1. Անպատճառ իշխանուհի

Chapter 4

Դ

Հետևյալ առավոտը, որոշյալ ժամին, Մարությանն արդեն յուր սիրուհու մոտ էր։ Քաջալերված Վարդուհու տված տեղեկություններով, նա խոստովանեց Աննային յուր սրտի սրբազան գաղտնիքը, պատմեց նրան, թե ինչպե՜ս երկար տանջվել էր նրա սիրով, թե քանի՜ անգամ որոշել էր ընկնել նրա ոտքերի մոտ և խոստովանել նրան յուր հրաբորբոք սերը և թե ի՜նչպես ամեն անգամ էլ անզոր է գտնվել այդպիսի հանդուգն քայլ անելու, և այլն:

Օրիորդը նստել էր երիտասարդի առաջ բոլորովին զգացված նրա պատմություններով: Նրա դեմքն ամբողջ ժամանակ շառագունված էր և ուրախությունից փայլում էր մի անսովոր կրակով: Վերջացնելով յուր պատմությունը, Մարությանը ծունկ չոքեց Աննայի առաջ և խնդրեց նրան բախտավորացնել իրեն յուր պատասխանով:

  • Ես ձեզ սիրում եմ, կարող եք վստահ լինել,—լակոնաբար պատասխանեց օրիորդը,— և իբրև ապացույց յուր խոսքերի ճշմարտության, պարզեց յուր փոքրիկ և գեղեցիկ ձեռքը դեպի ծնկաչոք սիրահարը, որը նա քնքշաբար բռնելով ջերմաջերմ համբույրներով ծածկած:

Սիրո դաշնը արդեն կռված էր։ Այդ պատճառով և դասավորության ժամերը սկսած այնուհետև ծառայել սիրահարական տեսակցություններին։

Ճշմարիտ է, Աննայի ծնողաց համար երբեմն զգալի կերպով երկարում էին այդ ժամերը, բայց դրա համար նրանք ուրախ էին, որովհետև հավատում էին, որ աշխատասեր վարժապետը յուր ամսական ռոճիկի համեմատ է աշխատում։

Comments