1. Անմեղ վաճառք

Chapter 6

Զ

Ծննդյան ցրտերը վաղուց անցել էին։ Մարտը բերեց յուր հետ խոնավ և անձրևային օրեր։ Եղանակը միշտ թխպոտ էր և արեգակը հազիվ էր երևում։

Քեթևանի հիվանդությունը տակավին նույն դրության մեջն էր, նրա կենսական ուժերն օրըստօրե սպառվում էին։ Մի ցավալի անցք ավելի մեծ հարված տվեց նրա առողջությանը։ Բոշան դատարանին գանգատվել էր, վճռել էին, որ Օվանեսի խրճիթը ծախվի հրապարակական աճրդով։

— Խեղճ երեխեքս ո՞րտեղ պահեմ… — ախ քաշելով ասում էր անդադար հիվանդը։

Մինչ Քեթևանը յուր ցավերի այդ հոգեվարք դրության մեջն էր, մի առավոտ նրա մոտ եկավ մի կարճլիկ պառավ, թուխ և ցամաք դեմքով, փոքրիկ և խորամանկ աչքերով։ Նա երկար նստած խոսում էր Քեթևանի հետ։ Մարիամը տանը չէր, նա Կեկելի մոտ զբաղված էր լվացքով։

— Էլ աստծուց ի՞նչ ես ուզում... — առաջ տարավ պառավը,—դու էդպես հիվանդ ես, տունդ ծախում են, ուտելու հաց չունես. հիմա մի էդպեսի մարդ, որ մեր քաղաքի ամենից հարուստն է, ուզում է քեզ օգնություն անել, դու ինչո՞ւ չես ընդունում... էդ է խե՞լք է...

Քեթևանը ոչինչ չպատասխանեց։

— Տե՛ս, Քեթևան,— շարունակեց պառավը,— երկու հարյուր մանեթ էս գլխեմեն տալիս է... լավ հագցնում է... ասում է, թե հետո իմ փողով մի լավ մարդու կտամ... էլ աստծուց ի՞նչ ես ուզում…

— Ա՜խ, ես ի՞նչպես իմ ձեռքով երեխես սաղ-սաղ գերեզմանը դնեմ...— պատասխանեց հիվանդը արտասվելով։

— Հիմա մեր քաղաքում ո՞վ չէ անում էդ բանը...— պատասխանեց պառավն ավելի գործագետ մարդու եղանակով։ — Նրանք՝ որ ուտելու էլ ունեն, խմելու էլ ունեն, էդ բանն էլի անում են... դո՞ւ ինչու չպիտի անես... ​— Ա՜խ, աստված, էդ ի՜նչ եմ լսում...— ձայն արձակեց Քեթևանը հառաչելով։

— Տե՛ս, Քեթևան, ասում եմ քեզ, հետո կփոշմանես․․․

— Թե որ հազար թուման էլ տա, չեմ կարա էդ բանն անել․․․ — պատասխանեց Քեթևանը վճռական կերպով։

Մինչ նրանք այդ խոսակցության մեջն էին, խրճթի դռները բացվեցան. ներս մտավ Բոշան, նրա հետ պրիստավը և մի տասնապետ։ Հիվանդը սարսափեցավ։

Պրիստավը, մի սուր հայացք ձգելով աղքատ խրճթի վրա, դարձավ դեպի պարտատերը.— Դե՛, պարոն, ի՞նչ եք կամենում, որ ես գրեմ։

— Ինչ որ տեսնում ես, ամենը գրե՛ էլի՛,— պատասխանեց Բոշան դիվական սառնասրտությամբ։— էդ կողենքը գրե՛, որի մեջ հիվանդը պառկած է, էդ տախտը գրե՛, էդ հավերը գրե՛, էն պստիկ պղինձը գրե՛, էդ ավելը, էդ չաքմեքը գրե՛...

Չաքմեքի ձայնը լսածին պես Սանդրոյի աչքերը վառվեցան։ Դրանք նրա չաքմեքն էին, պատանու նշանավոր կոշիկները, որոնց պատմությունը մեր ընթերցողին հայտնի է։ Այն օրվա ցեխի պատճառով Սանդրոն չկարողացավ նրանցով դուրս գալ, ի նկատի ունենալով նրանց ծակերը, այդ պատճառով ձգել էր նրանց տախտի վրա։

— Ինչո՞ւ եք գրում իմ չաքմեքը,— հարցրուց նա աչքերը լայն բանալով։

— Ինչո՜ւ, փող չաժե՞,— խոսեց Բոշան։

— Հալբաթտա արժե, երեկ կինտոները մի գրվանքա խնձոր էին տալիս, ես չտվի չաքմեքս։

— Պարոն, դուք ինչո՞ւ եք վիճում երեխայի հետ,— նրանց խոսքը կտրեց պրիստավը պաշտոնական ձևով,— օրենքով չէ կարելի գրել այն բաները, որոնք բնակիչներին անհրաժեշտ պետք են։

Բոշան սկսեց ինքն իրան բարկանալ.

— Էդ էլ բա՞ն է, էդ էլ օրե՞նք է... փող տաս ու նրա փոխանակ էդպեսի զիրթ-զիբիլ տանես, ու էն էլ չթողնե՞ն...

Քեթևանը պրիստավին տեսածին պես շփոթվեցավ. նա չէր իմանում, թե ինչ էր գործվում յուր տան մեջ։ Մարիամը միայն կանգնած դռան հետևը լաց էր լինում։ Իսկ Սանդրոն, չաքմեքը ձեռին պինդ բռնած, կանգնել էր, նրանց օրհասին էր սպասում։

Պրիստավը տեսնելով անբախտների այդ ցավալի դրությունը և մանավանդ ճանաչելով Բոշային, թե ի՛նչ ծառի պտուղ էր նա, ​խղճաց և սկսավ խնդրել պարտատիրոջը, որ դադարե տան կայքը գրել տալուց։— Կարծեմ, ավելի լավ կլինի, որ դուք թողնեք շարժական կայքերը և բավականանաք անշարժ կայքով, որովհետև խրճիթն իմ կարծիքով կլրացնե ձեր պահանջը։

— Էս քանդված քոխին երկու հարյուր մանեթ կդուրս բերե՞,— կտրեց Բոշան պրիստավի խոսքը.— ջհուդները տասը թումնից ավելի չեն տալիս, որ խառնեն իրանց գերեզմանատանը։

Երկու հարյուր մանեթի անունը լսածի պես Մարիամը մեջ մտավ.— Ի՞նչ երկու հարյուր մանեթ. մերս ասում էր, որ հիսուն մանեթից ավելի քեզ պարտական չէ, գանա դու աստված չունե՞ս...

— Քու դեդեն շատ բան կասե, բայց էս իսպոլնի լիստը տեհնում ե՞ս...

Եվ իրավ, Բոշան ցույց տվեց երկու հարյուր մանեթի իսպոլնիտելնի լիստ:

— Դուք դարձյա՛լ սկսեցիք երեխայոց հետ վիճել,— դարձավ պրիստավը դեպի Բոշան։

— Ախար ի՜նչ անեմ, աղբեր, սիրտս տրաքեցնում են....— պատասխանեց Բոշան՝ ձևացնելով խիստ անմեղ կերպարանք:

Մարիամի նկատողությունը բոլորովին ուղիղ էր։ Քեթևանը հիսուն մանեթից ավելի պարտական չէր Բոշային, այն ևս մենք գիտենք, թե որպես էր կազմվել այդ սարսափելի գումարը... Բայց միամիտ Քեթևանը արել էր մի մեծ սխալ. ամեն անգամ հին պարտամուրհակները փոխելու և նորը տալու ժամանակ՝ միշտ հները թողել էր Բոշայի մոտ... Միամիտներին այդպես խաբելը Բոշայի սրբազան սովորություններից մինն էր...

Պրիստավը տեսնելով, որ Բոշային համոզելու հնար չկա, գրեց բոլոր այն կահ-կարասիքը, որ օրենքով թույլ էր տրված արեստի տակ դնել և Քեթևանի տնակեն դուրս բերելով այդ բաները, հանձներ նրանց դրացի Կեկելին պահելու համար, մինչև աճուրդ նշանակվի։ Բայց Սանդրոյի կոշիկները բարեբախտաբար զերծ մնացին հրապարակական ծախսի նյութ դառնալեն։

Comments