Chapter 9
Թ
Մարությանի հեռանալուց ետ Վարդուհին խղճահարվեցավ նրա դրության վերա, նա զգաց, որ անգթաբար վարվեցավ խեղճ երիտասարդի, առանց այն էլ վիրավոր սրտի հետ, մանավանդ, որ արդեն հավատում էր, թե նա առանց շահադիտական նպատակների էր սիրել Աննային:— «Ես պարտավոր էի մխիթարել նրան,— ասում էր նա ինքն իրեն,— Մարությանը հանցավոր չէ, որ սիրել է Աննային առանց նրա ներքին արժանավորությունները ճանաչելու: Սա մի սխալմունք է և ոչ հանցանք: Ի՞նչ անեն խեղճ երիտասարդները: Մեր կյանքն այնքան փչացել, այնքան ապականել է, որ հրապարակում ոչ ոք առանց դիմակի չէ շրջում. ինչպե՞ս և ո՞ւր գտնել ճշմարտությունը... Եթե ճիշտը խոստովանինք, դեռ մենք ինքներս պետք է կարմրենք մեր սեռի այս խարդախ թուլությունների համար։ Իսկ Մարությանը... նա վատ տղա չէ։— շարունակում էր Վարդուհին,— սիրտ ունի, նա կարողանում է սիրել... Նրան կարծես թե ես դեռ սիրում եմ, ինձ այնպես Է թվում... բայց ո՛չ, ո՛չ, նա արժանիք չէ ճանաչում,— կարծես ինքն իրենից ամաչելով հերքում էր Վարդուհին յուր խոսածները.— նա սիրեց մի թեթևսոլիկ աղջկա, և նա պետք է պատժվի...»։
Բայց Մարությանը բոլորովին ուրիշ տպավորության տակ հեռացավ Վարդուհուց. նրա խոսքերը, նրա մտքերը, նրա դատողությունները այն աստիճան էին գրավել իրեն, որ նա մոռացել էր Աննային, և յուր նրա հետ ունեցած սիրային մտերմությունը, տեսակցությունները, աղջկա կողմից իրեն հասած վիրավորանքը, բոլորը, բոլորը երազ էին թվում իրեն։ — «Ինչո՞ւ համար սխալվեցա ես, մտածում էր նա. — ինչո՞ւ համար այս անգին գանձը ես չտեսա այն ժամանակ, երբ արվեստական գոհարը շլացնում էր ինձ, ինչո՞ւ համար ես այդ աստիճան կուրացել էի... բայց ի՞նչ, մի՞թե դու ուշ է, մի՞թե բախտը չէ այս, որ ծիծաղում է ինձ, և նախախնամության շնորհը չէ՞, որ ապագա դժբախտություններից. ազատում է ինձ:
Ես դեռ կարող եմ հուսալ, որ Վարդուհին մի օր կճանաչե իմ սիրտը, կհամոզվի, որ ես շահամոլի մեկը չեմ, որ ես զգացմունք ունիմ, որ ես կարող եմ սիրել... Եվ նա կցանկանա բախտավորացնել ինձ... Ո՞վ գիտե, գուցե հենց մոտ է ա՛յն վայրկյանը, երբ նա ինքը կասե ինձ` Տիրա՛ն, սիրում եմ քեզ»... Բայց չէ, ես զառանցում եմ. ես արժանի չեմ նրան և նա իմը չի լինիլ»։
Այս մտածմունքով ամբողջ օրը տանջվեցավ խեղճ երիտասարդը, և երեկոյան դեմ վճռեց կրկին անգամ այցելել Վարդուհուն։ — «Գուցե մի բան կարողանամ ասել նրան», մտածեց նա և դուրս գնաց տանից։
Բայց հազիվ թե մտել էր նրանց տան փողոցը, և ահա հեռվից նշմարեց նա նրանց պատշգամբի վերա մի շրջազգեստի ծայր.— «Նա Վարդուհին է» —շշնջաց նա և ինչպես մի հանցավոր արագ քայլերով խույս տվավ այդ փողոցից, կարծես վախենալով հանդիպել նրան:
Այսուամենայնիվ բախտը մեր Մարությանին հաջողում էր. պատշգամբի կիսաշրջազգեստը Վարդուհունը չէր. նա այդ ժամանակ զբոսնում էր պրոսպեկտի վրա յուր մի նորեկ ազգականուհու հետ: Մարությանը վերադառնալով նրանց փողոցից, պիտի անցներ պրոսպեկտը և նա այստեղ նշմարեց հեռվից Վարդուհուն:
Ամոթը, երկյուղը և ուրախությունը միախառնվեցան նրա մեջ, նա կամենում էր և խույս տալ նրա աչքերից, և մոտենալ նրան...Վերջին ցանկությանը օգնեց ինքը՝ Վարդուհին տեսնելով հեռվից Մարությանին, նա ժպտաց և քայլերը ուղեցավ դեպի նրան:
Վերջինս յուր կողմից ավելի շտապեցրեց յուր քայլերը և նրանք շատ մտերմաբար ողջունեցին իրար, բայց երկուսն էլ միանվագ շառագունեցին. ինչո՞ւ համար, երևի իրենք էլ չգիտեին:
Ես այսօր շատ խստությամբ խոսեցի ձեզ հետ, դուք անշուշտ վիրավորվել եք, այնպես չէ՞,— հարցրեց Վարդուհին ծիծաղելով:
Օ՜հ, ո՛չ, օրիորդ, ընդհակառակը, դուք շատ ճշմարտություններ խոսացիք և շատ գաղտնիքների խելամուտ արիք ինձ: Ես այսօր վրդովված էի և չկարողացա շնորհակալություն անել ձեզ. բայց մի փոքր առաջ ես որոշեցի գալ կրկին ձեզ մոտ, իմ այդ պարտքը հատուցելու համար:
Եվ եթե ինձ չպատահեիք այստեղ, ուրեմն մեր տունը պիտի գայի՞ք, - ժպտալով հարցրեց Վարդուհին:
Այո՛, օրիորդ, բայց գիտե՛ք... ես եկա, ճշմարիտն ասած, ամաչում եմ խոստովանել… եկա և ձեր պատշգամբի վերա հեռվից մի շրջազգեստ նշմարելով ձերը կարծեցի և ետ փախա:
Ինչո՞ւ համար. չէ որ ասում եք, թե ինձ պետք է շնորհակալություն անեիք:
Այո՛, բայց ամաչում էի կրկին երևալ ձեր աչքին: Վարդուհին ծիծաղեց, բայց միևնույն ժամանակ էլ շատ սիրեց երիտասարդի անկեղծությունը:
— Ես շնորհակալություն չեմ սպասում ձեզանից այնքան միայն լինի, որ իմ խոսածները կարողանամ մոռացնել տալ ձեզ ձեր կորուստը,— խորհրդավոր եղանակով նկատեց Վարդուհին։
Հավատացեք ինձ, օրիորդ, ես այս րոպեին ոչ մի կորստի վերա չեմ մտածում ես այսօր չեմ մտածել: Ես, ընդհակառակն, անչափ ուրախ եմ, որ իմ հիվանդությունը բուժվել է և այն ձեր շնորհիվ: Բայց եթե կա մի մտածմունք, որ ինձ տանջում է, դա բոլորովին նոր է, հենց այսօրվանից․ և նրա պատճառը տուգանքը հոգեկան զվարճություն է բերում ինձ․․․
Վարդուհին հասկացավ երիտասարդի խոսքերի նշանակությունը, բայց կեղծեց իբր թե ոչինչ չէ հասկանում։
Աշխատեցեք, որ մտածմունքները չտանջեն ձեզ, թե չէ տանջանքի մեջ զվարճություն չկա,— ասաց նա:
Այո՛, եթե միայն դա սիրո տանջանքն է,— նկատեց Մարությանը:
Վարդուհին ժպտաց, բայց ոչինչ չպատասխանեց, ընկերուհու ներկայությունը չէր ներում նրան զգալի կերպով շոշափել այդ խորհրդավոր ակնարկությունը:
Շուտով նրանք պիտի բաժանվեին ուղիղ ճանապարհով, ուստի Մարությանը առնելով նրանց ողջույնը և Վարդուհու սիրալիր ժպիտը՝ հեռացավ գոհ սրտով։
Հետևյալ առավոտը Մարությանը շատ հանդուգն միտք հղացավ։ Քաջալերվելով նախընթաց ավուր տեսակցությունով, նա որոշեց մի անգամով վախճան տալ գործին և գնաց Վարդուհու մոտ։
Օրիորդ, ես ամեն վտանգ հանձն եմ առավել ինձ համար մի որոշ վիճակ ստեղծելու համար,— ասաց նա, ողջունելով Վարդուհուն,— այդ պատճառով և այսօր կրկին ես գտնվում եմ ձեզ մոտ։
Ի՞նչ վիճակ եք ուզում ստեղծել ձեզ համար,— հարցրեց օրիորդը, կարծելով, որ գործը դարձյալ Լազարյանի աղջկանն է վերաբերում։
Դժբախտ կամ բախտավոր, ցավերով լի, կամ երջանկությամբ։ — Ձեզ չեմ հասկանում ես։
Իսկույն կհասկանաք։ Ես այժմ հառաջաբանությամբ չեմ խոսում, օրիորդ, որովհետև ձեզ ճանաչում եմ և այս բավական է։ Դուք գիտեք իմ անմիտ սիրո անցյալը, որի համար ես ի սրտե զղջում եմ. բայց չգիտեք այն, ինչ որ երեկվանից է սկսվել, ես ձեզ սիրում եմ։ Ձեր ինձ արած հանդիմանությունները փոխանակ իմ սիրտը վհատեցնելու, նրա մեջ նոր ուժ և կենդանություն են ներշնչել, ես ծանոթացել եմ ձեր արժանյաց և ձեր սրտի ազնվության հետ, և ես չեմ կամենում բաժանվիլ նրանից, այժմ հանդգնում եմ հարցնել — իրավունք կտա՞նք արդյոք սիրել ձեզ և հուսալ, որ կարող եմ սիրվել ձեզանից...
Վարդուհին լուռ նայում էր Մարությանի վերա և չէր պատասխանում։
Դուք ուրեմն ստիպում եք ինձ հավատալ, որ ձեր լռությամբ արհամարհում եք իմ զգացմունքները,— կրկին խոսեց Մարությանը։
Չե՞ք վախենում, որ ես էլ դավաճանեմ նրանց, հանդարտությամբ հարցրեց Վարդուհին։
Ո՛չ, չեմ հավատում։
Շատ լավ, լսեցեք։ Աննայից առաջ ես էի սիրում ձեզ և սիրում էի խելագարված...
Աստված իմ, դուք ինձ անիծում եք,— զգացված բացականչեց երիտասարդը,— այդ անկարելի է...
Լսեցեք, անկարելի ոչինչ չկա. ես ձեզ սիրում էի, ասում եմ, և այն ժամանակ, երբ ես քաղցր հույսերով օրորում էի ինձ, դուք իմ առաջ անգթաբար Աննայի սիրո խոստովանությունը արիք, ես սեղմեցի իմ կուրծքը և տարի ձեր ձեռքով ինձ համար պատրաստած տանջանքները։ Նրանից հետո տեղի ունեցած անցքերը դուք գիտեք... Այսօր էլ ահա նոր սիրո առաջարկություն եք անում ինձ։ Այժմ ձեզանից եմ հարցնում` ընդունե՞մ այդ առաջարկությունը, թե ոչ։
Ո՛չ, օրիորդ, մի' ընդունեք, մի անարժան մարդու անմտությունը թող արատ չբերե ձեր ազնիվ զգացմունքներին և ձեր մեծանձնությանը, թողեք, որ տանջվի այդ մարդը, որովհետև նա արժանի է յուր հատուցման... —Գիտե՞ք ինչ կա. եթե ա՛յն ազնվարյուն հոգիներից լինեի, որոնք ստեղծված են միմիայն ազնվության գոյությունն ապացուցանելու համար, ես ձեզ կարհամարհեի, որովհետև դուք մի օր ուրիշին էինք սեր երդվում. բայց որովհետև այդ հոգիներից չեմ, և մեր մեջ ասած, միևնույն փայտից եմ տաշված, ինչ որ մեր ուրիշ շատ աղջիկները, և այդ միայն այն զանազանությամբ, որ գիտակցաբար գործելու ընդունակությունն իմ մեջ մի փոքր ավելի է զարգացած, այդ պատճառով ընդունում եմ ձեր առաջարկությունը, որովհետև զգում եմ, որ ես չեմ կարողանում սպանել այն քնքուշ զգացմունքները, որոնց մի օր ձեզ համար տածել եմ իմ սրտում: Եթե իմ այս խոսակցությունից ետ դուք դեռ կարող եք սիրել ինձ, սիրեցեք, ես ձերն եմ...
Այդ խոստովանությունից հետո դուք իմ աստվածուհին եք,— ոգևորված բացականչեց երիտասարդը և բռնելով Վարդուհու ձեռքը՝ ջերմաջերմ համբուրեց:
Մի փոքր ժամանակից ետ Վարդուհու մայրը խնդակցում էր աղջկանը և սիրալիր գգվանքներ նվիրում յուր թանկագին փեսային: