Chapter 2
II
Անցավ մի որոշ ժամանակ, որի ընթացքում բժիշկ Բիանշոնը, որքան էլ Դեպլենի մտերիմն էր, սակայն և այնպես առիթ չունեցավ նրա հետ առանձին խոսելու նրա կյանքի տարօրինակ այդ առանձնահատկության մասին: Եթե նրանք միմյանց հանդիպում էին կոնսուլտացիաների ժամանակ, կամ աշխարհիկ հասարակության մեջ, ապա անհնար էր սրտաբաց և առանձնակի այն զրույցները, որ ունենում են բարեկամները, ոտքերը հենած բուխարուն, գլուխները՝ բազկաթոռի կռնակին, իրար հաղորդակից դարձնելով իրենց գաղտնիքներին:
Վերջապես յոթ տարի անց, 1830 թվականի ռևոլյուցիայից հետո, որի ժամանակ ժողովուրդը գրոհում էր արքեպիսկոպոսարանի վրա, երբ ռեսպուբլիկական խանդավառությամբ ոչնչացնում էին ոսկեզօծ խաչերը, որոնք կայծակի պես փայլատակում էին տների անծայրածիր օվկիանոսի վերևում, երբ փողոցներին տիրել էին անհավատությունն ու խռովությունը, Բիանշոնը դարձյալ տեսավ Դեպլենին Սեն-Սյուլպիս եկեղեցին մտնելիս: Նա հետևեց վիրաբույժին և կանգնեց նրա կողքին: Նրա բարեկամը նվազագույն զարմանք իսկ չարտահայտեց, նրան ոչ մի նշան չարեց: Նրանք միասին ունկնդրեցին Դեպլենի պատվիրած պատարագը:
— Պիտի ասե՞ք, վերջապես, սիրելի բարեկամ, ձեր այդ տարօրինակ ջերմեռանդության պատճառը,— ասաց Բիանշոնը Դեպլենին, երբ նրանք դուրս եկան եկեղեցուց:— Երեք անգամ է արդեն, որ ես ձեզ տեսնում եմ պատարագ լսելիս: Դուք պետք է ասեք այդ գաղտնիքի պատճառը, և բացատրեք այս ակնհայտնի հակասությունը՝ ձեր համոզմունքների և վարմունքի միջև: Դուք չեք հավատում աստծուն, բայց գալիս եք պատարագի:
— Ես նմանվում եմ այն բազմաթիվ ջերմեռանդներին, որոնք արտաքուստ կրոնասեր են երևում, սակայն նույնքան անաստված են, որքան դուք և ես:
Եվ Դեպլենը սկսեց ծաղրական էպիգրամների հեղեղ թափել մի շարք քաղաքական գործիչների գլխին, որոնցից ամենից հայտնին իրենից ներկայացնում է Մոլիերի Տարտյուֆի նորագույն հրատարակությունը:
— Ես ձեզ այդ մասին չեմ հարցնում,— ասաց Բիանշոնը,— ես ուզում եմ իմանալ, թե դուք ինչի՞ համար եք գալիս այստեղ, չէ՞ որ դուք եք պատվիրում պատարագը:
— Ճիշտ որ, իմ սիրելի՛ բարեկամ,— ասաց Դեպլենը,— ես արդեն գերեզմանիս եզրին եմ գտնվում և կարող եմ ձեզ անվերապահորեն պատմել, թե ինչպես սկսվեց իմ կյանքը:
Այդ միջոցին, Բիանշոնը և այդ մեծ մարդը գտնվում էին Կատր-Վան փողոցում, որը Փարիզի նողկալի փողոցներից մեկն էր: Դեպլենը նրան ցույց տվեց կոթողի նմանվող այն տներից մեկի յոթերորդ հարկը, ուր կարող ես մտնել դռնից տանող մի երկար անցքով, որի ծայրում գտնվում է պտուտակաձև մի սանդուղք: Այդ սանդուղքը սովորաբար ցերեկը աղոտ լուսավորվում է խուլ պատուհանի անցքից: Դա մի կանաչավուն տուն էր, որի առաջին հարկը զբաղեցրել էր շենքի սեփականատերը՝ կահույքի մի վաճառական, որն իր շենքի յուրաքանչյուր հարկում ասես ապաստան էր տվել տարբեր տիպի թշվառների: Կորովով լի մի շարժումով բարձրացնելով ձեռքը, Դեպլենը ասաց Բիանշոնին.
— Այնտե՛ղ, վերևում, ես ապրել եմ երկու տարի:
— Ես այդ գիտեմ: Դ’Արթեզն էլ է ապրել այնտեղ. ես գրեթե ամեն օր լինում էի նրա մոտ իմ վաղ երիտասարդության տարիներին: Մենք այդ ձեղնահարկն անվանել էինք՝ «մեծ մարդկանց թրմաման»։ Հետո՞:
— Քիչ առաջ իմ լսած պատարագը սերտորեն կապված է այն իրադարձություններին, որ տեղի ունեցան այն ժամանակ, երբ ես ապրում էի յոթերորդ հարկի այդ ձեղնահարկում, ուր ինչպես դուք ասում եք, ապրել է դ’Արթեզը, այնտեղ, որտեղ դրված է ծաղկաման և սպիտակեղեններ են փռված: Այնտեղ, այդ ձեղնահարկում ես ունեցել եմ այնպիսի տաժանելի, տառապանքով լի կյանք, իմ սիրելի Բիանշոն, որ կարող եմ փարիզյան տառապանքների առաջնության դափնու համար մրցել որևէ մեկի հետ: Ես ամեն ինչ կրել եմ, և՛ քաղց, և՛ ծարավ, և՛ փողի բացակայություն, հագուստի, սպիտակեղենի ու կոշիկի բացակայություն, այն բոլորը, ինչ դժնդակ է չքավորության մեջ: «Մեծ մարդկանց այդ թրմամանում» ես շրջում էի իմ ցրտից փայտացած մատներիս վրա, և իմ մեջ ցանկություն կա՝ գնալ նորից տեսնել այդ սենյակը ձեզ հետ: Ես մի ձմեռ աշխատել եմ այնտեղ, տեսնելով, թե ինչպես գոլորշի էր բարձրանում իմ գլխի վերև, զատորոշում էի իմ արտաշնչությունը, ինչպես մենք տեսնում ենք ձիերի մոտ՝ սառնամանիքի ժամանակ: Ես չգիտեմ, թե մարդիկ որտեղի՛ց են նեցուկ ստանում այդպիսի կյանքի դիմանալու համար: Մենակ էի ես, օգնությունից զուրկ, առանց մի սուի՝ ո՛չ գրքեր գնելու, ո՛չ էլ բժշկական ուսման ծախսեր վճարելու համար: Բարեկամ չունեի իմ անհաղորդակից, կասկածոտ, անհանգիստ բնավորության պատճառով: Ոչ ոք չէր ուզում հասկանալ, որ իմ գրգռվածությունը բացատրվում էր կենսական դժվարություններով և ծայրահեղ աշխատանքով: Չէ՞ որ ես գտնվում էի սոցիալական կյանքի ամենախոր հատակում, մինչդեռ ուզում էի բարձրանալ նրա մակերեսը: Սակայն ես ունեի, ես կարող եմ ձեզ այդ ասել, առանց ձեզ մոտ ձևացնելու, ունեի այն ազնիվ զգացումներն ու բուռն դյուրազգացությունը, որոնք միշտ պետք է զատորոշեն ուժեղ մարդկանց, որոնք ընդունակ են մագլցելու որևէ բարձունք՝ երկար ժամանակ դեգերելով թշվառության ճահճուտներում: Ես ոչինչ չէի կարող սպասել իմ ծնողներից կամ իմ ծննդավայրից, իմ ստացած խղճուկ թոշակից զատ: Վերջապես, այդ օրերին, առավոտյան, ես ուտում էի մի կտոր հաց, որը Պտի-Լիոն փողոցի հացավաճառը նվազ թանկ գնով էր վաճառում ինձ, որովհետև այդ հացը միշտ քարթու էր լինում, և որը ես կակղեցնում էի կաթի մեջ, այդպիսով իմ նախաճաշը նստում էր երկու սու: Երկու օրը մի անգամ ես ճաշում էի պանսիոնում, ուր ճաշն արժեր տասնութ սու: Ուրեմն օրական ծախսում էի տասը սու: Դուք ինձնից լավ կհասկանաք, թե որքա՜ն հոգածու էի հագուստի և ոտնամանների համար: Չգիտեմ, թե կարելի՞ է համեմատել այն վիշտը, երբ մենք, ձեզ հետ միասին հետագայում զգում էինք այս կամ այն պաշտոնակցի դավաճանական արարքից, այն վշտի հետ, երբ նկատում էինք մեր մաշված կոշիկների ծաղրական ծամածռությունը, կամ լսում մեր թիկնոցի թևատակի պատռվելը: Ես միայն ջուր էի խմում և մեծագույն հարգանք տածում փարիզյան սրճարանների հանդեպ: «Ցոպի» սրճարանը ինձ երևում էր որպես ավետյաց երկիր, որտեղ կարող էին ներկա լինել լատինական թաղամասի Լուկուլլոսները միայն:
«Պիտի կարողանա՞մ երբևէ,— ասում էի երբեմն ինքս ինձ,— այնտեղ մի բաժակ սերուցքով սուրճ խմել, խաղալ դոմինո»: Վերջապես թշվառության ինձ ներշնչած կատաղությունը փոխադրում էի իմ աշխատանքների մեջ: Ամեն ճիգ ու ջանք գործադրում էի հաստատուն գիտելիքներ ձեռք բերելու համար, որպեսզի ունենամ անձնական անսահման արժեք, արժանի դառնալու համար այն դիրքին, որին պիտի հասնեի մի օր, երբ դուրս գայի իմ ոչնչությունից: Ավելի շատ ձեթ էի սպառում, քան հաց, այդ համառ աշխատանքային գիշերներին ինձ լույս տվող լամպն ինձ ավելի թանկ էր նստում, քան սնունդը: Այդ մենամարտը երկարատև էր, համառ, սփոփանքից զուրկ: Ոչ մի կարեկցություն ես չէի հարուցում իմ շուրջը: Բարեկամներ ունենալու համար անհրաժեշտ չէ՞ր միթե կապվել երիտասարդների հետ, գրպանում ունենալ մի քանի սու, նրանց հետ բաժակ-բաժակի խփել, միասին գնալ այնտեղ, ուր ուսանողներն էին գնում, բայց ես ոչինչ չունեի:
Եվ Փարիզում ոչ ոք չի պատկերացնում, թե ի՛նչ է նշանակում ոչինչ։ Երբ հարկ էր լինում պատմել, թե ի՜նչ թշվառության մեջ էի գտնվում, ես զգում էի, որ ներվային ջղաձգությունը սեղմում էր կոկորդս, որ այնտեղ բարձրանում էր ինչ-որ գնդիկ, ինչպես ասում են մեր հիվանդները:
Հետագայում ես հանդիպեցի հարուստ ծնված մարդկանց, որոնք իրենց կյանքում երբեք որևէ բանի պակասը չեն զգացել, և չգիտեին երից կանոնի այն խնդիրը, որ «երիտասարդը հարաբերում է ոճրին այնպես, ինչպես հարյուր սունոց դրամը՝ իքսին»: Այդ ոսկեզօծ տխմարները ձեզ ասում են. «Ինչո՞ւ դուք պարտք էիք անում, ինչի՞ համար ծանր պարտականություններ վերցնում»: Նրանք ինձ հիշեցնում էին այն իշխանուհուն, որ իմանալով, թե ժողովուրդը կոտորվում է սովից, ասում էր. «Ինչի՞ համար ժողովուրդը գաթա չի գնում»:
Ես շատ կցանկանայի տեսնել այդ հարուստներից մեկին, որը դժգոհություն հայտներ, թե ես շատ թանկ գին եմ պահանջում նրան վիրահատության ենթարկելու համար: Տեսնել նրան Փարիզի փողոցում, առանց սուի, մեն-մենակ, առանց բարեկամի, առանց վարկի և միայն ձեռք ունենար, որպեսզի դրանով իր հացը վաստակեր: Ո՞ւր պիտի գնար իրեն համար սնունդ գտնելու:
Բիանշո՛ն, երբեմն դուք ինձ տեսել եք դառնացած ու բիրտ. դրանով ես վրեժխնդիր էի լինում իմ երիտասարդական տվայտանքների համար այն անզգայությանը, այն էգոիզմին, որոնց ամեն քայլափոխում հանդիպում էի բարձր ոլորտներում. ես մտաբերում էի, թե ատելությունը, նախանձը, զրպարտանքը ինչպիսի արգելքներ էին դնում իմ և հաջողության միջև:
Երբ Փարիզում մարդիկ տեսնում են, որ դուք ոտքը ձիու ասպանդակին եք դնում, ոմանք կքաշեն ձեր հագուստի փեշից, մյուսները կթուլացնեն թամբակալի օղակը, որպեսզի ընկնելիս ջարդեք ձեր գլուխը, երրորդները կհանեն ձիու պայտը, ոմանք էլ կգողանան ձեր մտրակը. նվազ դավաճանը նա՛ է, որ գալիս է ատրճանակով մոտիկից ուղղակի ձեր երեսին կրակելու: Դուք բավականաչափ տաղանդ ունեք, սիրելի՛ տղաս, շուտով ճանաչելու այն ահավոր, անդադրում ճակատամարտը, որ միջակությունը մղում է տաղանդավոր մարդու դեմ: Եթե դուք մի օր պատահաբար կորցնեք քսանհինգ լուիդոր, հաջորդ օրը կզրպարտվեք, որպես խաղամոլ, և ձեր լավագույն բարեկամներն անգամ պիտի ասեն, որ նախորդ օրը խաղի մեջ կորցրել եք քսանհինգ հազար ֆրանկ. ունեցեք գլխի ցավ, պիտի ասեն, որ դուք խենթացել եք: Եթե կրքոտ եք, կլինեք ոչ ընկերական, եթե դուք ուժգնություն ցուցահանեք, կասեն ընկերական մարդ չեք: Եթե գաճաճների այդ բանակին դիմադրելու համար ձեր մեջ կուտակեք վերջին ուժերը, ձեր լավագույն բարեկամները կբղավեն, որ դուք ցանկանում եք կուլ տալ բոլորին, որ դուք հավակնություն ունեք տիրակալելու, բռնակալելու, վերջապես ձեր առավելությունները կդառնան թերություններ, ձեր թերությունները՝ ախտամոլություններ, իսկ ձեր առաքինությունները՝ ոճիրներ: Եթե դուք փրկեք մեկին, կասեն, որ դուք սպանել եք նրան. եթե հիվանդն ապաքինվում է, կասեն, որ դա ձեր կողմից կատարված ժամանակավոր կազդուրում է, որի համար նա պետք է վճարի ապագայում. եթե հիմա չի մեռել, հետո կմեռնի: Եթե սայթաքեք, կասեն՝ ընկավ: Եթե հնարեք որևէ բան, պահանջեք ձեր իրավունքները, կլինեք դժվարահաճ մարդ, խորամանկ մարդ, որը չի ուզում, որպեսզի երիտասարդներն առաջ գնան:
Այսպիսով, սիրելի՛ս, եթե ես չեմ հավատում աստծուն, ավելի նվազ եմ հավատում մարդուն: Դուք գիտեք, որ իմ մեջ ապրում է մի Դեպլեն, որը բոլորովին նման չէ այն Դեպլենին, որի մասին չարախոսում են: Բայց չքրքրենք ցեխի այդ կույտը:
Ուրեմն ես ապրում էի այս տանը, աշխատում էի իմ առաջին քննությանը պատրաստվելու և մի գրոշ անգամ չունեի: Գիտեք, հասել էի վերջին կետին, երբ մարդս ասում է. «Գնամ զինվորագրվելու»: Միայն մի հույս ունեի: Ծննդավայրիցս սպասում էի սպիտակեղենով լիքը մի արկղ, որ ինձ նվեր էին ուղարկում պրովինցիայի այն պառավ հորաքույրներս, որոնք հասկացողություն չունենալով փարիզյան կյանքի մասին՝ համոզված էին, որ ամսական երեսուն ֆրանկով իրենց եղբոր որդին ընտիր թռչունի մսով կարող է սնվել: Ծանրոցը հասավ այն միջոցին, երբ ես համալսարանում էի: Փոխադրության համար պետք է վճարեի քառասուն ֆրանկ: Դռնապանը՝ գերմանացի մի կոշկակար, որը բնակվում էր սանդուղքի տակի խցիկում, վճարել էր այդ գումարը և պահում էր ծանրոցը: Ժամերով դեգերեցի Ֆոսե-Սեն-Ժերմեն-Դե-Պրե և բժշկական ֆակուլտետի փողոցում, գլուխ պատռելով այն բանի վրա, թե ի՛նչ հնարքով ստանամ արկղը, նախապես չվճարելով այդ քառասուն ֆրանկը: Իհարկե, ես կվճարեի, սպիտակեղենները ծախելով: Իմ անշրջահայեցությունն ինձ ցույց տվեց, որ իմ միակ կոչումը վիրաբուժությունն է: Սիրելի՛ս, նրբին հոգիները, որոնց ուժը կիրառվում է բարձր ոլորտում, զուրկ են կենսական բանսարկությունների ընդունակությունից, որը հարուստ է հնարամտությամբ ու ճարպիկությամբ: Դիպվածն է այդ մարդկանց բարի ոգին, նրանք չեն փնտրում, գտնում են:
