1. Ավազակի դուստր Ռոնին

Chapter 5

V

Ավազակները կարոտում էին գարունը՝ ե՜րբ է նորից գալու ավազակության ժամանակը։ Եվ անհամբեր սպասելով տաքանալուն, նրանք մաքրում էին ձյունը, դահուկներ էին տաշում, մաքրում էին զենքը, խնամում ձիերին, զառ էին գցում, բուխարու մոտ նստած երգում էին իրենց ավազակային երգերը և ավազակային պարեր պարում։

Ռոնին խաղում էր նրանց հետ և ավազակներից ոչ պակաս կարոտում գարնանային անտառը։ Այդ ժամանակ նա վերջապես նորից կտեսնի Բիրկին և կհարցնի՝ իսկապե՞ս ուզում է լինել իր եղբայրը, ինչպես խոստացել էր այն ժամանակ, երբ ձյուն էր գալիս։

Բայց սպասելն, ինչպես հայտնի է, հեշտ չէ, իսկ Ռոնին էլ, դրա հետ մեկտեղ, չէր կարող նստել փակի տակ, չորս պատերի մեջ։ Նա ուղղակի իրեն տեղ չէր գտնում, և օրերը նրա համար ձգվում էին տանջալիորեն երկար։ Դրա համար էլ մի անգամ իջավ ամրոցի նկուղը, ուր վաղուց արդեն չէր եղել։ Նրան վախեցնում էր այդ հսկայական խոնավ նկուղը՝ իսկական ժայռի մեջ փորված բանտ։

Հայտնվելով ներքևում, նա բարձրացրեց մխացող լապտերը ու լուսավորեց ցածր, մռայլ առաստաղը, որի տակ մի ժամանակ տանջվել էին այն դժբախտները, որոնք կորցրել էին երբևէ լույս աշխարհ դուրս գալու հույսը։ Մի անգամ այստեղ նա եղել էր Ճաղատ Պերի հետ։ Պերն այստեղ էր բերել Ռոնիին ցույց տալու, թե ինչ էր արել կայծակն իր ծնվելու գիշերը. ոչ միայն ամրոցն էր երկու մասի բաժանել՝ մասերը հեռացնելով իրարից անհատակ անդունդով, այլև փշրել էր ժայռը, որի վրա այն կանգնած էր, և դրա համար էր գետնուղու մուտքը այդ մասում փակվել էր ջարդոտված քարերով։

Ռոնին մտքերի մեջ ընկավ։ Փլվածքի մյուս կողմում ստորգետնյա մուտքը շարունակվում է, որը նա գիտեր, և Ճաղատ Պերն էլ էր նրան այդ մասին ասել։ Նա այն ժամանակ էլ էր զայրանում, որ առաջ գնալ չէր կարող, իսկ հիմա հասավ հուսահատության։ Ախր այս ջարդոտված քարերի բլրի հետևում, ինչ֊որ տեղ, ամրոցի այն մասում գտնվում է Բիրկը, և, ով գիտի, գուցե հենց հիմա նա էլ է թափառում գետնահարկում։

Այսպես էր մտածում և չէր կարողանում աչքը կտրել փլվածքից։ Եվ վերջապես որոշում ընդունեց։

Հաջորդ բոլոր օրերին Ռոնին անհետանում էր վաղ առավոտից, և ոչ ոք չգիտեր որտեղ է անցկացնում նա իր ժամանակը։ Բայց ոչ Մատիսը, ոչ Լովիսան չէին անհանգստանում։ Հավանորեն ձյան հետ է խաղում, բոլորի նման մտածում էին նրանք։

Բայց նա ձյան հետ չէր խաղում։ Նա քանդում, հանում էր ժայռաբեկորները ու հեռացնում էր անցուղուց և այնպիսի ջանադրությամբ, որ մեջքի ցավից ուզում էր բղավել, իսկ ձեռքերն ուղղակի պոկվում էին։ Բայց և այնպես, դեռ լույսը չբացված, նորից վազում էր նկուղային հարկ։ Եվ մոլագարի նման դույլ դույլի ետևից լցնում էր քարերով ու քարշ էր տալիս մոտակա խորդանոցը։ Եվ ահա, եկավ մի օր, որ խորդանոցը լիքը լցվեց քարերով։

Այդ ժամանակ անցուղին փակող քարե արգելքը այնքան փոքրացավ, որ նրա վրայով, թեև մեծ դժվարությամբ, բայց կարելի էր արդեն անցնել։ Եթե սիրտ անի։ Հարկավոր է նախ ամեն բան լավ ծանրութեթև անել։ Համարձակություն կունենա՞ թափանցել Բորկայի տիրույթները։ Ի՞նչ է սպասում նրան այնտեղ։ Նա չգիտեր։ Բայց որ այդ ճանապարհը վտանգավոր է՝ լավ հասկանում էր։ Եվ, այնուամենայնիվ, պատրաստ էր գնալ այդ վտանգավոր ճանապարհով։ Միայն թե տեսներ Բիրկին։

Հանկարծ նրան ինչ֊որ ձայներ հասան, կարծես քայլերի աղմուկ լիներ։ Այո, այնտեղ, փլվածքի ետևում, ինչ֊որ մեկը քայլում էր։ Դա կարող էր միայն Բորկայի ավազակը լինել։ Ռոնին շունչը պահեց և, չհամարձակվելով շարժվել, մկան նման թաքնվեց։

Բայց այստեղ Բորկայի ավազակը մի մեղեդի սուլեց, որը Ռոնին մի անգամ արդեն լսել էր։ Այո, իհարկե, լսել էր։ Այդ երգն էր սուլում Բիրկը, երբ իր ոտքը հանում էր տյուխերի որջից։ Իսկ գուցե Բորկայի բոլոր ավազակներն էլ սուլո՞ւմ են այդ մեղեդին։

Քիչ մնաց մեռներ հուզմունքից, բայց սիրտ չարեց ձայն տալ սուլողին, դա չափազանց վտանգավոր էր։ Ինչպե՞ս իմանա ով է։

Եվ ինքն էլ սուլեց։ Մյուս կողմում սուլոցը դադարեց։ Ճնշող լռությունը այնքան երկար էր, որ նա արդեն որոշեց փախչել. հանկարծ ու անծանոթ ավազակը դուրս սոդա հիմա փլվածքի ետևից ու բռնի իրեն։

Բայց այստեղ նա լսեց Բիրկի ձայնը։ Կամաց ու անվճռական, ասես ինքն իրեն չէր հավատում.

— Ռոնի։ Այդ դո՞ւ ես։

— Բիրկ,— բղավեց նա, ուրախությունից կորցնելով իրեն,— Բիրկ, Բիրկ...— Ու, լսելով, հարցրեց։— Դու իսկապե՞ս ուզում ես իմ եղբայրը լինել։

Ի պատասխան լսեց նրա կամացուկ ծիծաղը։

— Քույր իմ,— ասաց նա,— ինչ ուրախ եմ, որ լսում եմ քեզ, բայց ուզում եմ նաև տեսնել։ Քո աչքերը նույնքան սև են, ինչպես որ առա՞ջ էին։

— Մագլցիր այստեղ ու տես,— բղավեց Ռոնին։

Ուրիշ բան ասել չհասցրեց, որովհետև վախից նրա շունչը կտրվեց։ Նա լսեց, որ հեռվում ճռռալով բացվեց ու դղրդոցով փակվեց նկուղի ծանր դարպասը. ինչ֊որ մեկը սանդուղքով ցած էր իջնում։ Այո, այո, ինչ֊որ մեկը այստեղ էր գալիս։ Եթե նա հենց այս րոպեին չգտնի, թե ինչ անի, կորած է։ Եվ Բիրկն էլ։ Նա լսում էր քայլերը, դրանք մոտենում էին, իսկ Ռոնին դեռ անշարժ կանգնած էր, ասես վախից քարացած ոչխար լիներ։ Եվ միայն վերջին վայրկյանին ցնցվեց ու շտապ շշնջաց Բիրկին.

— Մինչև վաղը։

Եվ ամբողջ ուժով նետվեց ընդառաջ նրան, ով այստեղ էր գալիս։ Ով էլ որ լինի եկողը, չպետք է իմանա, որ ինքը քանդել է փլվածքը։ Պատկերացրեք, դա Ճաղատ Պերն էր, և նրա աչքերը ուրախությունից փայլատակեցին, երբ տեսավ Ռոնիին։

— Մեռա քեզ փնտրելով։ Երդվեցնում եմ քեզ բոլոր չար դրուդներով, ասա, այստեղ ի՞նչ ես անում։

Նա արագ բռնեց ծերուկի ձեռքն ու ետ դարձրեց նրան.

— Հո չի կարելի օր֊օրի միայն ձյան հետ խաղալ,— պատասխանեց Ռոնին։— Գնանք, գնանք, հիմա ես ուզում եմ շուտ դուրս գալ մաքուր օդի։

— Ճիշտ ես ասում,— քաջալերեց նրան ծերուկը,— ձանձրալի է ամեն օր ձյան հետ խաղալ։ Իսկ ահա զառ գցել կարելի է բոլոր օրերին՝ անընդհատ։

— Այո, զառ գցել կարելի է բոլոր օրերին, անընդհատ։ Ահա, հիմա էլ կսկսենք,— բացականչեց Ռոնին և Ճաղատ Պերին քարշ տվեց իր հետևից։

Եվ նրա հետ զառ գցեց այնքան ժամանակ, մինչև Լովիսան երգեց Գայլի երգը։ Բայց այդ ամբողջ ժամանակ Ռոնին մտածում էր Բիրկի մասին։

Վաղը։ Դա վերջին բառն էր, որ նա արտասանեց մտքում, մինչև խոր քուն մտնելը։ Վաղը։

Եվ ահա այդ վաղը վերջապես եկավ։ Ռոնին կարող էր գնալ Բիրկի մոտ։

Նա շտապ իր կաշվե տոպրակը մի կտոր հաց գցեց, փայտե տափաշշի մեջ այծի կաթ լցրեց։ Ոչ ոք չտեսավ՝ ինչպես նա քարե աստիճաններով ցած վազեց։ Եվ մի քանի րոպե հետո արդեն կանգնած էր փլվածքի մոտ։

— Բիրկ,— գոռաց, վախենալով, որ նա այնտեղ չի լինի։

Ոչ ոք նրան չպատասխանեց, քարե փլվածքի հետևում ոչ մի ձայն չէր լսվում։ Ռոնին այնպես վշտացավ, որ քիչ մնաց լաց լիներ։ Իսկ եթե ընդհանրապես չգա՞։

Հանկարծ մեկը քաշեց նրա մազերը։ Նա վախից նույնիսկ ճչաց։ Ինչ է որոնում այստեղ այդ Ճաղատ Պերը։ Ինչո՞ւ է նորից թափառում նկուղում ու իր գործը փչացնում։

Բայց դա ոչ թե Ճաղատ Պերն էր, այլ՝ Բիրկը։ Նա ժպտալով կանգնել էր Ռոնիի կողքին և նրա ճերմակ ատամները շողում էին կիսախավարում։ Իսկ ատամներից բացի նա ոչինչ չէր կարող տեսնել, այնպես թույլ էր լուսավորում նրա լապտերը։

— Ես վաղուց եմ սպասում,— ասաց Բիրկը։

Ռոնին զգաց, ինչպես իր մեջ բռնկվեց ուրախությունը։

Մտածեք հապա, ինքը եղբայր ունի, որը վաղուց սպասում է իրեն։

— Իսկ ես ինչքա՜ն վաղուց եմ սպասում,— ասաց նա։— Հենց այն օրից, որ ինձ փրկեցիր։

Նրանք լռեցին, չիմանալով ինչ ասել իրար, և երկար լուռ կանգնել էին, ուրախանալով, որ միասին են։

Հետո Բիրկը բարձրացրեց իր ինքնաշեն մոմը ու լուսավորեց Ռոնիի դեմքը։

— Աչքերդ առաջվա նման սև֊սև են,— ասաց նա։— Նույնն ես, ինչպես որ կայիր, միայն՝ քիչ ավելի գունատ։

Իսկ Բիրկը բոլորովին այն չէր, ինչպես հիշում էր նրան Ռոնին։ խիստ նիհարել էր, դեմքը՝ երկարել, իսկ աչքերը դարձել էին հսկայական։

— Քեզ ի՞նչ է պատահել,— բացականչեց նա։

— Ոչինչ,— պատասխանեց Բիրկը։— Ուղղակի քիչ եմ ուտում, չնայած ինձ ավելի շատ ուտելիք են տալիս, քան Բորկայի աշտարակում եղած մյուս բոլորին։

Ռոնին միանգամից չհասկացավ ինչ ասաց նա։

— Դուք, ինչ է, ուտելու բան չունե՞ք։ Դուք կուշտ չեք ուտո՞ւմ։

— Մեզ մոտ վաղուց արդեն բոլորը քաղցած են մնում։ Ուտելիք համարյա չի մնացել։ Եթե գարունը ուշանա, մենք իսկապես կգնանք տարտարոսը, ինչը դու մեկ անգամ չէ, որ կամենում էիր, հիշո՞ւմ ես,— հարցրեց նա ու ծիծաղեց։

— Այդ ժամանակից շատ ջրեր են հոսել,— ասաց Ռոնին,— այն ժամանակ ես դեռ եղբայր չունեի։ Իսկ հիմա եղբայր ունեմ։

Նա արձակեց կաշվե մախաղը ու Բիրկին տվեց ամբողջ հացը, որ բերել էր։

— Կեր, քանի որ սոված ես։

Բիրկը ինչ֊որ տարօրինակ ձայն արձակեց, կամացուկ ճիչի նման, երկու ձեռքով ճանկեց հացն ու սկսեց ուտել այնպիսի ագահությամբ, ասես Ռոնին այդտեղ չէր։ Եվ կերավ ամբողջը՝ մինչև վերջին փշուրը։ Այդ ժամանակ Ռոնին նրան մեկնեց փայտե տափաշիշը։ Նա շուրթերը հպեց տափաշշին ու միանգամից խմեց ողջ կաթը՝ մինչև վերջին կաթիլը։

Հետո շփոթված նայեց Ռոնիին։

— Դու ինքդ էլ երևի ուտել ես ուզում։

— Ես սոված չեմ։ Մեր տանը լիքը ուտելիք կա,— պատասխանեց Ռոնին։

Եվ իսկապես, Լովիսայի մարագը պայթում էր մթերքներից։ Հրաշալի թարմ հաց, այծի պանիր, յուղ, ձու, տակառիկներով թթու, փայտերից կախված ոչխարի ապխտած ազդրեր, սնդուկներով ալյուր, պուտուկներով մեղր, կողովներով անտառի ընկույզ, պարկերով տարբեր արմտիք ու անուշահոտ խոտեր, որ Լովիսան հավաքում ու չորացնում էր հավի արգանակի մեջ գցելու համար։

— Իսկ մենք հիմա աղքատ ավազակներ ենք,— հայտարարեց Բիրկը։— Մինչև ձեր ամրոցը գալը մենք էլ ոչխարներ ու այծեր էինք պահում։ Իսկ հիմա միայն ձիեր են մնացել, դրանք էլ տվել ենք դաշտավայրի գյուղացիներին, որ ձմեռը պահեն։ Եվ ճիշտ ենք արել, թե չէ այս ձմեռվա ընթացքում դրանք էլ կուտեինք։ Բացի ալյուրից, շաղգամից, ծովատառեխից ու ոլոռից մենք ուրիշ ոչինչ չունեինք։ Իսկ հիմա այդ պաշարներն էլ են վերջանում։ Այ թե ձմեռ է։

Ռոնին դարձյալ նայեց Բիրկին՝ լուսավորելով նրա դեմքը լապտերով։ Նրա հարթ, շեկ մազերը նման էին կարմիր պղնձե սաղավարտի, գլխի դրվածքը հպարտ էր, վիզը՝ երկար, ուսերը՝ ոչինչ... «Ինչ գեղեցիկ եղբայր ունեմ»,— մտածեց Ռոնին։

— Ես չեմ ուզում, որ դու սոված մնաս,— ասաց նա։

— Սովից վատ բան չկա։ Ես պետք է գոնե մի կտոր հաց պահեի Ունդիսայի համար։

— Ես էլի կճարեմ,— ասաց Ռոնին ու մտքի մեջ ընկավ։

Բայց Բիրկը տարուբերեց գլուխը։

— Չէ, պետք չի։ Ես չեմ կարող Ունդիսային հաց տանել, չբացատրելով, թե որտեղից է։ Իսկ Բորկան կկատաղի, եթե իմանա, որ դու ես տվել։ Եվ դեռ դարձել եմ քո եղբայրը։

Ռոնին հոգոց հանեց։ Նա հասկանում էր, որ Բորկան նույնքան ատում է Մատիսի ավազակներին, ինչքան Մատիսը՝ Բորկայի ավազակներին։ Ինչպես էր այդ թշնամությունը խանգարում իրեն ու Բիրկին։

— Այո,— տխուր ասաց նա։— Մենք կարող ենք հանդիպել միայն թաքուն։

Եվ ամբողջ ձմեռը ամեն առավոտ Ռոնին գալիս էր նկուղ Բիրկի մոտ ու հյուրասիրում էր նրան Լովիսայի մառանում եղած մթերքներով։

Պետք է խոստովանել, որ Բիրկն ամաչում էր ընդունել նրա բերած բարիքները։

— Դուրս է գալիս, ես ձեզ թալանում եմ,— ասում էր նա։

Բայց Ռոնին ի պատասխան միայն ծիծաղում էր։

— Ես, ախր, ավազակի դուստր եմ, դրա համար էլ առանց հարցնելու վերցնում եմ։ Ավազակներն ընդհանրապես ամեն ինչ վերցնում են առանց հարցնելու։ Այդ բանը ես վերջապես յուրացրեցի,— քմծիծաղեց Ռոնին։— Ահա և դուրս է գալիս, ես անում եմ այն, ինչ ինձ սովորեցնում են։ Այնպես որ, հանգիստ կեր։

Ամեն անգամ Ռոնին Բիրկին բերում էր նաև ալյուր ու ոլոռ, որոնք նա թաքուն լցնում էր Ունդիսայի դատարկված արկղերի մեջ։

«Ահա թե ուր եմ հասել,— մտածում էր Ռոնին։— Բորկայի ավազակներին փրկում եմ սովամահությունից։ Ինչ կանի ինձ Մատիսը, եթե իմանա»։

Փոխարենը Բիրկն այնքան շնորհակալ էր Ռոնիին առատաձեռնության համար։

— Ունդիսան ամեն օր զարմանում է, որ արկղերի մեջ դեռ մնում է մի քիչ ալյուր ու ոլոռ, և հավատացնում է, որ դրուդներն են կախարդում,— ասաց Բիրկը, սովորականի նման ծիծաղելով։

Հիմա արդեն նա այնպես էր, ինչպես ամռանը, համենայն դեպս, աչքերում արդեն սովածության անսովոր փայլը չկար։ Եվ դա Ռոնիին ուրախացնում էր։

— Լսիր, գուցե մայրս իրավացի է,— ասաց Բիրկը։— Գուցե իսկապե՞ս դրուդներն են կախարդում։ Որովհետև դու շատ նման ես փոքրիկ դրուդի։

— Միայն թե՝ շատ բարի։

— Քեզնից բարի աշխարհում չկա։ Քանի անգամ դեռ կփրկես կյանքս, քույր իմ։

— Ճիշտ այնքան, որքան դու կփրկես իմ կյանքը,— ասաց Ռոնին։— Ուղղակի մենք արդեն չենք կարող առանց մեկս մյուսի ապրել։ Ես գիտեմ։

Դաժան ձմեռը աստիճանաբար նահանջում էր։ Ձյունն սկսեց հալվել, իսկ երբ մի անգամ կեսօրի արևն սկսեց լուրջ այրել, Լովիսան ավազակներին հրամայեց մերկանալ և բոլորին քշեց բակ, որ լվացվելու փոխարեն թավալ տան ձյան մեջ։ Ավազակները փորձեցին փնթփնթալ, հակառակվել։ Ֆյոսոկը հավատացնում էր, թե դա վնասակար է առողջության համար, բայց Լովիսայի հետ հնարավոր չի վիճել։ Հարկավոր է ձմռան շունչը դուրս քշել ամրոցի սենյակներից՝ ասում էր նա, եթե նույնիսկ դա լինի մի փնթիի կյանքի գնով։ Նա բոլորին քշեց ձյան վրա, մերկ, գոռգոռացող ու ծղրտացող ավազակները դեռևս ձյունածածկ թեքությամբ սահեցին ցած՝ մինչև Գայլի երախը։ Նրանք ամենավերջին նզովքներով նզովում էին Լովիսային դաժանության համար, բայց շփում էին իրենց ժրաջանորեն, ինչպես նա կարգադրել էր։ Նրան չլսել ոչ ոք չէր համարձակվում։

Բայց Ճաղատ Պերը չթավալվեց ձյան մեջ։

— Միևնույն է, շուտով մեռնելու եմ,— ասաց նա։— Եվ ոչ մի դեպքում չեմ բաժանվի իմ կեղտից։

— Դե լավ,— համաձայնեց Լովիսան,— բայց մահից առաջ գոնե խուզիր բոլորի մազերն ու մորուքները։

Ճաղատ Պերը խոստացավ։ Ախր նա փորձված խուզ անող է, ճարպկորեն խուզում է այծերն ու ոչխարները, ուրեմն այդ գոռգոռացողներին խուզելը նրա համար հեչ գործ է։

— Բայց իմացիր, իմ վերջին մի երկու մազը ոչ մի դեպքում չեմ խուզի,— զգուշացրեց նա։— Հավես չկա չարչարվելու, մեկ է, շուտով հողի տակ եմ պառկելու։

Եվ նա շոյեց իր ճաղատը։

Այդ ժամանակ Մատիսը գրկեց նրան իր հզոր թևերով ու վեր բարձրացրեց։

— Մտքովդ էլ չանցնի մեռնել, հասկացա՞ր։ Ախր առանց քեզ ես մի օր էլ չեմ ապրի աշխարհում... Դու ի՞նչ է, որոշել ես թաքուն ինձնից ընդմիշտ հեռանա՞լ։ Չէ, դու չես կարող ինձ հետ այդպես վարվել, պա՞րզ է, հիմա՛ր ծերուկ։

— Լավ, պստիկ, ես չեմ շտապի,— ասաց Ճաղատ Պերն ու գոհ ժպտաց։

Օրվա մնացած մասը Լովիսան ամրոցի բակում լվանում էր ավազակների կեղտոտ շորերը։ Իսկ նրանք, որպեսզի մի կերպ ծածկեն իրենց մերկությունը, խորդանոցում քանդրտում էին քրջերով լի սնդուկները, որոնք դեռևս Մատիսի պապն էր թալանել անտառի ճանապարհներին։ Եվ ինչպես էլ խելքը գլխին մարդիկ կարող էին այսպիսի շորեր հագնել, զարմանում էր Ֆյոսոկը, զզվանքով վրան քաշելով ինչ֊որ կարմիր քուրջ։ Եվ, կարելի է ասել, նրա բախտը բերեց, ոչ թե Կնոտասի կամ Պստիկ Կլիպի նման։ Նրանք ստիպված եղան բավարարվել փեշերով ու սեղմիրաններով, որովհետև երբ նրանք ներխուժեցին խորդանոց, ամբողջ տղամարդկանց հագուստներն արդեն հասցրել էին մեջ֊մեջ անել։ Չի կարելի ասել, թե նրանց տրամադրությունը դրանից լավացավ, փոխարենը Մատիսն ու Ռոնին ուզածների չափ քրքջացին։

Comments