Chapter 4
IV
Բելլերոֆոնը մի քանի օր կացավ Հելիկոնի վրա Պեգասի հետ. այս միջոցին նրանք ավելի մոտեցան միմյանց և ավելի մտերմացան։ Շատ անգամ միասին օդային ճանապարհորդություն էին անում և երբեմն այնքան էին բարձրանում, որ գետինը նրանց աչքում լուսնի չափ էր երևում։ Նրանք գնացին մի քանի երկրներ, ամեն տեղ նրանց տեսնող մարդիկը զարմանում էին և կարծում էին, որ թևավոր ձիով ճանապարհորդող սիրուն երիտասարդը Ոլիմպոսից կլինի իրանց մոտ հյուր եկած։ Պեգասի համար մեծ բան չէր օրական մի քանի հազար մղոն[14] տեղ թռչելը։ Բելլերոֆոնը հափշտակվել էր այս տեսակ կյանք վարելուց, նա բոլոր կյանքն ուրախությամբ անց կկացներ մթնոլորտի վերին խավերում, ուր ամեն ժամանակ, ինչ տեսակ եղանակ էլ լիներ երկրիս վրա, միշտ պարզ էր և տաք։ Բայց նա չէր կարող մոռանալ իր տված խոստումը Հոբաթ թագավորին՝ Քիմեռ-Օշափին սպանելու մասին։ Երբ որ փոքր-ինչ ընտելացավ օդային արշավանքներին և սովորեց Պեգասի հետ վարվել այնպես, որ նա իր տիրոջ ձեռքի տակ աննշան շարժումից և հազիվ լսելի ձայնից հասկանում էր նրա միտքը, այն ժամանակ մտքում վճռեց ձեռնարկել մտադրված վտանգավոր քաջագործությանը։
Եվ ահա մի առավոտ վաղ զարթնելով՝ թեթև կերպով կսմթեց Պեգասի ականջից, որ զարթեցնի նրան։ Սրա վրա Պեգասն իսկույն վեր կացավ տեղիցը և քառորդ մղոնաչափ մի ոստյուն արավ դեպի վեր, մի ակնթարթում պտտեց Հելիկոնի ամբողջ գագաթը, որ ցույց տա տիրոջը, թե ինքը բոլորովին սթափված է, թարմ է և պատրաստ՝ ուր ուզես թռչելու։ Այսպես ահա առավել ևս թարմանալով և ուրախ-ուրախ խրխնջալով՝ եկավ իր տիրոջ մոտ, բայց այնքան թեթև, որ կարծես ճնճղուկ լինի՝ ոստից ոստ թռչկոտելիս։
– Շա՜տ լավ ես չափ ընկնում, սիրելի՛ Պեգաս, հիանալի են թռիչքներդ,– գոչեց Բելլերոֆոնը և գուրգուրելով շփեց թևավոր ձիու գեղեցիկ պարանոցը։– Ժամանակ է, կարծեմ, որ քեզ հետ գնանք մեր գործին։ Այսօրևեթ գնանք պատերազմելու Քիմեռ-Օշափի հետ։
Նախաճաշելուց և Իպոկրենայի պաղ աղբյուրի ջրից խմելուց հետո Պեգասն ի՛նքը մեկնեց իր գլուխը՝ սանձելու համար։ Մինչև Բելլերոֆոնը կզրահավորվեր, թուրը կկապեր կողքին, վահանը կկախեր, առհասարակ կզինավորվեր կռվի համար, Պեգասն անհամբերությունից ոտքով դոփում էր գետինը, խայտում, խաղում և ոստոստում։ Երբ որ ամեն ինչ պատրաստ էր՝ Բելլերոֆոնը հեծավ ձին, ըստ սովորության՝ շեշտակի դեպի վեր սլացավ մինչև հինգ մղոնաչափ, որ բարձրից մեկ լավ նայե ամեն կողմ, որոշե գնալու տեղը և դեպի նույն կողմն ուղղե իր թռիչքը։ Նա Պեգասի գլուխը թեքեց դեպի արևելք և սլացավ ուղղակի դեպի Լիկիա։ Ճանապարհին նրանք հասան մի արծվի հետևից, որ քիչ էր մնում Պեգասի ոտքի տակն ընկներ, եթե շուտով մի կողմ չքաշվեր. Բելլերոֆոնը կարող էր բռնել նրան, բայց չուզեց ժամանակ կորցնել։ Նրանք թռչում էին թունդ մրրկի արագությամբ, և հենց նույն առավոտը տեսան Լիկիայի բարձր լեռներն ու խոր-խոր ձորերը, որոնք հազիվ էին նշմարվում իրանց պատող թանձր մառախուղի միջից։ Բելլերոֆոնը լսած էր, որ զազրելի Օշափը այդ խավար ձորերից մեկումն էր բույն դրել։
Երբ որ հասան իրանց մտադրյալ տեղը՝ թևավոր ձին սկսեց իջնել դեպի ներքև, օգուտ քաղելով լեռների վրա եղած մի քանի կտոր ամպերից, որոնք, մեր ճանապարհորդներին ծածկելով, անտեսանելի էին կացուցանում նրանց գետնի երեսից։ Մի խիտ ամպի վրա կանգնած՝ Բելլերոֆոնը, քիչ առաջ թեքվելով, կարողացավ պարզ տնտղել Լիկիայի լեռնային մասը և նրա մութ հովիտները։ Առաջ առանձին մի բան չնշմարեց. նրա տակ երկարումեկ ձգված էին չոր պառակներ[15] և փլփլված ապառաժներ, բայց ահա նրանց հետևից սևին էին տալիս նոր այրված տնատեղեր, սպիտակին էին տալիս շատ տեղեր կույտ-կույտ ոսկորներ, կարծես այս տեղերում արածող տավարների կմախքները լինեին։
«Այս ամենը Օշափի թողած հետքերը պետք է լինեն,– մտածեց Բելլերոֆոնը։– Բայց այդ զազրելին ինքը որտե՞ղ պետք է լինի թաք կացած արդյոք»։
Նա սկսեց ավելի ուշի ուշով նայել լեռների մեջ սևին տվող ծերպերը, խոռոչներն ու անտառները, բայց ուր որ նայում է՝ ամեն կողմ տեսնում է մեռելություն, չոր անապատ, միայն մի քարայրից դուրս է բխում երեք զոլ[16] սև ծուխ և, կեռումեռ գալարվելով օձի պես, սողում է դեպի վեր, և դեռ լեռան գագաթին չհասած՝ սև ծուխի այդ երեք զոլերը միանում են և դառնում մի կենտ սյուն։ Քարայրը գտնվում էր ուղիղ իրանց ոտքի տակին՝ միայն մի հազար ոտնաչափ հեռավորության վրա։ Գարշահոտ և թանձր ծծմբային ծուխն արդեն հասնում էր մինչև Պեգասի և Բելլերոֆոնի ռունգները։ Պեգասը փռնչում էր զզվանքից և գլուխը այս ու այն կողմ թեքում, այդ օդի զավակին, որ սովոր էր ծծել միայն լեռնագագաթների մաքուր օդը, գարշելի էր թվում երկրային հոտը։ Իսկ Բելլերոֆոնը ժնգռնում[17] էր ու փռշտում՝ խեղդվելով այդ ծանր և հեղձուցիչ ծծմբային հոտից։ Զայրացած Պեգասը սաստիկ թափ տվավ թևերը և մղոն ու կես ետ թռավ այդ գարշահոտ տեղից։
Բայց Բելլերոֆոնը հանկարծ ետ մտիկ տվավ, և այնպիսի բան ընկավ աչքովը, որ իսկույն սանձը դրդեց և ետ շրջեց ձիու գլուխը։ Պեգասն այս նշանից իսկույն իմացավ տիրոջ միտքը և սկսեց կամաց-կամաց ցած իջնել, մինչև մոտեցավ նույն քարայրին, որտեղից որ դուրս էր գալիս երեք զոլ ծուխը։ Եվ ի՞նչ տեսնի այնտեղ Բելլերոֆոնը՝ մի տարօրինակ դեզ իրար վրա կուտակված հրեշների։
Հրեշի՝ իրար վրա բսնած մարմինները միմյանցից այնքան մոտիկ էին ընկած, որ միայն գլխներիցը կարելի էր ճանաչել, թե ի՛նչ կենդանիներ են նրանք։ Թվով երեք էին նրանք՝ մի ահռելի վիշապօձ, մի ահարկու զորեղ առյուծ և մի գարշելի այծ։ Այծն ու առյուծը քնած էին, իսկ օձը՝ ո՛չ. նա իր կարմիր աչքերը չռել էր Բելլերոֆոնի վրա։ Բայց զարմանալին այս էր, որ գարշահոտ սև ծուխը ոչ մի րոպե չէր կտրվում, այլ՝ անընդհատ դուրս էր գալիս երեքի էլ ռունգներից։ Այս տեսակ մի հրեշի տեսիլն այնքան նոր և անակնկալ էր Բելլերոֆոնի համար, որ նա իսկույնևեթ գլխի ընկավ, որ նա ի՛նքն էր՝ Քիմեռ-Օշափը, և ա՛յդ էր նրա որջը։ Առյուծը, օձը և այծը միևնույն սարսափելի հրեշի լրացուցիչ մասերն էին։ Զզվելի՜ Օշափ…
Կիսամրափ Օշափը (որովհետև նրա միայն երկու գլուխներն էին մրափած) իր ճանկերից բաց չէր թողնում նոր որսած զոհի արյունոտ մնացորդները, բայց ի՞նչ բանի մնացորդներ էին, լավ չէր նշմարվում, գառա՞ն մնացորդ էին արդյոք, թե՞… ուզում էի ասել՝ մի փոքրիկ երեխայի… բայց, ո՞վ գիտե, գուցե հենց այդպես էլ լիներ, թեև այսպես մտածելը սարսափ է բերում մեզ վրա։ Երևում էր՝ նոր էր վերջացրել իր ընթրիքը։
Բելլերոֆոնը վերջապես ուշքի եկավ և գլխի ընկավ, թե ի՛նչ բան էր տեսածը։ Պեգասն ավելի շուտ իմացավ բանի էությունը, և միայն այնպիսի ահեղագոչ վրնջյուն բարձրացրեց, որ սար ու ձոր դրըմբդրըմբաց։ Սրա վրա՝ մրափած գլուխներն էլ զարթնեցին և երեքն էլ միասին կրակի ահեղ ալիքներ վիժեցին։ Բելլերոֆոնը դեռ իր պատրաստությունը չէր տեսել կռվի համար, որ հրեշը դուրս պրծավ իր որջից և, իր թանթուլների[18] ահագին ճիրաններն արձակելով՝ վրա վազեց ուղղակի խիզախ երիտասարդի վրա, ավազ ու հող բարձրացնելով։ Եթե Պեգասը թեթևաշարժ չլիներ թռչնի պես՝ հրեշն իր այդ հանկարծական հարձակմունքով կուլ կտար երկուսին էլ, և դրանով կվերջանար կռիվը։ Բայց անկարելի էր թևավոր ձիուն անզգույշ և անպատրաստ գտնել։
Մի ակնթարթում Պեգասն ու իր հեծյալը սավառնում էին արդեն բարձր երկնքում։ Բարկությունից խռմփում էր Պեգասը և բոլոր մարմնով դողում էր, իհարկե՝ ոչ երկյուղից, այլ՝ եռագլուխ գարշելի սողունից զզվելով։
Օշափի կատաղությանն է՛լ չափ չկար։ Նա ձգվել էր իր բոլոր երկայնությամբ և, կռթնելով իր օձային պոչի վրա, ճիրանավոր թանթուլները օդի մեջ այս ու այն կողմ էր հածում[19] և, ետ ձգելով իր երեք գլուխները, կրակի հեղեղ էր վիժում դեպի վեր, որ այրե Պեգասին և նրա հեծյալին։ Ինչպե՜ս մռնչում էր, ինչպե՜ս վսսում ու մկկում։ Մինչ այս, մինչ այն, Բելլերոֆոնը ձախ ձեռքն առավ վահանը և աջով թուրը հանեց պատյանից։
– Հապա՜, քե՜զ տեսնեմ, Պեգա՛ս ջան,– շշնջաց նա թևավոր ձիու ականջին,– ինձ չամաչեցնես. օգնի՜ր ինձ, որ չքացնենք այս երկրային հրեշը, եթե ոչ՝ դու կթռչես դեպի Հելիկոն առանց ետ նայելու և առանց քո մտերիմ բարեկամիդ։ Կա՛մ կկործանվի Օշափը, կա՛մ նրա բոլոր երեք ռեխները կլափեն ինձ մի քանի րոպեի մեջ։
Պեգասը սիրով վրնջաց և, գլուխը թեքելով, իր վարդագույն ռունգները տիրոջ թշերին քսեց։ Սրանով ուզեց ասել նա, որ թեպետ ինքը թևեր ունի և մինչև այսօր անմահ է եղել, բայց, այսուամենայնիվ, ավելի հոժար կլինի ի՛նքը մեռնել, քան թե թույլ կտա, որ Բելլերոֆոնն ընկնի հրեշի ճանկը։
