Chapter 3
3
Արեգնազանը գնաց։
Զարմանալի մի էակ էր Արեգնազանը. միշտ աշխույժ ու զվարթ, միշտ անահ ու անհոգ. նեղության մեջ ընկած ժամանակ ևս իր ուրախ տրամադրությունը չէր փոխում։ Նա գնաց իր Բազիկ ձիով, որ երեք-չորս օրվան ճանապարհը մեկ օրումն էր անցնում։ Նա պտտեց մի քանի թագավորություն, շատ տեղ հարցուփորձ արավ, շատ բան տեսավ, շատ նեղություններից ազատվեցավ, մինչև հասավ կախարդական աշխարհը, ուր ամեն մի քայլափոխում մի նոր հրաշք էր տեսնում, մի նոր զարմանալիք։
Մեկ օր սաստիկ արև էր։ Շոգը որ շատ նեղեց Բազիկին՝ Արեգնազանը իջավ մի լճի մոտ, Բազիկին քաշեց կապեց մի խիտ ստվերի մեջ, ինքն էլ մոտը նստեց, հանեց իր ճամփի պաշարը և սկսեց ճաշել։ Հենց այդ միջոցին մեկ էլ տեսավ, որ ահա՛ մի խումբ աղավնիներ թռած եկան և իջան լճի ափին՝ իրանից շատ մոտիկ։ Նետաղեղը լարեց, որ մի որս անե, մեկ էլ տեսավ, որ բոլոր աղավնիները հանեցին փետուրները և, աղջկերք դառնալով, թափվեցան ջուրը լողանալու։
Արեգնազանը մնաց ապշած մի րոպե. հետո մտածեց նրանց հետ մի խաղ խաղալ և տեսնել՝ ի՞նչ կլինի հետևանքը։ Կուզեկուզ մոտեցավ ափին՝ այնպես, որ իրան չտեսան, վերցրեց նրանցից մեկի փետուրները։ Երկու մեծ թև էր աղավնու, մնացած փետուրներն էլ վրան։
Չանցավ մի քանի րոպե, բոլոր աղջկերքը դուրս եկան, հագան իրանց թևերն ու թռան, բայց մեկը, որ իր թևերը չգտավ, ամաչեց մերկ կանգնել ջրի ափին, իսկույն իրան գցեց ջուրը։ Արեգնազանը, այդ նկատելով, թևերը ձեռին մոտեցավ աղջկանը։ Աղջիկը, ջրումն ընկղմված, միայն գլուխը դուրս հանած, մոտեցավ Արեգնազանին և սկսեց երգել.
Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։
Իմ օրումս չեմ տեսած
Քեզ պես սիրուն մի տղա,
Այդքան գեղեցկության մեջ
Սիրտ չի լինիլ անզգա։
Խնայի՛ր ինձ, աղաչո՛ւմ եմ,
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։
Եթե իրավ տղա ես՝
Կուզեմ դառնաս դու աղջիկ,
Որ քո սեռում չլինի
Քեզ հավասար գեղեցիկ։
Տե՛ս, ահա ես քեզ օրհնում եմ.
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։
Աղավնի աղջիկը լռեց և, վիզը ծռած, մի ամենաքնքուշ ժպիտ բերանին՝ նայում էր Արեգնազանին և սպասում, որ իր թևերն ստանա։
Արեգնազանին այնքան դուր եկավ Աղավնի աղջկա երգի եղանակը, որ ասում էր. «Ո՛չ ուտեմ, ո՛չ խմեմ, սա երգի, ես լսեմ»…
— Շարունակի՛ր, շարունակի՛ր, մի քիչ էլ երգիր,— խնդրեց Արեգնազանը։— Քո երգը ինձ շատ է դուր գալիս, դեռ այդպես բան լսած չկամ կյանքումս։ Միայն մի բան ես չհասկացա, սիրո՛ւն աղջիկ։ Դու ասում ես. «Եթե տղա ես, աղջիկ դառնաս».— այդ ինչպե՞ս կարելի է։
Աղջիկը շարունակեց երգել.
Ամենայն ինչ կարելի է,
Ո՛չ մի դժվար բան չկա.
Եթե իրավ աղջիկ դառար՝
Հիմա դարձի՛ր քաջ տղա։
Թող երեսիդ մորուք բըսնի
Թուխ ու երկայն բեղերով,
Թող կոշտանա սիրուն դեմքըդ
Հաստ ջիղերի գծերով։
Ո՜հ, տեսնում եմ, դու փոխվում ես…
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։
Մի վայրկենական ուշաթափություն եկավ Արեգնազանի վրա, և նա զգաց մի անսովոր բան, բայց շատ հաճոյական։ Նայեց ջրի երեսին, ուր, ինչպես հայելու մեջ, պատկերացավ մի դեմք, բոլորովին Արեգնազանին նման, միայն՝ նորածիլ բեղերով ու մորուքով։ Այդ պատկերն առաջ մի քիչ խորթ թվաց Արեգնազանին, բայց հետո այնքան զմայլելի եղավ, որ վրան նայելուց չէր կշտանում։— Այս ե՛ս կլինիմ անպատճառ,— ասաց ինքն իրան։— Ես հիմա ճշմարիտ որ Արեգ եմ։
— Սիրո՛ւն աղջիկ, դու տվիր ինձ այն, ինչ որ իմ միակ ցանկությունս էր. այժմ դու ազատ ես, ես չէի սպասում քեզանից այսպես բան. ուրեմն, դու ինձ կասես, դու անպատճառ կիմանաս, թե՝ որտե՛ղ է գտնվում անմահական ջուրը, որի համար ես ահա քանի ժամանակ է թափառում եմ։
Աղջիկն սկսեց երգել.
Թող Նունուֆարդ ուրախանա,
Որ ճանկ գցեց քեզ պես փեսա,
Հիմա հասար քո մուրազին՝
Եկար աղջիկ, կերթաս տղա։
Անմահական ջո՞ւր ես ուզում…
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ
Եվ իմ կտցով բերեմ տամ։
Գնա՛ օգնիր տկարներին,
Հոգի ու շունչ տուր քարերին.
Թե որ կուզես, ինչպես հիմա,
Մնալ փոխված այդպես տղա,
Իսկ եթե ոչ՝ լա՛վ գիտենաս,
Որ տղայից քար կըդառնաս,
Երբ քարացած քաղաքի մեջ
Կախարդ կընկան կըմոտենաս։
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, շուտ հագնեմ,
Թռչիմ գնամ և քեզ համար
Անմահական ջուր բերեմ…
Աղջկա վերջին խոսքերից շատ բան չհասկացավ Արեգը, բայց, չուզենալով այլևս ուշացնել նրան, թևերը տվավ իրան։ Աղջիկը թևերը հագնելուն պես դարձավ աղունակ և թռավ գնաց։ Մի քանի րոպե չանցած՝ մի փոքրիկ շիշ կտցին, անմահական ջրով լիքը, բերավ Արեգին տվավ և ինքը կրկին թռավ գնաց։
Արեգը ձին հեծավ և ճանապարհ ընկավ՝ ձիու հետ խոսելով.
— Բազի՛կ, ես հիմա տղա եմ, գիտե՞ս, էլ աղջիկ չեմ։ Առաջ աղջիկ էի. այդ ոչ ոք չգիտեր, գուցե դու էլ չգիտեիր. հայրս պատվիրել էր, որ ոչ ոքի չասեմ, թե՝ ես աղջիկ եմ. բայց հիմա տղա դառա։ Օ՜, որ գիտենաս, Բազի՛կ, ինչքա՜ն ուրախ եմ հիմա։ Դու չես իմանում. թեպետ աղջիկն էլ լավ է, բայց տղային որտե՞ղ կհասնի։ Ես հիմա չգիտեմ՝ ո՛ւր եմ գնում։ Բազի՛կ, դու ի՛նքդ գնա՝ որ կողմ կուզես. այսուհետև ինձ համար միևնույն է… Բայց սպասի՛ր, ես մի աշտարակի ծայր եմ նշմարում, նա անպատճառ մի քաղաք կլինի, գնանք դեպի այն կողմը։ Զարմանալի անհոգ եմ ես, Բազի՛կ. մեկ չես ասում, թե ինչո՞ւ այդ իմաստուն աղջկանը չհարցրիր, թե՝ ո՛վ դու գեղեցիկ և իմաստուն աղջիկ, ո՞ր կողմով պիտի ետ դառնամ ես իմ աշխարհը։ Դեռ լավ էր, նա առանց իմ ասելուն՝ ինձ տղա դարձրեց. որ բանն ինձ մնար՝ ես դեռ էլի աղջիկ կլինեի։ Ի՞նչ կարող էի մտածել, որ այդպես բան կարող է պատահել։ Բայց երբ որ տեսա, թե այդպես բան լինում է, ինչո՞ւ չասացի՝ սիրո՛ւն աղջիկ, ինձ որ տղա դարձրիր՝ մեր Բազիկին էլ մարդ դարձրու, կամ եթե ոչ՝ գոնե խոսելու ձիրք տուր. հը՞, ի՞նչ կասես, Բազի՛կ։— Ոչի՛նչ, դու տղա դառար, ես էլի մնացի ձի։— Իրա՛վ, իրա՛վ, այդ լավ չեղավ։ Մի բան տեսնելիս այնպես հափշտակվում եմ, որ բոլոր մնացած բաները մոռանում եմ. հետո միտս է գալիս, բայց ուշ է լինում…
Այսպես ձիու հետ խոսելով և նրա փոխանակ ինքը պատասխանելով՝ մեր վերանորոգված Արեգը դիմեց դեպի երևացող աշտարակը։