Chapter 3
III
Մի առավոտ գանգուրիկ տղան սկսեց Պեգասի մասին խոսել սովորականից դուրս անկասկած սրտով։
– Չգիտեմ ինչու,– ասաց նա՝ ուրախությունից թռչկոտելով,– ինձ այնպես է թվում, որ այսօր մենք անպատճառ կտեսնենք Պեգասին։
Ամբողջ օրը մանուկը չհեռացավ Բելլերոֆոնից. նրանք միասին հաց կերան, միասին խմեցին աղբյուրից և կեսօրից հետո նստեցին շվաքումը, ջրի ափին։ Բելլերոֆոնը, մի ձեռքն իր փոքրիկ բարեկամի ուսին դրած, իսկ մյուսն իր ծնոտի տակ դիմհար տված, խորասուզված մտքով մտիկ էր տալիս ջրի վրա կռացած պառաված ծառերին և նրանց ճղների վրա կախոտված վայրենի խաղողի ճութերին։ Իսկ մանուկն անընդհատ նայում էր միայն ջրին, բայց շատ տխուր, որովհետև շատ էր ցավում, որ Բելլերոֆոնի՝ երկար օրերով սպասելն ապարդյուն է անցնում։ Սրա վրա շատ տխրեց երեխան, մինչև այն աստիճան, որ հանկարծ լաց եղավ հեկեկալով։ Նրա արտասուքներից մի քանի կաթիլ գլորվելով ընկան աղբյուրի մեջ և խառնվեցան Պիրենայի արտասուքների հետ։
Հանկարծ Բելլերոֆոնն զգաց, որ երեխայի թաթիկը, որ իր ձեռքումն էր, դողդողում է։ Եվ տղան շշնջաց հանկարծ մանկական շշնջյունով.
– Բելլերոֆո՛ն, Բելլերոֆո՛ն, նայի՛ր, մեկ նայիր ջրի վրա…
Բելլերոֆոնը կռացավ շուտով, նայեց հայելու նման պարզ աղբյուրի երեսին, և այնպես թվաց, որ տեսնում է նրանում պատկերացած մի ահագին, սպիտակ թռչնի կերպարանք, թռչում է բա՜րձր, շատ բարձր, և արեգակը շողշողում է նրա արծաթափայլ թևերի վրա։
– Ի՜նչ հրաշալի, ի՜նչ փառավոր թռչուն է,– բացականչեց նա։– Եվ ինչքա՜ն մեծ է։ Եվ գիտե՞ս, շատ էլ հեռու չպետք է լինի, սավառնում է ամպերից ցած։
– Ես դողում եմ ամբողջ մարմնով,– ասաց մանուկը։– Վախում եմ դեպի վեր նայել։ Ինչքա՜ն հրաշալի է։ Բայց ես չեմ վստահում ուղղակի նրա վրա նայել, այլ միայն՝ ջրի միջով։ Մի՞թե չես տեսնում, Բելլերոֆո՛ն, որ սա թռչուն չէ, այլ՝ թևավոր ձի, նույն ինքը՝ Պեգասն է սա։
Բելլերոֆոնի սիրտը գնաց։ Նայեց դեպի վեր, բայց չկարողացավ լավ նշմարել, թե՝ նա ի՞նչ էր արդյոք, թռչո՞ւն, թե՞ ձի, որովհետև նա անհայտացավ բարդ-բարդ կուտակված սպիտակ ամպերի մեջ։ Մի րոպե չանցած՝ թռչողի կերպարանքը կրկին երևաց, նա իջնում էր դեպի գետին՝ ալեծածան թռիչքով։ Այս միջոցին Բելլերոֆոնն իսկույն ճանկը ձգեց տղային և նրա հետ թաք կացավ իր խիտ թփերի մեջ, որոնցով պարսպի պես շրջապատված էր աղբյուրը։ Նա Պեգասից երկյուղ չուներ, այլ վախենում էր միայն, թե՝ միգուցե իրանց նկատե և սկսե ավելի բարձրանալ դեպի վեր։ Այս թռչողը ճշմարիտ որ թևավոր ձին էր։ Երկար սպասեցին նրան, և ահա վերջապես նա ուզեց իր ծարավը հագեցնել Պիրենայի աղբյուրից։
