Chapter 10
Ժ
Ապրիլ ամսի վերջին շաբաթն էր։ Հովասուն օդը շնչում էր գարնանային թարմությամբ։ Աստղազարդ երկինքը պարզ էր, որպես կաթնային օվկիանոս։ Լուսնյակն ամեն տեղ թափում էր յուր արծաթափայլ լույսը։
Գիշերը մոտենում էր յուր կեսին։
Որպես գիշերային Վեստալկա, յուղային ճրագը ձախ ձեռից քաշ տված, Քեթևանի խրճիթից դուրս եկավ մի մանկահասակ աղջիկ, զարդարված նոր և խշխշուն հագուստով։ Նրա հագուստը սեղմելով անցավ նեղ դռնից և նա հայտնվեցավ բակում։ Երևում էր աղջիկը բոլորովին սիրահարված էր յուր զարդարանքով. նա անդադար հետ ու առաջ էր նայում, ուղղում էր հագուստի ծալքերը, ուղղում էր յուր փարիզյան գդակի վարդերը և զմայլվում էր...
— «Մի հայելի էլ չկա, որ մտիկ անեի»,— ասում էր նա ինքն իրան և շտապելով դիմում էր դեպի լվացարար Կեկելի տուն։
Փոքրիկ Ցուցան հայտնի չէ ի՛նչ չարամտությամբ նույն ժամուն հոտհոտալով վազվզում էր բակումը, նա, տեսնելով աղջկան, հարձակվեցավ նրա վրա և քիչ էր մնում, որ պատռե նրա փեշը։
— Ա՛յ, սա՛տկես դու, քոռացե՞լ ես,— ճչաց աղջիկը։ Շնիկը ճանաչեց նրան, սկսավ ներողություն խնդրել, մի քանի անգամ պտույտ գալով օրիորդի շուրջը և քսքսվելով նրա փեշերին։ Աղջիկը մտավ լվացարարի տունը։ Կեկելը նույն ժամուն ութո էր քաշում։
— Եկա մնաք բարով ասելու, Կեկել ջան,— ասաց օրիորդը, ընկնելով նրա գիրկը։
Կեկելը շփոթվեցավ, նա հազիվ կարողացավ ճանաչել, որ յուր գրկումը Մարիամն էր։
— Ես գնում եմ, Կեկել ջան։
— Ո՞ւր,— հարցրուց լվացարարը զարմանալով։
— Չեմ գիտում... մերս ինձ մարդի տվեց։
— Ո՞ւմ տվեց։
— Չեմ գիտում, Կեկել ջան, տե՛ս էս շորերը, էս շլյապեն, էս քորոցը, էս բրասլենտները... էս ամենն իմ մարդն է ուղարկել,— ցույց տվեց Մարիամը ուրախ ժպիտն երեսին։
Կեկելի գույնը շուտ-շուտ փոխվում էր, նա չէր կարողանում հավատալ յուր ականջներին։
— Դու տեսա՞ր էն մարդուն։
— Ես չեմ տեսի, Կեկել ջան, բայց էն պառավը, որ էս շորերը բերավ, ասում էր շատ լավ մարդ է։
— Ի՞նչ պառավ։
— Մեկ պառավ էլի՛, նա հիմա մեր տանն է, երկու հարյուր մանեթ էլ փող տվեց մորս։ Էլ Բոշան, էնպես չէ՞, Սեկել ջան, էլ չի կարա մեր տունը ծախել։ Կեկելի զարմանքն ավելի սաստկացավ։
— Դու ճանաչում ե՞ս էն պառավին։
— Չէ՛, Կեկել ջան, մի անգամ ես նրան բաղնիքի ճամփումը տեսա, շատ խոսեց ինձ հետ,— պատասխանեց օրիորդը մտաբերելով անցյալը։— էսօր էլ իրիկնապահին նա ինձ բաղնիք տարավ, լեղցրուց, ֆայտոնով գնացինք, Կեկել ջան, ա՜խ, ի՛նչ լավ էր ֆայտոնը, էնպես սլլում էր... գնում է՜ր ու գնո՜ւմ...
Մարիամն այնպիսի մի ոգևորությամբ արտասանեց վերջին խոսքերը ֆայտոնի մասին, որ նա առաջին անգամն էր նստել, մինչ Կեկելը, չնայելով յուր բոլոր վրդովմունքին, սկսավ ակամա կերպով ծիծաղել։
— Լավ, դու էն ասա՛, աղջի, պսակն ու հարսանիքը ե՞րբ է լինում, — հարցրուց Կեկելը։
Մարիամը շփոթվեցավ, չգիտեր թե ի՞նչ պատասխանե։ — Չեմ գիտում, էս գիշեր ինձ տանում են, — ասաց նա միամիտ կերպով։
— Հետո դու էն մարդին պետք է սիրե՞ս։
— Բաս չի՞ պիտի սիրեմ, Կեկել ջան, ախար էս շորերը նա է ուղարկել։
Կեկելը, չհասկանալով որ բոլորովին պարզամտությամբ ասաց Մարիամն այդ խոսքերը, ընդմիջեց նրան մի փոքր հանդիմանական ձևով.
— Տո՛, ծամ կտրած, դու ախար Նիկոլին էիր սիրում։
— Էլի կսիրեմ, Կեկել ջան, բա՛ս Նիկոլին կմոռանա՞մ,— պատասխանեց օրիորդը խիստ զգալի կերպով։— Քեզ էլ էի սիրում, Կեկել ջան, դու ինձ չէիր ծեծում, քեզ էլ չեմ մոռանա, շուտ-շուտ քեզ մոտ կգամ։
Այդ խոսքերի մեջ կար այնքան պարզություն, որքան մաքուր և անմեղ էր Մարիամի հրեշտակային սիրտը։
— Խե՛ղճ աղջիկ...— ասաց Կեկելն անլսելի ձայնով և երեսը մի կողմ շրջելով սրբեց արտասուքը։
— Հիմա գնանք մեր տուն, Կեկել ջան, էն տեղից դու ինձ ճանապարհ կդնես,— աղաչում էր Մարիամը։
— Չէ՛, Մարիամ, ես չեմ գա, ես չեմ ուզում տեսնել էն պառավի երեսը...
— Նա շատ լա՛վ կնիկ է, Կեկել ջան, էնպես լա՛վ խոսում էր որ․․․
— Ի՞նչ էր խոսում։
— Մերս չէր ուզում ինձ էն մարդին տա, հենց լաց էր ըլում ու լաց ըլում... Կեկել ջան, ի՞նչու էր լաց ըլում։
— Չեմ գիտում։ Ասա՛, ինչ էր խոսում։
— Ինձ հանեցին դուրս, ես չլսեցի ինչ խոսեցին․ հետո մերս կանչեց ինձ յուր մոտ, ասաց՝ «էդ կնիկն ինչ որ ասե, դրան ականջ դի՛ր»։ Ես տեսա էն վախտն էլ նրա աչքերումն արտասուք կար։
Կեկելը ղրկեց օրիորդին և երկար նրան ճնշած ուներ յուր կուրծքի վրա․ նա չէր կարողանում բաժանվել այն աղջկանից, որին այնքան սիրում էր։
— Դու էլ լաց ես ըլում, Կեկել ջան, ի՞նչու ես լաց ըլում, հարցնում էր Մարիամը տխրությամբ։ Մի՛ լաց ըլի, ես չեմ գնա էն մարդի մոտ, էլի քեզ մոտ կմնամ, քեզ համար ութո կքաշեմ, բաղնիքը լվացք կտանեմ։
— Խե՛ղճ աղջիկ.․․— կրկնեց Կեկելն անլսելի ձայնով։
Սույն միջոցին Կեկելի խրճթի դռանը լսելի եղան մելոդական հնչումներ մի վրացերեն երգի.
Ա՛խ թըվալեբո, թըվալեբո,
Շավ թըվալեբո, թըվալեբո[1]։
Դռները հետ գնացին, Նիկոլն ուրախ-ուրախ ներս մտավ ասելով.
— Է՜յ, շենի ճիրիմե, էսօր օխտը աբասու ծախել եմ։
Նրա աչքին երևաց Մարիամը։— Էս ո՞վ է,— կոչեց նա հետ-հետ քաշվելով։ Նա կրկին մի քանի քայլ առաջ գնաց, և ուղիղ օրիորդի երեսին նայելով, ձայն տվեց.— Տո, Մաշո՛, դո՞ւն ես... լա՛վ բարիշնա ես դառի...։
— Ես եմ,— պատասխանեց Մարիամը կարմրելով։
— Որտեղի՞ց է էդ շորերը։
— Մարդս է ուղարկի, Նիկոլ ջան,— պատասխանեց օրիորդը։
— Նիկոլ ջա՜ն, չէ՛, զա՛հրումար... մարդը՞դ... տեհնում ե՞ս...— Պատանու աչքերը վառվեցան, նա սպառնացավ օրիորդին յուր սարսափելի մուշտին։— Դե՛, էս նիմուտին, է՛ս նիմուտին, ասում եմ քեզ, հա՛նի էդ շորերը, թե չէ դիփ կպատռտեմ, քեզ էլ կսպանեմ, քու մարդուն էլ...
— Ինչո՞ւ ես սպանում, Նիկոլ ջան, խեղճ չէ՞,— պատասխանեց օրիորդը միամտությամբ։
Պատանին ավելի կատաղեցավ։— Տո՛, էդ ի՞նչեր ես խոսում, գժվե՞լ ես... Թողե՛ք դրան ես խեղդեմ։— Եվ նա գազանի պես հարձակվեցավ Մարիամի վրա։
— Տո՛, Նիկոլ, տո Նիկոլ, ի՞նչ ես անում,— մեջ մտավ Կեկելը։— Նա խարում է քեզ, նա հանաք է անում,— կոչում էր խեղճ կինը, աշխատելով հանգստացնել որդու բարկությունը։
Այդ խռովության մեջ Մարիամը միջոց գտնելով, դուրս վազեց Կեկելի տնից։ Պատանու մայրը նրա ետքից կողպեց դուռը, որ Նիկոլը դուրս չգնա։
Մարիամը բոլոր մարմնով դողում էր. նա չէր կարողանում հասկանալ, թե ինչո՛ւ գրգռեց Նիկոլի բարկությունը․ նա կարծում էր, թե Նիկոլը կուրախանա յուր նոր հագուստով։ Նրա դեմքը բոլորովին գունատված էր կա վիճի նման, երբ նա մտավ իրանց խրճիթը։
— Ի՛նչ շատ ուշացար, Մաշո ջան,— ասաց նրան պառավը որ սև սատանայի նման սպասում էր նրան։— Դե՛, գնանք, քո հոգուն մատաղ, ուշանում ենք։
Մարիամը ոչինչ չպատասխանեց։ Նա քարե արձանի նման սառած կանգնել էր, չգիտեր, թե ի՛նչ անե։
— Գնանք, Մաշո ջան, ուշանում ենք,— կրկնեց պառավը։
— Բաս մերս չի՞պիտի գա ինձ հետ,— հարցրուց Մարիամըա մոտենալով մոր մահճին։
Քեթևանի առողջությունը վերջին օրերում բավականին ուղղվել էր, բայց Մարիամը զարհուրեցավ, երբ գտավ նրան սաստիկ տաքության մեջ։
«Ա՛խ, աստվա՛ծ, ի՛նչ բան արեցի...»— կրկնում էր հիվանդը խորին կերպով հոգոց հանելով։ Նա տանջվում էր խղճի տենդային դրության մեջ․․․
— Մայրի՛կ, մայրի՛կ,— ձայն տվեց աղջիկը։
Հիվանդը ոչինչ չպատասխանեց, վերմակը քաշեց գլխին և ծածկեց երեսը։
— Նա լաց է լինում․.․— դարձավ Մարիամը դեպի պառավը.— ես չեմ կարող գալ, նրա քեփն էլի վատացավ։
— Նա քնած է, Մարիամ, դու նրան մի՛ նեղացրու, — պատասխանեց պառավը։— Մենք գնանք, ֆայտոնով կտանեմ քեզ, կես սհաթ չի քաշի, էլի ետ կբերեմ։
— Ի՞նչպես թե քնած է... լսի՛ր նա խոսում է։
«Ես նրան իմ ձեռքով գերեզման դրի․..», լսելի եղավ հիվանդի ձայնը։
— Նա տաքության միջումն է խոսում, Մարիամ, գնանք, մի՛ ուշացիր,— ստիպում էր պառավը։
— Լավ, ինձ ի՞նչի համար ես տանում,— հարցրուց օրիորդը։
— Էնպես, էլի, Մարիամ... Մերդ չասե՞ց, քեզ, ես ինչ որ ասելու ըլեմ, դու պիտի ընդունես։
— Ասեց։
— Դե՛ գնանք։
— Բայց էլի շուտ ետ պիտի բերես, որ մորս մոտ ըլեմ։
— Կբերեմ, աստված է վկա։
— Էս գիշեր, գիտե՞ս։
— Հա՛, էս գիշեր։ Մարիամը մոտեցավ քնած Սանդրոյին, զարթեցրուց նրան։ — Սանդրո ջան, նստիր մայրիկի մոտ, ջուր ուզելու լինի տո՛ւր, չքնես, ես էս նիմուտին գալիս եմ։ Եվ նա տվեց եղբորը մի բուռը կոնֆետ, որ ստացել էր պառավից։ Սանդրոն, տեսնելով քաղցրավենիքը, էլ չխոսեց և համաձայնվեցավ քրոջ պատվերներին։
Նրանք դուրս եկան։ Խրճթի անկյունում սպասում էր մի կառք։ Կատոն յուր «անմեղ վաճառքը» դրեց կառքի մեջ։ Ձիաները սլացան, կառքն անհետացավ գիշերային խավարի միջում։
Նույն րոպեին Կեկելի խրճթի փակված դռները փշրվեցան, դուրս պրծավ կատաղած Նիկոլը... «Թողե՛ք ես էն մարդուն սպանեմ... թողեք...», գոռում էր նա վազվզելով խավարի մեջ։
Բայց նա ոչինչ չգտավ. գազանի պես վազեց Քեթևանի խռճիթը, տեսավ Մարիամն այնտեղ չէ։— Ո՞ւր է քույրդ,— հորցրուց Սանդրոյից։
— Նա գնաց,— պատասխանեց պատանին։
— Ո՞ւր գնաց աղջիկդ,— դարձավ նա դեպի հիվանդը։
Նիկոլի ձայնի որոտմունքից ուշքի եկավ Քեթևանը և լսեց նրա խոսքերը։— «Մարիամը մեռավ...»,— եղավ հիվանդի վերջին խոսքը...
Նիկոլը թուլացավ և գլորվեցավ գետին։