Ես տուն վերադարձա ուշ գիշերին, նույն ժամանակ վերադարձավ նաև իմ հարևանը, մի ջրկիր՝ Բուրժա անունով, որը սեն-ֆլուրցի մի մարդ էր: Միմյանց ճանաչում էինք, ինչպես ճանաչում են իրար կից սենյակ ունեցող երկու վարձակալներ, որոնք լսում են մեկը մյուսին քնելիս, հազալիս, հագնվելիս և վերջապես վարժվում են միմյանց: Իմ հարևանը ինձ տեղեկացրեց, որ տանտերը, որին ես երեք ամսվա բնակարանավարձ էի պարտական, վճռել է ինձ վտարել. մյուս օրը ես պետք է հեռանայի: Պարզվեց, որ տանտերը վտարում է նաև իմ հարևանին իր արհեստի պատճառով: Ես այդ օրը անցկացրի իմ կյանքի ամենավշտալի գիշերը:
«Հիմա, որտեղի՞ց գտնել մի հանձնակատար իմ խղճուկ իրերը և իմ գրքերը տեղափոխելու համար: Ինչպե՞ս վճարել հանձնակատարին ու դռնապանին: Ո՞ւր գնալ»: Սրանք անլուծելի հարցեր էին, որ ես կրկնում էի արտասվաթոր, ինչպես խելագարներն են կրկնում միշտ նույն բանը: Վերջապես քնեցի: Թշվառության մեջ կա երկնային քուն, լի բերկրալի երազներով:
Հաջորդ առավոտ, այն պահին, երբ ես ուտում էի կաթի մեջ թաթախած իմ հացը, Բուրժան ներս մտավ և իր վատ ֆրանսերենով ասաց ինձ.
— Պարոն ուսանո՛ղ, ես աղքատ մարդ եմ, Սեն-Ֆլուրի ապաստարանի ընկեցիկ, ո՛չ հայր ունեմ, ո՛չ մայր. հարուստ էլ չեմ, որ ամուսնանամ: Դուք շատ ազգականներ չունեք և ո՛չ էլ ունեցվածք: Լսեցե՛ք, ներքևում ես ունեմ ձեռքի սայլակ, որը վարձով եմ վերցրել ժամը երկու սուով. ձեր ամբողջ ունեցածը կտեղավորվի նրա վրա: Ուզում եք միասին բնակարան փնտրենք, քանի որ մեզ երկուսիս էլ այստեղից դուրս են քշում: Թեև այստեղ էլ երկրային մի դրախտ չէ:
— Ես այդ լավ գիտեմ, իմ բարի Բուրժա,— ասացի ես նրան։— Բայց դժվարությունն այն է, որ ես ներքևում մի սնդուկ ունեմ, որի մեջ հարյուր էկյուի սպիտակեղեն կա, որը ծախելով, ես կարող էի վճարել և՛ տանտիրոջը, և՛ այն, ինչ որ պարտք եմ դռնապանին, սակայն այս րոպեիս հարյուր սու անգամ չունեմ:
— Բա՜հ, ես մի քիչ փող ունեմ,— պատասխանեց ինձ Բուրժան՝ զվարթորեն ցույց տալով կաշվե կեղտոտ հին մի քսակ:— Պահեցե՛ք ձեր սպիտակեղենը:
Արդարև, նա տանտիրոջը վճարեց իմ և իր պարտքը, փակեց դռնապանի հաշիվը, հետո մեր բոլոր իրեղենները և սպիտակեղենի արկղը բարձեց սայլակի մեջ, և մենք սկսեցինք դեգերել փողոցներում, կանգ առնելով այն տների մոտ, որտեղ հայտարարություն կար փակցրած՝ բնակարան վարձու տալու մասին: Ես մտնում էի յուրաքանչյուր այդպիսի տուն և նայում վարձու տրվող բնակարանները: Արդեն կեսօր էր, սակայն դեռ մենք թափառում էինք Լատինական թաղամասում, առանց հարմար մի տեղ գտնելու: Ընդհանրապես բարձր վարձագներն էին արգելք հանդիսանում: Բուրժան առաջարկեց ինձ նախաճաշել մի գինեվաճառի մոտ, որի դռան առաջ թողեցինք մեր ձեռնասայլը: Վերջապես երեկոյան դեմ Ռոհան փողոցում, Առևտրական պասսաժում, հաջողվեց մի տան վերևում, տանիքի տակ գտնել երկու սենյակ, որոնք սանդուղքով էին բաժանված: Յուրաքանչյուրս տարեկան վաթսուն ֆրանկով վարձեցինք մեր բնակարանները: Վերջապես մենք՝ ես և իմ համեստ բարեկամը, ապաստարան գտանք: Մենք ճաշում էինք միասին:
Բուրժան, որը օրական մոտ հիսուն սու էր վաստակում, հարյուր էկյուի խնայողություն ուներ: Շուտով նա կիրականացներ փայփայած երազը՝ գնել մի ձի ու տակառ: Խորամանկ ու սրաթափանց բարեհոգությամբ, որի հիշողությունը իմ սիրտը հուզում է նաև հիմա, նա ինձնից դուրս կորզեց բոլոր իմ գաղտնիքները, և իմանալով, թե ի՛նչ դրության մեջ եմ ես գտնվում, առժամանակ հրաժարվեց իր համակ կյանքի այդ երազանքից: Բուրժան քսաներկու տարի ջուր էր կրում և նա հանուն իմ ապագայի զոհաբերեց իր հարյուր էկյուն:
Այստեղ Դեպլենը ուժգնորեն սեղմեց Բիանշոնի ձեռքը:
— Նա ինձ տվեց իմ քննությունները պատրաստելու համար անհրաժեշտ փողը: Այդ մարդը, բարեկա՛մս, հասկացավ, որ ես ունեի մի միսիա, ըմբռնեց, որ իմ մտքի կարիքներն իր կարիքներից առաջնակարգ էին: Նա զբաղվեց ինձնով, փաղաքշականորեն ինձ անվանելով՝ «փոքրիկս»: Փոխ տվեց ինձ այն գումարը, որն անհրաժեշտ էր իմ գրքերը գնելու համար։ Երբեմն հանդարտ մտնում էր ինձ մոտ, տեսնելու, թե ինչպե՛ս եմ աշխատում: Վերջապես ցուցաբերեց մայրական ամեն կարգի հոգածություններ, որպեսզի ես ավելի լավ սնվեմ, հրաժարվելով այն խղճուկ ու անորակ սննդից, որին ես դատապարտված էի:
Բուրժան, որ մոտ քառասուն տարեկան մարդ էր, ուներ միջնադարյան քաղաքացու կերպարանք, ուռուցիկ ճակատ, մի գլուխ, որից նկարիչը կարող էր Լիգուրկոսին8 պատկերել: Այդ խեղճ մարդու սիրտը լի էր խանդաղատանքով, որն ուզում էր զեղել: Նա երբեք չէր սիրվել, բացի իր մեռած շնիկից, որի մասին Բուրժան միշտ խոսում էր ինձ հետ, և հարցնում էր ինձ, թե ի՛նչ կարծիքի եմ, եկեղեցին կհամաձայնի՞ պատարագ մատուցել նրա հոգու համար:
Իր շունը,— ասում էր նա,— իսկական քրիստոնյա էր, որը տասներկու տարի անդադար եկեղեցի գնալիս ընկերացել էր իրեն, երբեք չէր հաչել, լուռ լսում էր երգեհոնի նվագը, պպզած տիրոջ կողքին, ասես նա էլ էր աղոթում: Այդ մարդն իր բովանդակ գուրգուրանքն ու գորովը կենտրոնացրեց իմ վրա: Նա ինձ ընդունեց որպես տառապող և միայնակ մի էակ: Հանդիսացավ ինձ համար ամենաուշադիր ու փափկանկատ մայրը, նրբազգաց բարերարը, վերջապես, նա առաքինության իդեալ էր, մի մարդ, որի համար բավականություն է բարի գործ կատարելը: Երբ ես նրան հանդիպում էի փողոցում ջուր կրելիս, ինձ վրա նետում էր մի իմաստալից հայացք՝ լի անիմանալի ազնվությամբ, ձևացնելով, թե քայլում է այնպես, իբր թե ոչինչ չի կրում, և կարծես երջանիկ էր զգում, որ ինձ առողջ և լավ հագնված է տեսնում: Մի խոսքով՝ դա հասարակ ժողովրդի ծոցից դուրս եկած մարդու անձնվիրությունն էր, գրիզետուհու սեր՝ ավելի բարձր ոլորտ փոխադրված: Բուրժան կատարում էր իմ հանձնարարությունները, գիշերը որոշված ժամին ինձ զարթեցնում էր, մաքրում իմ լամպը, շփում մեր սանդուղքի հարթակը, նույնքան լավ սպասավոր էր, որքան լավ հայր, մաքրասեր էր՝ անգլիացի սպասուհու նման: Նա՛ էր տնտեսությունը վարում: Նա Ֆիլոպեմենի9 նման սղոցում էր մեր փայտը. ամեն ինչ անում էր խիստ պարզորեն, բայց միշտ արժանապատվությամբ, որովհետև կարծես նա հասկանում էր, որ նպատակն ազնվացնում էր իր աշխատանքը:
Երբ թողեցի այդ արիասիրտ մարդուն, որպեսզի մտնեմ Օտել-Դիո կլինիկա՝ որպես ասիստենտ-պրակտիկանտ, չգիտեմ և չեմ կարող բացատրել, թե ի՛նչ դառն վիշտ զգաց, մտածելով, որ էլ չպիտի կարողանար ինձ հետ ապրել: Սակայն նա մխիթարվեց այն հեռանկարով, որ հնարավորություն կունենա իմ դիսերտացիայի համար անհրաժեշտ գումարը հավաքել, և խնդրեց, որ ազատ օրերին այցելեմ իրեն: Նա հպարտանում էր ինձնով, նա սիրում էր թե՛ հանուն ինձ, և թե հանուն իրեն: Եթե դուք գտնեք իմ դիսերտացիան, կտեսնեք, որ նրան է ձոնված: Կլինիկայում որպես ասիստենտ-պրակտիկանտ աշխատելու վերջին տարում, ես վաստակել էի բավականաչափ դրամ, որպեսզի պարտահատույց լինեի այդ արժանավոր մարդուն, գնելով մի ձի ու տակառ: Նա սաստիկ զայրացավ իմանալով, որ ես ինձ զրկում էի իմ փողից, այնուամենայնիվ հիացավ, որ իր փափագներն իրականացել էին: Ծիծաղում ու հանդիմանում էր ինձ, նայում էր իր տակառին, իր ձիուն և արցունքը սրբելով, ասում էր. «Լա՛վ չէ: Ա՜հ, ինչպիսի՛ տակառ է: Դուք չպետք է այդ անեիք... Բայց ձին օվեռնացու պես ամրակազմ է»: Ես ավելի հուզիչ բան չէի տեսել, քան այդ տեսարանը: Ինձ համար ուզեց անպայման գնել այն արծաթապատ տուփը, որ դուք տեսաք իմ կաբինետում, և որն ինձ համար աշխարհի ամենաթանկ առարկան է: Բուրժան արբեց իմ առաջին հաջողություններից, բայց ամենափոքր խոսքը կամ նվազագույն շարժումն անգամ չարեց, որով ուզենար ասել. «Այս մարդը ինչ-որ է, ինձ է պարտական»:
Սակայն առանց այդ մարդու, թշվառությունը ինձ սպանած կլիներ: Խեղճ մարդը իրեն զոհել էր ինձ համար: Վրան սխտոր քսած հաց էր ուտում միայն, որպեսզի ես սուրճ ունենայի իմ անքնություններին տոկալու համար: Նա հիվանդացավ: Գիշերներ լուսացրի, ինչպես կարող եք պատկերացնել, իր սնարի վերև: Առաջին անգամ ինձ հաջողվեց փրկել նրան: Բայց դժբախտաբար մի տարի հետո հիվանդությունը կրկնվեց, և հակառակ ամենահամառ խնամքներիս, հակառակ գիտության ամենամեծ ճիգերին, նա վախճանվեց: Երբեք, թագավորն այնպես չի խնամվել, ինչպես նրան խնամեցի: Այո, Բիանշոն, ես անլուր ճիգ գործադրեցի այդ կյանքը մահվան ճիրաններից կորզելու համար, որովհետև ուզում էի նրան ապրեցնել այնքան ժամանակ, որ տեսներ իր ձեռքի գործը, ուզում էի իրականացնել նրա բոլոր իղձերը, ուզում էի մինչև վերջ արտահայտել իմ երախտագիտությունը, որը լցրել էր իմ սիրտը, ուզում էի մարել այն կրակը, որը կիզում է ինձ մինչև հիմա:
— Բուրժան,— վերսկսեց Դեպլենը ակնհայտորեն հուզված,— իմ երկրորդ հայրը, մահացավ իմ բազուկների վրա, մի կտակով ինձ ժառանգություն թողնելով ինչ որ ուներ, որը գրել-պատրաստել էր հանրային գրագիրը, թվագրված այն տարվանից, երբ մենք Ռոհան փողոցն էինք փոխադրվել բնակվելու համար:
Բուրժան, ըստ իր հասկացողության, խիստ հավատացյալ էր: Աստվածամորը սիրում էր, ինչպես պիտի սիրեր իր կնոջը, և չնայած որ ջերմեռանդ կաթոլիկ էր, այնուամենայնիվ իմ անկրոնության մասին ոչ մի ակնարկություն չէր արել: Երբ զգում էր, որ մահը մոտ է, խնդրեց ինձնից ոչինչ չխնայել, որպեսզի չզրկվի եկեղեցու հոգևոր մխիթարությունից: Ամեն օր նրա համար պատարագ մատուցել տվի: Հաճախ, գիշերը երկյուղ էր հայտնում ինձ՝ իր հանդերձյալ կյանքի մասին, որովհետև այնպես էր կարծում, թե բավականաչափ բարեպաշտ չի ապրել: Խեղճ մարդը առավոտից մինչև երեկո չարաչար աշխատել էր:
Ո՞ւմ է վերապահված դրախտը, եթե իրոք դրախտն իսկապես գոյություն ունի: Սրբի նման, ինչպիսին էր, նա ընդունեց եկեղեցական վերջին խորհուրդը, և նրա մահը արժանի եղավ իր կյանքին:
Հուղարկավորության թափորին միայն ես հետևեցի: Երբ իմ միակ բարերարին հողին հանձնեցի, մտածում էի, թե ինչպես հատուցեմ նրա հանդեպ ունեցած պարտքս: Իմացա, որ նա չուներ ո՛չ ընտանիք, ո՛չ բարեկամներ, ո՛չ կին, ո՛չ երեխաներ: Սակայն նա ուներ կրոնական անեղծ համոզմունք, նա հավատում էր, իրավունք ունեի՞ այդ մասին վիճարկել: Երկչոտությամբ նա խոսել էր ինձ հետ մեռելների հոգեհանգստյան պատարագի մասին: Նա չէր ուզում հարկադրել ինձ այդ պարտականությունը, մտածելով, որ այդ նշանակում է՝ պահանջել իր կատարած ծառայությունների հատուցումը: Առաջին իսկ հնարավորության դեպքում, ես կարողացա Սեն-Սյուզպիս եկեղեցում տարին չորս անգամ պատարագ պատվիրել:
Միակ բանը, որ կարող էի որպես երախտագիտություն մատուցել Բուրժային, դա նրա բարեպաշտական ցանկություններին գոհացում տալն էր: Այն օրը, երբ մատուցվում է այդ պատարագը, տարվա յուրաքանչյուր եղանակի սկզբին, ես գնում եմ նրա անունից ներկա գտնվելու այնտեղ և ասում պահանջված աղոթքները: Եվ ես, երկբայողի ջերմ հավատով ասում եմ. «Աստված իմ, եթե կա մի ոլորտ, ուր մեռնելուց հետո դնում ես նրանց, որոնք կատարյալ են եղել, մտածի՛ր բարի Բուրժայի մասին, և եթե կա մի բան, որի համար նա պետք է չարչարվի, տո՛ւր ինձ նրա չարչարանքները, նրան ավելի շուտ ընդունելու այնտեղ, որ կոչում են դրախտ»:
Ահա, սիրելիս, այն, ինչ որ կարող է իրեն թույլատրել իմ մտածելակերպի տեր մի մարդ: Աստված երկայնամիտ է, նա չի մեղադրի ինձ: Երդվում եմ ձեզ, որ ամբողջ հարստությունս սիրով կտայի, որպեսզի Բուրժայի հավատքը կարողանար թափանցել իմ ուղեղի մեջ:
Բիանշոնը, որը Դեպլենին խնամեց նրա վերջին հիվանդության ժամանակ, մինչև օրս էլ չի համարձակվում պնդել, որ հռչակավոր վիրաբույժը մեռած լինի որպես անաստված:
Հավատացյալները կուզենայի՞ն մտածել արդյոք, որ խոնարհ օվեռնացին եկել էր նրա առջև բանալու երկնքի դուռը, ինչպես մի ժամանակ նա բացել էր երկրային այն տաճարի դուռը, որի ճակատի վրա կարդացվում էր.
«Մեծ մարդկանց՝ երախտապարտ հայրենիքից»։