1. 64

Chapter 1

Chapter 1

64

Հոկտեմբեր ամիսն էր։ Վերջապես քաղաքն ազատվել էր անվերջ թվացող շոգ եղանակից, բայց ամռանից մարդկանց մեջ մնացած շոգի վախի պատճառով գրեթե բոլորը դեռ կարճաթև շորերով էին։ Երևանի կենտրոնական փողոցներից մեկի կանգառում, կարճաթև շորերով մարդկանց մեջ, կանգնած էր Ավոն, որը սպասում էր վաթսունչորս համարի ավտոբուսին։

Ավոն մի քանի ամիս առաջ էր ավարտել դպրոցը, ու չնայած բոլոր ընկերներն արդեն ընտրել էին իրենց ապագա մասնագիտություններն ու ընդունվել տարբեր համալսարաններ, ինքը ոչ մի տեղ չէր դիմել։ Որոշել էր՝ մինչև վերջնականապես չկողմնորոշվի, թե ինչ է ուզում դառնալ, ոչ մի համալսարան չի դիմի։ Բարեկամների ու ծանոթների հարցերին, թե բա ի՞նչ պետք է անես, բոլոր դասարանցիներդ արդեն ընտրել են իրենց զբաղմունքները, նա շատ վստահ պատասխանում էր․

  •  Կանեմ, կտեսնեք։

Ավոն ամեն առավոտ ուղիղ տասին արթնանում էր, լողանում, սանրվում, կոկիկ հագնվում ու վաթսունչորս համարի ավտոբուսով իջնում Շրջանային, ուր իրար կողք-կողքի գտնվում էին բոլոր այն համալսարանները, որտեղ սովորում էին իր ընկերները։ Այնտեղ որոշ ժամանակ մենակ քայլում էր փողոցներով, մինչև ընկերների դասերն ավարտվեին ու բոլորը հավաքվեին՝ զրուցելու ամեն ինչի մասին։

Արդեն ժամը հինգն էր, ու բոլորը տուն էին շտապում։ Ավոն նրանց թվում էր։

Հեռվից երևաց վաթսունչորս համարը, ու, ինչպես երևում էր, այնքան էլ լիքը չէր, ինչը չէր կարող չուրախացնել ամեն մանրուքից ուրախացող տղային։ Կանգառում ահագին մարդ կար, բայց բացի նրանից ոչ ոք չբարձրացավ ավտոբուս։ Եվս մեկ ուրախալի բան՝ ամեն մանրուքից ուրախացող տղայի համար։

Ավտոբուսում նստելու չորս ազատ տեղ կար։ Ավոն գնաց դեպի մեջտեղի հատվածում իրար կողքի գտնվող երկու նստարանները, ընտրեց պատուհանի կողմինը ու մինչև նստելը հասցրեց որսալ ամենավերջում նստած աղջկա հայացքը, որն իրեն էր նայում։

Միջին երկարության մազերով, միջին հասակի, միջին գեղեցկության այդ միջին աղջիկն ակնհայտորեն սպասում էր Ավոյի բարևին, իսկ նա ուղղակի մի պահ նայեց աղջկան ու նստեց իր ընտրած տեղը։

«Ո՞վ է։ Դեմքը շատ ծանոթ է, հաստատ մեր դպրոցից է»։

Ավոն փորձում էր հիշել միջին աղջկա դեմքը, ու երբ զգաց, որ չի ստացվում, շրջվեց, որ մի անգամ էլ նայի նրան։ Աղջիկն արդեն իրեն չէր նայում, այլ ինչ-որ բան էր կարդում։

Ու հենց այդ կարդացող դեմքը բացահայտեց, թե ով էր նա։

Դպրոցում վերջին տարիներին ամենաշատ շրջանառվող կատակներից մեկը կապված էրԱվոյենց զուգահեռ դասարանցի Նինայի կարդալու ձևի հետ։ Նա միշտ աչքերն ու ունքերը գրեթեմի հարթության վրա էր բերում՝ կարծես կարդում էր աշխարհի ամենամանր տառերով գրված տեքստը։

Ավոյի դեմքին ժպիտ եկավ, երբ հիշեց, թե ինչպես մի օր իրենց դասարանցիներից մեկը, իհարկե ոչ Նինայի ներկայությամբ, նրան «ցիկլոպ» անվանեց ու մոտ հինգ րոպե անդադար ծիծաղ ապահովեց տղաների ու աղջիկների համար։ Դրանից հետո այդ մականունը տարածվեց ողջ դպրոցով մեկ։

Նինան ահագին փոխվել էր, դրա համար էլ Ավոն միանգամից չէր ճանաչել նրան․ նոր շորեր, նոր սանրվածք։ Աղջիկը շատ ավելի գեղեցիկ ու խնամված տեսք ուներ, քան դպրոցական տարիներին։

Նինան ոչ այնքան գեղեցիկ ու գրավիչ աղջկանից վերածվել էր միջինի…

Ավոն Նինայի նոր տեսքից զատ սկսեց մտածել նաև այն մասին, որ չբարևեց նրան։

«Հիմա ի՞նչ կմտածի իմ մասին։ Երևի կմտածի՝ չբարևեցի, որ իր փոխարեն չվճարեմ։ Հա լավ, դե հիմա ո՞ր դարն է, հիմա ամեն մարդ իր փոխարեն է վճարում։ Չէ, բայց ամոթ է։ Կգնա հետո ում ասես կպատմի, որ չեմ վճարել իր փոխարեն»։

Ավոն զգաց, որ ավտոբուսում ահավոր շոգ է, ճիշտ այնպես, ինչպես ամառվա օրերին էր հաճախ լինում։

«Լավ, բայց սկզբում պետք է բարևել։ Հո չե՞մ վճարելու ու ապուշի դեմքով ասեմ՝ «ստացած է՝ կիջնես»»։

Ավոյի համար ահավոր անսովոր էր Նինայի մասին այսքան մտածելն ու նրա կարծիքը հաշվի առնելը։ Նա կյանքում այս աղջկա մասին մտածել էր միայն այն ժամանակ, երբ նոր կատակներ էր հորինում նրան ձեռք առնելու համար։

Վերջապես պատրաստվում էր շրջվել ու բարևել Նինային, երբ ավտոբուսը կտրուկ արգելակեց։ Կանգառ էր։

Այնտեղից հինգ-վեց հոգի բարձրացան ավտոբուս, որոնցից մի քանիսը կանգնած մնացին։ Ավոյի կողքին նստեց մի տարիքով տղամարդ՝ կանաչ գույնի հնամաշ վերարկուով ու իրենց մաշվածությամբ էլ ավելի աչքի ընկնող շագանակագույն կոշիկներով։

Այդ մարդը ստիպեց Ավոյին մոռանալ Նինայի ու նրա փոխարեն վճարելու մասին մտքերը։

Կանաչ վերարկուով մարդուն նա նմանեցրեց իր հորը։

Ախր շատ նման էր։

Նա մերթընդմերթ թեքվում էր դեպի անծանոթն ու ուշադիր նայում նրան։ Մարդը ոչ մի արձագանք չէր տալիս տղային ու ուղղակի դիմացն էր նայում։

Ամեն անգամ անծանոթ տղամարդուն նայելիս Ավոն ավելի շատ նմանություններ էր գտնում այդ մարդու ու իր հոր միջև։

Միգուցե հոր հոգի՞ն էր այդ մարդու մեջ։

Անհեթեթություն։ Իր հայրը նույնիսկ մահացած չէր։

Թեև մոտ մեկ ամիս էր՝ չէր խոսել հետը ու լուր չուներ նրանից, բայց իր խոպանչի հայրը հաստատ չէր մահացել։

Իսկ ի՞նչ, եթե այդ մարդը ոչ միայն արտաքինով է նման իր հորը, այլև բնավորությամբ։ Հնարավոր է՝ այս մարդն էլ է վաստակավոր խմող, ում հետ թաղում ոչ ոք չի կարող հավասար խմել։ Այս մարդն էլ է օր ու գիշեր թերթեր կարդում ու հայհոյում կամ թերթ գրողին, կամ նրան, ում մասին գրված է թերթում։

Իսկ տեսնես այս մարդն էլ է՞ «լեգենդար» նարդի խաղացող, որը կյանքում մեկ անգամ է պարտվել՝ այն էլ հարբած ժամանակ։

Ավոն շարունակում էր համեմատականներ տանել իր հոր ու անծանոթ տղամարդու միջև, երբ նրա միտքն ընդհատվեց։

  • Հոպայ, ըստե կպայես։

Դիմացից մի տղա՝ հավանաբար լեզվի արատով, այնքան բարձր ասաց, կարծես վարորդի կողքին չէր նստած։

Բայց Ավոյի ուշադրությունն ավելի շատ գրավեց այն, որ վարորդը մոտ քսանհինգից երեսուն տարեկան էր ու շատ հեռու էր «հոպայ» լինելուց։

Նիհար, բարձրահասակ ու մի տեսակ տարօրինակ արտաքինով տղան իջավ ավտոբուսից, ու նրանից հետո բարձրացան մոտ ութ հոգի, ինչը հաստատ չուրախացրեց ամեն մանրուքից ուրախացող տղային։

Ավտոբուսն արդեն կարելի էր լիքը համարել։

Պետք էր վեր կենալ ու տեղը զիջել որևէ մեկին։

Բայց ո՞ւմ։

Կային չորս տարբերակ, որոնցից երեսունին մոտ կարճահասակ կինն ու վաթսունին մոտ տղամարդն անմիջապես դուրս մնացին։

Մնացին երկուսը։

Լիքը տոպրակները ձեռքին գեր կինը ու առանց իրերի, սակայն ինտենսիվ հևացող կինը՝ Երևանի ավտոբուսների երկու անբաժան մասնիկները։

Ավոյին ավելի մոտ էր գտնվում լիքը տոպրակներով կինը, որը չորսբոլորն էր ուսումնասիրում՝ հավանաբար փնտրելով այն մեկին, ով իր տեղը կզիջեր իրեն։

  • Եկեք նստեք։

Գանգուր մազերով մի գունատ աղջիկ իր տեղն առաջարկեց հևացող կնոջը։

  • Շնորհակալ եմ, ես հիմա իջնում եմ։

Սովորաբար նման պատասխան տվողներն ավելի ուշ են իջնում ավտոբուսից, քան իրենց նստել առաջարկողները, բայց սա այդ դեպքը չէր։

Ավտոբուսը արգելակեց, ու նիհար կինը, ինչպես հևալով բարձրացել էր ավտոբուս, այնպես հևալով էլ իջավ։ Նրա հետ մի քանիսը նույնպես իջան, ու բարձրացան նորերը, որոնք կարծես իջնողներից ավելի շատ էին։

Ավտոբուսում արդեն ասեղ գցելու տեղ չկար։

Տոպրակներով կինն արդեն գտել էր ամենահարմար զոհին ու նայում էր Ավոյին՝ սպասելով, թե երբ է նա իր տեղը զիջելու։

Ավոն այդ պահին հիշեց Նինային, որին այդպես էլ չէր բարևել։

Նա հետ շրջվեց, բայց աղջիկը չկար։

Իջել էր։

Ավոն մտքերի մեջ ընկավ։

«Տեսնես հիմա ի՞նչ է մտածում իմ մասին։ Երևի հիմա էլ ավելի է զզվում ինձնից։ Լավ, դե թքած։ Իսկ եթե էլի հանդիպենք, ի՞նչ եմ անելու»։

Ավոն այնքան էր մտքերի մեջ ընկել, որ մոռացել էր՝ պետք է տեղը զիջեր տոպրակների տիրակալ կնոջը։

Նա վերջնականապես դադարեց Նինայի մասին մտածել, երբ զգաց, որ իր կողքի տղամարդը, որնայդքան նման էր իր հորը, նայում է իրեն։

Նայում էր Ավոյին շատ ծանոթ հայացքով։

Երբ հայրը նրան այդպես էր նայում, դա նշանակում էր, որ հաջորդը հարվածն էր լինելու։

Կամ հարվածները։

Չէ՛, հաստատ հոր հոգին էր այդ մարդու մեջ։ Նման հայացք նա կյանքում միայն իր հոր մոտ էր տեսել։

Բայց ինչո՞ւ էր այդպես նայում։

Ավոն գլուխը բարձրացրեց ու հասկացավ, որ ոչ միայն այդ մարդն էր իրեն նայում, այլ բոլորը։

Բոլորը սպասում էին, թե երբ է Ավոն իր տեղը զիջելու տոպրակներով կնոջը։

Մեկը մյուսից վախեցնող հայացքներ։

Ավոն ժամանակին չէր հասցրել իր տեղը զիջել կնոջը, ու հիմա բոլորը ատում էին նրան։

Նա հետ հենվեց նստարանին ու փակեց աչքերը։

Բայց փակ աչքերից այն կողմ ամեն ինչ տեսնում էր։

Բոլորն իրեն էին նայում։

Մարդիկ մոռացել էին իրենց բոլոր խնդիրների ու գործերի մասին։ Հիմա նրանց միայն Ավոն էր հետաքրքրում, որը դեռ շարունակում էր նստած մնալ իր տեղում։

Ավոն փակ աչքերով զգում էր, թե ինչպես է հայելու միջից իրեն նայում ավտոբուսի երիտասարդ վարորդը։

Նրան էր նայում նաև գանգուր մազերով աղջիկը, որն արդեն իր տեղն առաջարկել էր հևացող կնոջը ու հիմա հանգիստ խղճով նստած էր։

Հետ էր շրջվել ու նրան էր նայում իր դիմաց նստած պապիկը, որը մեկ րոպեում հասցնում էր տասից տասներկու անգամ հազալ։

Նրան էին նայում ավտոբուսում կանգնած մոտ տասը տարեկան երկու դպրոցական ընկերները, որոնք սովորաբար լիքը ավտոբուսում իրար ականջի փսփսում ու ծիծաղում էին, բայց ոչ հիմա։

Հիմա բոլորը Ավոյին էին նայում։

Նա մեկ կանգառ շուտ երկու հարյուր դրամ վճարեց ու, չսպասելով մանրին, փամփուշտի նման դուրս թռավ ավտոբուսից։

Մնացած ճանապարհը ոտքով գնաց տուն։

Մեկ տարի անց վաթսունչորս համարի ավտոբուսը նույն ճամփով ու նույն մարդկանցով անցնում էր Երևանի փողոցներով, բայց առանց Ավոյի։

Ավոն կանգառում կանգնած սպասում էր քառասունյոթ համարին, որ աշխատանքի գնար, ու ամեն անգամ, երբ տեսնում էր վաթսունչորս համարի ավտոբուսը, մի պահ նրա մեջ ցանկություն էր առաջանում բարձրանալ այն ու գնալ Շրջանային։

The End

You've finished 64

The author has marked this story complete.

1 chapter · Updated 8/19/2026

Back to book

Comments