Chapter 7
VII
Մատիսն ու Բորկան կանգնել էին դեմ դիմաց՝ անդունդի երկու կողմում, յուրաքանչյուրը շրջապատված իր ավազակներով։ Ունդիսան էլ էր եկել, և Ռոնին դեռ հեռվից լսեց նրա գոռգոռոցն ու անեծքները։ Նա լուտանքներ էր թափում Մատիսի գլխին։ Բայց Մատիսը տեղնուտեղը վճռականորեն դրա վերջը տվեց։
— Էյ, Բորկա, դու, ի՞նչ է, չե՞ս կարողանում կնկադ բերանը փակել,— հարցրեց նա։— Քեզ վնաս չի լսել ինչ որ ասելու եմ։
Ռոնին կանգնեց հոր թիկունքում, որ նա իրեն չտեսնի։ Բայց ինքը տեսնում ու լսում էր ավելի շատ, քան ուժ ուներ դիմանալու։ Մատիսի կողքին կանգնած էր Բիրկը։ Նրա ձեռքերն ու ոտքերը արձակել էին, բայց վիզը գցած էր լայն կաշվե օղապարան՝ վզակապի նման, իսկ կաշեփոկի մյուս ծայրը Մատիսի ձեռքում էր, ասես վիզը կապած շուն էր ման ածում։
— Դու դաժան մարդ ես, Մատիս,— ասաց Բորկան։— Ու նաև՝ գարշելի։ Դու ուզում ես ինձ այստեղից վռնդել, ինչ կա որ, ես դա կարող եմ հասկանալ... Բայց բռնել իմ որդուն, որպեսզի ստիպես ինձ հեռանալ ամրոցից, ախր դա ստորություն է, Մատիս...
— Ես քեզ չեմ հարցնում ինչ ես մտածում իմ մասին,— կտրեց նրան Մատիսը։— Ես ուզում եմ իմանալ, ե՞րբ ես այստեղից կորչելու։
Բորկան լռում էր, նա այնքան չարացած ու ճնշված էր, որ բառերը մնում էին նրա կոկորդում։ Նա երկար լուռ կանգնած էր, հետո ստիպեց իրեն պատասխանել։
— Սկզբում ես պետք է տեղ գտնեմ, ուր մենք բոլորս կկարողանանք ապահով ապրել, իսկ դրա համար ժամանակ է պետք։ Վերադարձրու որդուս, և մենք այստեղից կհեռանանք դեռ ամառը չվերջացած, քեզ խոսք եմ տալիս։
— Լավ,— ասաց Մատիսը։— Այդ դեպքում, ես էլ քեզ խոսք եմ տալիս, որ որդուդ կվերադարձնեմ նույնպես մինչև ամառվա վերջը։
— Ես կարծում էի դու կվերադարձնես հիմա,— ասաց Բորկան։
— Իսկ ես կարծում եմ, որ հիմա դու նրան չես ստանա,— պատասխանեց Մատիսը։— Մեր ամրոցում շատ կան մութ նկուղներ, այնպես որ քո լակոտի գլխին ծածկ կլինի։ Սա քեզ կմխիթարի, եթե ամառը անձրևոտ լինի։
Ռոնին կամացուկ հառաչում էր իր անզորությունից։ Ահա, պարզվում է, ինչ դաժան հաշվեհարդար է մտածել կատարել հայրը։ Եթե Բորկան և նրա մարդիկ անմիջապես չհեռանան այստեղից ուր աչքները կտրի, ապա Բիրկը ստիպված կլինի նստել ստորերկրյա դամբարանում մինչև ամառվա վերջը, բայց այդքան երկար նա այնտեղ չի ապրի, Ռոնին դա գիտեր, նա կմեռնի, և ինքն այլևս եղբայր չի ունենա։
Եվ հայր էլ, որին այնպես սիրում էր, ինքը չի ունենա այլևս։ Նրա սիրտը ուղղակի ցավից պատառ֊պատառ էր լինում։ Նա ուզում էր Մատիսին պատժել նաև այն բանի համար, որ չի կարող այլևս իրեն նրա դուստրը համարել։ Ախ, ինչ կրքոտությամբ էր ուզում, որ հայրը հիմա տառապի իրենից ոչ պակաս, ինչպես էր երազում խանգարել նրան։ Եվ հանկարծ գլխի ընկավ ինչպես ի չիք անի նրա մտահղացումը։ Մի անգամ արդեն նա այդ արել է և՝ նույնպես զայրույթի պահին, ճիշտ է, ոչ այսպես խելահեղ, ինչպես այժմ։ Իրեն կորցրած, Ռոնին հանկարծ թափ առավ ու թռավ։ Մատիսը տեսավ նրան, երբ նա թռչունի նման թռավ֊անցավ անդունդի վրայով, ու գոռաց։
Այդպես գոռում են վայրի կենդանիները մահացու վտանգի պահին։ Արյունը սառեց նրա ավազակների երակներում, որովհետև ոչինչ ավելի ահարկու նրանք չէին լսել իրենց ողջ կյանքի ընթացքում։ Եվ հետո, նրանք բոլորը տեսան Ռոնիին, անդունդի այն կողմում, իրենց թշնամիների մոտ։ Ավելի սարսափելի բան պատկերացնել չէր էլ կարելի, ավելի անբացատրելի՝ նույնպես։
Ասենք, Բորկայի ավազակների համար էլ դա նմանապես անբացատրելի էր։ Նրանք նայում էին Ռոնիին այնպիսի զարմանքով, կարծես նա աղջիկ չէր, այլ հանկարծ նրանց մոտ թռած֊եկած չարասիրտ դրուդ։
Բորկան նույնպես քարացավ զարմանքից, բայց իսկույն տիրապետեց իրեն։ Ամեն ինչ միանգամից փոխվեց։ Մատիսի դուստրը, այս փոքրիկ չարասիրտ դրուդը, իրեն օգնության եկավ այսպես տարօրինակ ձևով։ Նա, իհարկե, չէր հասկանում ինչու աղջիկը դիմեց այդպիսի խելահեղ արարքի, բայց քմծիծաղով, լուռ նրա վիզը գցեց կաշեփոկի օղակը։
Հետո ձայնեց Մատիսին.
— Մեր աշտարակում էլ կա մութ նկուղ։ Եվ քո դուստրն էլ տանիք կունենա գլխին, եթե անձրև գա։ Ահա, ես էլ քեզ եմ մխիթարում, Մատիս։
Բայց մի՞թե Մատիսին որևէ բան կարող էր մխիթարել։ Նա կանգնած էր՝ ասես մահացու վիրավորված հսկայական արջ և ետուառաջ էր օրորվում, կարծես փորձելով դրանով խլացնել անտանելի ցավը։ Ռոնին նայում էր նրան, և արցունքները հոսում էին այտերով։ Մատիսը ձեռքից բաց թողեց կաշեփոկը, բայց տղան չշարժվեց, նրա դալուկ, անարյուն դեմքը հուսահատություն էր արտահայտում։ Նա աչքը չէր հեռացնում Ռոնիից, որ կանգնած էր փլվածքի մյուս կողմում, և տեսավ, որ նա լալիս է։
Ունդիսան մոտեցավ նրան, կոպիտ հրեց։
— Տզա՛, տզա՛... Ես էլ լաց կլինեի, եթե իմ հայրը այդպիսի գազան լիներ...
Բայց Բորկան կոպտորեն ընդհատեց կնոջը։ Իբր, թող հեռանա այստեղից և չխառնվի ուրիշի գործերին։
Չնայած Ռոնին ինքն էլ Մատիսին գազան անվանեց, բայց հիմա նա միայն մի բան էր ուզում՝ սփոփել հորը, չէ որ ինքը նրան այնպիսի վիշտ է պատճառել։ Լովիսան էլ էր ուզում օգնել Մատիսին, ինչպես միշտ, երբ նա փորձանքի մեջ էր ընկնում։ Նա կանգնեց Մատիսի կողքին, բայց Մատիսը նույնիսկ չնկատեց այդ։ Նա ընդհանրապես ոչինչ չէր նկատում։ Հիմա նա բոլորովին մենակ էր ամբողջ աշխարհում։
Այստեղ Բորկան ձայն տվեց նրան.
— Է՛յ, Մատիս, որդուս կվերադարձնե՞ս, թե ոչ։
Մատիսն առաջվա նման առաջ ու ետ էր օրորվում և ոչինչ չէր պատասխանում։
Այդ ժամանակ Բորկան բղավեց ամբողջ ուժով.
— Կվերադարձնե՞ս որդուս։
Վերջապես Մատիսը ուշքի եկավ։
— Տար,— պատասխանեց նա անտարբեր։— Երբ կուզես։
— Ես հիմա եմ ուզում,— ասաց Բորկան։— Ոչ թե երբ վերջանա ամառը, այլ հիմա։
Մատիսը գլխով արեց։
— Ասացի չէ՞, երբ ուզես։
Թվում էր, հիմա նրան ոչինչ չէր հետաքրքրում։ Բայց Բորկան քմծիծաղով ավելացրեց։
— Եվ դու տեղնուտեղը ետ կստանաս քո դստերը։ Փոխանակություն է, դա քո գծով է, սրիկա։
— Ես դուստր չունեմ,— կամաց ասաց Մատիսը։
Բորկայի քմծիծաղը միանգամից մարեց։
— Ուշքի արի, ի՞նչ ես դուրս տալիս։ Էլի ի՞նչ ես մտածել։
— Ասում եմ՝ տար որդուդ,— ասաց Մատիսը։— Բայց դու աղջկաս վերադարձնել չես կարող։ Ես աղջիկ չունեմ։
— Փոխարենը՝ ես ունեմ դուստր,— բղավեց Լովիսան այնպես բարձր, որ բոլոր ագռավները թռան ամրոցի պարիսպների ատամների վրայից։— Եվ իմ երեխային ուզում եմ ետ ստանալ։ Դու հասկացա՞ր, Բորկա։ Հիմա։
Նա սևեռուն նայեց Մատիսին ու ավելացրեց։
— Եթե նույնիսկ հայրը խելքը թռցրել է։
Մատիսը շրջվեց ու ծանր քայլերով հեռացավ։
* * *
Հաջորդ բոլոր օրերին Մատիսը չէր երևում ամրոցի մեծ դահլիճում։ Եվ Գայլի երախի մոտ էլ, երբ փոխանակում էին երեխաներին, նա նույնպես չկար։
Այստեղ եկավ Լովիսան, որ տանի դստերը։ Նրան ուղեկցում էին Ֆյոսոկն ու Ժոենը, իսկ նրանց միջև քայլում էր Բիրկը։ Բորկան իր ավազակներով և Ունդիսան արդեն սպասում էին Գայլի երախի մոտ, ու հենց որ Լովիսային տեսավ, Ունդիսան, չթաքցնելով իր ցնծությունը, չարությամբ բղավեց.
— Իսկ Մատիսը, երևի, ամաչում է մարդկանց աչքին երևալ, բա ո՜նց, վայ֊ավազակ, որը երեխաներ է գողանում...
Լովիսան նրան պատասխանի չարժանացրեց։ Նա գրկեց Ռոնիին և ուզեց տանել, ոչ մեկին ոչինչ չասելով։ Նա շատ էր մտածել այն մասին, թե ինչու իր աղջիկը կամավոր իրեն հանձնեց Բորկայի ձեռքը, բայց միայն այստեղ, երբ երեխաները հանդիպեցին, գլխի ընկավ բանն ինչ է։
Ռոնին ու Բիրկը իրար նայում էին այնպես, ասես, ամբողջ կիրճում միայն իրենք էին, ի՜նչ կիրճ, մենակ էին ամբողջ աշխարհում։ Այո, այդ երկուսը իրար պաշտպան կկանգնեն մինչև վերջ, դա պարզ դարձավ բոլորի համար։
Ունդիսային՝ նույնպես, բայց նրան դուր չեկավ։
— Ի՞նչ գործ ունես նրա հետ։
— Նա իմ քույրն է,— պատասխանեց Բիրկը։— Նա փրկել է իմ կյանքը։
Ռոնին հպվեց մորն ու լաց եղավ։
Բայց Բորկան զայրույթից ամբողջապես կարմրեց։
— Չլինի՞ իմ տղան ինձնից թաքուն ընկերություն է անում այս անպետք աղջկա՝ մեր մահացու թշնամիների դստեր հետ։
— Նա իմ քույրն է,— նորից ասաց Բիրկն ու նայեց Ռոնիին։
— Քո՞ւյրը,— կրկնեց Ունդիսան քմծիծաղով։— Ո՜նց չէ։— Նա գրկեց Բիրկի ուսերը, որ շուտ տանի այդտեղից։— Գիտենք ինչ կլինի այդ քույրը քեզ համար մի քանի տարի հետո։
— Ձեռքերդ քաշիր, ի՛նքս կգամ։
Նա շրջվեց ու հեռացավ։
— Բիրկ,— ավելի շուտ տնքաց, քան բղավեց նրա հետևից Ռոնին։
Բայց նա հետ չնայեց, քայլում էր՝ ոտքերի տակ նայելով և շուտով անհետացավ ճանապարհի ոլորանի հետևում։ Այդ ժամանակ Լովիսան փորձեց հարցուփորձ անել աղջկան ամեն ինչի մասին, բայց ապարդյուն։
— Ինձ հետ մի՛ խոսիր,— կոպիտ կտրեց Ռոնին։
Լովիսան նրան հանգիստ թողեց, ու նրանք լուռ գնացին տուն։
Ճաղատ Պերը Ռոնիին սպասում էր դահլիճում և այնպես դիմավորեց նրան, ասես աղջիկը փրկվել է մահացու վտանգից։
— Ի՜նչ երջանկություն, որ դու ողջ ես,— բացականչեց նա։— Խեղճ երեխա, այնպես էի քեզ համար անհանգստանում։
Ոչ մի բառ չպատասխանելով, Ռոնին ուղղվեց դեպի իր մահճակալը, պառկեց և քաշեց ամպհովանը։
— Մեր ամրոցում բույն է դրել դժբախտությունը,— տրտմում էր Ճաղատ Պերը և տխուր օրորում գլուխը։ Իսկ հետո ձայնն իջեցնելով շշնջաց Լովիսային.— Մատիսը խցում է։ Պառկել է իմ մահճակալին՝ հայացքը առաստաղին, ու լռում է։ Վեր կենալ չի ուզում, ուտելիքից հրաժարվում է։ Ի՞նչ անենք։
— Ոչինչ։ Մի լավ կսովածանա, կգա այստեղ,— պատասխանեց Լովիսան, բայց երևում էր, որ նա էլ էր անհանգստացած։
Չորրորդ օրը նա մտավ Ճաղատ Պերի խուցը և Մատիսին ասաց.
— Գնանք ճաշենք։ Հերի՛ք է կամակորություն անես։
Վերջիվերջո Մատիսը, այնուամենայնիվ, վեր կացավ և գնաց դահլիճ՝ ամպի նման մռայլ։ Նա այնպես էր նիհարել, որ դժվար էր ճանաչել։ Լուռ փլվեց նստարանին ու սկսեց ուտել։ Նրա բոլոր ավազակները ևս լուռ էին։ Դեռ երբեք այդ դահլիճում այսպիսի լռություն չէր եղել։ Ռոնին նստած էր իր սովորական տեղում, բայց Մատիսը, թվում էր, նրան չի տեսնում։ Աղջիկն էլ չէր համարձակվում աչքերը բարձրացնել նրա վրա, բայց, այնուամենայնիվ, թաքուն հայացք գցեց նրա կողմը ու տեսավ անծանոթ Մատիսին, որ բոլորովին նման չէր հորը, որին ճանաչում էր իր ամբողջ կյանքում։ Այո, նրա կերպարանքը փոխվել էր, չճանաչելու աստիճան, սարսափելի էր։ Նա ուզեց վեր թռչել սեղանի մոտից ու փախչել, փախչել Մատիսից, բոլորից ու ամեն ինչից, մնալ մենակ։ Բայց անորոշությունից տեղից չշարժվեց։ Աղջիկը չգիտեր՝ ինչ անի, ինչպես գլուխ հանի իր վրա թափված բոլոր դժբախտություններից։
— Հը՛, կաչաղակներ, կշտացա՞ք,— ծաղրական հարցրեց Լովիսան լուռ ավազակներին, երբ ճաշն ավարտվեց։ Նույնիսկ նա ի վիճակի չէր տանել այդ ձգձգվող լռությունը։ Քթի տակ անհասկանալի բաներ մրթմրթալով՝ ավազակները միանգամից վեր կացան և մի մարդու նման գնացին ախոռ, իրենց ձիերի մոտ, որոնց արդեն չորրորդ օրն էր չէին հանել մսուրքից։ Քանի որ իրենց ատամանը փռվել է Ճաղատ Պերի խցում ու նայում է առաստաղին, ապա իրենք էլ չէին կարող անցնել ավազակի իրենց արհեստին, որը, նրանց կարծիքով, շատ ցավալի էր, ախր ավազակություն անելու ամենալավ ժամանակն էր։
Մատիսը դահլիճից դուրս եկավ՝ այդպես էլ առանց մի բառ ասելու, և այդ օրը այլևս ոչ ոք նրան չտեսավ։
Ռոնին էլ փախավ տնից։ Շուտ, շուտ դեպի անտառ։ Արդեն երեք օր սպասում էր այնտեղ Բիրկին, բայց նա այդպես էլ չհայտնվեց։ Նա չէր հասկանում ինչու, ինչ են արել Բիրկին Բորկայի աշտարակում։ Գուցե փակել են, որ կտրեն անտառից, բաժանեն իրենց։ Նրա համար ծանր էր սպասել ու չիմանալ՝ ինչ է պատահել նրան։
Եվ ահա նա եկավ։ Սկզբում Ռոնին լսեց նրա սուլոցը սոճուտում և ուրախությունից իրեն կորցնելով՝ նետվեց նրան ընդառաջ։ Ահա նա։ Եվ քարշ էր տալիս ինչ֊որ ծանր կապոց։
— Ես տեղափոխվում եմ ապրելու անտառում,— ասաց նա,— էլ չեմ կարող մնալ Բորկայի աշտարակում։
Ռոնին նրան էր նայում զարմանքով։
— Ինչո՞ւ։
— Տանել չեմ կարող կշտամբանքները,— ասաց,— երեք օր դիմացա, հերիք է։
«Մատիսի լռությունը ցանկացած կշտամբանքից վատ է»,— մտածեց Ռոնին։ Եվ հանկարծ հասկացավ ինչ պետք է անի. եթե կյանքը անտանելի է դառնում, պետք է փոխել։ Բիրկը դրանից չվախեցավ, ինչո՞ւ ինքն էլ այդպես չվարվի։
— Ես էլ կհեռանամ մեր ամրոցից,— վճռականորեն ասաց նա։— Այո, կհեռանամ։
— Ես ծնվել եմ քարանձավում,— ասաց Բիրկը,— և կարող եմ ապրել քարանձավում։ Իսկ դու կարո՞ղ ես։
— Քեզ հետ՝ ուր ասես,— պատասխանեց Ռոնին,— իսկ Արջի քարանձավում՝ առավել ևս։
Շրջապատի լեռները միավորվելով՝ անձավներ էին կազմում, բայց ոչ մեկը նման չէր Արջի քարանձավին։ Ռոնին դրա մասին վաղուց իմացել էր Մատիսից, երևի, այն ժամանակվանից, որ սկսեց անտառում անցկացնել բոլոր օրերը։ Մատիսն ինքը մի ժամանակ սիրում էր այնտեղ գիշերել։ Երբ դեռ երեխա էր։ Ամռանը։ Իսկ ձմեռն այնտեղ քնում են արջերը, պատմում էր այն ժամանակ Ճաղատ Պերը։ Դրա համար էլ անվանեցին Արջի քարանձավ։ Հիմա էլ են այդպես կոչում, երբ նույնիսկ այնտեղ արդեն արջեր չեն էլ ապրում։
Այդ քարանձավը, որ բարձր ժայռապատի մեջ էր, կարելի էր մտնել միայն մի նեղլիկ ելուստով, որ անցնում էր փրփրադեզ գետի վրայով։ Բայց հենց մուտքի առջև ելուստը լայնանում էր։ Այդ հրապարակի վրա կարելի էր նստել ու նայել, ինչպես փայլելով ու շողշողալով՝ լեռների ու անտառների վրա բացվում է նոր օրը։ Այո, այդ անձավում կարելի է ապրել, այդ բանը նա հաստատ գիտեր։
— Ես երեկոյան կգամ այնտեղ,— ասաց Ռոնին։— Այնտեղ կլինե՞ս։
— Իհարկե,— պատասխանեց Բիրկը։— Ես կսպասեմ քեզ։
Այդ երեկո Լովիսան երգում էր Գայլի երգը։ Ինչպես որ երգում էր միշտ օրվա վերջին, ինչպիսին էլ որ լիներ՝ երջանիկ, թե տխուր, երգում էր Ռոնիի համար։
«Ախր ես լսում եմ նրան վերջին անգամ»,— մտածեց Ռոնին։ Եվ թախիծը համակեց նրան։ Ծանր է բաժանվել մորից, բայց ավելի ծանր է չլինել այլևս Մատիսի դուստրը։ Դրա համար էլ պետք է հեռանա, գնա անտառ, եթե նույնիսկ էլ երբեք չլսի Գայլի երգը։ Եվ հեռանալ պետք է հենց հիմա։ Հենց որ Լովիսան քնի։
Ռոնին անկողնում սպասում էր ու նայում էր կրակին։ Լովիսան անհանգիստ պտտվում էր իր լայն մահճակալին, բայց վերջապես հանդարտվեց, և նրա հանգիստ շնչառությունից Ռոնին հասկացավ, որ քնած է։
Այդ ժամանակ Ռոնին կամաց մոտեցավ մահճակալին և երկար նայում էր քնած մորը՝ լուսավորված օջախի հանգչող կրակի անհավասար լույսով։
«Թանկագին իմ Լովիսա,— մտածում էր նա,— ով գիտի, կտեսնվենք մենք երբևէ»։
Լովիսայի մազերը թափված էին բարձին։ Ռոնին մատներով հպվեց բաց շագանակագույն մազափնջին։ Իսկապե՞ս սա իր մայրն է։ Քնած ժամանակ փոքրիկ աղջկա նման է։ Եվ շատ տանջված տեսք ունի։ Նա, երևի, իրեն շատ միայնակ է զգում այս լայն մահճակալի վրա առանց Մատիսի։ Հիմա էլ դուստրն է լքում նրան։
— Ներիր ինձ,— շշնջաց Ռոնին։— Ես ուրիշ կերպ վարվել չեմ կարող։
Գաղտագողի նա դուրս եկավ դահլիճից և ուսը գցեց իր կապոցը, որը դեռ ցերեկը պահել էր խորդանոցում։ Կապոցն այնքան ծանր էր, որ Ռոնին հազիվ էր քարշ տալիս։ Դրա համար էլ հենց հասավ Գայլի երախին, գետին շպրտեց, ու կապոցը գլորվեց ուղիղ Տյոգեի ու Տյորմի ոտքերի մոտ, որոնք պահակ էին կանգնած։ Իհարկե, հիմա Մատիսը սիրտ չուներ, որ ամրոցի շուրջը պահապաններ կարգեր, բայց այդ գործը ջանասիրությամբ կատարում էր Ճաղատ Պերը։
— Չխաբես, չխաբես... Նզովում եմ քեզ բոլոր չարասիրտ դրուդներով, ասա, ի՞նչ ես անում այստեղ գիշերով։
— Ես հեռանում եմ ամրոցից,— ասաց Ռոնին։— Եվ կապրեմ անտառում։ Հաղորդիր սա Լովիսային։
— Իսկ ինչո՞ւ ինքդ նրան չես ասում։
— Նա չէր թողնի։ Իսկ ես չեմ ուզում, որ ինձ հետ պահեն։
— Իսկ հա՞յրդ ինչ կասի,— հարցրեց Տյորմը։
— Իմ հա՞յրը,— կրկնեց Ռոնին։— Մի՞թե ես հայր ունեմ։
Ավազակների ձեռքերը սեղմելով՝ Ռոնին հրաժեշտ տվեց։
Նա հանգիստ քայլում էր լուսնի լույսով լուսավորված անտառով, մայրիների ու սոճիների արանքով, մամուռի ու սև հաղարջի թփուտների վրայով, ճահիճների կողքով, որոնցից մոմածաղկի հոտ էր փչում, անհատակ սև փոսերի կողքով, մագլցում֊անցնում էր քամու տապալած մամռածածկ ծառերի վրայով ու բոբիկ ոտքերով չփչփացնում էր՝ անցնելով արագահոս վտակները։ Նա գնում էր դեպի Արջի քարանձավը՝ անցնելով ողջ անտառը և ոչ մի անգամ ճանապարհը չկորցրեց։ Նա տեսավ ինչպես են գլաքարի վրա լուսնի լույսի մեջ պարում մուգ տրոլները։
Ռոնին ակամա հիշեց և՛ Մատիսին, և՛ Լովիսային, ու նրա սիրտը նվվաց։ Նա իր ցավը մոռացավ, հենց որ վերջապես մոտեցավ ժայռին։ Այնտեղ խարույկ էր վառվում։ Այս քարանձավի առջևի քարե հրապարակում Բիրկը կրակ էր վառել, որ Ռոնին չմրսեր գարնանային գիշերվա ցրտից։ Կրակը թրթռում էր՝ լուսավորելով շուրջն ամեն ինչ։ Ռոնին այն դեռ հեռվից նկատեց և հիշեց Մատիսին, որը սիրում էր կրկնել. «Որտեղ տուն, այնտեղ էլ կրակ»։
Բայց կարելի է ասել նաև հակառակը. «Որտեղ կրակ, այնտեղ տուն»,— մտածեց Ռոնին։ Սրանից հետո Արջի քարանձավը կլինի իրենց տունը։
Բիրկը հանգիստ նստել էր խարույկի մոտ ու տապակած միս էր ծամում։ Նա ձողով մի կտոր էլ վերցրեց ու մեկնեց Ռոնիին։
— Ես վաղուց արդեն քեզ եմ սպասում,— ասաց նա։— Կեր մինչև Գայլի երգը երգելը։
* * *
Հենց որ նրանք պառկեցին՝ յուրաքանչյուրը եղևնու ճյուղերից սարքած իր փռոցի վրա, Ռոնին փորձեց Բիրկի համար երգել Գայլի երգը։ Բայց երբ հիշեց, ինչպես էր Լովիսան սովորաբար երգում իր ու Մատիսի համար այն երջանիկ ժամանակ, երբ ամրոցում ամեն բան դեռ հին ձևով էր, նրան այնպիսի թախիծ համակեց, որ ձայնը կտրվեց։
Եվ Բիրկն էլ արդեն համարյա քնել էր։ Ռոնիին սպասելով, նա ամբողջ օրը քարանձավը մաքրել էր արջերի թողած կեղտից, որոնք այնտեղ քնած անցկացրել էին ձմեռը։ Հետո անտառից չոր փայտ բերեց խարույկի համար և եղևնու թարմ ճյուղեր՝ անկողինների համար։ Մի խոսքով, ամբողջ օրն աշխատել էր առանց հանգստանալու, դրա համար էլ քունն այդպես շուտ տարավ։ Բայց Ռոնին դեռ չէր քնել։
Նա երկար ժամանակ պառկած էր բաց աչքերով, այնքան էլ ուրախ չէր, ինչպես սպասում էր։ Բայց քարանձավի մուտքից նա տեսնում էր գարնանային լուսավոր երկինքը և լսում էր ինչպես էր գետը աղմկում այնտեղ՝ ներքևում, իր քարե հունի մեջ, և դրանից թեթևացավ։
«Նույն երկինքն է, ինչ մեր ամրոցի վերևում,— մտածում էր նա,— և նույն գետն է աղմկում, ոնց որ տանը»։
Եվ Ռոնին էլ քնեց։
Նրանք արթնացան, երբ արևը բարձրանում էր գետի վրա։ Հրե գնդի նման նա դուրս էր լողում առավոտվա թանձր մշուշի միջից և, ասես հրդեհ, մոտիկ ու հեռու անտառները լուսավորում էր կարմիր հրացոլքով։
— Այնպես եմ սառել, որ ատամս ատամիս վրա չի կանգնում,— ասաց Բիրկը։— Բայց լուսաբացին է ցուրտ լինում, շուտով կտաքանա։ Ես քեզ մխիթարեցի՞։
— Խարույկն ամենալավ մխիթարությունը կլիներ,— ասաց Ռոնին։
Նա էլ էր ցրտից դողում։ Բիրկը փչեց ածուխները, որոնք դեռ մլմլում էին տաք մոխիրի տակ։ Նրանք նստեցին խարույկի մոտ ու սկսեցին հաց ուտել, վրայից էլ այծի կաթ խմել, որը Ռոնին իր հետ բերել էր փայտե տափաշշով։ Երբ կաթը խմեցին վերջացրին, Ռոնին ասաց.
— Հիմա միայն աղբյուրի ջուր կխմենք։
— Այո, այստեղ չենք չաղանա,— շարունակեց Բիրկը,— բայց դրանից չեն մեռնում։
Նրանք իրար նայեցին ու ծիծաղեցին։ Կյանքը Արջի քարանձավում հեշտ չի լինի, բայց դա նրանց բոլորովին չէր վախեցնում։ Ռոնին արդեն մոռացել էր, որ գիշերը անվերջ տխրել է։ Նրանք կերան ու տաքացան, ու առավոտն էլ չափազանց պարզ էր, և նրանք թռչունների նման ազատ էին։ Միայն այժմ այդ հասկացան ինչպես պետքն է։ Ամենը, ինչ նրանց ճնշում ու ընկճում էր, մնացել էր ետևում, և առանց պայմանավորվելու, որոշեցին այդ մասին չմտածել ու չհիշել։
— Ռոնի,— ասաց Բիրկը։— Հասկանո՞ւմ ես ինչ ազատ ենք մենք։ Այնպես ազատ ենք, որ ուզում եմ ծիծաղել։
— Ըհը՛, և այս ամենը մեր թագավորությունն է,— ասաց Ռոնին։— Ոչ ոք չի կարող մեզնից խլել կամ քշել մեզ այստեղից։
Նրանք նստել էին կրակի մոտ, քանի դեռ արևը բարձրանում էր, իսկ ներքևում, ժայռի ստորոտին աղմկում էր գետը, և արթնանում էր անտառը։ Ծառերի կատարները կամացուկ դողդողում էին առավոտյան քամուց, ինչ֊որ տեղ կանչում էր կկուն, կողքը փայտփորիկը թխկթխկացնում էր մայրու բնին, իսկ որմզդեղնի ընտանիքը եկել էր ջուր խմելու։ Ռոնիին ու Բիրկին թվում էր, թե իրենց են պատկանում և՛ գետը, և՛ անտառը, և՛ ամեն, ամեն բան, ինչ այնտեղ ապրում է։
— Ականջներդ փակի՛ր, Բիրկ,— հանկարծ ասաց Ռոնին։— Որովհետև ես հիմա կբղավեմ։ Դա կլինի իմ գարնանային ճիչը։
Եվ նա բղավեց այնպես բարձր, որ արձագանքը գլորվեց բոլոր լեռներով ու հովիտներով։
— Գիտե՞ս, Ռոնի, ինչի մասին եմ հիմա մտածում։ Պետք է շուտ այստեղ բերեմ իմ արբալետը, քանի դեռ քո բղավոցի վրա չեն թռել֊եկել բոլոր չարասիրտ դրուդները։
— Իսկ ինձ Մատիսը դեռ թույլ չի տվել արբալետ վերցնել,— ասաց Ռոնին։— Բայց եթե ինձ դանակ տաս, ես ինքս քեզ համար աղեղ կսարքեմ։
— Ըհը, բայց տես, չկորցնես։ Սա մեր ամենաթանկ իրն է։ Առանց դրա մենք անտառում կկորչենք։
Հետո Բիրկն անձավի մուտքի առջևի ժայռոտ հրապարակի վրա դասավորեց իր ամբողջ հարստությունը, որ դրանք ցույց տա Ռոնիին. կացին, սրաքար, կաթսայիկ, ձկնորսական պարագաներ, թռչուն որսալու թակարդ, նետեր և կարճ նիզակ, մի խոսքով, ամենաանհրաժեշտ իրերը անտառում ապրողների համար։
— Իսկ դու, պարզվում է, գիտես, որ անտառի բնակիչները իրենք են իրենց համար կեր հայթայթում և պաշտպանվում են չարասիրտ դրուդներից ու զանազան գիշատիչներից։
— Իհարկե գիտեմ,— ասաց Բիրկը։— Մենք...
Բայց խոսքը վերջացնել չհասցրեց, որովհետև Ռոնին թափով բռնեց նրա ձեռքն ու վախով շշնջաց.
— Սը՛սս։ Այնտեղ ինչ֊որ մեկը կա։ Անձավում։
Շունչները պահելով՝ նրանք ականջ դրին։ Այո, անձավի խորքում իսկապես մի բան շարժվում էր։ Բիրկը ճանկեց նիզակը։ Նրանք անշարժ կանգնել էին՝ ականջ դնելով անհասկանալի ձայներին։ Քարանձավում ինչ֊որ մեկը, ակներև, քայլում էր, և նրանք վախեցան, որովհետև չգիտեին ով է այնտեղ քայլում։ Գուցե թաքնվել էին չարասիրտ դրուդնե՞րը։ Եվ հանկարծ ամբողջ երամով միանգամից դուրս կթռչեն այնտեղից ու կսկսեն բզկտել իրենց սուր ճանկերով։
— Կորե՛ք այստեղից, զզվելի արարածներ,— բղավեց Բիրկը։— Դո՛ւրս թռեք, եթե չեք վախենում այս անտառի ամենասուր նիզակից։
Բայց ոչ ոք դուրս չթռավ։ Փոխարենը չար ֆշշոց լսվեց։
— Մ֊մարդիկ մ֊մոխրագույն թզուկների֊ի անտառում։ Բոլ֊լ֊լոր մ֊մ֊մոխրագույն թզ֊զ֊զուկներ, կծ֊ծ֊ծեք ու ծեծեք նրանց։ Կծ֊ծ֊ծեք ու ծեծեք նրանց...
Ռոնին կատաղությունից ուղղակի կորցրեց իրեն։
— Դո՛ւրս մեր անձավից։ Կորե՛ք, մոխրագույն թզուկներ... Չքվե՛ք, թե չէ ձեր գզգզված մազերը կպոկեմ։
Եվ այստեղ մոխրագույն թզուկները սարսափած, խուռներամ դուրս թափվեցին անձավից։ Նրանք չարությամբ նայում էին Ռոնիին, ծտտացնում էին լեզուներն ու ֆշշում, իսկ նա ի պատասխան ֆշշում էր նրանց վրա։ Իսկ երբ Բիրկը նիզակով սպառնաց նրանց, նրանք գլուխները ջարդելով ցած խուժեցին, կառչելով դուրս ցցված ժայռի ելուստներից, որ չգլորվեն։
— Բանը վատ է,— ասաց Ռոնին։— Հիմա ամբողջ անտառում խոսք ու զրույցը մեր մասին կլինի, այն մասին, որ մենք ապրում ենք այս քարանձավում, և ամեն մի չար դրուդ կիմանա որտեղ գտնել մեզ։
Բայց անտառում վախենալ չի կարելի, այդ բանը Ռոնիին սովորեցրել էին մանկուց։ Նրանք երկուսն էլ՝ և՛ Բիրկը, և՛ Ռոնին, գտնում էին, որ նախապես տագնապելը ուղղակի հիմարություն է։ Դրա համար էլ նրանք ամենայն հանգստությամբ անձավ տարան իրենց բոլոր մթերքները, և զենքերը, և մնացած բաները։ Հետո գնացին աղբյուրի ջուր բերելու և գետը ուռկան գցեցին։ Ափին տափակ քարեր գտան ու դրանցից անձավի մուտքի առջև իսկական օջախ շարեցին։ Միայն դրանից հետո խորացան անտառում՝ գիհի գտնելու, որ Ռոնիի համար աղեղ պատրաստեն։
— Տուր դանակը,— բացականչեց Բիրկը։— Վերջին անգամ սրեմ։
— Դանակը՞,— հարցրեց Ռոնին։— Քեզ մոտ է։
Բիրկը տարուբերեց գլուխը։
— Ոչ, դու ես վերցրել։ Ո՞ւր է...
— Ինձ մոտ դանակ չկա,— ասաց աղջիկը։— Դու, ինչ է, չե՞ս լսում։ Չկա։
— Ի՞նչ ես արել։
Ռոնին զայրացավ։
— Այդ դու ես մի տեղ գցել, ոչ թե ես։ Դո՛ւ վերջինը ձեռք տվիր։
— Ո՛չ, դո՛ւ,— ասաց Բիրկը։
Ռոնին մռայլվեց ու լուռ սկսեց փնտրել դանակը։ Նա փնտրում էր ամեն տեղ. և՛ անձավում, և՛ հրապարակում։ Դանակը ոչ մի տեղ չկար։
Բիրկը չար նայեց Ռոնիին։
— Ես քեզ զգուշացրի, առանց դանակի մենք անտառում կկորչենք։
— Նախ և առաջ,— ասաց Ռոնին,— դու պետք է այն լավ պահեիր։ Իսկ երկրորդը՝ միայն ստորներն են իրենց մեղքը ուրիշի վրա գցում։
Բիրկը սփրթնեց։
— Դե ինչ, ավազակի դուստր, հավատարիմ ես քեզ։ Մի բան չեղած՝ ճանկերդ հանում ես։ Եվ ես, չգիտես ինչու, պետք է քեզ հետ միասին ապրեմ։
— Իսկ ով է քեզ պարտադրում, Բորկայի ավազակախմբի ավազակ։ Ապրիր քո դանակի հետ, եթե կարողանաս գտնել... Իսկ ընդհանրապես, կորիր սատանայի ծոցը...
Եվ բարձր հեծկլտալով՝ դուրս թռավ անձավից։ Փախչել, փախչել անտառ, թեկուզ տարտարոսը, միայն թե չտեսնի այդ ստորին։ Երբեք չտեսնի։ Եվ այլևս չխոսի հետը։
Բիրկը նայում էր նրա հետևից և ավելի ու ավելի էր զայրանում։
— Այդպես, այդպես,— գոռում էր նա,— թող քեզ այնտեղ ճանկեն չարասիրտ դրուդները, դու նրանց ցեղից ես։
Այստեղ նրա հայացքն ընկավ մամուռին, որը չորանում էր արևի տակ։ Ռոնիի ցնդաբանությունն է։ Եվ Բիրկը չարությունից ոտքով այսուայն կողմ գցեց մամուռը։ Մամուռի տակ ընկած էր դանակը։ Նա երկար նայեց դրան մինչև վերցնելը։ Ախր իրենք այնպես մանրակրկիտ փնտրել էին ամեն տեղ, և մամուռի մեջ էլ՝ ի դեպ։ Ինչպե՞ս է դանակը հայտնվել այստեղ և ո՞ւմ պատճառով։ Այն բանում, որ այդ հիմար մամուռը քարշ էին տվել այստեղ, Ռոնին էր մեղավոր։ Դա նրա մտահղացումն էր։ Եվ ընդհանրապես, նա մի տեսակ ցնդած է, համառ է ավանակի նման։ Այդպես թող թափառի անտառում, մինչև խելքը գլուխը գա։
Բիրկը համաչափորեն սրում էր դանակը, մինչև նորից դարձավ սուր։ Հետո մի քանի անգամ վեր֊վեր գցեց ափի մեջ և զգաց ինչ հուսալի ու հարմար տեղավորվել է ձեռքի մեջ։ Հրաշալի դանակ է, համ էլ չի կորել։ Բիրկի զայրույթն անցավ, անհետացավ այն ընթացքում, երբ զբաղված էր դանակով։ Հիմա ամեն ինչ կարգին է։ Դանակը կա։ Միայն թե Ռոնին չկա։ Չլինի՞ դրա համար է կրծքի տակ ճմլվում։ «Ապրիր քո դանակի հետ»,— ահա ինչ բղավեց նա։ Եվ զայրույթը նրա մեջ բռնկվեց նոր ուժով... Իսկապես, անտառում որտե՞ղ է պատրաստվում ապրել։ Իհարկե, դա իրեն չի վերաբերում։ Կարող է վազվզել ուր խելքին փչի... Եվ եթե չվերադառնա, այն էլ՝ շուտ, մեղքը իր վիզը։ Հիմա ինքը նրան ուղղակի ներս չի թողնի Արջի քարանձավը։ Ոչ մի դեպքում։ Եվ նա ուզեց անմիջապես այդ ասել նրան։ Բայց հո չի կարող նրա պատճառով գժի նման վազվզել անտառում։ Իհարկե, նա շուտով կվերադառնա և կխնդրի, որ հետ ընդունի իրեն, և ահա այդ ժամանակ ինքը կասի նրան. «Շուտ պետք է գայիր, հիմա ուշ է։ Ա՛յ, այդպես...»։
Այդ բառերը նա բարձրաձայն ասաց, որպեսզի լսի ինչպես են հնչում։ Եվ վախեցավ։ Մի՞թե կարելի է այդպես դաժանորեն խոսել քրոջ հետ։ ճիշտ է, նա ինքն էր այդ ուզում։ Ի՞նքն է դուրս արել նրան։
Բիրկը տեսավ, որ գետից մառախուղ է բարձրանում։ Եվ հիշեց ինչպես մի անգամ Ռոնիի պատճառով կռվում էր ստորգետնյա ոգիների հետ, որոնք նրան հմայել֊տարել էին իրենց երգով։ Նա այն ժամանակ այնպես անողոք վարվեց իր հետ, նույնիսկ այտը կծեց։ Այդպես էլ դեմքին փոքրիկ սպի մնաց։ Բայց, այնուամենայնիվ, ինչքան է նա իրեն դուր գալիս։ Այո, դուր եկավ առաջին հայացքից, բայց Ռոնին չգիտեր։ Բիրկը երբեք նրան այդ չէր ասել։ Հիմա ինքը պետք է մենակ ապրի այդ անձավում։ Իր դանակի հետ... Եվ ինչպես կարողացավ այդպիսի չար խոսքեր ասել իրեն։ Նա առանց մտածելու գետը կգցեր այդ չարաբաստիկ դանակը, միայն թե Ռոնին վերադառնար, հիմա տղան դա լավ էր հասկանում։
Ինչ լինում է լինի, այլևս ուժ չունի Ռոնիին սպասելու։ Պետք է նրա ետևից վազի անտառ։ Եվ անպայման գտնի Ռոնիին։
Բիրկը վազում էր այնքան երկար, որ շունչը կտրվեց։ Նա փնտրում էր աղջկան բոլոր արահետներում և բոլոր տեղերում, որտեղ նա, ինչպես իրեն թվում էր, կարող էր թաքնվել։ Բղավում էր անունը այնպես բարձր, որ իր ձայնից վախենում էր։
Գարնանային երեկոն չքնաղ էր, ինչպես հրաշք, բայց Բիրկը չնկատեց այդ գեղեցկությունը։ Նա չէր զգում տերևների ու խոտերի բույրը, չէր լսում ինչ են երգում թռչունները, չէր տեսնում բացատների ծաղիկները և զգում էր միայն, որ իր սիրտը կծկվում է վշտից։
Եվ այստեղ նա լսեց, որ հեռվում ինչ֊որ տեղ ձի խրխնջաց։ Ասես մահացու վախից։ Վազեց այդ կողմը, իսկ վրնջոցը հնչում էր ավելի բարձր ու ավելի հուսահատ։ Վերջապես եղևնիներով շրջապատված փոքրիկ բացատի մեջտեղը նա տեսավ ձիուն, պատռված վերքից նրա վզով հոսում էր արյունը։ Ձին վախեցավ Բիրկից, նա դա նկատեց, բայց չփախավ, այլ ավելի հուսահատ վրնջաց՝ ասես նրանից օգնություն ու պաշտպանություն խնդրելով։
— Խեղճ,— ասաց Բիրկը։— Ո՞վ է քեզ այսպես...
Եվ այստեղ հայտնվեց Ռոնին։ Նա դուրս թռավ եղևնուտից ու վազեց Բիրկին ընդառաջ։ Արցունքները վազում էին նրա այտերով։
— Դու տեսա՞ր արջին,— բղավեց նա։— Վա՜յ, Բիրկ, նա պատառոտեց նրա մտրուկին, սպանեց նրան։
Եվ չնայած Ռոնին դառնագին լաց էր լինում, Բիրկը ուրախությունից կորցրել էր իրեն։ Ռոնին կենդանի է, անվնաս, արջը նրան ձեռք չի տվել։ Ի՜նչ երջանկություն։ Ո՛չ չար դրուդները, ո՛չ Մատիսը չեն խլել նրան իրենից։
Ռոնին կանգնած էր ձիու կողքին ու նայում էր ինչպես է վերքից նրա վզին կաթում արյունը։ Եվ հանկարծ կարծես Լովիսայի ձայնը խոսեց նրա մեջ։ Նա միանգամից հասկացավ ինչ է պետք անել։
— Սպիտակ մամուռ։ Շուտ բեր, թե չէ արնաքամ կլինի,— բղավեց Ռոնին Բիրկին։
Եվ Բիրկը վազեց։ Իսկ քանի նա չկար, Ռոնին գրկում էր ձիու գլուխն ու ականջին շշնջում սիրալիր խոսքեր, ինչպես կարող էր։ Եվ ձին կանգնել էր անշարժ, ասես հասկանում էր դրանք։
Բիրկը վերադարձավ ու բերեց մի գիրկ սպիտակ մամուռ։ Նրանք միասին սպիտակ մամուռը դրին վերքի վրա և տեսան, որ տեղնուտեղը արյունը թրջեց այն։ Այդ ժամանակ վրայից մի շերտ էլ դրեցին ու ամրացրին իրենց գոտիներով՝ ինչպես կարող էին։ Ձին հնազանդ կանգնած էր ու չէր խանգարում նրանց, երևի հասկանում էր, որ իրեն բուժում են։ Իսկ ահա բրդոտ տյուխը, որը նայում էր մոտիկ եղևնու հետևից, այդ բանը չէր հասկանում։
— Ինչուխանցի եքխանցի դուքխանցի այդպեսխանցի անումխանցի,— մռայլ հարցրեց նա։
Ռոնին ու Բիրկը ուրախացան՝ տեսնելով բրդոտ տյուխին, որովհետև դա նշանակում էր, որ արջը գնացել է։ Չէ՞ որ արջերն ու գայլերը վախենում են անտառի չար ոգիներից։
— Մտրուկըխանցի,— ասաց բրդոտ տյուխը,— այլևսխանցի չիխանցի թռչկոտումխանցի։ Նախանցի չկախանցի։
— Մենք գիտենք,— տխուր պատասխանեց Ռոնին։
Ամբողջ գիշեր նրանք չհեռացան ձիու մոտից, համարյա չէին քնել ու սառել էին, բայց նույնիսկ չէին նկատում այդ։ Նստել էին կողք֊կողքի՝ խիտ եղևնու տակ։ Եվ խոսում էին ինչի մասին ասես, միայն՝ ոչ վեճի։ Ասես դրա մասին մոռացել էին։
Կեսգիշերից հետո վերքի մամուռը փոխեցին, հետո մի քիչ քնեցին ու արթնացան, երբ սկսեց լույսը բացվել։
— Նայիր, վերքն արդեն չի արյունահոսում։ Մամուռը չոր է,— ասաց Ռոնին։
Նրանք գնացին դեպի քարանձավը՝ իրենց հետևից տանելով ձիուն։ Չէ որ չէր կարելի նրան մենակ թողնել։ Ամեն մի քայլը տանջանքով էր գցում խեղճը, բայց սիրով գնում էր։
Քարանձավից ոչ հեռու աղբյուր կար և ոլորապտույտ հոսում էր եղևնիների ու կեչիների բների արանքով։ Սովորաբար այնտեղից էին ջուր բերում։ Եվ հիմա ձիուն բերին այդտեղ։
— Խմիր,— ասաց Ռոնին,— որ արյունդ ավելանա։
Զին երկար ու ագահաբար խմում էր։ Հետո Բիրկը նրան կապեց ծառից։
Եվ այստեղ Ռոնին տեսավ, որ նրա պտուկներից կաթ է կաթում։
— Այս կաթը քո մտրուկի համար է, բայց հիմա դու կարող ես մեզ տալ։
Ռոնին վազեց քարանձավ և վերադարձավ փայտե թասը ձեռքին։
Եվ կթեց ձիուն։ Թասը լիքը լցվեց կաթով։ Ձին շատ թեթևացավ, երբ իր լցված կուրծը դատարկվեց։ Իսկ Բիրկը կաթ շատ էր սիրում։
— Հիմա մենք տնային կենդանի ունենք,— ասաց նա։— Ձիուն պետք է անուն դնենք։ Ի՞նչպես կոչենք։
— Արի Լիտա անվանենք,— առանց մտածելու առաջարկեց Ռոնին,— Մատիսը փոքր ժամանակ ձի է ունեցել, որին այդպես էլ անվանել են՝ Լիտա։
Թարմ կաթ խմել, այն էլ աղբյուրի ջրում սառեցրած, դրանից լավ ինչ կարող է լինել։ Նրանք նստել էին քարանձավի մուտքի առջևի հրապարակում, հաց էին ուտում, վրայից կաթ խմում ու նայում էին ինչպես է ծագում արևը։
— Ափսոս դանակ չունենք,— հանկարծ ասաց Ռոնին։
Այդ ժամանակ Բիրկը գրպանից հանեց դանակն ու մեկնեց նրան։
— Ես գտա,— ասաց Բիրկը։— Իր համար հանգիստ պառկած էր մամուռի տակ ու սպասում էր, մինչ մենք կռվում էինք։
Ռոնին բավական ժամանակ լուռ նստել էր, հետո ասաց.
— Գիտե՞ս ինչի մասին եմ մտածում։ Այն մասին, որ մի փուչ բանից կարելի է շատ բան ավերել...
— Դե, ուրեմն, արի զգուշանանք այդ փուչ բանից... Իսկ գիտե՞ս ինչի մասին եմ մտածում։ Այն մասին, որ դու ինձ համար թանկ ես, քան հազար դանակը։
Ռոնին նայեց նրան ու ժպտաց.
— Դու ի՞նչ է, խելքդ թռցրի՞ր։
Այդպես Լովիսան էր ասում Մատիսին։