1. Անվերջանալի Կամուրջ

Chapter 3

Chapter 3

Ալմոնդը բացեց աչքերը, վերև նայելով տեսավ, որ արևին արդեն միացել է լուսինը, իսկ երկինքը սկսել էր մթնել,,էլեկտրական լույսերը մեկը մյուսի հետեւից սկսում էին վառվել, քամիները արդեն իրենց տեղը զիջել էին խաղաղ երեկոյան ժամին։ Մի պահ այնքան լավ էր զգում իրեն, որ մտածեց աչքերը փակի և ընդմիշտ այդտեղ պառկած մնա: Մի փոքր պառկած մնալուց հետո, այնուամենայնիվ, ոտքի կանգնեց և շարունակեց ճանապարհը։ Նա դեռ հինգ մետր էլ չէր քայլել, երբ լսվեց մի շան հաչոց: Նա նույնիսկ չգիտեր տխրեր թե ուրախանար, քանզի հաչոցը նման էր մի կատաղի շան ձայնի, ով պատրաստ է քեզ պատառ-պատառ անելու ցանկացած վայրկյանի։ Ետ շրջվելով նա տեսավ պիտբուլ ցեղատեսակի մի մեծ մոխրագույն շուն, որի ականջները վեր ցցված էին, իսկ աչքերում կայծկլտում էր մի բան, որը միաժամանակ և՛ ձգում էր, և՛ վանում, նա զգում էր,որ շունը ամեն հաջորդ վայրկյանին կարող էր հարձակվել իր վրա։Ալմոնդը չէր հիշում՝ անցյալում վախեցե՞լ է շներից, թե՞ ոչ, բայց բնազդորեն վտանգ էր զգում։ Պիտբուլը երկրորդ անգամ հաչեց, բայց տեղից չշարժվեց։ Կամրջի վրա հայտնվելուց ի վեր Ալմոնդն առաջին անգամ իրական վախ զգաց։ Նա հասկանում էր, որ շանից փախչելն անիմաստ է, ու եթե նրանցից մեկնումեկը պետք է ողջ մնա, ապա ավելի լավ է ինքն առաջինը քայլի ընդառաջ։ Ալմոնդին հավասար շունը սկսեց քայլել դեպի իրեն: Ինչքան էլ կարող էր սովորական թվալ, նրանք առաջ էին շարժվում շատ դանդաղ, առանց շտապելու։ Երբ մնում էր մի քանի քայլ, որպեսզի հասնեին իրար, շունը սկսեց արագանալ և վազելով գնաց դեպի Ալմոնդի ոտքերի տակ և պառկեց այնտեղ: Նրա սիրտը մի պահ հանգստացավ։ Նա ձեռքը մեկնեց դեպի շան գլուխը, որպեսզի շոյի նրան, բայց պիտբուլը ձեռքի մոտենալուն պես սպառնալից գռմռաց․ քիչ էր մնում մի շարժումով պոկեր նրա ձեռքը։ Ալմոնդը արագ հետ քաշվեց, բայց շունը չհարձակվեց։ Նրանք երկար, լռելյայն նայում էին միմյանց աչքերի մեջ։ Ալմոնդը չէր հասկանում, թե որտեղից հայտնվեց այս կենդանին կամ ուր էր մինչ այդ, բայց, ցանկություն չունենալով ավելորդ հարցերի մեջ խորասուզվելու, շրջվեց ու շարունակեց ճանապարհը։ Շունը հետևում էր նրան․ ժամանակ առ ժամանակ հաչում էր ետևից, բայց մոտ չէր գալիս։

​Արևն ամբողջությամբ իր տեղը զիջեց լուսնին, իսկ կամրջի վրա շարունակում էին վառվել էլեկտրական լույսերը։ Թե ինչպես էին դրանք աշխատում, Ալմոնդին նույնիսկ չէր հետաքրքրում․ նա ուղղակի քայլում էր առաջ՝ առանց հստակ նպատակի

Մթությունը կամաց-կամաց պատեց շուրջբոլորը, ու այդ խորհրդավոր դատարկության մեջ կյանքը կարծես ստացավ մի նոր, անբացատրելի իմաստ։ Ծովն այլևս չէր երևում․ այնքան խաղաղ էր, որ ալիքների շշուկն անգամ չէր հասնում վերև։ Միգուցե նա արդեն ցամաքի՞ վրայով էր քայլում, դժվար էր ասել։

​Մեկ-մեկ նա կանգ էր առնում՝ դադար առնելու, իսկ շունը, դա նկատելով, երբեք առաջ չէր անցնում։ Նա հեռավորություն էր պահում, բայց ամենաանսպասելի ակնթարթներին մթության մեջ սպառնալից հաչում կամ գռմռում էր Ալմոնդի վրա։

​Ալմոնդը որոշեց քայլել այնքան, մինչև նորից ուժերը լիովին լքեն իրեն։ Մի քանի ժամ անց, երբ հոգնածությունն հաղթեց, նա պարզապես նստեց գետնին ու նստած վիճակում էլ քնեց, իսկ շունը, հեռվում կծկված, լռելյայն հետևում էր նրան մթության միջից։

Comments