Chapter 1
I
Դա ֆաներայի մի մեծ արկղ էր, որը տեսքով նման էր դագաղի եւ կշռում էր, երեւի, մի ամբողջ տոննա։ Մկանուտ ջահելը՝ բեռնատարի վարորդը, ուղղակի ներս խցկեց դա ոտիկանական տեղամասի դռնից ու ինքը գնաց։ Ես հայացքս կտրեցի գրանցման մատյանից ու գոռացի նրա ետեւից։
— Սա ի՞նչ բան է։
— Ես ի՜նչ իմանամ,— պատասխանեց նա, ցատկելով մեքենայի խցիկը։— Հո ռենտգեն չունեմ, ես միայն բեռներ եմ փոխադրում։ Այս արկղը Երկրից եկավ առավոտյան հրթիռով, ավելին չգիտեմ։
Նա պոկվեց տեղից շատ ավելի արագ, քան պահանջվում էր, եւ կարմիր փոշու մի ամպ բարձրացրեց իր ետեւից։
— Հանաքչի,— փնթփնթացի ես։— Մարսում շատացել են հանաքչիները։
Երբ վեր կացա տեղիցս ու կռացա արկղի վրա, ատամներս կրճտացին փոշուց։ Ոստիկանապետ Կրայգը, երեւի լսելով աղմուկը, դուրս եկավ իր առանձնասենյակից ու օգնեց ինձ աննպտակ զննել արկղը։
— Կարծում ես, ռո՞ւմբ է,— ասաց նա ձանձրացող տոնով։
— Ո՞ւմ մտքով է անցել պայթեցնել մեզ։ Այն էլ այսքան մեծ ռումբով։ Եվ որտեղի՞ց՝ Երկրի՜ց։
Պետը գլխի շարժումով համաձայնվեց ինձ հետ եւ պտտվեց արկղի շուրջը։ Արկղի վրա հետադարձ հասցեն չէր գրված։ Վերջիվերջո ստիպված մի նիգ գտանք, ու ես սկսեցի բացել կափարիչը։ Երբ տեղից շարժեցի կափարիչը, այն հեշտությամբ պոկվեց ու ընկավ գետին։
Այ հենց այդ ժամանակ էլ մենք առաջին անգամ տեսանք Նեդին։ Մեր բախտն ավելի շատ կբերեր, եթե նրան տեսնեինք ոչ թե առաջին, այլ վերջին անգամ։ Եթե իսկույն կափարիչը դնեինք տեղը եւ այդ օյինբազությունը նորից ետ ուղարկեինք Երկի՜ր… Հիմա ես արդեն գիտեմ, թե ինչ բան է «Պանդորայի արկղը»։
Այնինչ մենք բերաններս բաց կանգնել էինք ու ոչխարի պես նայում էինք։ Իսկ Նեդը անշարժ պառկել ու նայում էր մեզ։
— Ռոբոտ,— ասաց ոստիկանապետը։
— Նուրբ դիտողականություն ունես, իսկույն երեւում է, որ ոստիկանական ուսումնարան ես ավարտել։
— Հա՜֊հա՜֊հա՜։ Դե իմացիր, թե ինչո՞ւ է նա այստեղ։
Ես ուսումնարան չեմ ավարտել, բայց դա ինձ չխանգարեց շատ արագ գտնել նամակը։ Այն դուրս էր ցցվել հաստ գրքից, որ դրված էր արկղի հատվածամասերից մեկում։ Պետը վերցրեց նամակը եւ սկսեց կարդալ առանց ոգեւորության։
— Այսպես, այսպես, «Յունայթեդ ռոբոտիքս» ֆիրման փրփուրը բերանին ապացուցում է, որ… «ճիշտ շահագործման դեպքում ռոսոտները կարող են անգնահատելի օգնություն ցույց տալ որպես ոստիկան… Մեզնից ուզում են, որ մենք դաշտային փորձեր կատարենք… Առաջարկվող ռոբոտը նորագույն փորձնական մոդել է, արժեքը՝ 120 հազար»։
