Chapter 7
Է
Հետևյալ օրը Աննայի ծնողները առանձնացած էին իրենց աղջկա հետ տան ամենախուլ սենյակներից մեկի մեջ և խրատակների էին կարդում նրա գլխին։ — Որդի, դու դեռ ջահել ես, քո օգուտն ու վնասը չես կարող ճանաչել,— ասում էր նրան հայրը. — որին որ մենք ընտրել ենք, նա ամենից հարմար փեսացուն է, դու իզուր մի հակառակիլ մեր ընտրությանը։
Ես արդեն ասացի ձեզ իմ վերջնական որոշումը. ես Շահ-Մելիքյանի ամուսին դառնալ չեմ կարող, իմ ընտրած, իմ սիրած փեսացուն Մարությանն է, Մարությանն է, Մարությանն է, վերջացավ։
Տե՜ր ամենակարող աստված… Ա՛յ աղջիկ, ախր Մարությանը ո՜վ է, ի՞նչ մարդ է, ի՞նչ ունի, ի՞նչ կարող է անել, մի մտածիր է՜, Շահ-Մելիքովը, սաղ աշխարհն էլ գիտե, որ Շահ-Մելիքովն է, իշխան է, փող ունի, կալվածներ ունի, էգուց-էլօր մի հարկավոր գործ ունենամ, կամ մի կապալ ուզենամ վերցնել, ամեն տեղ ինձ կօգնի, մեծ մարդկանց հետ ծանոթ է, բարեկամ է...
Ի սեր աստծո, մի կողմը թող կորչեն քո գործերն ու կապալները, ինձ նրանց պատճառով հո չպիտի ծախես,— զայրացած բացականչեց Աննան։
Վասիլ Իվանիչը կատաղեց. աղջիկը համարձակվել էր յուր գործերն ու կապալներն անիծելու, սա աններելի հանցանք էր։
Անզգա՛մ, դու համարձակվում ես ինձ մոտ այդպես վայրահաչել...— գոռաց նա խելագարի նման և քիչ էր մնում հարձակվեր աղջկա վերա... Բայց կինը արգելեց նրան և ստիպեց սենյակից դուրս գնալու։
Գնա՛, գնա՛, դու խոսել չգիտես,— ասաց նա,— ե՛ս իմ աղջկա հետ կխոսեմ, նա ինձ կհասկանա։
Վասիլ Իվանիչը մռթմռթալով դուրս գնաց խորհրդարանից։
Անիչկա ջան, քո հայրը տղամարդ է, նա ամեն բան կարգին խոսել և հասկացնել չէ կարող, բայց դու ինձ լսի՛ր մի փոքր համբերությամբ և տե՛ս, եթե լավ խորհուրդներ չեմ տալիս քեզ, էլի քո գիտեցածն ու ցանկացածը կարող ես անել, ես քեզ չեմ ընդդիմանալ։
Խոսի՛ր, մայրիկ, լսում եմ,— հանդարտությամբ պատասխանեց Աննան և սկսավ ուշադրությամբ լսել նրան։
Մարությանը, սիրելիս, վատ տղա չէ, ես էլ համաձայն եմ քեզ հետ․ նա խելոք է, զարգացած է, երևի ուսումնական է, բայց մի մեծ պակասություն ունի— նա հարուստ չէ, փող չունի։ Իսկ հարուստ չլինելը իսկ փող չունենալը գիտե՞ս թե ինչ մեծ ցավ է, օ՜, անկարելի է, որ դու գիտենաս դու աղքատություն չես տեսել դու աչքդ բացել ես հարստության և լիության մեջ․ բայց ես, օ՜, ես շատ աղքատություններ եմ տեսել, նույնիսկ իմ հորանց տանը շատ-շատ աղքատություններ եմ տեսել, նույնիսկ իմ հորանց տանը շատ դառնություններ եմ քաշել: Շատ վատ բան է, սիրելիս, երբ տեսնում ես, որ քո ընկերները լավ հագնում են, լավ զուգվում են, թատրոններ, բալեր, մասկարադներ են հաճախում, իսկ դու հագնելու շոր չունիս, նրանց պես ման գալ, զվարճանալ չես կարող: Սիրտդ ուզում է, որ դու էլ նրանց նման լինես, ցանկանում ես դուրս գալ նրանց հետ զբոսանքի, մի թամաշի և դուրս ես գալիս, բայց նրանք քեզանից քաշվում են, քո հասարակ հագուստների վերա ծաղրում են, շատ անգամ էլ ծաղրում են քեզ:
Բայց, մայրիկ, մի՞թե Մարությանը աղքատ է. նա պաշտոն ունի, երկու հազար ռուբլի ռոճիկ է ստանում, և, վերջապես, ես էլ իմ օժիտն ունիմ, մի՞թե մենք սրանցով չենք կարող անկարոտ ապրել:
—է՜, սիրելի, ապրիլ կա երկաթ է, ապրիլ կա արծաթ է, կապրեք, ինչո՞ւ չեք ապրիլ: Տարեկան երկու հազար ռուբլու հենց մենք հագուստ ենք փչացնում մեր տանը, իսկ ձեզ դեռ տուն է հարկավոր, տան սարք է հարկավոր, ուտելու ծախք, ծառաներ ռոճիկ, և ուրիշ հազար ու մի ծախքեր են հարկավոր: Քո օժիտն էլ շատ—շատ մի երկու տարի բավականեցավ, մանավանդ, որ հայրդ Մարությանին շատ փող չի տալ, քանի որ յուր սրտի մարդ չէ. այնուհետև ի՞նչ պիտի անենք: Վերջապես դու սովոր ես տարեկան մի քանի անգամ խնջույքներ, ընթրիքներ և երեկույթներ սարքելու, կարո՞ղ ես միթե Մարությանի տանը տարեկան գոնե մեկ անգամ սարքել, ախար, չէ՞ որ ամեն մի խնջույքի հազար ռուբլի չի բավականանում: Դու մանկությունից սովոր ես սեփական կառքով ման գալու, կարո՞ղ ես գոնե Մարությանի մոտ գոնե միշտ վարձու կառքեր ունենալ: Այս բոլոր մտածելու բաներ են: Իսկ Շահ-Մելիքովի մոտ մի՞թե դրանք բոլորը կան:
Շահ-Մելիքովի մո՞տ, ի՞նչ ես խոսում, հոգիս. Շահ-Մելիքովի տունը մի թագավորական տուն է. ահագին պալատ, փառավոր սարք ու կարգ, տասնյակ ծառաներ, սեփական կառքեր, անթիվ կալվածներ, արիստոկրատ ընտանիք, ճոխ ապրուստ, ես ո՞ր մեկն ասեմ: Եվ այս բոլորից հետո մի մտածիր է՛, ախար դու հասարակ մարդու կին չես դառնում, այլ մի հայտնի իշխանի: Մարությանի հետ ամուսնանալով շատ-շատ դու կդառնաս տիկին Մա-ռու-թյան, Մա-ռու-թյան… ֆո՛ւ, լավ է, որ չես զզվում: Բայց Շահ-Մելիքովի մոտ, մի լավ մտածի՛ր, իշ-խանու-հի իշխանուհի՜ Շահ- Մելիքով, կամ եթե կուզես հենց իշխանուհի Շահ-Մելիքյան…
Օրիորդ Աննային շատ դուր եկան վերջին տիտղոսներ, նա ծիծաղեց:
—Հապա հեշտ բան չէ իշխանուհի դառնալը. իշխանուհի եմ ասում: Դե ռուսերեն էլ տես ինչպես լավ սազ է գալիս— կնյազինյա Աննա Շախ — Մելիկովա…
Մեր փիլիսոփա օրիորդը յուր սիրահարությունը մոռացավ, վերջին բառերը լսելուց նրա խելքը գնում էր:
—Լավ, մայրիկ, դիցուք թե ես ընդունեմ ձեր առաջարկությունը, բայց չէ՞ որ Մարությանին խոսք եմ տվել:
Օ՜հ ինչ միամիտ ես, Անիչկա կարծես Մարությանի հետ նոտարյուսով կապվել ես, քեզնից մեծ տուգանքներ պիտի առնի:
—Հապա ի՞նչ ասեմ նրան:
—Մի շարք պարզ խոսք. «Պարոն ես էլ ձեզ չեմ սիրում, խնդրեմ մոռացեք ամեն բան»:
—Ա՜խ, մայրիկ, չգիտես, թե ո՜րքան դժվար է նրան այդպես խոսք ասելը:
Երեխա ես դու երեխա բայց չէ՞ որ ամբողջ կյանքը աղքատության մատնելը ավելի դժվար է: Եթե ամաչում ես երես առ երես նրա հետ խոսել, մի քանի խոսք է նամակով գրիր և ուղարկիր իրեն դրանով ամեն բան կվերջանա:
Աննային այնքան խելացի թվաց մոր առաջարկած միտքը, որ նա ուրախությունից գրկեց մորը և համբուրեց, խոստովանելով, որ այդպիսի խելացի միտք երբեք յուր գլխում չէր կարող ծնվել:
Տիկնոջ զեկուցման համաձայն Վասիլ Իվանիչն էլ ներս եկավ, լսեց աղջիկա խոստումը՝ Շահ-Մելիքովի հետ ամուսնանալու համար, և երեք անգամ համբուրեց նրան ճակատը:
Ամեն բան վերջացած էր, մնում էր իշխանական հարսանիքի պատրաստությունը: