Chapter 8
Ը
Այս անցքից մի քանի օր հետո Մարությանը եկավ Վարդուհու մոտ: Առաջին անգամից օրիորդը չկարողացավ իմանալ, թե ի՞նչ հանգամանք կարող էր ստիպել նրան այցելել իրեն, բայց երբ մտաբերեք երեկույթի երեկոյան Լազարյանների տան մեջ յուր լսածները, իսկույն գուշակեց, ու պարոն Մարությանին մի անհաջողություն է պատահել:
Երիտասարդը մտավ ընդունարանը շատ տխուր և վշտացած դեմքով, բայց Վարդուհին ընդունեց նրան յուր սովորական ժպիտով:
Դուք չափից դուրս տխուր եք այսօր, ի՞նչ է պատահել,— առաջին անգամ հարցրեց օրիորդը:
— Դուք այդ արդեն նկատեցի՞ք, օրիորդ, այո՛, ես շատ տխուր եմ, շատ տխուր…
—Բայց ի՞նչ է պատահել ձեզ, ասացեք խնդրեմ:
Ոչինչ, մի փոքրիկ դժբախտություն… երբ մարդիկ այնքան են հիմարանում, որ իրենց բախտը հողմաղացների վերա են կախում, շատ պարզ է, որ միայն դժբախտությունը կմնա նրանց բաժին… Ես արդեն մարդիկներից մեկն էի:
Բայց ի՞նչ դժբախտություն է այդ, խոսեցեք խնդրեմ:
Մարությանը չպատասխանեց, այլ ծանրությամբ հանեց ծոցից մի նամակ և տվեց նրան:
Կարդացեք, օրիորդ, բարձր կարդացեք. ես կամենում եմ մի անգամ էլ լսեմ իմ սիրուհուն:
Սա մի նամակ էր օրիորդ Աննայից Մարությանին ուղղած: Վարդուհին սկսեց կարդալ:
«Հարգելի պարոն.
Կարևոր եմ համարում հայտնել ձեզ իմ սիրելի ծնողաց կամքը. — ես այսուհետև այլևս չպիտի շարունակեմ իմ հայերեն լեզվի ուսումը, հետևապես դուք այսօրվանից ազատ եք և ինձ դասախոսելու համար հատկացրած ժամանակը կարող եք ըստ ձեր հաճոյից գործադրելու: Որքան էլ որ ինձ համար ցավալի է ձեր օգտավետ դասախոսություններից զրկվելը, այսուամենայնիվ ես իբրև մի թույլ աղջիկ, պարտավոր եմ ճակատագրին հնազանդվել: Իմ սիրելի ծնողքը ցանկանում էին, որ ես ընդունեմ իշխան Շահ-Մելիքյանի առաջարկությունը՝ նրա հետ ամուսնանալու համար, և ես կատարեցի նրանց ցանկությունը. հուսով եմ, որ ձեզ չի վշտացնել իմ այս որոշումը:
Ձեր ամենախոնարհ աղախին
Աննա Լազարյան»:
Նամակի ընթերցանությունից հետո մի փոքր ժամանակ լռություն տիրեց. Վարդուհին և Մարությանն անխոս նայում էին միմյանց: Բայց վերջապես երիտասարդը առաջինը ընդհատեց լռությունը:
Ի՞նչ եք հասկանում դուք այս նամակից, օրիորդ, հայտնեցեք ինձ ձեր կարծիքը:
Ա՛յն, ինչ որ գրված է:
—Ո՛չ, այստեղ քիչ բան է գրված, բայց այդ քիչ բանից շատ բան պետք է հասկանալ:
—Իմ կարծիքով շատ բաներ հասկանալու կամ երևակայելու հարկ չկա: Օրիորդ Աննան ձեզ հայտնում է, որ այլևս նեղություն չկրեք նրան այցելելու կամ իրեն ձեր հարսնացուն հաշվելու, որովհետև ինքն ամուսնանալու է արդեն իշխան Շահ- Մելիքյանի հետ, ահա՛ բոլորը:
Բայց մի՞թե այդ հնարավոր բան է, օրիորդ, միթե դուք կարծում եք, որ այդ հնարավոր է…
Վարդուհին ծիծաղեց:
Դուք էլ ուրեմն ծիծաղում եք ինձ վերա, օրիորդ, բայց չէ՞ որ ես կարեկցության եմ արժանի:
Ո՛չ, դուք կարեկցության արժանի չեք,— սառնությամբ պատասխանեց Վարդուհին.— ձեզ, երիտասարդներիդ պետք է ծաղրել, և ա՛յն, որքան կարելի է, անգթաբար:
Բայց մեր ո՞ր հայացքի համար, օրիորդ, ա՛յն հանցանքի, որ մենք հավատում ենք աղջկերանց ազնվությանը…
Ազնվության համար թող խոսք չլինի, որովհետև ազնվությունը միայն կարող է հետամուտ լինել ազնվությանը: Բայց դուք, պարոններ, ազնվություն չեք փնտրում, և ոչ արժանիք, և ոչ զգացմունք, և ոչ սիրտ, և ոչ ճշմարիտ սեր. ձեր փնտրածը փողն է և օժիտը. ուրեմն մի՛ վշտանաք, երբ ոչ մի տեղ ազնվության չեք պատահում, որովհետև դուք նրան չեք գնահատում: Եվ շատ բնական է, երբ վաճառականը նուրբ գործվածքներ չէ բերում վաճառելու, քանի որ գիտե, թե յուր գնողները նրանց չեն գնահատում:
Օրիորդ, դուք դալար փայտն էլ չոր փայտի հետ այրում եք. մի՞թե բոլոր երիտասարդներն էլ միևնույնն են և նրանց մեջ բացառություններ չկան:
Բացառություններ, այո՛, միայն բացառություններ կան, բայց շատ ցավալի է, որ բացառությունները ձեզ գոհացնում են: Եվ եթե դուք Մարությաններին էլ բացառությանց կարգն եք դասում, այն ժամանակ պետք է ասեմ, որ մեր դրությունը ողբալի է, որովհետև այդ նշանակում է, թե ուրեմն բացառություններ էլ չկան…
Ի՞նչ, մի՞թե դուք ինձ այդ շահամոլ և նյութապաշտ երիտասարդների կարգն եք դասում,—վրդովված հարցրեց Մարությանը:
Այո՛, պարոն, ես ձեզ նրանցից չեմ զանազանում ,— սառնությամբ պատասխանեց Վարդուհին,— դուք բոլորդ էլ միևնույն փայտից եք տաշված: Ձեր անհեռատես վարմունքով դուք անբարոյականցնում եք ձեր ապագա ամուսիններին, սովորեցնելով նրանց արհամարհել բարուց մաքրությունը, սրտի ազնվությունը, սրբությամբ սիրելու անհրաժեշտությունը, և այլ առաքինությունները, և միայն հետամուտ լինել օժիտը հարստացնելու, որովհետև դա ծածկում է արդեն բոլոր բարոյական պակասությունները... Եվ դուք դեռ զարմանո՞ւմ եք, երբ աղջիկները ծաղրում են ձեր զգացմունքները... Մարությանը զարմացած աչքերով նայում էր Վարդուհու վերա, բայց հետո կարծես նրա անվրդով հայացքից և խոսքերից հաղթվելով պատասխանեց.
Մարությանը լռեց։ Նա մտածում էր։ Վարդուհու խոսքերը նրա առաջ մի նոր և բոլորովին անծանոթ աշխարհ բացին։ Նա տեսավ, թե որքան ետ էր մնացել մարդկանց սիրտը և հոգին ճանաչելու արհեստին մեջ. տեսավ թե ինչպես մի խեղճ աղջիկ, յուր սահմանափակ շրջանի մեջ ավելի էր ճանաչում երիտասարդների ներքին աշխարհը, քան թե ինքը յուր բոլոր զարգացմամբ` մի հասարակ և թեթևամիտ աղջկա սիրտը։ Վարդուհու խոսքերը փոխանակ յուր սիրտը վիրավորելու, ընդհակառակը, նրա մեջ մի խորին ակնածություն և համակրանք էին զարթեցնում: Նրա աներկյուղ հանդիմանությունը, իբրև մի ապաքինող բալասան, գալիս իջնում էին յուր հոգեկան վերքերի վերա, և նա զգում էր, թե ինչպես այդ վերքերը վայրկյաններով բուժվում, անհետանում են… Իսկ այդ բոլորից հետո նա մի համեմատություն է անում Աննայի և Վարդուհու մեջ, տեսնում էր այն ահագին անջրպետը, որ բաժանում էր այդ երկու բնավորությունները միմյանցից, տեսնում էր առաջինին ինչպես մի եղեգը, որին հողմերն են կառավարում, որի մոտ խելքը զգացմունքների ստրուկն է, իսկ սիրո զգացումը՝ վայրկենական տպավորությունների… Տեսնում էր երկրորդին ինչպես մի մարմնացած բնավորություն, որի խելքը իշխում էր յուր զգացմունքների վերա, որի սիրտը և հոգին հետամուտ էին ճշմարտության, որը գիտեր արդեն անկեղծությունը գնահատել և կարող էր անշուշտ արժանավորությանը սիրահարիլ… Նա տեսնում և զգում էր այս բոլորը և խորը հառաչում, որովհետև յուր սխալանքը արդեն անուղղելի էր համարում…
—Դուք իրավունք ունիք, օրիորդ,— երկար լռությունից ետ պատասխանեց երիտասարդը,— հանցանքն իմն է, պատիժն էլ ես պիտի կրեմ… — և այս ասելով նա վեր կացավ տեղից, ողջունեց օրիորդին և տխրությամբ հեռացավ նրանից: