Chapter 1
I
Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ դարձյալ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։
— Տե՛ր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։
— Լսիր՛,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ո՛վ գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզո՜ւմ, էնպես եմ ուզո՜ւմ․․․ Եկ, խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ․․․
Էսպես էր ասում ցա՜ծր, շա՜տ ցածր ձայնով՝ ցամաքած բերանը բացուխուփ անելով։ Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։
— Գնա՛, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա՛, ապրի՛ ու խա՛ղ արա նրանց հետ։
Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։
— Տո՛, ախմախ,— ասում է,— ես էստեղ, ջրի մեջ թրջվելով, ձուկ եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ․․․ դե գնա՛ կորի՛, էլ իմ աչքին չերևա՛ս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա՛, սովից մեռի՛։
Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։
— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ․․․— տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։