Օդեղեն հյուրն սկսեց իջնել ավելի ցածր և ցածր։ Թռչելիս ավելի մեծ շրջաններ և պտույտներ էր անում, ինչպես աղավնին է անում թռչելու պատրաստվելիս։ Որքան ցածրանում էր, այնքան փոքրացնում էր իր շրջանները, մինչև վերջապես շփվեց գետնին՝ փափուկ բմբլի պես։ Նա իր չորս ոտները դրավ ավազի վրա այնքան մեղմ և անզգալի կերպով, որ ոչ մի խոտ չխշխշաց։ Հրաշալի թևավոր ձին մեկնեց իր վեհապանծ գլուխը և սկսեց խմել։ Նա մեծ զմայլմունքով էր ներս ծծում բերանով պայծառ հեղուկը, ուրախ փռնչում ու զինքը[12] թափահարում, խմում է, խմում, մեկ էլ հանկարծ՝ կանգ առնում։ Ո՛չ գետնի վրա, ո՛չ ամպերում և ո՛չ մի ուրիշ տեղ Պեգասը չէր սիրում այնպես հագեցնել իր ծարավը, ինչպես Պիրենայի աղբյուրից։ Կուշտ խմելուց հետո թևավոր ձին հոտավետ առվույտներից մի քանի ծաղիկ գջլեց, բայց միայն գջլեց ու ծամծմեց և ոչ թե արածեց կամ կերավ, նրա արածելիքը Հելիկոն սարի բուն գագաթի վրա եղած անուշահոտ խոտերն էին։
Վերջապես, երբ որ աղբյուրի պարզ ջրիցն այնքան խմեց, որ կշտացավ, մի քիչ խաղ արավ առվույտի ծաղիկների հետ, այնուհետև խայտալ սկսեց կշտացած երեխայի նման։ Սկսեց վազվզել ետ ու առաջ, տրտինգ տալ, կամացուկ վրնջալ։ Մեկ այս կողմն էր չափ ընկնում, մեկ՝ այն, մեկ էլ թռչում էր դեպի վեր, մի քիչ պտտվում և նորից իջնում ու վազվզում փափուկ կանաչկուտի վրա։ Բելլերոֆոնը, տղայի ձեռքից բռնած, թփուտի միջից նայում էր այս տեսարանի վրա, որի պես գեղեցիկ բան նա իր կյանքումը տեսած չէր։ Պեգասի ողջ կազմվածքը, նրա բարակ-բարակ ոտները, նրա բարեկազմ գլուխը, թավամազ պոչը, ալեծածան բաշը, ձյունի նման սպիտակ, արծաթի պես փայլուն, այս բոլորը հիացրել, զարմացրել էին Բելլերոֆոնին։ Իսկ նրա խելոք ու վառվռուն աչքերի նմանը ո՜չ մի ձիում տեսած չէր։ Նրան հանցանք էր թվում այսպիսի մի հիանալի ձիու վրա թամբ դնելը, և առավել ևս՝ նրա վրա ցատկել նստելը։
Մեկ թե երկու անգամ Պեգասը կարծես թե թալկացավ, թուլացավ, կանգնում էր հանկարծ, ականջները խլշում, հոտ քաշում, գլուխն այս ու այն կողմ ձգում՝ կարծես զգալով, որ իր մոտ դարանամուտ եղած մարդիկ կան։ Բայց երբ որ չտեսավ և չլսեց ոչինչ վտանգավոր բան, նորից սկսեց իր առաջվան խաղերը։
Բայց ահա որպես թե հոգնեց վերջապես, թևերը ծալեց և նստեց փափուկ կանաչկուտի վրա։ Թեթև օդի զավակ լինելով՝ նա չէր կարողանում քիչ ժամանակ հանգիստ կենալ, շրջվեց քամակի վրա և, ոտքերը վեր ցցած, սկսեց սահել մեջքի վրա։ Ինքը թևավոր, մեն-մենակ ամբողջ աշխարհում, անհիշելի ժամանակներից ի վեր ապրած, ո՛չ մի ընկեր չունեցած երբեք, այժմ զվարճանում էր՝ ինչպես բոլոր էակներից ամենաբախտավորը։ Սա մի հետաքրքրական տեսարան չէ՞ր միթե։ Բելլերոֆոնն ու մանչուկը չէին կարողանում աչքները Պեգասից հեռացնել։ Նրանք մասամբ հաճույքից և մասամբ երկյուղից շունչները պահել էին, ըստ որում՝ աննշան մի շշուկից ու շշունջից կխրտներ Պեգասը և նետի պես կսլանար դեպի երկինք։ Բավականաչափ թավալգլոր գալուց հետո վերջապես Պեգասը շտկվեց և հասարակ ձիու պես դանդաղ կերպով առաջին ոտները ձգեց, որ վեր կենա։ Բելլերոֆոնն իսկույն գլխի ընկավ, որ ձին վեր կենալուն պես պիտի ճանապարհ ընկնի, նա մի ակնթարթում դուրս ընկավ թփուտից և մի ճարպիկ ոստյունով թռավ նստեց ձիու քամակին։
Այո՛, նստեց թևավո՜ր ձիու վրա…
Երևակայել պետք է, թե ինչպե՛ս վեր թռավ Պեգասը՝ իր կյանքումն առաջին անգամն զգալով իր վրա հողեղեն մարդու ծանրություն։ Վեր թռչել եմ ասում, բայց չկարծեք, որ մի հասարակ ոստյուն էր, որ արավ Պեգասը։ Բելլերոֆոնը դեռ խելքը գլուխը չէր հավաքել, որ Պեգասի հետ արդեն գետնից բարձրացել էին մինչև հինգ հարյուր ոտնաչափ և սլանում էին նետի արագությամբ։ Թևավոր ձին նրա տակին փռնչում էր և երկյուղից ու զայրույթից դողում, սարսափում։ Թռան-գնացին միշտ բա՜րձր ու բա՜րձր, մինչև հասան ամպալից օդի ցուրտ շերտերը, որոնց վրա մի քանի րոպե առաջ Բելլերոֆոնը գետնին պառկած նայում էր և սքանչանում։ Այդ բարձրությունից ձին ուղղակի ցած նետեց ինքզինքը[13], որ մի ժայռի կամ ուրիշ բանի դիպչելով՝ ջարդուխուրդ անի իր հեծյալին։ Բայց այսպիսի բան չպատահեց. Բելլերոֆոնն այնպես չէր կպել նրան, որ բաց թողներ կամ վայր ընկներ, բայց սրա վրա ի՜նչ բաներ արավ չարացած թևավոր ձին, ի՜նչ ճարպիկություններ բանեցրեց, ցիրկում խաղացող ակրոբատներն այն չեն անում, ինչ որ մեր Պեգասն արավ օդի մեջ. ի՜նչ վեր-վեր թռչել, ի՜նչ օրորվել, ի՜նչ աքացիք շպռտոտել դես ու դեն, ի՜նչ տրտինգներ տալ։ Գլուխը գցում էր առաջին ոտների արանքը, թևերը վեր ցցում և սկսում մեկ թե երկու գլուխկոնծի տալ կապիկի նման։ Շուռ էր գալիս մեջքի վրա և, ոտները վեր ցցելով, թափահարում ինքզինքը, կամ գլուխը դեպի պոչն արած՝ երկուտակվում էր և սկսում պտտվել չարխի պես։ Վերջապես շատ բաներ արավ, տեսավ, որ հնար չի լինում, չի կարողանում վայր գլորել Բելլերոֆոնին, վիզը թեքեց և, կրակոտ աչքերը վրան ձգելով, դունչը մեկնեց, որ կծե։ Նա այնքան թափ տվավ իր թևերը, որ նրանցից մի արծաթագույն փետուր գջլվեց և ընկավ հենց այնտեղ, ուր կանգնած էր գանգուրիկ տղան։ Նա իսկույն վեր առավ պահեց՝ իբրև Պեգասից և Բելլերոֆոնից մնացած հիշատակ։
Երբ որ Պեգասը, ինչպես ասացինք, ատամները սրած, դունչը մեկնեց, որ մեկ լավ կծե, Բելլերոֆոնը նրա այս դրությունից օգուտ քաղեց և կախարդված սանձի երասանակը ձգեց իսկույն թևավոր ձիու բերանը։ Եվ, ո՜վ հրաշք, Պեգասն իսկույն հանդարտվեց և դարձավ բոլորովին ձեռնասովոր մի ձի։ Ուղիղն ասեմ, ես շատ կափսոսայի և կցավեի՝ տեսնելով մարդուն հպատակած այնպիսի մի ազատ թռչնաձին, ինչպիսին Պեգասն էր։ Այս հանկարծական փոփոխությունը ազատությունից դեպի ստրկություն անզգալի չէր Պեգասի համար։ Նրա՝ դեպի Բելլերոֆոնն ուղղած խելոք աչքերի մեջ արտասուքի պես բան երևացին։ Բայց երբ որ երիտասարդն սկսեց փաղաքշելով շփել նրա գլուխը և մի քանի քաղցր ու խաղաղացնող խոսքեր ասել, թեև տիրողի եղանակով, այն ժամանակ թևավոր ձին ուրախության վրնջյուն բարձրացրեց։ Նա կարծես բավական մնաց իր ներկա վիճակից, որ ինքը, այնքան դարերից հետո, վերջապես մի ընկեր ու հրամայող ունեցավ։ Երևի այսպես է որոշված բոլոր թևավոր ձիաների ճակատագիրը և առհասարակ բոլոր վայրենի կենդանիների։ Հենց որ մի անգամ նվաճեցիր նրանց և տերը դարձար՝ նրանք այնուհետև կհպատակվեն քեզ և կընտելանան քեզ հետ։
