1. Խոսող ձուկը

Chapter 2

II

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դիմացը դուրս է գալիս մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հրեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմա մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը։

— Լսի՛, բարեկամ,— ասում է Հրեշը։— Էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարի ժամանակով։ Ամեն օր էնքան կաթ տա, որ քո կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ՝ հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ, կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան, որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ո՛վ գիտի․․․

— Համաձայն եմ,— ասում է ու կովն առաջն անում, տանում տուն։

Comments