Chapter 4
Դ
Մյուս օրը եղանակը շատ մեղմ էր: Գիշերվա մրրիկը դադարել էր և արևի շողքերն ուրախ ժպիտով խաղում էին նորեկ ձյունի խաչաձև բրլիանտների վրա։
Վաղ առավոտյան լվացարար Կեկելն եկավ Օվանեսենց տուն, Հեթևանի առողջությունը հարցրուց, ուրախացավ, որ հիվանդն այն գիշեր հանգիստ էր քնած, և Մարիամին ասաց, որ դա բաղնիքները լվացք տանե։
— Էս սհաթին կգամ, թող կրակը վառեմ, տունն ավլեմ, կգամ,— պատասխանեց Մարիամը, շտապելով իրանց տնակի առավոտյան հոգսերը հոգալու։
Գնալով Կեկելի տուն, օրիորդը տեսավ, որ Նիկոլը դեռ նոր յուր զամբյուղն առած փողոց էր գնում։ Տեսնելով Մարիամին, պատանին լռությամբ ակնարկեց յուր զամբյուղի վրա, կամենալով դրանով հիշեցնել գիշերվա անցքը։ Բայց Մարիամը ոչինչ չպատասխանեց նրան, տեսնելով, որ պատանու մայրն այնտեղ կանգնած էր։
Նիկոլը հեռացավ։ Կես ժամից հետո Մարիամը շալակեց մի մեծ կապոց լվացք և սկսավ դիմել դեպի բաղնիքների կողմը։
Սանդրոն նույնպես վաղուց պատրաստվել, ուզում էր յուր վարպետի խանութը գնալ։ Նրան մնացել էր միայն յուր կոշիկների հոգսը, նա մտածում էր, թե ի՛նչ հնարք բանեցնե, որ մատները նրանց ծակերից դուրս չպրծնեն։ Մանավանդ որ մի ոտքը վիրավորված էր: — Ա՛խ, ե՞րբ պիտի պրծնեմ էս մունդրեկներից... — ասում էր նա դառն կերպով հոգոց հանելով։
Մինչ խեղճ Սանդրոն այդ մտատանջության մեջն էր, խրճթի դուռը զարկեցին։— Քեթևա՛ն, Քեթևա՛ն,— լսելի եղավ մի խռպոտ ձայն։
— Ա՛խ, էլի եկավ...— ասաց հիվանդը վշտալի ձայնով։
Սանդրոն դուռը բաց արավ. հայտնվեցավ մի միջահասակ մարդ, նեղ և խորամանկ աչքերով։ Նրա գորշ-պղնձագույն դեմքը կրում էր յուր վրա թափառական ցիգանի բոլոր վայրենի գծագրությունը։ Եվ իրավ, այդ պարոնը կոչվում էր՝ Բոշա-Կարապետ։
— Փողերը հազրեցի՞ր,— դարձավ նա դեպի հիվանդը։
— Ախր ո՞րտեղից հազրեմ, Կարապետ աղա, քո հոգուն մատաղ,— պատասխանեց Քեթևանը ողորմելի ձայնով։
— Օ՛րհնած, էդպես չի ըլի է՛,— մի առանձին դժգոհական եղանակով խոսեց Բոշան.— գլուխը չես կարացի տալ, շահն էլա տո՛ւր․․․
— Ախար ո՞րտեղից տամ, Կարապետ աղա, դու չե՞ս տեսնում իմ հալը... ես հիվանդ, անտեր ընկած եմ... երեխեքս շատ գիշեր քաղցած են քնում...։
Այդ խոսքերն այնպիսի մի դառն կերպով արտասանեց Քեթևանը, որ մի սիրտ, եթե քարից լիներ, դարձյալ կփափկեր։ Բայց Բոշայի համար դրանք սովորական բառեր էին, որպիսիք նա հաճախ լսել էր յուր պարտականներից։
— Տե՛ս, ես քեզ ասում եմ, Քեթևան, թե որ մինչև էս շաբթի վերջը չտաս, գանգատ կանեմ,— ասաց նա սպառնալով։
— Աստծուն բաշխե.․․ քո որդիկներուն բաշխե․․.— աղաչում էր հիվանդը ողորմելի ձայնով։
Բայց Բոշայի համար անբախտի լացը և այրիի արտասուքը ոչինչ նշանակություն չունեին։ Նա ինքն իրան բարկանալով խոսում էր` էսպես էլ օյին կուլի՞... նաղդ փող տաս ու չկարենաս առնե՞լու․..