Պեգասն ու Բելլերոֆոնը, իրար հետ կռվելիս, աննկատելի կերպով շատ հեռու էին թռել, մինչև հասել էին մի բարձր սարի։ Բելլերոֆոնն առաջ էլ էր տեսել այն սարը, գիտեր, որ նրա անունը Հելիկոն էր, գիտեր նմանապես, որ Պեգասը սովորաբար նրա գագաթի վրա էր արածում։ Բայց ձեռնասովոր դարձած թևավոր ձին այժմ զրկված էր իր ազատ կամքից, նա չէր համարձակվում թռչել դեպի իր ուզած կողմերը և շարունակ ետ էր մտիկ տալիս, կարծես կանգ առնելու հրաման լիներ ուզելիս։ Վերջապես նա հանդարտ կերպով թռիչքն ուղղեց դեպի գետինը՝ անհամբեր սպասելով, թե՝ ե՞րբ կիջնի արդյոք իրանից հեծյալը։ Բելլերոֆոնը ցած թռավ նրա մեջքիցը, բայց ձեռքից չթողեց նրա սանձը, որ պինդ փաթաթել էր ձախ ձեռքի դաստակին։ Պեգասն անընդհատ նայում էր իր նոր տիրոջ վրա։ Նրա սիրուն և ազդու աչքերի մեջ երևում էր այնպիսի հեզություն, որ Բելլերոֆոնի խելքը տանում էր։ Նա սկսեց խղճալ գերի ընկած Պեգասին, որ դարերով ազատ էր ապրել, և վճռեց արձակել նրան ու ազատ թողնել։ Մեծահոգության զգացմունքով սաստիկ ոգևորված՝ նա կախարդական սանձը ձգեց նրա վզովը և բերանից հանեց երասանը։
– Գնա՜, Պեգա՛ս,– ասաց նա։– Դու ինձ հարկավոր չես, եթե ես սիրելի և հաճելի չեմ քեզ։
Թևավոր ձին մի ակնթարթում անհայտացավ նրա աչքից։ Նա Հելիկոնի գագաթից դեպի վեր սլացավ բազեի նման շեշտակի։ Արևն արդեն վաղուց էր մայր մտել, ներքևում, երկրի վրա մութն էր, իսկ սարի վրա՝ դեռ վերջալույս։ Պեգասը թռավ ամպերից էլ բարձր և կարծես դողում էր այնտեղ արևի վերջին ճառագայթներից անդրադարձած ծիրանեգույն լույսի անաղոտ ալիքների մեջ։ Դեպի վերև թռչելով՝ ներքևից երևում էր նա մի պսպղուն կետի չափ և վերջապես բոլորովին անհետացավ երկնքի անհատակ կապտության մեջ։ Բելլերոֆոնն ընկավ երկյուղի մեջ. նա շատ վախեցավ, թե՝ չլինի՞, հիրավի, թևավոր ձին այլևս չերևա ոչ մի անգամ։ Նա արդեն սկսեց զղջալ իր արարմունքի վրա. «Այս ի՜նչ խելք էր, որ ես բանեցրի»,– ասում էր նա ինքն իրան։ Բայց մեկ էլ տեսավ, որ պսպղուն կետը նորից երևաց երկնքի վրա և սկսեց կամաց-կամաց իջնել դեպի ցած և ցած, մինչև վերջապես իջավ իր տիրոջ առջև։ Այս փորձից հետո այլևս տեղիք չկար կարծելու, որ թևավոր ձին կփախչի երբևիցե։ Ձին և իր տերը մտերմացան իրար և այնուհետև հավատում էին միմյանց առանց կասկածելու։
Այս գիշեր մեր երկու բարեկամները տեղավորվեցին մի ժայռի խոռոչում և քնեցին իրար կողքի։ Բելլերոֆոնը բոլոր գիշերը ձեռքը չհեռացրեց Պեգասի վզից, ոչ թե զգուշության, այլ՝ շատ սիրելուն համար։ Վաղ առավոտվա բարիլուսին վեր կացան և միմյանց ողջունեցին՝ ամեն մեկն իր լեզվով։