– Շնորհակալ եմ քեզանից, հոգյա՛կս,– ասաց Բելլերոֆոնը՝ պարզ իմանալով իր բարեկամի համր խոսակցությունը։– Հիմա ե՛կ հարձակվինք Օշափի վրա. դու վրա՛ թռիր, ինչպես գիտես…
Այս խոսքերով նա շարժեց սանձը. Պեգասը նետի պես սլացավ ուղղակի դեպի եռագլուխ Քիմեռը, որ բոլոր ժամանակ գալարվելով՝ ձգվում էր դեպի նրանց։ Բելլերոֆոնը հասնելն ու թրով զարկելը մեկ արավ. նա միայն մեկ անգամ զարկեց ինչքան որ կռնումն ուժ ուներ, բայց Պեգասը նրան այնպես շուտ թռցրեց դեպի երկինք, որ է՛լ հնար չունեցավ նայելու, թե՝ հարվածը հաջո՞ղ էր արդյոք, թե՞ ոչ։ Պեգասի օդային արշավանքը երկար չտևեց, նա կրկնեց իր հարձակմունքը։ Այս անգամ միայն համոզվեց Բելլերոֆոնը, որ առաջին զարկով թռցրել էր հրեշի այծային գլուխը, որ արդեն մի բարակ մորթով կախված՝ ճոճվում էր հրեշի վրա։
Բայց հենց սրա համար էլ ողջ մնացած երկու գլուխները՝ օձինն ու առյուծինը, կրկնապատկեցին իրանց կատաղությունը և ճիգ էին թափում, որ իրանց երրորդ գլխի վրեժն առնեն։ Նրանց ահեղագոչ մռնչյունից և վսսոցից մարդու ականջ էր խլանում։
– Չվախենա՜ս, Պեգա՜ս,– աղաղակեց Բելլերոֆոնը,– էլի մեկ հարված, և մենք կկտրենք երկրորդ գլուխը։ Հառա՜ջ, բարեկա՛մ, սիրտդ պի՛նդ պահիր…
Նա կրկին շարժեց սանձը։ Թևավոր ձին նորից սլացավ նետի պես դեպի վայր, և Բելլերոֆոնն իր բոլոր ուժով նորից հասցրեց թուրը ողջ մնացած գլուխներին։ Բայց այս անգամ թե՛ նրան և թե՛ Պեգասին ձրի չնստեց այդ։ Օշափն իր թանթուլների ճանկերով մի քիչ չանգռեց Պեգասի ձախ թևը և բավական խոր վիրավորեց Բելլերոֆոնի ուսը։ Բայց Բելլերոֆոնն էլ փոքր հարված չէր տվել։ Այս անգամ նա կտրել էր հրեշի առյուծային գլուխը, որ արդեն կախ էր ընկել վրան և, ռեխը բաց ու խուփ անելով, թանձր ծուխ էր դուրս վիժում։ Միայն սոսկալի դարձավ այժմ Օշափի ողջ մնացած միակ օձային գլուխը։ Նա հիմա հրահեղեղ էր դուրս վիժում և մինչև հինգ հարյուր գրկաչափ հեռավորության հասցնում։ Եվ սկսեց այնքան ահեղ ոռնալ, վնգստալ, սուլել, որ Հոբաթ թագավորը լսեց այդ գոչյունը հինգ հարյուր մղոնաչափ հեռավորությունից և երկյուղից սկսեց այնպես դողդողալ, որ գահն իր տակին սկսեց երերալ ու տատանվել։
– Վայն եկել է մեզ տարել,– ասաց նա.– այս Օշափի ձայնն է. նա երևի գալիս է մեզ լափելու։
Այդ միջոցին Պեգասը, մի կողմ թռչելով, սկսեց բարկությունից վրնջալ, իսկ նրա աչքերից կայծեր էին ցայտում։
– Պեգա՜ս, վիրավորվա՞ծ ես,– բացականչեց Բելլերոֆոնը՝ նկատելով, որ իր սիրական ձիու արծաթափայլ թևից արյուն է հոսում։– Նզովյալ Օշափը իր այս չարագործության համար իր վերջին գլուխը պետք է տա ինձ. ինչպե՜ս, նա համարձակվի՜ վիրավորել անմահ և հրեղեն ձիո՜ւն…
