1. Արեգնազան կամ Կախարդական աշխարհ

Chapter 5

5

Նունուֆարը վերջին շնչումն է։

Էլ ո՛չ ծաղրածվի կատակները, ո՛չ վեզիրի կնոջ հոգատարությունը, ո՛չ հոր աղաչանքն ու հառաչանքը չեն ազդում նրա վրա։

Լեզու չունի, որ խոսի, ուժ չունի, որ ձեռքը շարժե։

Ակնապիշ նայում է դեպի վեր, կարծես Երկնքիցը լինի սպասում իր փրկությունը կամ ուզում լինի շուտով թռչիլ դեպի Երկինք։

Թագավորը և բոլոր պալատականները, ձեռքները խաչ արած, վիզները ծռած նայում էին Նունուֆարի երեսին և ախ ու վախ քաշելով՝ խոստովանում իրանց անզորությունը Ամենակարողի կամքի առջև։

Այս աղեկտուր րոպեին մեկ էլ լսվեցավ, որ Արեգը եկել է։

Նունուֆարի աղախինը ամենից շուտ վազեց Արեգի մոտ և շտապեցրեց նրան, ասելով.

— Շո՛ւտ արա, եկ տե՛ս, վերջին շնչումն է, աչքը քեզ է մնում…

— Ահա՛ գալիս եմ,— պատասխանեց Արեգը,— հիմա կգամ և կտեսնեմ քո Նունուֆարին…

Լուռ հանդիսականների միջով լուռ ու մունջ անցավ Արեգը, մոտեցավ Նունուֆարի մահճին, հանեց անմահական ջրի շիշը, մի կաթիլ կաթեցրեց բամբակի վրա և քսեց Նունուֆարի մեռելատիպ շրթունքներին։

Նունուֆարի աչքերը պարզվեցան։ ​

Արեգն այդ նկատեց և մի քանի կաթիլ կաթեցրեց ուղղակի բերանի մեջ։

Նունուֆարը երկու ձեռքով ծածկեց երեսը…

Նա տեսավ Արեգին և… ճանաչեց։

Նա մի նոր կյանք զգաց, կյանք՝ աշխուժով լի, երևակայությամբ ճոխացած…

Ձեռներով ծածկեց երեսը, որ երևակայությունն ամփոփե։ Ամփոփե երևակայությունը, որ այդ րոպեի երկնային զվարճությունն ու զմայլմունքը լիուլի վայելե։

— Արեգը եկել է,— ասում է նա ինքն իրան՝ երեսը ծածկած երկու ձեռքով, իբրև երկու վահանով, որ ուրիշ տպավորությունների տեղի չտան.— Արեգը եկել է,— կրկնում է Նունուֆարը,— և ես առողջ եմ, բոլորովին առողջ, շատ առողջ։ Ես զգում եմ, զգում եմ, որ շատ առողջ եմ, և… Արեգն էլ եկել է… Ես տեսա. նա ինձ մոտ կանգնած է այս րոպեիս։ Ես զգում եմ նրա ներկայության անմահական հոտը։ Անմահական էր նրա տված դեղը։ Հենց ինքն էլ մի անմահ Ոգի է։ Ինչպե՜ս մեծացել է, ինչպե՜ս առույգացել, ի՜նչ նորածիլ բեղեր ունի, ի՜նչ գանգուր մորուք… Բանամ երեսս, մեկ էլ նայեմ…

Նունուֆարը բաց արավ երեսը և նայեց Արեգի երեսին այնպիսի հայացքով, որ միայն մոր հայացքն է լինում իր երեխին՝ «հագա՜» կամ «ճիտա՜» ասելիս… և կրկին փակեց երեսը։

Այդ հայացքը, որի մեջ ամփոփված էր կենդանության հրափայլ ոգին, ամենքը տեսան, և ամենքն էլ, կարծես խոսք մեկ արած, միաձայն քրքիջ բարձրացրին՝ փա՜ռ-փա՜ռ ծիծաղելով։ Այդ ծիծաղից անմասն չմնաց և ինքը՝ Նունուֆարը։ Նա էլ ծիծաղեց. կարծես ուրիշների տեղիք տալուն էր սպասում, որ մի կուշտ ծիծաղի։ ​ Այս էլ որ տեսան մի վայրկյան առաջ սգավոր հանդիսականները՝ բոլորովին միամտվեցան. էլ ուշադրություն չդարձրին Նունուֆարի վրա, և սկսեցին փոխ առ փոխ գգվել ու համբուրել Արեգին։ Թագավորը իր գիրկն առավ Արեգին և սկսեց երեխայի նման հեկեկալ։ Թագավորի ուրախության զգացումն անսահման էր։ Նա մի վայրկյանում երկու որդի էր գտել, մինը՝ կորած տեղից, մյուսը՝ մեռած տեղից։ Ամենքի աչքերից ուրախության և զմայլմունքի արտասուք հոսեց։

Հանդիսականների այս տեսակ իրարանցումից օգուտ քաղելով՝ Նունուֆարը ծտի պես վեր թռավ տեղիցը, փախավ մտավ մի այլ սենյակ, այնտեղ շուտով հագնվեցավ, զուգվեցավ թագուհու վայել զարդարանքներով և դուրս եկավ հանդիսականների մեջ այնպես ուրախ ու զվարթ և այնպես առողջ, որ հիացան ամենքը, բայց մանավանդ Արեգը, որի համար մի բոլորովին նոր արև ծագեցավ։

Եթե Արեգը մի վայրկյանում վերակենդանացրեց Նունուֆարին՝ հիմա էլ Նունուֆարը, իր գեղեցկության ազդեցությամբ՝ Արեգի այնպիսի երակները շարժեց, որոնց միջով կարծես մինչև նույն րոպեն դեռ արյուն չէր խաղացած։ Արեգը մի նոր կյանք զգաց իր մեջ, մի նոր զգացմունք՝ անսահման հաճոյական, բայց ինքն իրան հաշիվ տալ չկարողանալով և միևնույն ժամանակ այդ իրան համար տարօրինակ զգացմունքը զսպել ուզենալով՝ սկսեց խոսիլ խելքը թռցրածի պես.

— Հիմա՜ եմ զգում, որ ես՝ էլ ես չեմ…

Բայց թե ես ո՞վ եմ՝ այդ էլ չգիտեմ.

Ինձ հափշտակեց Աղջիկ Աղավնին,

Եվ տեղս դրավ այժմյան Արեգին.

Անիրավ աղջիկն իմ ուշքս տարավ,

Արեգնազանիս լճի մեջ առավ,

Իր քաղցր երգով ինձ քնացրեց,

Եվ իմ տեղս նա մի ուրիշ դրեց…

Հանդիսականները բերանաբաց նայում էին և ոչ մի բան չէին հասկանում Արեգի ասածներից։

— Ափսո՜ս տղա, երևի խելքը կորցրեց,— ասում էին շատերը։

Վերջը Նունուֆարը մոտեցավ Արեգին և խղճալի կերպով ասաց.

— Արե՛գ, իմ հոգյա՜կ, ի՞նչ է այդ, ի՞նչ կա,

Գուցե իմ տեսքով քեզ դուր չի եկա.

Դու հանգիստ եղիր. ես կերթա՛մ, կերթա՛մ,

Որ ինձ չտեսնես էլ ո՛չ մի անգամ…

Ես սիրում եմ քեզ, գիտե Երկինքը.

Բայց այդ չի ուզում գուցե Նա Ինքը,

Որ չի թույլ տալիս քեզ՝ ինձ ճանաչել

Եվ, ինչպես որ կամ, ինձ այնպես տեսնել.

Երթամ, ուրեմն, իմ սև օրս լամ,

Քանի որ էլ քեզ՝ պիտի չերևամ։

​

— Ո՞ւր, ո՞ւր, սպասի՛ր, ես քեզ չե՛մ թողնիլ.

Առանց քեզ մի օր՝ էլ ես չե՛մ ապրիլ.

Թող երկինք, գետինք իրար խառնըվին,

Դու կըպատկանիս միայն Արեգին.

Թող ամբողջ աշխարհք տակնուվրա ըլի,

Էլ քեզ ինձանից ոչ ոք չի՛ խլի.

Արարած աշխարհ ես պտըտվեցա,

Գեղեցիկ, սիրուն շատերին տեսա,

Բայց քեզ պես չքնաղ, անհատ, աննման,

Քե՜զ է ստեղծել Երկինքը միայն.

Դու ի՛մն ես, ի՛մն ես, սիրո՛ւն Նունուֆար,

Իմ բոլոր կյանքս կըտամ քեզ համար.

Ինչ սիրտըդ ուզի, ինչ որ կամենաս՝

Հրամայի՛ր ինձ, իսկույն կստանաս։

Իմ ասածներս դու չհասկացար,

Էնդուր ես կարծում, թե՝ ինձ դուր չեկար.

Ես այն չե՜մ, այն չե՜մ, ում որ տեսել ես,

Նա գնա՜ց, կորա՜վ երևույթի պես.

Ես է՛լ եմ Արեգ, բայց ո՛չ առաջին,

Նրան գողացավ Աղջիկ աղավնին…

— Եթե այդպես է՝ ինձնից հեռացի՜ր,

Դու ինձ կյանք տվիր, վարձըդ ստացի՛ր։

— Ես չեմ կյանք տվել, ի՜նչ վարձ կամ ի՜նչ գին.

Դու ի՛նքդ ես իմ կյանքն, իմ սիրտն, իմ հոգին…

— Էլ ես կյանք չունիմ և պիտի մեռնիմ,

Երբ չկա Արեգ՝ էլ ինչո՞ւ ապրիմ…

— Իզուր մի՛ մեռնիլ, ես է՛լ եմ Արեգ,

Մի՞թե ես չունիմ նորա չափ արժեք…

— Բայց դու ուրիշ ես, ի՛նքըդ ես ասում…

— Այդ ես ինքս էլ լավ չեմ հասկանում…

— Սպասեցե՛ք, սպասեցեք, ես վերջ կտամ ձեր վեճին,— ասաց թագավորը։— Արեգ, ասա՛ ինձ, հոգիս, դու ո՞ւմ որդին ես։

— Արման իշխանի որդին էի մի ժամանակ, բայց հիմա չգիտեմ՝ էլի նրա՞ որդին եմ, թե՞ մի ուրիշի։

— Քո այդ պատասխանն է ահա, որ մենք չենք հասկանում, բայց քեզ լավ ենք ճանաչում։ Դու մեր Արեգն ես, միևնույն գեղեցիկ Արեգը, միայն մորուքդ է ավելացել ու բեղերդ… ​ — Սպասի՛ր, սպասի՛ր, խնամի՛ թագավոր,— մեջ ընկավ ծաղրածուն։— Աչքդ լո՛ւյս, փեսադ եկել է, բայց ուրախությունից ինքն իրան կորցրել է, հիմա ման է գալիս՝ չի գտնում։ Արե՛գ եղբայր, ե՛կ՝ ես ու դու մի պայման անենք. ես դառնամ «դու», իսկ դու դառ «ես». այնուհետև Նունուֆարը կդառնա «իմ», իսկ հիմարը՝ «քեզ». համաձա՜յն ես…— ասաց ծաղրածուն և սկսեց երգել.

Ա՜խ, ես հիմար եմ անչափ,

Բայց ո՛չ այս տղայի չափ,

Ես որ մի աղջիկ գտնեմ՝

Էլ չեմ ասիլ. «Ես՝ ես չեմ…».

Յարալլալի, շարալլալի,

Հայդե՛, հիմար, պա՛ր արի…

Մինչդեռ ծաղրածուն այսպես երգով ու պարով զվարճացնում էր հանդիսականներին, ներս մտավ Արմանը։

Արեգն իր հորը տեսնելուն պես վազեց գիրկն ընկավ և մի քանի ուրախության բացականչությունից հետո փսփսաց ականջումը.

— Գիտե՞ս, հայրի՛կ, ես հիմա տղա՜ եմ, տղա՜, իսկ և իսկ տղա, ճշմարիտ տղա. կարո՞ղ ես երևակայել…

— Իհա՛րկե, տղա ես, հոգի՛ս, հապա ի՞նչ պետք է լինեիր…

— Բայց չէ՞ որ, հայրի՛կ, բայց չէ՞ որ… ախը՜ր…

— Դու առաջ էլ էիր տղա, հոգի՛ս, բայց այդ չգիտեիր դու, նոր ես սկսել ճանաչել քեզ. առաջ անմեղ էիր ինչպես հրեղեն, հիմա մարդ ես դառել հողեղեն, բայց այդ վնաս չունի, հոգի՛ս…

— Օ՜… եթե այդպես է, ուրեմն ես՝ ե՛ս եմ եղել. վազեմ Նունուֆարին ասեմ…

Արմանը մոտեցավ թագավորին և սկսեց շշնջալ նրա ականջին բանի էությունը, իսկ Արեգը վազեց Նունուֆարի մոտ։

Երբ որ Արեգը նորից մոտեցավ Նունուֆարին՝ ավելի ուրախ ու զվարթ դեմքով, Նունուֆարը բռնեց Արեգի ձեռքից մի այնպիսի քնքուշ ժպիտով, որ Արեգը քիչ մնաց նորից թռցներ խելքը։

— Դու մեր Արեգն ես, այնպես չէ՞,— ասաց Նունուֆարը։

— Իհարկե, հոգի՛ս, հապա ո՞վ պետք է լինիմ,— պատասխանեց Արեգը։

— Ուրեմն, մենք է՛լ չենք բաժանվիլ միմյանցից։ Եթե գիտենաս ինչքա՜ն մաշվել եմ քո կարոտով… Հիմա եկել ես և հանկարծ ասում ես՝ «Ես՝ ես չեմ». հապա ո՞վ ես, որ դու չես։

— Ո՛չ, ո՛չ, հիմա ես՝ ե՛ս եմ. հիմարն ինձանից խելոք է… Արի՛ չոքենք թագավորի առջև, և նա օրհնե մեզ… Բայց, սպասի՛ր, հայրիկիս չհարցրի, թե՝ ո՞ւր են իմ քույրերը։

— Նրանք այստեղ են։ Քո գնալուց հետո ես ձերոնց բերել տվի, որ քո կարոտը նրանցից առնեմ։ Ես արդեն ուղարկեցի իմաց տալու, հիմա կգան ուր որ է…

— Ինչքա՜ն բախտավոր եմ ես, ուրեմն, որ այդքան բարի ես եղել դու… Ուրեմն, դեռ չշտապենք. գնանք մեր հագուստը փոխենք. հիմա՛ միտս ընկավ։ Անդաս թագավորից ես ​քեզ համար էլ, ինձ համար էլ հարսանեկան հագուստ եմ բերել։ Նա ընծայեց այդ հագուստները և խնդրեց, որ անպատճառ այդ ունենանք հագներիս մեր հարսանիքին, որին, իր ասելով, ինքը հոգվով ներկա կլինի։ Ես չէի ընդունում, որովհետև այս րոպեի քաղցրությունն այն ժամանակ երևակայել չէի կարող։ Շատ բաներ եմ տեսել, հետո կպատմեմ քեզ։ Չեմ տեսել միայն քեզ պես մի չքնաղ էակ… Ինչքա՜ն գեղեցիկ ես դու, Նունի՜կ…

Այսպես խոսելով, ձեռք ձեռքի տված՝ դուրս եկան Արեգն ու Նունուֆարը, բայց երկար սպասեցնել չտվին։

Մի քանի րոպեից հետո տեսարանը՝ մի կախարդական ասեմ, թե երկնային, կերպարանք ստացավ։

Պալատի ընդարձակ դահլիճը լցվեցան թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք՝ շքեղ հագուստներով զարդարված։ Այստեղ էին և Արեգի քույրերը։

Երբ որ Արեգն ու Նունուֆարը ներս մտան Անդասի ընծայած հագուստովը զարդարված՝ անթիվ անգին քարերի ճառագայթները, ծիրանի ծովից ծագող արեգակի պես, գույնզգույն լուսով լուսավորեցին ամբողջ դահլիճը։ Չոքեցին թագավորի առջև, որ օրհնե իրանց։

Թագավորը մի քանի րոպե չկարաց խոսիլ, հազիվ էր կարողանում բռնել ուրախության արտասուքը։ Վերջապես սկսեց օրհնել մեր նորապսակներին՝ ասելով.

Ո՜վ Երկինք,

Ես մի հողեղեն,

Մի թույլ արարած,

Որ չարն ու բարին

Դեռ լավ չգիտե,

Իմ սրտի՛ն նայիր,

Եվ ո՛չ իմ լեզվին.

Եվ քո՛ իսկ ձեռքով,

Ինչ որ բարի է՝

Դու այն տո՛ւր սրանց։

Ի՞նչ ունիս բարի,

Քո ծոցում պահած,

Որ մինչև այսօր

Ոչ մի հողեղեն

Դեռ չի ստացած,

Դու այն տո՛ւր սրանց։

Դու մինչ այսօր էլ

Շատ բան ես տվել.

Արև վառվռուն,

Աստղեր շողշողուն,

Զեփյուռ անշըշունջ,

​

Այեր[16] քաղցրաշունչ,

Անձրև հորդառատ,

Ցող մարգարտահատ.

Աղբյուրք զովարար,

Վտակներ վարար,

Գույն-գույն ծաղիկներ,

Ծառեր մրգաբեր,

Անտառներ մարմանդ[17],

Դաշտեր արգավանդ,

Լեռներ հովասուն,

Գետեր գալարուն,

Լճակներ վճիտ,

Սար, ձոր և հովիտ…

Այս ամեն բարիք,

Ո՛վ պայծառ Երկինք,

Թույլ տուր վայելեն,

Քեզ փառաբանեն…

Թագավորի օրհնությունն ավարտած-չավարտած՝ մի նոր լուսով լուսավորվեց դահլիճը։ Մի ծիածան կապվեց, ծիածան անտես, աննման, հրաշալի՜ այնքան, որ ամպերում կապվող աղեղը նրա մոտ մի մռայլ ամպ կարելի էր համարել… Ի՜նչ լեզու կարող է պատմել, ի՜նչ գրիչ կարող է գրել, կամ ի՜նչ վրձին կարող է նկարել…

Ամենքն էլ նրան էին նայում և տեսնում էին, թե ինչպե՛ս էին կազմվում նրա գույները հետզհետե. կարծես աներևույթ ոգիք, արագ-արագ վազելով, երկնային մատներով մի նոր ծիածան լինեին հինում, և երկնքումը լինին կապելիս Արեգի ու Նունուֆարի հարսանեկան Կանաչ-Կարմիրը[18]։ Հիրավի՛, այդ Կանաչ-Կարմիրը, թվում էր, թե՝ դահլիճի առաստաղից շատ ու շատ բարձր է և շատ հեռու։

Եվ ահա՛, երբ ծիածանն ամբողջապես պատրաստ էր, նրա վրայով, իբրև մի լուսեղեն սանդուղքով, ցած իջան մի խումբ երկնային թագուհիք՝ աստղերի ճառագայթներից և ձյունափայլ ամպերից գործած հագուստով մի-մի արեգակ… Բայց ի՜նչ արեգակ… եթե ցերեկ լիներ, և արեգակը նրանց տեսներ՝ ամպեղեն մի քող կքաշեր երեսին, որ տեղի տար նրանց լույսին…

Բոլոր երկնային օրիորդները, որոնք թվով մինչև ինը հոգի էին, երկ-երկու պսակաձև փունջեր ունեին ձեռներին՝ ո՛րը ցողից քաղած, ո՛րը ծաղիկների գույնից ու հոտից փնջած, ո՛րը վճիտ աղբյուրների բյուրեղացած գոհարներից հավաքած, ո՛րը քաղցրաշունչ զեփյուռից ու զովարար հովերից հյուսած, ո՛րն արևի շամանդաղի[19] մեջ եղած գույնզգույն հյուլեներից[20] կազմած… մի խոսքով՝ լուսեղեն մատներով բնության բոլոր զարդերի ոգին էին քաղել ու փնջել։ Այդ փունջերի անմահական բուրմունքովը լցվեցավ բոլոր դահլիճը։

Ամենից առաջ մոտեցան Աղբյուրիկը, Ցողիկը ու Ծաղիկը և, իրանց պսակները տալով Արեգին ու Նունուֆարին, ասացին. ​

ԱՂԲՅՈՒՐԻԿ

Ես կարկաչյունն եմ Աղբյուրիկ,

Եկել եմ ձեզ աչքալուսիկ,

Բերել եմ ձեզ բյուրեղահյուս

Ականակիտ, վճիտ փնջիկ։

ՑՈՂԻԿ

Ես գոհարիկն եմ բույսերի,

Ես մարգրիտն եմ հովիտների,

Ահա՛ մի փունջ՝ ցողից քաղած

Հազարավոր կանաչների։

ԾԱՂԻԿ

Ես Ծաղիկն եմ մշտադալար,

Ես անթառամն եմ բեղմնարար,

Բոլոր ծաղկանց գույնն ու հոտը

Ահա՛ բերել եմ ձեզ համար…

​

Այսպես մոտեցան և մյուսները և, մի-մի բան ասելով, իրանց պսակները նվիրեցին Արեգին ու Նունուֆարին…

Այս տեսարանը մի տխրություն և թմրություն բերավ հանդիսականների վրա։ Շատերը բոլորովին վերացան ապշությունից։ Ամենից շատ տխրեցան աղջկերքը։ Նրանց գեղեցկությունն աղոտացավ, թխացավ ու մգացավ հրեղենների գեղեցկության մոտ։ Երիտասարդները դարձան մի տեսակ ապուշ վայրենիք, նրանց վստահությունը բոլորովին անհետացավ…

Միայն Արեգն էր ուրախ, միայն նա էր ազատ այդ ընդհանուր ապշությունից։ Այդ հոգեկան թմրությունից հանդիսականներին սթափելու համար Արեգը դարձավ լուսեղեն հյուրերին և ասաց.