Երկուսս էլ նորից նայեցինք ռոբոտին, ամբողջովին համակված մի ցանկությամբ՝ նրա փոխարեն տեսնել դրամական արժեթղթեր։ Պետը խոժոռվեց եւ, շրթունքները շարժելով, նամակը կարդաց մինչեւ վերջ, իսկ ես մտածում էի, թե ռոբոտին ինչպես հանեմ իր այդ ֆաներայե դագաղից։
Չգիտեմ, դա փորձնական մոդել էր թե չէ, սակայն այդ մեխանիզմը գեղեցիկ տեսք ուներ։ Ամբողջովին կապույտ էր, նավաստիական համազգեստի գույնի, իսկ դրսի անցքերը, կեռերը եւ մնացած բաները ոսկեզօծ էին։ Ինչ֊որ մեկը լավ չարչարվել էր, որ այդպիսի արդյունք ստանա։ Նա շատ էր հիշեցնում համազգեստ հագած ոստիկանի, սակայն չկար ծաղրանկարային նմանություն։ Թվում էր, պակասում է միայն ոստիկանի կրծքանշանն ու ատրճանակը։
Այդ պահին ես թույլ առկայծում նկատեցի ռոբոտի ակնային ոսպնյակում։ Մինչ այդ մտքովս չէր անցնում, որ նրան կարելի է կենդանացնել։ Կորցլելու բան չունեի, ուստի եւ ասացի․
— Դուրս արի արկղից։
Ռոբոտը վեր թռավ սրընթաց ու թեթեւ, ինչպես հրթիռ, վայրէջք կատարեց ինձնից երկու ոտնաչափ հեռու եւ կտրիճավարի պատվի առավ․
— Ոստիկանական փորձնական ռոբոտը, սերիական համարը՝ XPO֊456934B, պատրաստ է իր պարտականությունները կատարել, սըր։
Ռոբոտի ձայնը դողում էր ջանադրությունից, ու ինձ թվում էր, լսում եմ նրա պինդ պողպատե մկանների դռռոցը։ Նրա մաշկը, երեւի, չժանգոտվող պողպատից էր եւ ուղեղի փոխարեն ուներ մի փունջ հաղորդալար, բայց նա ինձ թվում էր իսկական նորելուկ ոստիկան, որը ժամանել է ծառայության։ Մանավանդ որ ուներ մարդու հասակ, երկու ձեռք, երկու ոտք եւ ներկված էր համազգեստի գույնով։ Հենց որ մի քիչ կկոցում էի աչքերս, իմ առջեւ կանգնում էր Նեդը՝ մեր տեղամասի նոր ոստիկանը, որը վերջերս էր ավարտել դպրոցը եւ լի էր աշխատանքային խանդավառությամբ։ Ես գլուխս ցնցեցի, որ կտրվեմ այդ տեսիլքից։ Սա ընդամենը վեց ոտնաչափ բարձրությամբ մի մեքենա էր, որին գիտական այրերը սարքել էին իրենց հաճույքի համար։
— Ազատ կանգնիր, Նեդ,— ասացի ես։ Նա առաջվա պես կանգնել էր պատվի առած։— Ազա՛տ։ Այսպիսի ջանադրության պատճառով դու ձեռք կբերես արտանետիչ կափույրի ոլորում։ Ասենք, ես այստեղ ընդամենը սերժանտ եմ։ Իսկ պետը այնտեղ է։
Նեդը շրջվեց դեպի ձախ եւ սրընթաց ու անաղմուկ սահեց ոստիկանապետի մոտ։ Պետը, լսելով պատրաստականության մասին ռոբոտի զեկույցը, նայում էր նրան, ինչպես տուփից դուրս եկած սատանայի։
— Հետաքրքիր է, կարո՞ղ է նա մի ուրիշ բան էլ անել, բացի զեկույցցից,— ասաց պետը, պտտվելով ռոբոտի չորս կողմը եւ հետաքրքրությամբ նայելով նրան… ինչպես շունն է նայում սյանը։
— Ֆունկցիաները, շահագործումը, ինչպես նաեւ խելամիտ գործողությունները, որոնց ընդունակ են ոստիկանական փորձնական ռոբոտները, նկարագրված են ձեռնարկի 184—213 էջերում։
Նեդի ձայնը մի վայրկյան խլացավ՝ ռոբոտը սուզվեց արկղի մեջ եւ հայտնվեց հիշյալ հատորով։
— Նույն այս կետերի մանրամասն մեկնաբանումը կարելի է գտնել նաեւ 1035—1267֊րդ էջերում։
Պետը, որը միանգամից հազիվ էր կարդում երգիծական ամսագրի մի էջը, հաստափոր գիրքը այնպես բռնեց, ասես դա կարող էր իրեն կծել։ Մտքում որոշելով նրա կշիռը եւ շոշափելով կազմը՝ հատորը շպրտեց իմ սեղանին։
— Զբաղվիր սրանով,— ասաց ինձ, գնալով դեպի իր առանձնասենյակը։— Եվ ռոբոտով նույնպես։ Մի բան արա…
Պետն ընդունակ չէր երկար կենտրոնանալու որեւէ գործի վրա, իսկ այս անգամ ստիպված էր ուշադրությունը լարել մինչեւ վերջ։
Ես սկսեցի թերթել գիրքը հետաքրքրասիրությունից։ Մինչեւ հիմա ինձ չէր վիճակվել գործ ունենալ ռոբոտների հետ, այդ պատճառով էլ նրանց մասին գիտեի այնքան, որքան գիտի հասարակ մահկանացուն։ Հնարավոր է, որ նույնիսկ ավելի քիչ գիտեի։ Գրքի անհամար էջերում տեղ էին գտել մանր տառերով շարված գերիմաստ բանաձեւեր, ինը գույնանի էլեկտրական սխեմաներ ու դիագրամներ, եւ այլն, եւ այլն։ Դրանց ուսումնասիրումը պահանջում էր հատուկ ուշադրություն, որին այն ժամանակ ես ընդունակ չէի։ Գիրքը փակելով՝ հայացքս գամեցի Նայնպորտ քաղաքի նոր ծառայողին։
— Դռան ետեւը ավել է դրված։ Գիտե՞ս, ինչ են անում ավելով։
— Այո, սըր։
— Այդ դեպքում, ավլիր սենյակը, աշխատելով հնարավորին չափ քիչ փոշի բարձրացնել։
Նա գերազանց կատարեց գործը։
Ես նայում էի, թե հարյուր քսան հազար արժեցող մեքենան ինչպես է մի կույտի մեջ հավաքում ծխախոտի մնացորդները եւ ավազը, ու մտածում էի, թե ինչու են, այնուամենայնիվ, նրան ուղարկել Նայնպորտ։ Երեւի այն պատճառով, որ ամբողջ Արեգատնային համակարգում չկար ավելի փոքր ու աննշան ոստիկանական ստորաբաժանում, որպիսին մերն էր։ Ինժեներները, երեւի, գտնում էին, որ հենց դա է պետք դաշտային փորձարկումների համար։ Նույնիսկ եթե այդ ռոբոտը պայթի էլ, ոչ ոքի չի հուզի։ Հետագայում որեւէ մեկը ինչ֊որ ձեւով կիմանա այդ մասին։ Դեհ ինչ, տեղը ճիշտ են ընտրել։ Նայնպորտը իսկը կորած մոլորված տեղ էր։
Հենց նույն պատճառով ես էլ եմ այստեղ։ Միակ իսկական ոստիկանը։ Գոնե այսպիսի մեկը պետք է լինի, ոպ թվա, թե գործ է արվում։ Ոստիկանապետ Ալոնցո Կրայգի խելքը բավականացնում է միայն այն բանի համար, որ հանկարծ փողերը չթափի, երբ ձեռքը կաշառք են խոթում։ Մենք ունենք նաեւ երկու ոստիկան։ Մեկը ծեր է ու միշտ հարբած։ Մյուսը դեռ խակ կաթնակեր է։ Ես տասը տարի ծառայել եմ մայրաքաղաքի ոստիկանությունում, Երկրի վրա։ Ինչո՞ւ թողեցի եկա այստեղ՝ դա արդեն իմ անձնական գործն է։ Վաղուց արդեն հատուցել եմ նախկին սխալներիս համար, գալով այստեղ՝ Նայնպորտ։
Նայնպորտը քաղաք չէ, սա մի վայր է, որտեղ կանգ են առնում ճանապարհին։ Մշտապես այստեղ ապրում են միայն նրանք, ովքեր սպասարկում են ժամանողներին՝ հյուրանոց ունեցողները, թղթախաղով փող սարքողները, պոռնիկները, պանդոկապանները եւ ուրիշներ։
Այստեղ կա նաեւ տիեզերակայան, բայց այնտեղ իջնում են միայն բեռնատար հրթիռները։ Որպեսզի տանեն դեռ գործող հանքերի մետաղները։ Նայնպորտը մի քաղաք է, որը երբեք չի տեսել իսկական կյանք։ Եթե մի հարյուր տարի հետո այստեղ գոնե ցից տնկված լինի ավազի մեջ ի նշան այն բանի, որ մի ժամանակ գոյություն է ունեցել Նայնպորտը, շա՜տ լավ կլինի։ Ես այն ժամանակ արդեն չեմ լինի, էնպես որ թքած…
Նորից ձեռքս վերցրի գրանցման մատյանը։ Խցերում նստած են հինգ հարբեցող՝ միջին չափն է։ Մինչ ես գրանցում էի նրանց, Ֆեթսը քարշ տալով բերեց վեցերորդին։
— Փակվել էր տիեզերականի կանանց զուգարանում եւ դիմադրեց ձերբակալելիս,— զեկուցեց նա։
— Հասարակական կարգուկանոնի խախտում հարբած վիճակում։ Գցիր դրան խուց։
Ֆեթսը տարավ իր զոհին, նրա տակտով օրորվելով։ Ես միշտ զարմանում եմ, տեսնելով, թե Ֆեթսը ինչպես է վարվում հարբածների հետ․ սովորաբար նա ավելի շատ էր կոնծած լինում, քան իր զոհերը։ Ես երբեք նրան չեմ տեսել ոչ հարբածությունից իրեն կորցրած, ոչ էլ լրիվ սթափ։ Չնայաթ դրան, նրա պղտոր աչքերը երբեք չէին դավաճանում հարբածներին որսալիս։ Նա հրաշալի էր անում այդ բանը։ Որ ծակուծուկն էլ մտնեին՝ գտնում էր նրանց։ Անկասկած այն պատճառով, որ բնազդը նույն տեղն էր առաջնորդում նրանց։
Ֆեթսը շրխկացրեց վեցերորդ խցի դուռը եւ, ութ գրելով, ետ եկավ։
— Սա ի՞նչ բան է,— ցույց տվեց նա ռոբոտին։
— Ռոբոտ է։ Ես մոռացել եմ համարը, որ գործարանում մայրիկը տվել է նրան, ուստի անունը դրել ենք Նեդ։ Նա հիմա մեզ մոտ է աշխատում։
— Այ քեզ կտրի՜ճ։ Թող խցերը մաքրի, երբ այդ քոսոտներին մենք դուրս կշպրտենք։
— Դա իմ պարտականությունն է,— ասաց Բիլլին՝ մտնելով սենյակ։ Նա սեղմեց դագանակը եւ խոժոռ նայեց գլխարկի հովարի տակից։ Չի կարելի ասել, թե Բիլլին հիմար է, պարզապես բնությունը խելքի փոխարեն ուժ էր տվել նրան։
— Հիմա դա Նեդի պարտականությունն է, որովհետեւ քո պաշտոնը բարձրացել է։ Դու կօգնես ինձ։
Երբեմն Բիլլին շատ օգտակար էր լինում, ու ես թանկ էի գնահատում նրա ատլետիկ կազմվածքը։ Իմ բացատրությունը ոգեւորեց նրան, նա նստեց Ֆեթսի կողքը եւ սկսեց նայել, թե Նեդն ինչպես է ավլում հատակը։
Այսպես տեւեց համարյա մեկ շաբաթ։ Մենք հետեւում էինք, թե Նեդն ինչպես է ավլում ու մաքրում, մինչեւ որ տեղամասը մանրէազերծ տեսք ընդունեց։ Պետը, որ միշտ հոգ էր տանում կարգուկանոնի մասին, գտավ, որ Նեդը կարող է կարել տոննաներով զեկուցագրերն ու այլ թղթերը, որոնք թափված էին իր աշխատասենյակում։ Պարզվեց, որ Նեդի համար շատ աշխատանք կա, ու մենք այնպես վարժվեցինք նրան, որ գրեթե չէինք նկատում ներկայությունը։ Ես գիտեի, որ նա ֆաներայե դագաղը տարել էր պահեստ ու գողտրիկ ննջարան սարքել այնտեղ իր համար։ Մնացած բաները ինձ չէին հետաքրքրում։
Ռոբոտի կառավարման ձեռնարկը թաղված էր իմ սեղանի դարակում, ու ես ոչ մի անգամ աչքի չանցկացրի այն։ Եթե դա անեի, ապա որոշ պատկերացում կկազմեի այն մեծ փոփոխությունների մասին, որ սպասում էին մեզ առաջիկայում։ Մեզնից ոչ մեկը չգիտեր այն մասին, թե ռոբոտը ինչ կարող է անել եւ ինչ չի կարող անել։ Նեդը հրաշալի կերպով կատարում էր հավաքարարի ու գործավարի պարտականությունները եւ դրանով սահմանափակվում էր։ Գործն առաջ չէր գնա, եթե մեր պետն այդքան ծույլ ու անբան չլիներ։ Հենց դրանից էլ սկսվեց։
Երեկոյան ժամը ինն էր, եւ պետը արդեն ուզում էր գնալ տուն, երբ հնչեց հեռախոսի զանգը։ Նա վերցրեց լսափողը, լսեց ու ցած դրեց։
— Գրինբեկի գինու խանութից է։ Նորից են նրան կողոպտել։ Խնդում են շտապ գնալ։
— Սա ինչ֊որ նոր բան է, սովորաբար մենք կողոպուտի մասին իմանում ենք մեկ ամիս հետո։ Ինչի՞ համար է նա փող տալիս Չինացի Ջոյին, եթե վերջինս նրան չի պաշտպանում։ Եվ ինչի համար է այդպիսի շտապողականությունը։
Պետը ծամծմեց ներքեւի շրթունքը եւ տանջալից մտորումներից հետո, վերջապես, վճիռ կայացրեց․
— Հապա մի գնա տես, ինչ է պատահել։
— Հիմա,— ասացի ու ձգվեցի գլխարկս վերցնելու։— Բայց տեղամասում մարդ չկա, պիտի սպասես, մինչեւ գամ։
— Էհ, չեղավ,— տնքաց նա։— Ես սովից մեռնում եմ, իսկ դու ուզում ես, որ նստեմ, սպասեմ…
— Ես կգնամ ցուցմունքներ վերցնելու,— ասաց Նեդը առաջ գալով եւ, սովորականի պես, պատվի առնելով։
Սկզբում պետը կուլ չտվեց խայծը։ Հապա պատկերացրեք, որ սառնարանը հանկարծ կենդանանա ու առաջարկի իր ծառայությունը։