Եվ նրա սատանայական աչքերը լի չարամտությամբ պտտում էին մերկ խրճիթի չորեքկողմը, կարծես մի բան որոնելու նպատակով։ Նա տեսավ անկյունում կծկված հավերը. աղվեսի արագությամբ հարձակվեցավ նրանց վրա և բռնեց մի վառյակ ու մի մանուկ աքաղաղիկ։
— Սրանք էլա տանեմ,— ասաց նա դժոխային ուրախությամբ: Սանդրոն, տեսնելով այդ հափշտակությունը, վրա պրծավ, բռնեց Բոշայի փեշից.— Ա՛ղա ջան, ա՛ղա ջան, ո՞ւր ես տանում, էդ մինն իմ «խուճուճիան մամալն է»:
Այդպես էր կոչում պատանյակը յուր նախշուն աքաղաղին։
— Դե՛ն կորի— գոռաց անգութ վաշխառուն,— ա՛յ, ես քեզ նշանց կտամ «խուճուճիան մամալը»... Եվ նա սպառնացավ տղային յուր սարսափելի ապտակը։
Սանդրոն, մի այդպիսի ապտակ մի օր առաջ իմերելից կրած լինելով, զարհուրելով հետ քաշվեց, թողնելով վաշխառուի փեշը։ Իսկ անպաշտպան պատանուն օգնության հասավ նրա միակ մտերիմը—փոքրիկ Ցուցան։ Նա տախտի տակից դուրս պրծավ և յուր սուր ասեղնավոր ատամներով ձիգ ընկավ Բոշայի փեշից։ Բայց վաշխառուն յուր ձեռքի ահագին մահակով մի այնպիսի սաստիկ հարված տվեց Ցուցայի գլխին, որ խեղճ շնիկն իսկույն բաց թողեց նրա փեշը, և նրա տխուր կծկծոցը խառնվեցավ Սանդրոյի լաց ու սուգին…
Վաշխառուն տարավ յուր կողոպուտը։ Սանդրոյի տխրությանը չափ չուներ, նա շատ էր սիրում յուր նախշուն աքաղաղին։ Հիվանդը, տեսնելով որդու արտասուքը, անդադար կրկնում էր.— Ա՛խ, էն անիծված էծը... է՛դ ի նչ կրակի մեջ քցեց մեզ…
Այդ խոսքերի մեջ, որ հիվանդն արտասանեց այնպիսի դառնությամբ, կար մի սարսափելի դեպք, որ գլխավորապես պատճառ եղավ նրանց անբախտությանը։ Ամուսնու մահից հետո Քեթևանը պարտք առավ Բոշա-Կարապետից տասն ռուբլի փող, ամեն մի ամիսը մեկ ռուբլի տոկոս հաշվելով, տասնվեց ռուբլի պարտամուրհակ տվեց վեց ամիս ժամանակով։ Այդ փողերով Քեթևանը գնեց մի այծ, որ յուր երեխեքը կերակրվեին նրա կաթնով։ Բայց անգութ բախտը պետք է հասցներ նրանց յուր վերջին հարվածը,— այծը երկու ամսից հետո մեռավ։ Այնուհետև նրանք դարձան Բոշայի ստրուկը։ Ամեն մի վեցամսյակից Բոշան պարտամուրհակը փոխում էր, տոկոսը տոկոսի վրա բազմապատկելով։ Անցան մի քանի տարիներ։ Քեթևանը յուր տան եղած-չեղածը ծախել՝ նրան էր տվել, բայց տակավին հիսուն ռուբլի պարտական էր։ Ամեն անգամ կգար Բոշան ինչ որ ձեռքն ընկներ կտաներ՝ հավ, ձու և այլն։ Բացի դրանից, նա յուր տան լվացքը նրանց էր լվանալ տալիս և ոչինչ չէր վճարում։ Շատ անգամ Մարիամը կար էր անում նրանց համար և փող չէր ստանում։ Այդ բոլորը նրա համար էր միայն, որ Բոշան համբերի և դատարանին գանգատ չանի։ Իսկ համբերությունը Բոշայի միակ նպատակն էր, որովհետև օըրստօրե նրա պարտամուրհակի թվանշաններն ավելի խոշոր ձև էին ստանում…