Պեգասն էլ այդ էր ուզում, նա մի ակնթարթում շրջեց գլուխը և կայծակի արագությամբ սլացավ դեպի ցած։ Քիմեռը, կատաղությունից կաս կարմիր կտրած, մեկ՝ գալարվում, կծկվում էր քարայրի արյունաթաթախ ավազի վրա, մեկ՝ ձգվում, ցցվում էր սյունի պես և կրճտում բաց ռեխը։ Իսկ այդ գարշելու ռեխն էլ այնքան մեծ էր, որ Պեգասն իր տիրոջ հետ միասին, առանց իր երկար թևերը ծալելու, կարող էր ներս թռչել նրա միջով և անցնել կոկորդովը դեպի նրա անհագ, անհատակ որկորը[20]։
Երբ որ նկատեց հրեշը, որ իր թշնամին հարձակվելու վրա է, սկսեց բառաչել և գետաչափ հրահեղեղ վիժել, որով խանձխնձեց Պեգասի քնքուշ թևերը և Բելլերոֆոնի բոլոր ձախ կողմի ոսկեմազ գանգուրները։ Բայց սրանով դեռ չանցավ վտանգը։
Առաջ թույլ տվավ, որ թևավոր ձին իր հեծյալով մի քիչ իրան մոտենա, ու հետո մի հանկարծական ոստյունով ընկավ Պեգասի գավակը և իր բոլոր անճոռնի կազմվածքով կպավ նրանից ու սկսեց իր ճապուկ[21] ու ջղային պոչը չվանի պես բոլորիշուրջ փաթաթել Պեգասին։ Այս գարշելի բեռով բարձված՝ ձին և ձիավորը թռան դեպի վեր և վեր. նրանց ներքևում պսպղում էին արդեն լեռներն ու ամպերը, բայց նրանք էլի շարունակում էին իրանց թռիչքը։ Օշափը նրանցից չէր գջլվում և ավելի խոր էր ցցում իր գարշելի ճիրանները խեղճ Պեգասի մեջքին։ Այս միջոցին Բելլերոֆոնը շրջվեց և, իր կուրծքն ու երեսի կեսը վահանով պատսպարելով, աչքն անակնթարթ ձգեց հրեշի աչքը։ Մարդկային աչքի հայացքը կարող չէր տանել Օշափը. նա խփեց աչքերը և առաջի թանթուլները մեկնեց, որ վահանի վրայից բռնե Բելլերոֆոնի գլուխը, բայց բաց արավ իր կուրծքը, և Բելլերոֆոնը ներս ցցեց իր սուրը նրա կրծքի մեջ մինչև կոթը։ Հենց որ այս մահացու վերքն ստացավ Օշափը՝ նրա պոչն արձակվեցավ, և գարշելի հրեշը, իր բոլոր թեփամորթ ջանդակով վայր կործանվելով, ընկավ մի բարձր ժայռի վրա. նրա փորոտիքից մի նոր կրակ բորբոքվեց, և Քիմեռի բոլոր մարմինն սկսեց այրվիլ։ Երկրի վրայից արևի մայր մտնելուց հետո շատ մարդիկ նայեցան և տեսան, որ երկնքից գալարվելով ներքև է թռչում մի գունդուկծիկ եղած ահռելի հրեղեն բան՝ երկար պոչով, շատ վախեցան և կարծեցին, թե՝ միգուցե մի օդերևույթ կլինի կամ պոչավոր աստղ, բայց մյուս օրը վաղ առավոտյան մի քանի երկրագործ գնացին աշխատելու իրանց ագարակում և այնտեղ սարսափելով տեսան, որ իրանց բոլոր արտերը սև մոխիրով են ծածկվել, իսկ արտերի մեջտեղը ոսկորների մի կույտ կա, մեծությամբ մի ահագին դեզի չափ։ Այդ օրվանից մինչ օրս ոչ մի մարդ այլևս տեսած չէ Օշափին։
Այս փայլուն և փառավոր հաղթանակը տանելուց հետո Բելլերոֆոնը քնքուշ սիրով համբուրեց Պեգասի գլուխը։ Ուրախությունից նրա աչքերը ջրակալեցին։
– Ետ գնանք, սիրելի՛դ իմ,– ասաց,– գնանք Պիրենայի աղբյուրը։ Շնորհակալ եմ կատարած քաջագործությանդ համար։
Պեգասը, օդի մեջ ծածանելով, սկսեց թևավարել, և մի քանի րոպե հազիվ անցած՝ նա արդեն մեզ ծանոթ Պիրենայի աղբյուրի ափին էր։ Այնտեղ ամեն ինչ մնացել էր անփոփոխ, հիշողությունը կորցրած ծերունին եկավ վայրի պտուղներով, տավարած գյուղացին կովերը բերավ ջուր տալու, ջահիլ աղջիկը կուժն ուսին եկավ ջրի։
– Հիմա միտս է գալիս,– ասաց ծերունին՝ նայելով Պեգասի վրա,– որ այս թևավոր ձին ես տեսել եմ մեկ անգամ երեխա ժամանակս։ Բայց այն ժամանակները սա տասը հազար անգամ ավելի գեղեցիկ էր, քան թե հիմա։
– Սրա նման երեք հատը ուրախությամբ կփոխեի մի հատ բեռնակիր ձիու հետ,– ասաց կովարածը։– Այդ թևավոր ձին եթե իմս լիներ՝ ես նախ և առաջ արմատից կխուզեի սրա թևերը։
Իսկ ջահիլ աղջիկը ոչինչ չասաց. նա միշտ վախենում էր անտեղի, հիմա էլ նույնպես։ Նա Պեգասին տեսավ թե չէ՝ ետ փախավ դեպի տուն։ Վազելիս էլ ոտքը սահեց, կուժը վայր ձգեց կոտրեց։
– Հապա ո՞ւր է մեր գանգուրիկ տղան,– հարցրեց Բելլերոֆոնը՝ ձին մոտ քշելով դեպի գյուղացիները։– Նա իմ մշտական ընկերս էր այստեղ, նա հաստատ հավատացած էր, որ Պեգասը կգա, և միշտ նայում էր ջրին՝ սպասելով նրա գալուն։
– Ես այստեղ եմ, սիրելի՛ Բելլերոֆոն,– կամացուկ կանչեց տղան։
Այս աշխույժ և կայտառ երեխան օրերով սպասել էր Պիրենայի աղբյուրի մոտ՝ հուսալով, թե՝ ահա ուր որ է կգա իր բարեկամը, բայց հենց որ տեսավ Բելլերոֆոնին՝ Պեգասի վրա նստած ամպերից վայր է իջնում դեպի աղբյուրը, թաք կացավ թուփերի մեջ, որ ալևորն ու տավարածը չտեսնեն իրա ուրախության արտասուքը։
– Դու տարար հաղթությունը,– բացականչեց նա՝ վազելով Բելլերոֆոնի մոտ, որ դեռ նստած էր Պեգասի վրա։– Ես հավատացած էի, որ դու կհաղթես անպատճառ։
– Այո՛, մանկիկս, ես հաղթեցի՛ Քիմեռ-Օշափին,– պատասխանեց Բելլերոֆոնը։– Բայց եթե քո հավատալդ չլիներ՝ ես երբեք չէի սպասիլ Պեգասին, երբեք չէի թռչիլ ամպերում և երբեք չէի մեռցնիլ Օշափին։ Այս բոլորի համար ես միայն քե՛զ եմ պարտական։ Բա՛ց թողնենք այժմ Պեգասին և ազատություն տանք նրան, թող երթա իր համար, ինչպես եղել է միշտ։
Այս ասելով՝ Բելլերոֆոնը աղոթած սանձը վեր առավ Պեգասի գլխից։
– Գնա՛, իմ Պեգաս, դու այժմ ազատ ես միշտ և հավիտյան,– ասաց նա տխուր ձայնով։
Արծաթափայլ թևերով ձին գլուխը դրեց իր տիրոջ ուսին և չշարժվեց տեղիցը։
– Դու չե՞ս ուզում ինձանից հեռանալ,– հարցրեց Բելլերոֆոնը՝ շփելով նրա վիզը,— ուրեմն, կա՛ց, որքան ժամանակ որ կամենաս։ Հիմա գնանք, ուրեմն, Հոբաթ թագավորի մոտ՝ նրան աչքալույս, որ Քիմեռ-Օշափն այլևս գոյություն չունի։
Բելլերոֆոնը համբուրեց գանգուրիկ տղային, նրան մնաս բարով ասաց, խոսք տվավ, որ էլի շուտ ետ կդառնա, և գնաց։
Անցան շատ ու շատ տարիներ, գանգուրիկ տղան մեծացավ և սկսեց թռչել ամպերից վերև, ավելի ու ավելի բարձր, քան թե Բելլերոֆոնը, և հաղթությունների համար ավելի մեծ փառքի հասավ, քան թե Օշափի հաղթողը։
Այս փոքրիկ տղան դառավ մե՜ծ բանաստեղծ…