— Դու ո՞նց պիտի ցուցմունքներ վերցնես,— փնչացրեց նա, իրեն խելոքի տեղ դրած սառնարանին նստեցնելով տեղը։ Սակայն խայթոցը պարուրված էր հարցական երանգով, եւ դրանում նա պետք է մեղադրեր միայն ինքն իրեն։ Ճիշտ երեք րոպեում Նեդը պետին պատմեց, թե ոստիկանը ինչպես է կատարում նախնական քննությունը զինված կողոպուտի կամ մի այլ գողության մասին հաղորդում ստանալիս։ Պետի չռած աչքերից դատելով՝ Նեդը շատ շուտով դուրս եկավ Կրեյգի խղճուկ գիտելիքների սահմանից։
— Բավակա՛ն է,— վերջապես պոռտքաց պետը,— եթե դու այդքան շատ բան գիտես, ինչո՞ւ պիտի ցուցմունք չվերցնես։
Ինձ համար դա հնչեց որպես տարբերակն այս դարձվածքի՝ «Եթե դու այդքան խելոք ես, ապա ինչո՞ւ հարուստ չես», որ դեռ դպրոցում ասում էինք մեր խելոքներին։ Նեդն այդպիսի բաները հասկանում էր բառացիորեն, եւ ուղղվեց դեպի դուռը։
— Դուք ուզում եք ասել, որ ե՞ս պետք է ցուցմունքներ վերցնեմ այդ կողոպուտի մասին։
— Այո,— ասաց Կրեյգը, զուտ օձիքն ազատելու համար նրանից, եւ Նեդի կապույտ կերպարանքն անհետացավ դռան ետեւում։
— Տեսքին որ նայես, չես ասի, թե այդքան խելոք է,— ասացի ես։— Նա իսկի չհարցրեց էլ, թե որտեղ է գտնվում Գրինբեկի խանութը։
Պետը գլխով արեց ի պատասխան, իսկ հեռախոսը նորից զնգաց։ Պետի ձեռքը, որ դեռ լսափողի վրա էր, մեքենաբար վերցրեց այն։ Մի վայրկյան լսում էր, ու նրա դեմքը հետզհետե ավելի ու ավելի էր գունատվում, ասես արյունը հանում էին երակներից։
— Կողոպուտը դեռեւս շարունակվում է,— վերջապես դժվարությամբ ասաց նա։— Գրինբեկի ցրիչը ուզում է իմանալ, թե մենք ինչ ենք ձեռնարկում։ Ես, ասում է, նստած եմ մյուս սենյակում, սեղանի տակ…
Ես չլսեցի շարունակությունը, որովհետեւ դուրս նետվեցի եւ նստեցի մեքենա։ Հազարումի անսպասելի բաներ կարող էին կատարվել, եթե Նեդը ինձնից շուտ հասներ խանութ։ Հրաձգություն կսկսվե, մարդիկ կտուժեին… Եվ այդ ամենի համար կմեղադրեին ոստիկանությանը, որ ոստիկանի փոխարեն պահածոյի տուփ են ուղարկել։ Թեպետ Նեդը պետի հրամանն էր կատարում, բայց դե հաստատ գիտեի, որ այդ գործն ինձ վրա են բարդելու։ Մարսում երբեք շոգ չի լինում, բայց ես քրտնել էի։
Նայնպորտում գործում են փողոցային երթեւեկության տասնչորս կանոն, ու ես, դեռ մի թաղամաս էլ չանցած, խախտեցի բոլոր տասնչորս կանոնները։ Բայց որքան էլ որ շտապում էի, Նեդն ինձնից ճարպիկ դուրս եկավ։ Թեքվելով անկյունից, ես տեսա ինչպես նա բացեց Գրինբեկի խանութի դուռը եւ ներս մտավ։ Այնպես ուժեղ սեղմեցի արգելակները, որ դրանք ոռնացին, բայց ինձ վիճակվեց սոսկ ականատեսի բախտը։ Ասենք, դա էլ անվտանգ չէր։
Խանութում տնօրինում էին երկու եկվոր կողոպտիչ։ Մեկը կռացել էր գրասեղանի վրա, ասես գրասենյակային ծառայող լիներ, իսկ մյուսը, նրան հենված, կանգնած էր կողքը։ Նրանց զենքը չէր երեւում, բայց հենց որ կապույտ Նեդը հայտնվեց շեմքին, նրանց գերլարված նյարդերը չդիմացան։ Երկու հրացանն էլ միաժամանակ վեր բարձրացան, եւ Նեդը քարացած կանգ առավ տեղում։ Ես հանեցի ատրճանակս ու սպասեցի, թե պատուհանից երբ դուրս կթռչեն ջարդված ռոբոտի կտորները։
Նեդի ռեակցիան ակնթարթային էր։ Ես կարծում եմ, որ ոստիկան ռոբոտը հենց այդպիսին պիտի լինի։
— Զենքը ցա՛ծ գցեք։ Դուք ձերբակալված եք։
Նա, ըստ երեւույթին, ձայնը միացրեց ամբողջ հզորությամբ, ու այդ բառերը որոտացին այնքան խլացուցիչ, որ ականջներս նույնիսկ ցավացին։ Հետեւանքը եղավ այն, ինչ պետք էր սպասել։ Միաժամանակ լսվեցին երկու կրակոց։ Խանութի ցուցափեղկերի ապակիները զրնգոցով փշրվեցին, իսկ ես բերանքսիվայր ընկա հատակին։ Ձայնից հասկացա, որ կրակեցին հիսուն տրամաչափի բազուկայով[1]։ Հրթիռային արկերի դեմն առնել հնարավոր չէ։ Դրանք ջարդուփշուր են անում իրենց ճանապարհին եղած ամեն ինչ։
Բայց, կարծես, Նեդին դրանք չանհանգստացրին։ Նա միայն աչքերը փակեց։ Նեղ անցքով վահանիկը վերեւից ցած իջավ ու փակեց աչքերի ոսպնյակները։ Այնուհետեւ ռոբոտը շարժվեց դեպի առաջին կողոպտիչը։
Ես գիտեի, որ նա ճարպիկ է, բայց չէի պատկերացնում, թե ինչքան… Եվս երկու արկ դիպան նրան, երբ նա անցնում էր սենյակով, բայց կողոպտիչը չհասցրեց նորից նշան բռնել, նրա հրացանը հայտնվեց Նեդի ձեռքում։ Ամեն ինջ վերջացած էր։ Թուլացած մատների միջից դուրս քաշելով հրացանը եւ դնելով իր պայուսակը, Նեդը հանեց ձեռնաշղթան եւ հագցրեց գողի ձեռքերին։
Համար երկրորդ կողոպտիչը սլացավ դեպի դուռը, որտեղ ես ջերմ հանդիպում էի նախատեսել նրա համար։ Սակայն իմ օգնության հարկը չեէավ։ Մի քանի քայլ էլ չէր արել, երբ Նեդը հայտնվեց նրա դիմաց։ Նրանք բախվեցին իրար, թրխկոց լսվեց, կողոպտիչը ուշակորույս փռվեց հատակին, բայց Նեդը իսկի տեղից էլ չշարժվեց։ Կողոպտիչը այդպես էլ չզգաց, թե ինչպես Նեդը նրա ձեռքերին շղթաներ հագցրեց ու գցեց ընկերոջ կողքը։
Ես ներս մտա, Նեդից վերցրի հրացանները եւ պաշտոնապես հաստատեցի կալանավորումը։ Ահա այն ամենը, ինչ տեսավ սեղանի տակից դուրս սողացող Գրինբեկը, ու ինձ այլեւս ոչ մի բան պետք չէր։ Խանութը լիքը լցված էր ապակու բեկորներով ու մի հոտով, որպիսին փչում է օղու տակառից։ Գրինբեկը սկսեց գայլի պես ոռնալ գլխին եկած այս փորձանքից։ Նա, հավանաբար, ինձանից շատ չգիտեր հեռախոսային զանգի մասին, ուստի ես կպա պզուկոտ պատանուն, որը կաղալով եկավ պահեստից։ Զանգը հենց նա էր տվել։