Chapter 10
Ժ
Օրիորդ Լազարյանի և իշխան Շահ-Մելիքյանի նշանադրության հանդեսը մի քանի օր առաջ տեղի էր ունեցել ոչ շատ շքեղ կերպով, բայց քաղաքի մեջ շատ էին խոսում նրանց հարսանիքի մեծածախ և փառավոր պատրաստությունների մասին։ Վասիլ Իվանիչը յուր կողմից աշխատում էր ապացուցանել, որ կյանքի վայելչությունների մեջ փողի արիստոկրատիան կարող է մրցել արյան արիստոկրատիայի հետ․ և թե առատաձեռնության կողմից կապալառու Լազարյանը ոչինչով պակաս չէր յուր ազնվական փեսայից։ Իշխան Շահ-Մելիքյանն, ընդհակառակն, չէր ընդունում այն միտքը, թե վաճառական մարդու նիստն ու կացը կարող է երբևիցե հավասարվիլ իշխանական տան ապրուստի հետ, այդ պատճառով և ճգնում էր յուր հարսանյաց հոյակապ պատրաստություններով զարմացնել բոլոր առևտրական աշխարհը։ Վերջապես հարսանյաց օրը հասավ։ Գիշեր էր և գեղեցիկ լուսին, բայց Լազարյանների տունը ստվեր էր գցում այդ լուսնի վերա։ Նա լուսավորված էր շատ շքեղ և գրեթե աչք շլացնելու չափ փառավոր։ Դրսից նրան զարդարում էին հարյուրավոր լապտերներ գույնզգույն կրակներով, իսկ ներսում վառվում էր ջահերի ու ճրագների մի կատարյալ հրդեհ։ Երաժշտությունը, որ որոտալով թնդում էր ներսում, հավաքել էր այդ տան չորս կողմը մի բազմաթիվ ամբոխ, որը հիացմունքով դիտում էր հարուստների ուրախությունը։
Իսկ տան մուտքի առաջ, ուր վառվում էին գազեղեն ղամբարները, խռնվել էր կառքերի և դեսպակների մի ահագին կույտ: Ոստիկանական պաշտոնյաները ջերմեռանդությամբ հսկում էին այդտեղ կարգապահությանը։
Գիշերվա ճիշտ տասներկու ժամին Լազարյանների փողոցը մտան իշխանական ընտանիքի քառալուծ կառքերը, որոնց հետևում էին բազմաթիվ փեսավերները իրենց բազմազան կառքերով և դեսպակներով: Իսկույն երաժշտական խումբը դուրս եկավ փողոցը (այդպես էր ցանկացել Վասիլ Իվանիչը) և թանկագին հյուրերի գալուստը ողջունեց մի որոտաձայն և երկարատև տուշով:
Վերջապես փայլուն նորեկները դուրս եկան և ցրվեցան հոյակապ դահլիճների մեջ, յուրաքանչյուրն իրեն արժանավայել տեղ ընտրելով յուր համար: Բայց իշխան փեսային ինքը տիկին Լազարյանն առաջնորդեց դեպի յուր համար պատրաստած փառավոր գահույքը, որի վերա արդեն բազմած էր օրիորդ Աննան յուր մեծավայելուչ փառքով: Երկու զույգերն էլ արժանի էին միմյանց:
Իշխան Շահ-Մելիքյանը, յուր վայելուչ հասակով, գեղեցիկ դեմքով, գեղագանգուր մազերով, ազնվական շարժվածքով և վերջապես յուր նրբաճաշակ զգեցվածքով գերազանցում էր գրեթե բոլոր հյուրերին: Նրա տարիքով լինելը բնավ չէր նշմարվում: Աղջիկներից շատերը նախանձում էին Աննայի բախտին, իսկ մանկամարդ տիկիններից յուրաքանչյուրը, միայն իրեն էր արժանի համարում այդ ազնվական իշխանի ամուսինը լինելու:
Օրիորդ Աննան, ընդհակառակն, երիտասարդների նախանձն էր շարժում։ Նրա գեղեցկությունը թեպետ գերբնական չէր, բայց յուր վերայի հարստությունները նրան գերբնական էին դարձրել։ Նրա հագուստը, որ կարված էր սպիտակ, թանկագին մետաքսից և զարդարված արվեստական հարուստ ծաղիկներով, ֆրանսիական ճարտարությանց մի կատարյալ հրաշակերտն էր ներկայացնում: Նրա գլխի խոպոպներն ու հյուսերը, մարմարյա կուրծքը և ձախլիկ դաստակները զարդարված էին հարյուրավոր ադամանդներով, որոնք բյուրեղյա ջահերի առաջ ցրվում էին աջ ու ձախ բյուրավոր կայծեր ու շողեր։ Բոլորի աչքերը նայում էին նրան, բոլորի աչքերը շլացած էին նրանով:
Մի քանի երաժշտական նվագներից և թեթև պարից հետո, որոնք տեղի ունեցան ի պատիվ նորեկ հյուրերի. սկսան կատարել հանդերձ-օրհնեքի կարգը, որին մասնակցում էին բազմաթիվ քահանաներ իրենց երգիչներով և դպիրներով: Իսկ մի ժամից հետո արդեն իշխանական զույգը շրջապատված բազմաթիվ հյուրերով, գտնվում էր արիստոկրատների եկեղեցում, ուր խրոխտաձայն տեր-Մուշեղը հանդիսավոր եղանակով հարցաքննում էր նրանց. — «Որդյակ իմ, մինչև ի մահ հնազա՞նդ ես»— և պատասխան առնում մի «Այո՛» և մի բազմիմաստ գլխի շարժում…
Եկեղեցուց վերադառնալուց ետ հարսանյաց հանդեսը կատարյալ կերպարանք առավ, երաժշտությունը նոր ուժով սկսավ թնդալ, պարերը նորից կենդանություն առին, հարսը և փեսան ասպարեզ մտին, հարսանավերքը և փեսավերքը միմյանց գրկեցին, գրկվեցան և մի կես ժամվա մեզ կապալառու Լազարյանի տունը Կիթերական դիցուհվո տաճարը շինեցին։
Վասիլ Իվանիչն ու Մարիա Սերգեևնան անընդհատ շնորհավորություններ և բարեմաղթություններ էին լսում և ուրախությունից քիչ էր մնում, որ գժվեին։
Այնուամենայնիվ սեղանների բացվելն ու ընթրիքի սկսվիլը ամեն տեսակ ոգևորություն միառժամանակ չափավորեցին։ Թե՛ հրավիրյալները և թե՛ հրավիրողները ընթրիքի նստան, հարգելով ստամոքսի իրավացի պահանջը։ Բայց ինչպես Լազարյանի տանը մարդիկ, այնպես էլ դուք, իմ սիրելի ընթերցողներ, իսկի չեք հարցնում, թե բաս ո՞ւր մնացին մեր խելոք Վարդուհին ու սիրահար Մարությանը:
Պատիվ ունիմ հայտնելու, սիրելի բարեկամներս, որ նրանք էլ հենց այս երեկո պսակվեցան մայր եկեղեցում: Բայց նրանց հարսանիքը փառավոր չէր, նրանք մեծ պատրաստություններ, հարուստ լուսավորություն, բազմաթիվ հյուրեր, մեծածախ սեղան և այլ այս տեսակ բաներ չունեին:
Եկեղեցին եկավ միայն Վարդուհին ու Մարությանը. նրանց մայրը ու խաչեղբայրը և Վարդուհու մի երկու կլորիկ սիրունիկ ընկերուհիները:
Տեր-Ղևոնդը մի տիրացուի և մի ժամկոչի օգնությամբ պսակեց նրանց և հետո բոլորը միասին կառք նստեցին և գնացին Վարդուհու մոր պատրաստած համեստ ընթրիքը վայելելու:
Սեղանի վերա տերտերը մի քանի լավ հայերեն երգեր ասաց, փեսա Տիրանն ու տիրացուն էլ իրենց գիտեցածից մի-մի բան երգեցին և այսպես ամեն բան առանց ղալմաղալի վերջացնելով, յուրաքանչյուրը յուր տունը գնաց: Տիրանն ու Վարդուհին արդեն Մորփեոսի գրկումն էին, երկ իշխան և իշխանուհի Շահ-Մելիքյանները դեռ նոր դուրս էին գալիս Լազարյանների տանից և բազմաթիվ կառքերի ընկերակցությամբ դիմում էին իշխանի ապարանքը:
Բայց սրանով, իհարկե, դեռ չէր վերջանում իշխանական հարսանիքը: Իշխանը և իշխանուհին պսակվելուց հետո միայն սկսան իրենցը և երեք օր շարունակ զանազան բնավորությամբ հացկերույթներ և երեկույթներ ունեին նրանք իրենց ապարանքում:
Ամբողջ քաղաքը այդ միջոցին զբաղված էր Լազարյաններով և Շահ-Մելիքյաններով. ամեն տեղ նրանց վերա էին խոսում, նրանց համար պատմում և նրանց լսում:
Վարդուհու և Մարությանի վերա գրեթե ոչ մի տեղ խոսք ու զրույց չկար: