1. Անվերջանալի Կամուրջ

Chapter 5

Chapter 5

Ալմոնդը փակեց աչքերը՝ դեմքին ուրվագծելով թեթև, հազիվ նկատելի մի ժպիտ։ Ընդամենը մի քանի վայրկյան անց նրա ականջին հասավ շան կատաղի հաչոցը։ Նա բացեց աչքերն ու հանկարծ հայտնվեց մի անծանոթ քաղաքի նեղ, մութ նրբանցքում։ Իր աչքի առաջ նույն պիտբուլն էր, որն այդ պահին դաժանորեն հոշոտում էր տաս տարեկան մի աղջկա։ Ու հենց այդ տեսարանից Ալմոնդի ուղեղում ամեն ինչ պայթեց․ նա հիշեց ամեն ինչ։

Ալմոնդը ապրում էր մի մեծ, բազմամիլիոնանոց քաղաքի մոխրագույն աղմուկի մեջ, բայց այդ հոծ ու անդեմ բազմության մեջ նա անվերջ մենակ էր։ Նախկին ընկերներն ու նախկին սերը վաղուց լքել էին նրան՝ թողնելով միայն դատարկություն։

​Նա աշխատում էր սովորական մի խանութում որպես վաճառող, իսկ երեկոյան, ականջակալների տխուր երաժշտության տակ ասֆալտի վրա արտացոլվող ցուրտ լույսերին նայելով, քայլում էր տուն։ Նա ոչ մի ակնկալիք չուներ ապագայից ու կյանքի հանդեպ չուներ ոչ մի նպատակ․ համոզված էր, որ վերջում ամեն ինչ միայն ավելի է վատանալու։

​Վաճառողի իր միապաղաղ աշխատանքն ու օրերի անմիտ կրկնությունն իսպառ սպառել էին նրան։ Նրա կյանքի միակ լռելյայն նպատակը դարձել էր մահը՝ մի պարզ, աննկատ ու սովորական հեռացում, որը վերջապես կանջատեր այդ անվերջանալի թախիծն ու կթեթևացներ նրա անիմաստ գոյությունը։

​Իսկ այդ օրը, երբ նա նորից աշխատանքից տուն էր վերադառնում, փողոցի անկյունում նկատեց, թե ինչպես է մի շուն հարձակվում այնտեղով անցնող երեխայի վրա։ Ալմոնդը, առանց մի վայրկյան իսկ մտածելու, նետվեց առաջ՝ փրկելու նրան։ Նա չէր մտածում, որ շունը կարող է վնասել իրեն․ ուղղակի վազեց դեպի պիտբուլն ու ամբողջ ուժով հարվածեց նրա փորին։ Շունը մի քանի մետր շպրտվեց մի կողմ, ապա, կատաղած գռմռոցով, հարձակվեց Ալմոնդի վրա։Ալմոնդը ձեռքն առաջ տարավ պաշտպանվելու համար, շունը ուժեղ հարվածով բռնեց Ալմոնդի ձեռքից, նա զգում էր ինչպես է ջարդվում իր ձեռքի ոսկորները շան ծանր ծնոտների արանքը, իսկ մկանները մխրճվում նրա ատամների արանքը։ Չնայած անմարդկային ցավին՝ Ալմոնդն իրեն շատ սառնասիրտ էր պահում։ Շանն իր հետ քաշելով՝ նա սկսեց աստիճանաբար հեռանալ աղջկանից։ Ալմոնդն ամբողջ ուժով գոռում էր երեխայի վրա, որ նա փախչի, քանի դեռ ինքը կարողանում է պահել շանը, բայց աղջիկը վախից քարացել էր ու նույնիսկ չէր լսում նրան։

​Ալմոնդը որոշեց այնքան հեռանալ աղջկանից, մինչև ուժերը վերջնականապես կսպառվեին․ ինչքան հեռու, այնքան ավելի անվտանգ էր երեխայի համար։ Նրա հոգում հանկարծ կյանքի իմաստ էր հայտնվել՝ փրկել այդ աղջկան սեփական կյանքի գնով։ Եթե նույնիսկ վիճակված էր մեռնել, ապա գոնե վերջին վայրկյանները լցված կլինեին վեհ իմաստով․ նվիրել սեփական կյանքը մեկ ուրիշին, քանի որ ինքն այդպես էլ չէր կարողացել վայելել այն։

Շունը պատառոտում էր Ալմոնդի ձեռքը, բայց այնտեղից արդեն ոչինչ չէր մնացել։ Այդ պահին պիտբուլն անցավ նրա ոտքին ու սկսեց միսը պոկել մարմնից, իսկ Ալմոնդը, հաղթահարելով ցավը, ավելի էր հեռանում աղջկանից։ Մի քանի մետր հետ քայլելուց հետո նրա հետևում հայտնվեց մի աստիճան, որը նա չէր նկատել որի պատճառով սայթաքեց, ընկավ ցած ու գլուխն ամբողջ ուժով խփեց գետնին։

​Շունն իսկույն նետվեց վրան, բռնեց նրա կոկորդից ու սկսեց խեղդել։ Ալմոնդն ուշաթափվեց և վայրկենապես հայտնվեց այնտեղ, որտեղից սկսվել էր ամեն ինչ։​Եվ հիմա, բացելով աչքերը, նա նորից տեսնում էր նույն սարսափը․ շունն ուղղակի հոշոտում էր աղջկան։ Նա չէր կարողացել փրկել նրան։ Այդ անզորությունից Ալմոնդի հոգին պատառոտվում էր ֆիզիկական ցավից ավելի սաստիկ․ նա զոհեց ամեն ինչ, բայց մեկ է՝ չհասավ իր նպատակին։ Արյունն ամբողջությամբ պատել էր նրանց շուրջը։

​Ալմոնդն արդեն երկրորդ անգամ էր մահանում՝ զգալով իր երկրորդ, էլի անիմաստ դարձած մահվան դառնությունը։ Նա աչքերը փակեց՝ հոգու խորքում երազելով նորից հայտնվել կամրջի վրա ու հավերժ մնալ այնտեղ, հեռու այս դաժան իրականությունից։

​Ու ճիշտ այն պահին, երբ նրա աչքերը վերջնականապես փակվում էին, հեռվից` մթության մեջ որոտաց մի կրակոց։ Պիտբուլն իսկույն թուլացավ ու փռվեց գետնին։

The End

You've finished Անվերջանալի Կամուրջ

The author has marked this story complete.

5 chapters · Updated 6d ago

Back to book

Comments