1. Անմեղ վաճառք

Chapter 2

Բ

Կեսօր էր:

Թուխպերը սկսել էին երկնքից փոքր առ փոքր նոսրանալ. արևի ճառագայթները բավականին զորություն էին ստացել։ Դառնաշունչ ցուրտը մեղմացել էր։ Կտուրներից կաթկթում էր նորեկ ձյունի հալուցը և փողոցներում գոյացնում էր սաստիկ ցեխ:

Քաղաքի խուլ և հետ ընկած մի անկյունում կանգնած էր փոքրիկ խրճիթը։ Փշոտ մացառներով հյուսած ցանկապատը հազիվ սժանում էր նրան մի տափարակից, ուր հրեաներին թույլ էր տված թաղել իրանց մեռելները։ Խրճիթի մի կողմը բոլորովին ավերակ էր։ Նույն ձմռան մեջ պատահել էր այդ դժբախտությունը. հոտած գերանները չդիմացան սաստիկ ձյունի ծանրությանը, առաստաղն իջավ ցած։ Իսկ խրճիթի մնացած մասի փլփլած պատերը դեռ կարողացել էին պահել իրանց վրա մի գետնափոր սենյակի ծածկը։ Ժամանակի հնությունից մաշված մամռապատ աղյուսներն ստացել էին մուգ-կանաչ գույն, որ տալիս էր այդ աղքատիկ բնակարանին մի տխուր, մեռելային բնավորություն, որով նա զանազանվում յուր մոտ դրած անշուք գերեզմաններից։

Դուռը ճռռաց։ Խրճիթից դուրս եկավ մի մանկահասակ աղջիկ։ Նրա հագուստը յուր չքավորությամբ բոլորովին համապատասխան էր այն տխուր շրջանին, ուր ապրում էր նա։ Մի բանով միայն նա զանազանվում էր. այդ նրա սիրուն և ախորժելի դեմքն էր։ Օրիորդը կլիներ տասնհինգ տարեկան, բայց որպես բարեխառն կլիմայի ծնունդ նրա կուրծքը բոլորովին զարգացած էր։ Թուխ հյուսն իջել էին շիտակ թիկունքի վրա և հասակը ձգվել էր ուղիղ` ինչպես չինարի։ Նա նմանում էր անմահ ոգիներից մինին, որ եկել մխիթարել այդ ավերակների անբախտ բնակիչներին...

Նա, մի փոքրիկ փայտյա տաշտ ձեռին բռնած, առաջ գնաց, տեսավ խրճիթին կից փլատակներին և սկսեց այնտեղից ցամաք լցնել յուր տաշտի մեջ։ Հետո նա բարձրացավ կտուրը, որ հազիվ որոշվում էր բակի տափարակից և սկսավ այն հողով բռնել ​տանիքի ծակերը, ոտքով կոխ տալ, որ արգելի հալած ձյունի կաթկթոցը սենյակի միջից, որ նույն ժամուն անձրևում էր խեղճ բնակիչների գլխին։

Աղջիկը յուր աշխատությունն ավարտել էր արդեն, երբ խրճթի բակը մտավ մեր ընթերցողին նախածանոթ պատանին: Դա օրիորդի եղբայրն էր։

Տեսնելով եղբորը` քույրն ուրախացավ. —Փայտ բերեցիր, եղավ նրա անհամբեր հարցմունքը։

Պատանին պատմեց քրոջը յուր դժբախտ դեպքը։ Մի քանի կաթիլ արտասուք երևացին աղջկա տխուր աչքերում։

— Գրողը տանե՜ նրան... —ասաց օրիորդը,—բա՛ նա աստված չունե՞ր...

Պատանին ոչինչ չպատասխանեց, նա տրտում կերպով նայում էր քրոջ երեսին։ Իմերելի ապտակը լրջացած գույնով դեռ դրոշմված էր խեղճ տղի թշի վրա։

— Մեր մայրը կմեռնի ցրտից, Սանդրո ջան, —ասաց օրիորդը հուսահատությամբ։

Մինչ նա այս տխրության մեջն էր, հանկարծ աչքն ընկավ խրճիթին կից փլատակներին. նա տեսավ քանդված առաստաղի գերաններից մեկի գլուխը մի քանի թզաչափ երևում էր տակից, իսկույն նրա գլխում ծագեց մի միտք։

— Կարա՞ս մի սղոց ճարել,—հարցրուց եղբորից։

— Ի՞նչ պիտի անես,—ասաց Սանդրոն։

— Էն գերանից մի քիչ կտրենք։

—Կարամ, —պատասխանեց Սանդրոն և վազեց դեպի իրանց դրացի հյուսն Օսեփի տունը և մի քանի րոպեից հետո դարձավ սղոցը ձեռին։

Քույր ու եղբայր մոտեցան գերանին, մինը նստեց նրա մի կողմը, մյուսը` նրա հանդեպ. նրանք բռնեցին սղոցի երկու ծայրից և սկսան շարժել։ Սկզբում նրանք անվարժ էին, չգիտեին ինչպես բանեցնել գործիքը, հետո փոքր առ փոքր սովորեցան, և սղոցն ազատ կերպով վազում էր փտած գերանի վրա։ Մինչև կեսը կտրել էին, երբ նրանք հոգնեցան. երկուսի էլ թևիկները թուլացավ։

— Ի՞նչ դժար բան է էլի դուրկալությունր, -ասաց Սանդրոն քրտինքը սրբելով։

— Հա՛, դժվար է,—պատասխանեց քույրը։

— Լավ է, որ մերս ինձ դուրկալի մոտ աշկերտ չտվեց:

— Կսովորեիր, Սանդրո, էլ թևերդ չէր ցավի։ ​— Հիմա կտրենք,—ասաց պատանին` ոգևորվելով քրոջ խոսքերեն։

Նրանք շարունակեցին գործը: Կես ժամից հետո գերանի կտորը գլորվեցավ գետին։

— Վա՜յ... վա՜յ... ոտս...—կոչեց պատանին մորմոքելով:

Քույրը թեև շուտով հեռացրուց փայտի կտորը, որ ընկավ եղբոր ոտքի վրա, այսուամենայնիվ նրա ցավը սաստիկ էր. Սանդրոն երկար չէր դադարում մորմոքելուց։

— Վա՜յ, քոռանամ... էդ ի՜նչ էլավ,—կոչեց օրիորդը, տեսնելով, որ եղբոր բթամատից արյուն էր հոսում։

Նա պատռեց յուր մաշված առաջակալից մի կտոր և իսկույն փաթաթեց վերքը։ Արյունը դադարեց, բայց Սանդրոն դեռ անհանգիստ էր։ Նա վեր կացավ և կաղկղալով մտավ խրճիթը։

Բայց կտրած փայտը ճղոտելու համար պետք էր տապար: Օրիորդը տարավ սղոցը հետ տվեց Օրիորդին և քանի րոպեից հետո դարձավ տապարը ճեռին։ նա հագուստի թևքերը վեր քաշեց և սկսավ կամաց֊կամաց մանրել փայտը։

Comments