվել և ինձ արդեն մեռած էի համարում։ Բայց ինձ ճնշում էր ոչ թե մահվան սարսափը, այլ հոգեկան անտանելի ծանր վիճակը։ Կյանքը կանգ էր առել։ Թվում էր, թե հասել էր աշխարհի՝ իմ աշխարհի, վերջը։ Ախր իմ ծննդյան օրից ես շնչել էի համալսարանական օդը։ Դա իմ կյանքի կանխորոշված ճանապարհն էր։ Հայրս եղել էր այդ համալսարանի պրոֆեսորը, պապս՝ նույնպես։ Հարյուր հիսուն տարի շարունակ համալսարանը աշխատել էր, ինչպես մի հոյակապ մեքենա։ Եվ հանկարծ մի ակնթարթում այդ մեքենան կանգ առավ, թվում էր, թե հանգչում էր սուրբ զոհասեղանի սրբազան հայրը։ Ես մինչև հոգուս խորքը ցնցված էի։

Երբ տուն մտա, տնտեսուհին ճչաց և փախավ։ Ես զանգահարեցի, բայց ոչ ոք չարձագանքեց, և հասկացա, որ աղախինը նույնպես անհետացել է։ Ստուգեցի ամբողջ տունը։ Խոհանոցում գտա խոհարարուհուն, որը պատրաստվում էր հեռանալ։ Տեսնելով ինձ՝ նա նույնպես ճչաց և շտապելուց իր անձնական իրերի ճամպրուկը ներքև գցեց, դռնից դուրս թռավ և, շարունակելով ճչալ, վազեց դեպի դարբասը։ Մինչև օրս էլ իմ ականջներում հնչում է նրա ճիչը։ Սովորական հիվանդությունների ժամանակ մենք երբեք մեզ այդպես չէինք պահում։ Այդպիսի դեպքերում մենք մեզ պահում էինք շատ հանգիստ և ուղարկում էինք իրենց գործը լավ հասկացող բժշկի ու տածուհիների հետևից։ Բայց այս մեկը այլ բան էր։ Այդ հիվանդությունը բռնում էր հանկարծ, սպանում էր տեղնուտեղը և ոչ ոքի չէր խնայում։ Երբ մարդու դեմքի վրա ալ բիծ էր երևում, նա այլևս դատապարտված էր։ Ապաքինման ոչ մի դեպք ինձ հայտնի չէ։

Մնացի մենակ իմ հսկա տան մեջ։ Ես արդեն ասացի, որ մենք այն ժամանակ կարողանում էինք իրար հետ խոսել լարերով կամ օդով։ Հնչեց հեռախոսի զանգը, հասկացա, որ եղբայրս էր։ Նա հայտնեց, որ տուն չի վերադառնա, քանի որ վախենում է վարակվելուց։ Հայտնեց նույնպես, որ մեր երկու քույրերն առայժմ կապրեն պրոֆեսոր Բեյքոնի տանը։ Նա խորհուրդ էր տալիս ինձ մնալ տանը, մինչև որ պարզվի՝ վարակվա՞ծ եմ թե ոչ։

Ես համաձայնեցի, մնացի տանը և կյանքումս առաջին անգամ փորձեցի մի բան եփել։ Ինձ մոտ ժանտախտի նշաններ չերևացին։ Հեռախոսով կարող էի խոսել ում հետ ուզենայի, և իմանալ նորությունները։ Բացի այդ, ինձ համար բերում էին թերթեր, ես կարգադրել էի, որ դրանք նետեն իմ դռան առաջ, այնպես որ կարողանում էի իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում։

Նյու-Յորքում և Չիկագոյում քաոս էր տիրում։ Նույնը կատարվում էր և մյուս բոլոր խոշոր քաղաքներում։ Արդեն մեռել էր Նյու-Յորքի ոստիկանների մի երրորդ մասը։ Մեռել էր ոստիկանության պետը, ինչպես և քաղաքագլուխը։ Ոչ ոք չէր մտածում հասարակական կարգի պահպանման և օրենքի կատարման մասին։ Մարդկանց դիակները անթաղ ընկած էին փողոցներում։ Բոլոր գնացքներն ու նավերը, որոնք մթերքներ էին հասցնում խոշոր քաղաքները, դադարեցին աշխատելուց, և սոված չքավորների բազմությունները թալանում էին խանութներն ու պահեստները։ Ամենուրեք կատարվում էին ավազակություն, սպանություն ու հարբեցողություն։ Բնակիչները փախչում էին քաղաքից միլիոններով, սկզբում ունևոր մարդիկ իրենց սեփական ավտոմոբիլներով ու դիրիժաբլներով, նրանց հետևից ոտքով փախչում էին հասարակ մարդկանց խոշոր զանգվածները՝ տարածելով ժանտախտը, սովամահ լինելով և ճանապարհին կողոպտելով ֆերմաներ, գյուղեր ու քաղաքներ։

Նորությունները մենք իմ անում էինք մի մարդուց, որ իր հաղորդիչ ապարատով նստել էր բարձրահարկ շենքի ամենավերին հարկում։ Քաղաքում մնացածները,— նա ենթադրում էր, որ այդպիսիների թիվը հասնում էր մի քանի հարյուր հազարի,— խելագարվել էին սարսափից ու ոգելից խմիչքներից, և ամենուրեք մոլեգնում էին հրդեհները։ Նա՝ այդ մարդը, հերոս էր, որ շարունակում էր իր պաշտոնական պարտականությունները, լինելով երևի թերթերից մեկի ինչ-որ համեստ աշխատակից։

Նա հաղորդեց, որ վերջին քսանչորս ժամվա ընթացքում չէր ժամանել ոչ մի անդրատլանտյան օդանավ և չէր ստացվում ոչ մի տեղեկություն Անգլիայից։ Ճիշտ է, նա հայտնեց, որ Բեռլինից,— դա գերմանական քաղաք էր,– ստացված տեղեկության համաձայն Հոֆմեյերը՝ Մեչնիկովի հետևորդ մանրէաբանը, հայտնաբերել է հակաժանտախտային բուժաշիճուկը։ Դա վերջին հաղորդումն էր, որ մենք՝ ամերիկացիներս, ստացանք Եվրոպայից։ Նույնիսկ, եթե Հոֆմեյերին հաջողվել էր հայտնաբերել բուժաշիճուկը, միևնույն է, արդեն ուշ էր, երևի, որովհետև այլապես այստեղ անպայման կգային եվրոպական հետազոտողներ։ Մնում էր եզրակացնել, որ Եվրոպայում էլ կատարվեց նույնը, ինչ որ կատարվեց Ամերիկայում, և, լավագույն դեպքում, ամբողջ մայրցամաքում մի քանի տասնյակ մարդիկ միայն կարող էին փրկվել Ալ Մահից։

Նյու-Յորքի հետ կապը շարունակվեց մի օր ևս։ Հետո դա էլ խզվեց։ Բարձրահարկ շենքից լուրեր հաղորդող մարդը կամ մեռավ ժանտախտից, կամ էլ կործանվեց հրդեհներից, որոնք, ինչպես ինքը նկարագրում էր, մոլեգնում էին շուրջը։ Այն, ինչ պատահեց Նյու-Յորքում, կրկնվեց մյուս քաղաքներում ևս։ Այսպես եղավ և Սան-Ֆրանցիսկոյում, Օքլենդում ու Բերքլիում։ Մինչև հինգշաբթի մարդիկ մեռնում էին այնպիսի արագությամբ, որ դիակները հավաքող չկար, և նրանք ընկած էին ամեն տեղ։ Հինգշաբթի լույս ուրբաթ բնակիչներն սկսեցին խուճապով թողնել քաղաքը։ Պատկերացրեք, թոռնիկներ, ժողովրդի խիտ բազմությունները, ասես սաղմոնի վտառներ լինեին, որ ձեզ հաջողվել է տեսնել Սաքրամենթո գետում, միլիոններով քաղաքներից դուրս էին թափվում՝ ապարդյուն կերպով փորձելով խուսափել ամենահաս մահվանից։ Նրանք իրենց հետ տանում էին մանրէներ։ Նույնիսկ օդանավերը, որոնցով ունևոր մարդիկ փորձում էին փրկվել, թաքնվելով անմատչելի լեռներում ու վայրի անապատներում, հանդիսանում էին ժանտախտի տարածողները։

Հարյուրավոր օդանավեր ուղղություն էին վերցնում դեպի Հավայան կղզիները՝ տանելով այնտեղ ժանտախտը, սակայն հիվանդությունն արդեն մոլեգնում էր կղզիների վրա։ Մենք այդ մասին իմացանք մինչև Սան-Ֆրանցիսկոյում քաոսի սկսվելը, և չկար մեկը, որ լուրեր ընդուներ ու հաղորդեր։ Կապը կորցնել արտաքին աշխարհի հետ՝ դա անհնարին էր ու անհավանական։ Աշխարհը կարծես դադարեց գոյություն ունենալուց ու անհետ կորավ։ Վաթսուն տարի է անցել այդ օրվանից, երբ աշխարհը դադարեց ինձ համար գոյություն ունենալուց։ Ես գիտեմ, որ աշխարհում պետք է լինեն Նյու-Յորք, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա․ բայց այս վաթսուն տարվա ընթացքում ոչ ոք ոչ մի բառ չի լսել դրանց մասին։ Ալ Մահը աշխարհը միանգամայն ավերեց։ Հազարավոր տարիների կուլտուրան և քաղաքակրթությունը անհետ չքացան մի ակնթարթում, «անհետացան ծխաքուլայի պես»։

Ես արդեն ասացի, որ հարուստները փորձում էին փրկվե, օդանավերով, բայց ի վերջո նրանք բոլորն էլ, որքան էլ փորձում էին թաքնվել, զոհվեցին, որովհետև մանրէները թափանցել էին նույնիսկ նրանց օդանավերի մեջ։ Ես միայն մի մարդու հանդիպեցի, որը կարողացել էր փրկվել՝ դա Մանգերսոնն էր։ Նա հետագայում վերադարձավ Սանտա-Ռոսա և ամուսնացավ իմ ավագ դստեր հետ։ Մանգերսոնը ցեղի անդամ դարձավ ժանտախտից ութ տարի հետո։ Նա այն ժամանակ տասնինը տարեկան մի երիտասարդ էր և ստիպված եղավ տասներկու տարի սպասել, մինչև որ կարողացավ ամուսնանալ։ Բանն այն է, որ ցեղի բոլոր կանայք ամուսնացած էին, իսկ Սանտա-Ռոսայի մեծ աղջիկները արդեն նշանված էին։ Այնպես որ նա սպասեց, մինչև որ իմ Մերին դարձավ տասնվեց տարեկան։ Անցյալ տարի նրա որդուն՝ Ծուռ Ոտքին, հոշոտեց կատվառյուծը։

Մանգերսոնր տասնմեկ տարեկան էր, երբ սկսվեց ժանտախտը։ Նրա հայրը՝ Արդյունաբերական Մագնատներից մեկը, համարվում էր շատ հարուստ ու հզոր մարդ։ Նա ընտանիքը տարավ «Կոնդոր» իր սեփական օդանավով, փորձելով ազատվել ու թաքնվել Բրիտանական Կոլումբիայի մի խուլ անկյունում․ դա շատ հեռու է, հյուսիսում։ Բայց մի ինչ-որ վթարի պատճառով նրանք վայրէջք կատարեցին Շաստա լեռան մոտ։ Դուք լսել եք այդ լեռան մասին, դա նույնպես հյուսիսում է։ Այնտեղ էլ սկսվեց Ժանտախտը, և կենդանի մնաց միայն այդ տասնմեկ տարեկան տղան։ Ութ տարի նա մենակ թափառում էր ամայացած երկրում, հույս ունենալով, որ կհանդիպի մարդկանց։ Վերջապես, հարավ գալով, նա հանդիպեց մեզ Սանտա-Ռոսաներին։

Ես, սակայն, առաջ եմ ընկնում։ Եվ այդպես, երբ Սան-Ֆրանցիսկոյի ծովախորշի շուրջը եղած քաղաքներից սկսվեց մասսայական փախուստը, ես զանգեցի եղբորս, հեռախոսները դեռ աշխատում էին։ Ասացի, որ քաղաքներից փախչելը ուղղակի հիմարություն է, որ ես վարակված չեմ, և որ մենք մոտիկ ազգականների հետ միասին պետք է թաքնվենք մի ապահով տեղ։ Ընտրեցինք համալսարանի քիմիական ֆակուլտետի շենքը, որոշեցինք պարենի պաշար պատրաստել և զենքով ետ մղել բոլոր նրանց, ովքեր ուժով կփորձեին ներխուժել մեր ապաստանը։

Ամեն ինչի մասին պայմանավորվելուց հետո եղբայրս խնդրեց, որ տնից դուրս չգամ գոնե մի քսանչորս ժամ ևս, որպեսզի վերջնականապես համոզվեմ, որ վարակված չեմ։ Սիրով համաձայնեցի, և նա խոստացավ ինձ մոտ գալ հետևյալ օրը։ Մենք հանգամանորեն քննարկում էինք, թե ինչպես անենք, որ պարենր ավելի լավ պատրաստենք և պաշտպանենք շենքը, բայց հեռախոսս լռեց։ Լռեց մեր խոսակցության հենց կեսին։ Այդ երեկո մարեց նաև էլեկտրական լույսը, և ես նստեցի խավարում։ Թերթերն այլևս չէին հրատարակվում, և ես չգիտեի, թե ինչ է կատարվամ դրսում։ Ինչ-որ տեղից լսվում էին ճչոցներ և ատրճանակի կրակոցներ, իսկ լուսամուտից, Օքլենդի ուղղությամբ, երկնքում տեսնում էի վիթխարի հրդեհի բոցեղեն լեզուները։ Սարսափելի գիշեր էր։ Ոչ մի րոպե աչքերս չփակեցի։ Մայթի վրա, հենց իմ տան առաջ, հրազենով սպանեցին մի մարդու․ չգիտեմ, թե ինչ կատարվեց այնտեղ։ Լսեցի միայն ավտոմատ ատրճանակի կրակոցներ, իսկ մի քանի րոպե հետո, հառաչելով ու օգնություն աղերսելով, վիրավորվածը սողալով մոտեցավ իմ տան դռներին։ Զինվելով երկու ավտոմատ ատրճանակով՝ ես դուրս եկա նրան ընդառաջ։ Լուցկու լույսի տակ տեսա, որ նա մեռնում է հրազենի պատճառած վերքից և միաժամանակ վարակված է ժանտախտով։ Ներս նետվեցի տուն և կես ժամ շարունակ լսում էի նրա տնքոցներն ու, հեծկլտոցները։

Առավոտյան եկավ եղբայրս։ Մինչ այդ ես բոլոր արժեքավոր իրերն արդեն հավաքել էի ճամպրուկի մեջ, բայց երբ նայեցի նրա դեմքին, հասկացա, որ եղբորս վիճակված չէ ուղեկցել ինձ դեպի քիմիական ֆակուլտետի շենքը։ Նրա դեմքի վրա հայտնվեցին ժանտախտի նշաններ։ Նա ուզեց ձեռքս սեղմել, բայց ես սարսափով ընկրկեցի։

— Հայելուն նայիր,— հրամայեցի ես։

Նա հնազանդվեց և, դեմքին ալ բծեր նկատելով, որ քանի գնում խտանում ու մթնում էին, թուլացած ընկավ բազկաթոռին։

— Աստված իմ,— շշնջաց նա։— Ես վարակվել էմ։ Մի մոտենա ինձ։ Ես դատապարտված եմ։

Հետո սկսվեցին նրա ջղացնցումները։ Երկու ժամ շարունակ նա տանջվում էր, ընդ որում, մինչև վերջին րոպեն գտնվում էր լրիվ գիտակցության մեջ և միայն գանգատվում էր ցրտից, ոտքերի, սրունքների, ազդրերի անզգայությունից, մինչև որ ընդարմացումը հասավ սրտին, և նա մեռավ։ Այդպես էր Ալ Մահը ոչնչացնում։ Աճապարանքով վերցրի ճամպրուկս և դուրս նետվեցի։ Փողոցներում վիճակը զարհուրելի էր։ Մարմիններ էին, որ դիպչում էին ոտքերիս։ Ոմանք դեռ մեռած չէին։ Իմ աչքերի առաջ մարդիկ գլորվում էին գետին։ Բերքլիում մոլեգնում էին հրդեհներր, իսկ Սան-Ֆրանցիսկոն և Օքլենգը վերածվեցին մի հսկայական խարույկի։ Հրդեհների սև ծուխը պատել էր երկինքն այնպես, որ կեսօրը նմանվել էր գորշ մթնշաղի, և միայն ժամանակ առ ժամանակ, երբ քամի էր բարձրանում, մեգի միջից աղոտ կերպով լուսանցում էր արևի կարմիր սկավառակը։ Թվում էր, թե հասել է աշխարհի վերջը։

Ամեն տեղ կանգնած էին ավտոմեքենաներ, որովհետև ավտոկայաններում ոչ վառելիք կարելի էր գտնել, ոչ էլ պահեստամասեր։ Հիշում եմ մի ավտոմոբիլ։ Ներսում, նստարանի վրա մեռած ընկել էին մի տղամարդ ու մի կին, իսկ ոչ հեռու, մայթի վրա փռվել էին երկու կին և մի երեխա։ Որ կողմը նայում էիր՝ տեսարանը տարօրինակ էր ու սարսափելի։ Մարդիկ լռելյայն, գաղտագողի, ուրվականների պես շտապում էին ինչ-որ տեղ. քաթանի պես գունատ կանայք կրծքներին էին սեղմել մանկիկներին. հայրերը քայլում էին որդիների ձեռքերից բռնած։ Գնում էին մենակ, զույգ-զույգ, ամբողջ ընտանիքներով, աշխատելով շուտ դուրս պրծնել մահվան քաղաքից։ Ոմանք իրենց հետ տանում էին ուտելիք, ոմանք էլ՝ անկողին ու թանկարժեք իրեր, բայց շատերը գնում էին առանց բեռի։

Անցնում էին նպարավաճառի խանութի մոտով․ դա մի տեղ էր, որտեղ ուտելեղեն էին վաճառում։ Խանութի տերը (ես լավ էի ճանաչում նրան), մի հանգիստ ու հավասարակշռված, բայց և շատ անհեռատես ու հաստակող մարդ էր. նա պաշտպանում էր խանութը մի քանի մարդկանցից։ Դռներն ու լուսամուտները ջարդված էին, բայց խանութպանը, որ թաքնվել էր վաճառասեղանի հետևի մասում, կրակում էր մի խումբ մարդկանց վրա, որ կուտակվել էին մայթին և ուզում էին ներս խուժել։ Մուտքի մոտ փռվել էին մի քանի հոգու դիակներ, որոնց ենթադրում եմ, նա էր սպանել։ Մինչ ես որոշ հեռավորությունից դիտում էի այդ մարտը, կողոպտիչներից մեկը ջարդեց կից կոշկեղենի խանութի լուսամուտները և հրդեհեց այն։ Չէի շտապում օգնել նպարավաճառին։ Ազնվագույն արարքների ժամանակն արդեն անցել էր։
Քաղաքակրթությունը կործանվում էր, ամեն ոք մտածում էր իր մասին։

Comments