1. Անպատճառ իշխանուհի

Chapter 1

Ա

Օրիորդը Աննա Լազարյան. — Հարուստ ծնողաց տեր, մեծ օժիտով տասնևութ տարեկան, ուսումնավարտ, հասակը գեղեցիկ, դեմքը գրավիչ աչքերը կրակոտ, պչրող նորասեր և երբեմն փիլիսոփա:

Օրիորդ Վարդուհի Սամվելյան. — Աննայի մի հեռավոր ազգականը, բայց մոտիկ բարեկամուհին, նրան հասակակից որբ հոր կողմից. միջակ կարողության տեր, նրբակազմ գեղադեմ խելոք հայացքով հրապուրիչ ձայնով, համեստ և ավելի քան բարեսիրտ:

Տիրան Մարության.— Նորեկ Պետերբուրգից կանդիդատ լեզվագիտության, երկու հազարանոց պաշտոնում, վայելչակազմ, գեղեցկադեմ ճարտարախոս և այս բոլորից հետո հայագետ:

***

  • Ի՞նչ ես կարծում, Վարդո, չէ՞ որ մեր դրությունը ծիծաղելի է և պետք է մի օր բարեփոխել նրան,— հարուստ բազկաթոռի վերա ընկած խոսում էր օրիորդ Լազարյանը յուր ընկերուհու հետ, որը հենց նոր էր այցելել նրան:

  • Ինչո՞ւ համար է ծիծաղելի, ես այդ չգիտեմ,— հարցրեց Վարդուհին հետաքրքրությամբ:

  • Մի՞թե ես այդ պետք է դեռ բացատրեմ քեզ: Ծիծաղելի է ասում եմ, և դու համոզվիր, որ այդպես է: Ինչ ​արարածներ ենք նույնիսկ մենք, արիստոկրատ ընտանիքի աղջիկներս: Ամեն օր անհոգությամբ ուտում ենք, խմում ենք, կամ զուգվում, փողոցներն ենք չափում: Ով է մեզանից մտածում, թե ո՞րտեղ է տանում մեզ այս ճանապարհը և կամ ո՞ւր պիտի հանգի նա:

  • Ես էլի քեզ չեմ հասկանում, Անիչկա,— ընդհատեց նրան Վարդուհին,— խոսի՛ր ավելի պարզ:

  • Ավելի պարզ, շատ լավ: Դու հո գիտե՞ս, Վարդո, որ մեր ապագա բախտավորությունն ամուսնության մեջ է, այդպես չէ՞:

  • Իհարկե:

  • Շատ լավ. այժմ ասա, հոգիս, ո՞րքան ենք մենք մտածում մեր այդ ապագա բախտավորության համար: Ո՞վ է մեզանից հոգում, ի՞նչ ամուսին պետք է ընտրե յուր համար, կամ ո՞վ է հետամուտ լինում յուր սրտի ցանկացածը գտնելու: Ամեն հոգս ու դարդ մենք թողել ենք թողել ենք մեր ծնողների վերա, և մեր մահու ու կյանքի խնդրի լուծումը միայն նրանցից ենք սպասում: Այժմ ասա՛, իրավունք ունի՞նք միթե գանգատվել ապագայում, թե նրանց ընտրությունը մի որևէ դժբախտություն բերե մեր գլխին:

  • Ուրեմն, ի՞նչպես պետք է վարվել այդ դեպքում:

  • Շատ հասկանալի եղանակով: Երիտասարդներն ուղղակի իրենք են ընտրում իրենց հարսնացուներին և ծնողները խոնարհվում են նրանց ընտրության առաջ. միևնույնն էլ պետք է անենք մենք աղջիկներս և սովորեցնենք մեր ծնողներին մեր ընտրությունը հարգելու, որովհետև ամուսնությունից առաջացած չարն ու բարին միայն մեր բաժինն է լինում:

  • Եվ դու կարծում ես թե մեր սահմանափակ և անփորձ կյանքում մենք էլ նույնքան ճանաչողականություն կունենանք, որքան երիտասարդները:

  • Իհարկե, եթե մեր ամուսնության գործն ուղղակի մեր հոգածության առարկան կդառնա, մենք էլ նրանց պես ճանաչելու մեջ կվարժվենք:

  • Քո հայտնած մտքերդ, Անիչկա, նոր վարդապետություններ են, հապա քաջ եղի՛ր, առաջին օրինակը, եթե ​կարող ես, ինքդ մեզ տուր, և այնուհետև մենք կհետևենք քեզ,— ասաց Վարդուհին և անհոգությամբ ծիծաղեց:

  • Իզուր ես ծիծաղում, սիրելիս, այս հարցի մասին ես շատ լրջությամբ եմ խոսում,— նկատեց օրիորդ Աննան,— իմ հայտնած մտքերը վաղուց է, որ զբաղեցնում են ինձ, և առանց քո ասելուն էլ ես հաստատապես վճռել եմ իմ մեջ այսպիսի մի օրինակ տալ ձեզ:

  • ԵՎ դու այդքան հաստատակամություն կունենա՞ս:

  • Դու այդ կտեսնես…

Դեռ երկու օրիորդները իրենց խոսակցությունը չէին վերջացել, երբ տան ծառան ներս մտավ և հայտնեց յուր տիրուհուն մի անծանոթ պարոնի գալուստը:

  • Հրավիրեցեք,— հրամայեց օրիորդը և ուղղվեցավ յուր բազկաթոռի մեջ:

Երկու րոպեից ետ ներս մտավ Տիրան Մարությանը և մայրաքաղաքում ընդունված քաղաքավար ձևերով ծանոթացավ տիրուհի օրիորդի և նրա ընկերուհու հետ:

  • Գուցե դուք ինձ չէիք սպասում, օրիորդ,— սկսավ խոսել պարոն Մարությանը,— բայց ես ա՛յնքան սիրեցի ձեր ծնողաց առաջարկությունը, որ մի ժամ առաջ ձեր տան հետ ծանոթանալս ինձ համար մեծ բախտ եմ համարում:

  • Ընդհակառակը, իմ հորեղբայրն այնքան գովությամբ էր խոսում ձեր հայագիտության մասին, որ ես մի օր առաջ էի ցանկանում ձեզ աշակերտել: Շատ ուրախ եմ, որ բարեհաճել եք այդպես շուտ մեզ այցելելու:

Այցելող երիտասարդը հայերենի ուսուցիչ էր հրավիրված օրիորդ Աննայի համար: Այո՛, բանն, իհարկե, շատ օտարոտի չպետք է երևա ձեզ, որովհետև այդ ժամանակները հայոց թատրոնի շնորհիվ հայերեն սովորելը haute nouveaute էր համարվում մեր արիստոկրատ ընտանիքների մեջ: Հայ աղջիկները բարեհաճում էին հայերեն սովորել…

  • Տասը տարի առաջ, երբ ես իմ հայրենիքից եկա այստեղ,— շարունակեց պարոն Մարությանը,— Թիֆլիսը շատ վատ ազդեցություն արավ ինձ վերա: Ուր որ գնում, ուր որ հանդիպում էի, ամեն տեղ հայերը օտար լեզվով էին խոսում. մի—մի հայերեն խոսք միայն կինտոներից կամ բախալներից ​էի լսում. բարձր ընտանիքների մեջ հո հայերեն լեզուն չինականի նման անծանոթ էր: Իմ հայերենի քաղաքում այդպիսի բան ես տեսած չէի. այնտեղ անկարելի էր գտնել մի հայ անձն, որ հայերեն խոսել չգիտենար. եթե մինչև անգամ պատահեր, որ հարուստ ընտանիքներից մինուն հայ կինը կամ աղջիկն օտար լեզվով խոսելու փորձ աներ, իսկույն յուր շրջապատողների ծաղրածության առարկա կդառնար: Ես, որ այստեղ եկած ժամանակ դեռ տասնևութ էի, իմ հասակակից ընկերների հետ միասին հայերեն լեզուն և նրա գրականությունն արդեն մեր քաղաքում ուսած ավարտած էի։ Պարզ է ուրեմն, որ այդ ժամանակվա Թիֆլիսը իմ աչքում շատ հրեշավոր կերևար։ Բայց տասը տարուց ետ կրկին այստեղ վերադառնալով, ես մեծ փոփոխություն եմ նկատում։ Այժմ գրեթե ամեն շրջաններում էլ հայերեն խոսում ու կարդում են։ Պակասը մեր արիստոկրատ ընտանիքները էին, և ահա՛ դեռ իմ գալստյան հինգերորդ օրը ես դրանցից մեկի հրավերն եմ ստանում, իրենց ազնվաշուք օրիորդին դասախոսելու։ Այս բոլորը, իհարկե մխիթարական երևույթներ են։ Եվ ահա, այս էր պատճառը, օրիորդ, որ ես ասացի ձեզ, թե մի ժամ առաջ ձեզ հետ ծանոթանալս ես ինձ համար մեծ բախտ եմ համարում։

Երիտասարդի վերջին հաճոյախոսությունները բոլորովին գրավեցին օրիորդ Աննային։ Նա ոչ միայն մոռացավ ամուսնական խնդրի մասին ունեցած յուր նոր վարդապետությունը, այլ մինչև անգամ պատրաստ է այդ րոպեին մոռանալ նույնիսկ ամուսնությունը, միայն թե հայերեն լեզուն ուսումնասիրելու համար բավական ժամանակ ունենար։

Մի քանի փոխադարձ հարց ու պատասխաններից հետո, արդեն սկսվում էին դասախոսության վերաբերյալ հարցերը։ Օրիորդ Վարդուհին յուր բացակայությունը կարևոր համարելով, ողջունեց յուր խոսակիցներին և հեռացավ։ Օրիորդ Աննան կամեցավ ճանապարհ դնել նրան մինչև սանդուղքի դուռը։ Երբ նրանք հասան այնտեղ Վարդուհին կամացուկ շշնջաց ընկերուհու ականջին․

  • Եթե դու հաստատապես վճռել ես քո նոր վարդապետությանը աշակերտել, համար առիթը պատրաստ է. ​պարոն Մարությանն ամենալավ ամուսինը կարող է լինել քեզ համար, աչքի առաջ ունեցիր նրա. նրա վերա մինչև անգամ կարելի է սիրահարվել…

  • Է՜հ, կատակներդ թո՛ղ, Վա՛րդո, ինձ այժմ դեռ մի բան է զբաղեցնում — սովորել իմ մայրենի լեզուն և սովորել որքան կարելի է լավ, ուրիշ էլ ոչ մի բանի վերա չեմ ուզում մտածել:

  • Հավատում եմ. բայց դու իմ քեզ տված խորհուրդը չմոռանաս… — ժպտալով ասաց Վարդուհին և դուրս գնաց:

Շատ անգամ մի դատարկ խոսքը կամ մի անմեղ հայացքը մի ամբողջ ապագայի բախտն է վճռում:

Աննայի վերա յուր ընկերուհու խոսքը յուր չափով ազդեց: Վարժապետի մոտ վերադառնալիս, նա ծանրացրեց յուր քայլերը. ըստ երևույթին Վարդուհու տված խորհուրդը սկսել էր զբաղեցնել նրան. իսկ երբ ընդունարանը մտավ, նա մի ընդհանուր ակնարկ ձգեց վարժապետի վերա և ժպտաց:

Պարոն Մարությանն, իհարկե, այդ չնկատեց և սկսավ զբաղվել յուր դասատվության վերաբերյալ հարցերով:

Comments