— Ո՛վ երկնային թագուհիք, դուք ձեր շնորհաբեր այցելությունովը ինձ չափազանց ուրախացրիք։ Բայց, նայեցե՛ք, այս ի՜նչ ապշություն է, այս ի՜նչ տխրություն, որի մեջ ընկղմվել են ամենքը։ Մի՛ զարմանաք։ Այսպե՜ս ենք մենք՝ տկար հողեղեններս. ի՛նչ որ չափազանց բարի է, չափազանց գեղեցիկ, նույնը վայելելու կարողությունը չունինք մենք՝ մահկանացուներս։ Ճշմարի՛տ բարվո և գեղեցկի ճաշակից զուրկ արարածներ ենք մենք։ Ներշնչեցե՛ք մեր սրտերի մեջ վսեմ զգացմունք և բարձրագույն կարողություն, որ ձեր երկնային շնորհաբերությունը լիապես վայելել կարողանանք։ Խնդրում եմ՝ ուրախանաք, խնդաք և զվարճանաք իմ հարսանյաց հանդեսին և ուրախացնեք ամենքին երկնային ուրախությունով…

Բանից երևաց, որ մեր լուսեղեն օրիորդները, թեև մարմնացած, բայց չափազանց համեստ, չափազանց ամոթխած և երկյուղած են եղել. պետք է եղել, որ նրանց ստիպեն։ Արեգի խոսքերից խրախուսվելով՝ առաջ անցավ Ծաղիկը և, իբրև կարգադրիչ, մի պար սարքեց։ Ծիածանի կամարը, իբրև մի երկնային բյուրաղի[21] քնար, թրթռացրեց իր հազարերանգ թելերը և այնպիսի եղանակներ հնչեց, որ թե՛ հողեղենների և թե՛ նույնիսկ հրեղենների մեջ ձգեց հրաբորբոք մի աշխույժ։ Ամեն ոք սկսավ թև առնել թռչիլ չափազանց ուրախությունից։ Ծերերն անգամ թռչկոտում էին ու ջահիլների դանդաղկոտության վրա ծիծաղում։ Հետզհետե այնքան տաքացան, որ է՛լ զվարճություն չմնաց, որ չանեն։ Ցողիկն ու Աղբյուրիկը այնքան զվարճացրին, որ էլ ոչ ոքի մեջ ուժ չմնաց շատ ծիծաղելուց։ Մե՛րթ Արեգի մորուքիցն էին բռնում, մե՛րթ Նունուֆարի թշերը կսմթում և զանազան հաճոյական բաներ փսփսում նրանց ականջին…

Արեգը, Ցողիկի հետ պարելիս, մի խոր հայացք ձգեց նրա երեսին և փսփսաց ականջին.

— Ո՛վ համեստափայլ օրիորդ, ես կարծեմ ճանաչում եմ քեզ… Այո՛, ճանաչս գալիս ես, բայց չեմ վստահանում ասել. վախենում եմ, թե՝ միգուցե սխալված լինիմ։

— Սխալված չես, Արե՛գ,— պատասխանեց Ցողիկը,— ես նա ինքն եմ։

— Աղավնի աղջի՞կը։

— Այո՛։ Սրանք էլ բոլորը իմ քույրերս են…

— Օ՜… դու իմ աստվածուհի՛ն ես… դու ինձ նորից ստեղծեցիր…

— Ո՛չ, Արեգ։ Ես գիտեի միայն, որ դու ոչինչ չգիտես քո մասին։ Այդ իմ մորս՝ Բարենանի կամքովն էր եղած։ Նա ուրիշ հնար չուներ այն չար պառավին վերացնել աշխարհից։ Պետք էր քեզ պես մի անմեղ և արդար անձն, որ մինչև անգամ չիմանար իր ինչ լինելը և ավելի աղջիկ, քան տղա համարվեր։ Դու երբ որ ինձ մոտ տեսար քո ​կերպարանքը, տեսար, որ տղա ես, այսուամենայնիվ, դա քեզ համար մի խաղ էր, որ ես խաղացի, ինչպես որ դու, իմ թևերս վերցնելով, ուզեցար մի խաղ խաղալ։ Միայն այս երեկոյին զգացիր, որ դու տղամարդ ես։ Դու մեղադրում էիր ինձ, մենք թաքուն նայում էինք քեզ վրա և ծիծաղում…

Ցողիկի այս ակնարկությունից ամոթի զգացմունքը առաջին անգամ զգաց Արեգը, բայց այնքան սաստիկ էր, որ նա կարմրեց վարդի պես և ուզեց խոսակցության առարկան ուրիշ բանի վրա դարձնել. հանկարծ մյուս կողմից մի այնպիսի ծիծաղ բարձրացավ, որ ամենքն էլ այն կողմը դարձրին իրանց ուշադրությունը։

Զանազանը և Զարմանազանը պարապում էին՝ մեկը վեզիրի տղայի հետ, մյուսը՝ սպարապետի։ Ծաղիկը լսել էր նրանց փսփսոցը, նկատել էր, որ նրանք վաղուց աչքադրել են միմյանց, և այժմ էլ պսակվելու ցանկություն ունին, բայց ամաչում են ասելու։

— Նոր սե՜ր, նոր ուրախությո՜ւն,— գոչեց Ծաղիկը մի բարձրաձայն ծիծաղով և նորահարսներին քարշ տալով՝ տարավ թագավորի մոտ և ասաց.

— Մի պսակով ի՞նչ պետք է լինի, երեքը միասին կատարեցե՛ք։

Թագավորն ու Արմանը նրանց էլ օրհնեցին, և սկսվեց պսակների հանդեսը։ Ցողիկը դարձավ իբր պսակադիր Նունուֆարի, Ծաղիկը՝ Զանազանի, իսկ Աղբյուրիկը՝ Զարմանազանի։ Պսակի օրհնությունը կատարեց թագավորը Ծիածանի կամարի տակ, որ այդ փառավոր հանդեսին ավելի ևս շքեղություն էր տալիս։ Թագավորն իր թագն էլ դրավ Արեգի գլխին, որով պսակեց նրան և՛ թագավոր միանգամայն։

Դրանից հետո հրեղեն օրիորդները շնորհավորեցին նորապսակներին և պատրաստվեցան երթալու։ Հազար տեսակ քաղցրեղեններ և մեղրաջրեր մոտ բերին, բայց հրեղենք նրանց համը չառան։ Նրանք ուրիշ խմելիքներ ունեին իրանց հետ բերած, նրանից խմեցին և խմեցրին նաև նորապսակներին, որոնք ակամա խմեցին, առանց նրա համն զգալու, բացի Արեգից, որին միայն էր տրված նրա երկնային ճաշակն առնելու շնորհքը։ Վերջը մի շրջան կազմեցին երկրայինք, և մինչդեռ հրեղենք վերանում էին ծիածանի սանդուղքով, ասելով՝ մնացեք բարյա՜վ, բարյա՜վ… հողեղենք էլ նրանց բարի ճանապարհ էին մաղթում, երգելով.

Գնացե՛ք բարյավ, սիրո՛ւն աղջիկներ,

Դուք մեր Դաշտերի Անմահ Ոգիներ…

Այս ի՜նչ շնորհք էր, ինչքա՜ն մեծ բարիք,

Որ դուք մարմնացած մեզ երևացիք…

Ա՜խ, երանի՜ թե՝ միշտ մեզ մոտ մնաք,

Որ ձեր տեսության կարոտը չզգանք…

Գնացեք բարյա՜վ, բարյա՜վ, բարյա՜վ…

* * *

Հրեղեն աղջկերքը վերացան թե չէ՝ մեջտեղ եկավ ծաղրածուն, և սկսվեցավ մի նոր զվարճություն։

— Խնամի՛ թագավոր, շե՛ն կենա քո հոր օջախը… կերանք, խմեցինք, լիացանք…— ասաց ծաղրածուն և սկսեց երգել. ​

Ա՜խ, թագավոր, թագավոր,

Ինչո՞վ ասեմ շնորհավոր…

Ո՛չ հաց ունիս, ո՛չ գինի,

Այսպես հարսնիք կըլինի՞…

Յարալլալի, շարալլալի,

Այսպես հարսնիք կըլինի՜…

— Իրա՜վ, մի՞թե հաց չպիտի ուտենք,— ասաց թագավորը։— Մենք ամենքս էլ ամեն բան մոռացել ենք, որովհետև խելքներս կորցրել ենք, բացի հիմարից, որ խելք չի ունեցել կորցնելու…

— Դու սխալվում ես, թագավո՛ր,— պատասխանեց հիմարը,— ես տեսա, որ դուք ամենքդ էլ իմ հացը կտրել եք, գնացի մի ճոխ սեղան պատրաստել տվի, որ քաղցած չմնամ։— Այս ասելով՝ ծաղրածուն վազեց բաց արավ սեղանատան դռները, ուր, հիրավի՛, ճոխ ընթրիք կար պատրաստված։ Հյուրերն սկսեցին թագավորի հետևից ջուխտ-ջուխտ մտնել սեղանատուն։ Ծաղրածուն՝ տեսնելով, որ ինքը մենակ պիտի մնա, վազեց մեզ ծանոթ վեզիրի կնոջ մոտ և, գլուխը վեր բերելով՝ երգեց.

Ով խելք ունի՝ սեր չունի,

Ով սեր ունի՝ տեր չունի.

Խեղճն ամենից հիմարն է,

Որ ոչ մի ընկեր չունի։

Արի՛, տիկին, ես ու դու

Շիտակ խոսք տանք մեկմեկու,

Թե՝ «դու իմն ես, ես՝ քոնը».

Համաձա՞յն ես, ձե՛ռքըդ տու…

Ասաց ծաղրածուն և, տիկնոջ ձեռքից բռնելով, մյուսների հետ մտավ սեղանատուն…

* * *

Մյուս առավոտուն սկսվեցավ հարսանիքի տոնախմբությունը քաղաքացոց ու գյուղացոց համար և տևեց մինչև քառասուն օր և քառասուն գիշեր։ Ամեն մեկ օրը մի րոպեի պես էր անցնում. այնքա՜ն զվարճալի էին։ Ի՜նչ խաղեր, ի՜նչ պարեր, ի՜նչ ծաղրածություններ, մրցություններ և հազար ու մի տեսակ օյիններ…

Կեր ու խումին բնավ հաշիվ չկար։ Տասը հազար միայն եզ ու կով մորթեցին, քսան հազար ոչխար, թո՛ղ վայրի կենդանիները՝ եղջերուները, եղնիկները, վարազները, թո՛ղ և թռչունները՝ թե՛ տանու և թե՛ վայրենի։ Քառասուն հազար սոմար[22] միայն բրինձ գնաց փլավի համար, ինչքա՜ն եղ կերթար նրան, ինչքա՜ն չամիչ… հիսուն հազար կարաս միայն գինի խմվեցավ՝ չհաշված մյուս քաղցրահամ և դառնահյութ խմիչքները…

Քառասուն օրից հետո Արեգը մի թեթև ճանապարհորդություն արավ Նունուֆարի հետ Վանա ծովի վրա։ Երբ որ ծովի ամենախոր տեղն էին հասել, Արեգը հանեց չար պառավի կախարդական գավազանները, որոնք անհայտ մետաղից էին, դժոխքի կրակով մխված[23], և ասաց. ​

Ո՛վ գավազաններ, գնացե՜ք անդունդ,

Որ էլ չերևաք աշխարհիս վրա.

Իշխանությունը չար ոգիների

Թողե՛ք մեզանից իսպառ վերանա։

Ո՛վ գավազաններ, գնացե՜ք անդունդ,

Որ ոչ մի մարդու էլ չը իշացնեք.

Կորե՛ք հավիտյան, որ էլ ոչ ոքի

Ագռավ չշինեք և կամ քարացնեք։

Թող թագավորե բնության կարգը,

Էլ այսուհետև նա չխանգարվի.

Թող միայն Երկինքն իշխե ամեն տեղ,

Ամեն արարած Նորան խոնարհի…

Այս ասելուց հետո գավազանները նետեց ծովի խորքը և չար ոգիների ու նրանց արբանյակների իշխանությունն ու զորությունը վերացրեց աշխարհից։

Ահա՛ այս ժամանակն էր, որ Երկնքից իջավ՝

ԵՐԵՔ ԽՆՁՈՐ

Արեգի ձայնը Երկինքը լսեց

Եվ իսկույն երեք խնձոր վայր գցեց.

Մեկը կանաչ էր այդ խնձորներից,

Կարծես նոր քաղած գարնան ոստերից.

Երկրորդը կարմիր վարդի հանգունակ[24],

Երրորդն սպիտակ՝ ձյունի նմանակ։

Նունուֆարն ասաց.— Արե՛գ, ի՞նչ կասես,

Այս խնձորները ինչո՞ւ են պեսպես.

— Չգիտեմ, հոգի՛ս, ճշմարիտն ասած.

Գուցե մեր կյանքն է ճիշտ օրինակված,

Տե՛ս, սա կանաչ է, իբր խակ մանուկ,

Իսկ այս՝ սպիտակ, ինչպես մի ծերուկ.

Ամենից սիրուն կարմիրն է միայն,

Դա՛ է նշանը մեր հասունության։

— Բե՛ր այդ կարմիրը հենց հիմա կտրենք,

Եվ այստեղ ևեթ միասին ուտենք…

Նունուֆարն ուզեց,

Արեգն էլ՝ կտրեց.

​

Կարմիր խնձորը միասին կերան,

Եվ իրանց սրտի փափագին հասան։

Ձեզ էլ կցանկամ, սիրո՛ւն պատանիք,

Որ մուրազներիդ նրանց պես հասնիք.

Կըխնդրեմ միայն, որ ինձ էլ ներեք,

Եթե պատմածս ձանձրալի գտնեք.

Ձեր սիրո համար ես աշխատեցի,

Պատմեցի այնքան, ինչքան կարացի.

Կարծելով, որ դուք սիրով կըկարդաք,

Եվ խեղճ շայիրիս[25] ողորմի կըտաք…

Comments