1. Յովնաթան որդի Երեմիայի

Chapter 3

3

Եւ մի օր մի կառք կանգ առաւ Անդրէասի որդի Երեմիայի հին տան դրանը։

Կառքից իջաւ մի չափահաս մարդ, ծամերի մէջ արդէն սպիտակ ալիքներով, ընտանի քայլերով մօտեցաւ դրանը եւ բաղխեց դրան երկաթը երեք անգամ՝ ըստ վաղեմի սովորութեան։

Դուռը բաց արաւ մի անծանօթ կին։

Չափահաս մարդը, տեսնելով անծանօթ կինը, ամէն ինչ հասկացաւ — հին տունն անցել էր օտարների ձեռքը։

— Ո՞րտեղ են այս տան հին բնակիչները, — հարցրեց նա անծանօթ կնոջը։

Կինը խաչակնքեց։ Առանց խաչակնքելու չէր կարելի յիշել անցածներին։

— Ո՞րտեղ է Դաւիթը։

— Հարաւի աշխարհում։

— Իսկ Մարգարի՞տը։

— Նա այժմ կինն է մետաքսագործ Գրիգորի, որդի Թադէոսի։

— Ո՞րտեղ է նրա տունը։

— Ներսի թաղի կամարակապ աղբիւրի ճիշդ դիմացը։

Նորեկը հեռացաւ խոնարհութիւն անելով։

Փողոցներից անցնելիս՝ ո՛չ ոք չճանաչեց նրան։ Երեխաների մի բազմութիւն քայլում էր նրա յետեւից՝ յափշտակւած օտարական մարդու տարազից, մանաւանդ յարդեայ լայնեզր գլխարկից։

— Մարգարի՜տ…

— Յովնաթա՜ն…

Մարգարիտը գրկեց Յովնաթանի գլուխը, սեղմեց իր տաք կրծքին, ինչպէս մանկանն իր առաջին, համբուրեց երկար, թափեց արցունքներ ջինջ, աստղային մաքրութեամբ։ Արցունքը ջինջ է, երբ թափւում է ուրախութեան համար, որովհետեւ նա բղխում է լուսաւոր եւ զով յատակից։

Երբ քոյրն համբուրում էր եղբօր գլուխը, քրոջ մանուկները փաթաթւեցին Յովնաթանի սրունքներին, նրանցից մէկը մինչեւ անգամ մագլցեց նրա ուսը։

Մանուկները լսել էին Յովնաթանի անունը, բայց ոչ ոք չյայտնեց նրանց թէ՝ ահա եկել է մօրեղբայրը, նրանք այդ զգացին բնազդով եւ նրանց արիւնը, մօր արեան նման, ոստոստեց երակներում։

Comments