Chapter 6
Զ
Վասիլ Իվանովիչ․— օրիորդ Աննայի հայրը․ հաղթանդամ, բարձրահասակ և հիսուն տարեկան մի տղամարդ․ կարմիր ու սափրած երեսով, զվարթ ձայնով․ միշտ ծիծաղելու համար էլ դյուրապատրաստ, աստիճանվորի բարեկամ, կապալների սիրահար։
Մարիա Սերգեևնա․— Աննայի մայրը․ դեռ քառասուն և հինգ տարեկան․ խնամքով պահված դեմքով, գրավիչ աչքերով, մեծ քթով (որի մասին երկար ժամանակ նա տխրել էր), բնությամբ արհամարհող, պչրող, քրքրվող, և միայն ազնվականության երկրպագու։
Իշխան Դիմիտր Սոլոմոնովիչ Շախ-Մելիքով. — Մի շատ նշանավոր անձնավորություն գոնե Թիֆլիսում այդպես էին ճանաչում նրան)։ Ծնվել է 1840 թվականին, մայիսյան գեղեցիկ օրերում, իշխանական ցեղի ծնողներից, սնվել ու մեծացել ամենաքնքուշ խնամակալության ներքո, առաջին տարիների կրթությունը ստացել մի քանի հազարանոց եվրոպացի դաստիարակուհիների ձեռքով։ Գիմնազիական կուրսը շատ լավ է ավարտել, բայց համալսարանից վռնդվել է. պատճառը ոչ ոք չիմացավ, ասում էին, որ գեղեցիկ սեռի արժանիքը ճանաչելու ճաշակը խիստ զարգացած է եղել նրա մեջ, այդ պատճառով Պարիզը նրան գնահատել էր. մոտ տասնևհինգ տարի նա համեստությամբ ապրել էր այնտեղ, ուսումնասիրելով գեղեցիկ ֆրանսուհիների վարքն ու բարքը և շամպանիայի արդյունաբերության գաղտնիքը...»
Երբ նա բարեհաճեց վերադառնալ Կովկաս, արդեն քառասուն և հինգերորդումն էր. բայց այդ բանը արգելք չեղավ, որ աղջիկ ունեցող մայրերը նրան իրենց փեսաների կարգում չհաշվեին, մանավանդ, որ նա զտարյուն իշխան էր և ահագին քանակությամբ կալվածներ դեռ մնում էին նրան, որոնց նա չէր կարողացել մանրացնել Պարիզում։
Ինքնըստիքյան նա բնությամբ բարի էր, առատաձեռն, ապրում էր շատ ճոխ և իշխանական անվան արժանավոր նիստ ու կացով: Արտաքին կերպարանքն էլ համապատասխան էր յուր անվան. մի բան էր միայն նրան պակաս, այն էլ շատ ուշ իմացան…
***
Լազարյանի տանը փառավոր խնջույք էր. իշխան Շախ-Մելիքովը հիրավիրված էր ընթրիքի. նրա պատճառով էլ հարյուրավոր մարդիկ և կանայք մասնակցում էին երեկույթին: Երկար ահագին դահլիճները, որոնք աչք շլացնելու չափ լուսավորված էին, խեղդվում էին հարուստ հյուրերի բազմությամբ: Դահլիճներից մեկի օթյակում թնդում էր երիտասարդների և երիտասարդուհիների ոսկրները՝ ստիպելով նրանց գրկախառնված խումբերով թռթռալ դահլիճի մի ծայրից մյուսը, գրգռելով հասակավորների նախանձն ու բարկությունը։ Դահլիճի մի ուրիշ անկյունում էլ կծկված էր ասիական մուզիկայի խմբակը յուր թառ ու դափով, դուդուկով ու քյամանչով և անզուգական դիպլիպիտոյով։ Նրանց շրջապատած էին փոքրաթիվ գնահատողները և հիացմունքով լսում էին մահուռն ու հեյրաթին, սեգահը։ Մնացած պարապ անկյուններն էլ մի քանի հաստ ու բարակ տիկիններ բամբասանքի համար էին հատկացրել, որովհետև իրենք չէին մասնակցում ոչ պարերին, ոչ մահուռին ու հայրաթուն։
Վասիլ Իվանովիչի զվարթ ձայնը տիրում էր յուր հասակակիցների վերա և սազանդարների խումբն էր միայն նրանց հլու հպատակը։ Մարիա Սերգեևնան կառավարում էր ռամս ու պրեֆերանս խաղացող սենյակները և բամբասող անկյունները, իսկ օրիորդ Աննան այդ երեկույթի միահեծան թագուհին էր, որ հրամայում էր պարերին ու երաժշտությանը, երիտասարդներին ու երիտասարդուհիներին։
Ի՞նչ եք խոսում, նա արդեն ընտրել է յուր փեսացուն․ այժմ ո՞վ է մորը նայում, որ Անիչկան էլ նայեր.— կամացուկ խոսում էր հաստլիկ մի կին՝ աղջկերանց բախտով հետաքրքրվող յուր մի քանի ընկերուհիների հետ։
Ո՞վ է, հապա ասա, Նինո ջան, դու երևի գիտես։
Ես գիտեմ, բայց չեմ ասիլ։
Ի սեր աստծո, աղաչում ենք, խնդրում ենք,— թախանձեցին նրան մի քանի կողմերից։
—Խոստանո՞ւմ եք, որ ոչովի բան չասենք։
Խոստանում ենք, խոստանում ենք։
Այ, տեսեք․ դիվանի մոտ, կրեսլոյի վերա նստած։
Տեսնում ենք, այն գեղեցիկ երիտասա՞րդը։
Այո՛, հենց նա։
Ի՞նչ ես խոսում, Նինո ջան, նա խո Անիչկի վարժապետն է։
Հա, ի՞նչ է, վարժապետին չէ՞ կարելի սիրել։
Կարելի է․ բայց Լազարյանները նրան աղջիկ կտա՞ն։
Երբ որ աղջիկը գնա՞։
Է՜, նրան ո՞վ մտիկ կտա։ — Ով մտիկ կտա՞... լավ եք ճանաչել Անիչկին։
Թողեք ես նրա մորից հարցնեմ,— մեջ մտավ մի երրորդը։
Չէ՛, չէ՛. այդպես բան չանես։
Ես ուրիշ բան կհարցնեմ, թողեք,— և նա սկսավ կանչել տանտիկնոջը։
Մաշա՛, Մաշա՛։ — Մարիա Սերգեևնան թողեց յուր խոսակիցներին և կոտրատվելով անցավ մի խումբ երիտասարդների միջից և նրանցից ամեն մինին մի ժպիտ բաշխելով մոտեցավ իրեն կանչող բարեկամուհուն։
Մաշա՛ ջան, մի Անիչկիդ մտիկ արա՛ է։
Հա՛ ի՞նչ կա, մտիկ եմ անում։
Բայց Մարությանը դեռ հոգեկան արբեցության մեջ էր, դյութում էր նորից։ Եվ ո՞րտեղից կարող էր նա գուշակել, թե այդ միևնույն րոպեին, երբ նա իրեն ամենից երջանիկ մարդն էր համարում, ընդհակառակն, ամենից դժբախտն էր։ «Մի փոքր ժամանակից հետո մի այսպիսի երեկույթ էլ ինձ համար կպատրաստվի,— մտածում էր նա,— բոլոր քաղաքը կշնորհավորի մեր միությունը և Աննա հավիտյան իմս կլինի»:
Բայց չարաճճի աղջիկներից մի երկուսը լսել էին Մարիա Սերգեևնայի հայտնությունը և նրանք շտապեցին շնորհավորել Անիչկային նրա իշխանուհի դառնալը:
Դուք կատա՞կ եք անում, ես ձեզ չեմ հասկանում,— հարցրեց Աննան շփոթված:
Դու իզուր ես ծածկում, մենք գիտենք, որ այս երեկույթը իշխան Դիմիտրի համար է ստեղծված:
Եվ իշխանը ձեր փեսացուն է:
Այդ սուտ է:
Ձեր մայրն ասաց:
Անկարելի է,— բացականչեց օրիորդը և շտապեց մոր մոտ, կանչելով նրան յուր առանձնարանը:
Հա, ի՞նչ է պատահել, Անիչկա ինչո՞ւ համար ես վրդովված:
Դու իշխան Դիմիտրին քո փեսա՞ն ես համարում,— բարկացած հարցրեց օրիորդը:
Ի՞նչ կա ի՞նչ է պատահել:
Ես դեռ խոսք եմ հարցնում:
Հա ի՞նչ է չե՞ս հավատում:
—Այդ վերջին խոսքը լինի նրա մասին, թե չէ ես այս րոպեին սկանդալ կանեմ ամբողջ դահլիճի մեջ:
Դու գժվել ե՞ս Անիչկա, ի՞նչ է պատահել:
Իմ ամուսնության գործը ինձ է վերաբերում և ոչ թե ձեզ, խնդրում եմ այդ մասին էլ խոսք ու զրույց չանեք ոչ մի տեղ:
Բայց առաջ բանը հասկացիր...
Բավական է, էլ ոչինչ չեմ ուզում լսել,— զայրացած ընդհատեց օրիորդը մոր խոսքը և դուրս գնաց:
«Հիմա՛ր, հիմա՛ր»,— շշնջաց նա և աղջկա ետևից դուրս գնաց դահլիճը:
Պարոն Մարությանը, որ հեռվից դիտում էր Աննայի ամեն մի շարժմունքը, շատ անհանգստացավ նրա վրդովված դեմքով դահլիճ մտնելը տեսնելով և հետևապես շտապեց պատճառն իմանալու։
Ոչինչ չկա,— հակիրճ պատասխանեց Աննան նրա հարցին։
Այդ անկարելի է, Անիչկա, դու չափից դուրս վրդովված ես, ես այդ տեսնում եմ։
Հավատացիր, որ ոչինչ չկա։
Չեմ կարող հավատալ. ես անհանգստությունից մեռնում եմ։
Բայց ես չեմ կամենում, որ դու էլ տխրես։
Օ՜հ, Աննա, մի՞թե կարող էի սպասել քեզանից այդ խոսքը. ինչո՞ւ համար պետք է ես ուրախ լինեմ, երբ դու արդեն տխուր ես։
Լավ, արի, ես կասեմ քեզ պատճառը։ — Եվ քաշվեցան դահլիճի մի անկյունը։
Իմ մայրը մտածում է ամուսնացնել ինձ այս հիմար իշխանի հետ, և այս խոսքը այս երեկո խոսացել է յուր մի քանի բարեկամուհիների հետ։
Աստված իմ, ի՞նչ եմ լսում,— սարսափով բացականչեց Մարությանը,— մի՞թե այդ հնարավոր է։
Իհարկե չէ. և ես նրան հասկացրի, որ այդ յուր գործը չէ, որ իմ ամուսնության խնդիրը միայն ինձ է վերաբերում։
—Բայց ես վախենում եմ, Անիչկա, որ քեզ կխլեն ինձանից...
Ինձ կխլե՞ն. երբեք. ամեն բան կարող են անել դրանք, բայց բռնանալ իմ զգացմունքների վերա, այդ չեն կարող։ Ես ավելի լավ կհամարեմ իմ կյանքից զրկվել, քան թե իմ Տիրանից է:
Դու մի հրեշտակ ես, Անիչկա, մարդկային մարմնով աշխարհ իջած,— զգացված բացականչեց երիտասարդը և քնքշաբար սեղմեց սիրուհու աջը յուր ձեռների մեջ։
Բայց Աննայի մայրը հեռվից դիտում էր աղջկա բոլոր քայլերը, նա տեսավ, թե ինչպես Մարությանը մոտեցավ նրան անհանգստությամբ հարցեր արավ և հետո թե ինչպես երկուսի մեջ սկսվեցավ մտերմական խոսակցություն։ Մի թիֆլիսեցի կին, որ քառասունևհինգ տարի ապրել էր և սիրահարության ամեն չարն ու բարին սովորել, անկարելի էր, որ չհասկանար, թե ի՞նչ խոսք ու զրույց էր անցնում երիտասարդ խոսակիցների մեջ։ Նա երկար դիտում էր նրանց։ Հետո երբ բաժանվեցան, նա մոտեցավ Վարդուհուն, որը հենց նոր էր յուր պարընկեր ասպետից ազատվել և շնչասպառ հանգստանում էր աթոռի վերա, և խորամանկությամբ հարցրեց.
Վարդո ջան, երբ որ Անիչկան սիրում է եղել Մարությանին, դու ինչո՞ւ ինձ առաջօրեն չես հայտնել, ես ուրախությամբ կշտապեցնեի նրանց միությունը։
Ե՞ս, դուք էլ գիտեք, որ բավական ժամանակ է ձեզ հետ տեսնվել չէի կարողանում,— միամտությամբ պատասխանեց Վարդուհին,— բայց միշտ կարծել եմ, որ դուք արդեն գիտեք, և մանավանդ կարիք էլ չկար, որ ես այդ բանը ձեզ հայտնեի, որովհետև Անիչկան ինքն էլ շատ էլ ամաչկոտ չէ:
Բայց ի՞նչ, մտադի՞ր եք շուտով ամուսնացնել նրանց:
Ես դեռ այս երեկո իմացա, իհարկե կամուսնացնեմ:
Այս երեկո՞, օ՜, նրանք շատ ժամանակ է, որ սիրում են միմյանց:
Ավելի լավ, միմյանց բնությունը լավ կճանաչեին,— պատասխանեց Մարիա Սերգեևնան և մի քանի հարց ու պատասխանեց հետո հեռացավ:
Այս միջոցին Աննայի հորեղբայր Արտեմ Իվանիչը յուր հին դասընկեր իշխան Դիմիտրին յուր թևն առած մտերմաբար խոսում էր նրա հետ, ճեմելով դահլիճի մի ծայրից դեպի մյուսը: Նրա խոսակցության նյութը վերաբերում էր իշխանի և յուր եղբոր դստեր ապագա երջանկությունը: Սա կանխավ պատվիրած մի զրույց էր:
Իհարկե, դուք Պարիզ և ուրիշ տեղեր շատ գեղեցկուհիներ կլինեիք տեսած,— ասում էր նա,— բայց որ դրանք իրենց արտաքին գեղեցկության համահավասար ներքին գեղեցկություն էլ ունենային, այդ հազիվ թե պատահեր:
—Այդ նկատողությունը ճշմարիտ է առաքինությունը, բարքի մաքրությունը, խնայող տանտիկնությունը և այլ տեսակ բարեմասնությունները հազվագյուտ են նրանց մեջ, այդ կողմերից հայ աղջիկը գերազանցում է բոլորին,— պատասխանում էր իշխան Դիմիտրը, որը յուր բոլոր պանդխտության ժամանակ երբեք կարիք չէր ունեցել այդպիսի բարեմասնություններով օժտյալ մի կնոջ հետ ծանոթանալու:
—Այո՛, իշխան, հենց պատճառն էլ այդ է, որ ձեզ համար ամենահարմար հարսնացուն ես միայն մեր Աննային եմ գտնում, մի աղջիկ, որը գեղեցիկ է և՛ դեմքով և՛ բարքով: Այդ միջոցին օրիորդը սիգաճեմ անցնում էր նրանց մոտով մի պառավ խոշորագեղ աղջկա ընկերակցությամբ:
Նայեցեք, իշխան,— հարմարությունից օգտվելով շարունակեց Արտեմ Իվանիչը,—նա մի կատարյալ դիցուհի է, նայեցեք, նա արժանի է ձեր ուշադրության:
—Ես արդեն հիացած եմ նրանով, և հավատացեք, քիչ է մնում, որ սկսեմ սիրել նրան...
—Եվ ինչ՞, մի՞թե ամոթ չի լինել, եթե այս գիշեր դուք սիրահարված չդուրս գաք այս դահլիճից,— ժպտալով նկատեց հորեղբայրը և իշխանը սկսավ ուրախ—ուրախ ծիծաղել:
—Շատ դուր է գալիս ինձ, երբ իմ իշխանին ուրախ եմ տեսնում. կարող՞ եմ արդյոք մասնակցել ձեր զվարճախոսություններին,— անուշ ժպտալով և կոտրատվելով մոտեցավ երկու խոսակիցներին Մարիա Սերգեևնան:
Շատ հաճելի է մեզ ձեր ընկերակցությունը, տիկին,—պատասխանեց իշխանը,— ձեր պատվական տագրը մեծ հաճույք է պատճառում ինձ յուր զվարճախոսություններով, արժե նրան լսել:
—Իմ տագրը. օ՜, նա անհամեմատելի է, և արդարև արժե նրան լսել:
—Այո՛, Մարիա Սերգեևնա, ճիշտ նկատեցիք երկուսդ էլ. ես էլ կամենում եմ, որ թե՛ իշխանը և թե՛ դուք լսեք ինձ:
—Մեզ այդ շատ հաճելի է,—գրեթե միաբերան պատասխանեցին նրանք:
—Ուրեմն գործը վերջացած է, այնպես չէ՞,—հարցրեց Արտեմ Իվանիչը խորամանկությամբ: —Ի՞նչ գործ—հարցրեց տիկինը:
—Ես արդեն խոսացել եմ. ես կամենում եմ, որ իշխանը մեր փեսան լինի և դուք հանձնեք նրան Աննայի ձեռքը:
—Ես դրա դեմ ոչինչ չունեմ, եթե իշխանին հաճելի է իմ տան բարեկամությունը,— պատասխանեց Մարիա Սերգեևնան, մի հարցական հայացք ձգելով իշխանի վերա։
Վերջինս էլ խույս տալու ճանապարհ չուներ:
—Ես ինձ պատիվ կհամարեմ, տիկին, լինել այդ տան բարեկամը։
—Իմ Անիչկան ձեր հարսնացուն է,— վճռական եղանակով ասաց տիկինը և սեղմեց իշխանի ձեռքը:
Արտեմ Իվանիչը սկսեց յուր շնորհավորական ճառը, որին հետևեցին մի շարք բարեմաղթություններ:
Շուտով Վասիլ Իվանիչն էլ թողեց սազանդարների շրջանը, ուր նա ոգևորված երաժշտապետի պաշտոն էր կատարում և եկավ խնդակցելու յուր եղբորն ու տիկնոջը, որքան յուր կապալներից ավելի շահավոր գործ էին գլուխ բերել։
Սկզբում թեպետ որոշվեցավ գաղտնի պահել այս դաշնադրությունը մինչև հանդիսավոր նշանադրության օրը, բայց երեկույթը վերջանալու վերա՝ դահլիճի ամբողջ կեսն արդեն գիտեր գաղտնիքը։ Հյուրերից շատերը շնորհավորեցին տանտիկնոջը յուր դստեր բախտավորությունը, շատերը նախանձից պապանձվեցան, հավատալով, որ Լազարյանները անգին հարստություն են ձեռք բերել, շատերն էլ ծիծաղեցին նրանց հիմարության վերա, որ տասնևութ տարեկան քնքուշ աղջիկը համաձայնվել էին նշանելու մի քառասունևհինգ տարեկան, աշխարհի բոլոր բարիքները վայելած և արդեն վաստակած մարդու հետ։