1. Ով էր մեղավոր

Chapter 7

Է

Բաքոսյանը շտապով դնում էր մի լայն փողոցով, երբ լսեց մի ձայն, որ նրան կանչում էր։ Դեպի հետ նայելով՝ նա ճանաչեց յուր ծանոթ բժիշկ Բարակյանցին։

— Ա՜, Ստեփան Դանելիչ, լավ հանդիպեցար,— ասաց երիտասարդը, նրա ձեռքը սեղմելով,— ես այս րոպեիս բժշկի մոտ էի գնում, շտապեցե՛ք խնդրեմ, այսինչ թաղը, այսինչ փողոցում պարոն Ա...ի տունը. այնտեղ դուք կգտնեք մի հիվանդ։ Ահա՛, ձեր ​առաջին այցելության համար ես կանխիկ վճարում եմ, իսկ մնացածների համար նույնպես կստանաք ինձանից։

— Այս րոպեիս,— ասաց բժիշկը, և ընդունելով արծաթը, կամենում էր հեռանալ, երբ Բաքոսյանը կանգնեցրեց նրան։

— Ասացե՛ք խնդրեմ, դուք ունե՞ք ժամանակ մի տեղ շարունակ շաբաթը երկու անգամ այցելություն գործել։

— Այո,— պատասխանեց բժիշկը։

— Ուրեմն եղե՛ք այնքան բարի, այս երեկո յոթն ժամին ինձ մոտ անցնել, այդ մասին խոսենք։

—Շատ լավ,— ասաց բժիշկը և հեռացավ։

Բաքոսյանը հասավ տուն, երբ բավականին անցել էր ճաշից։

— Ո՞ւր էիր, այդքան ուշացար, Միշա, դու միշտ ստիպում ես քեզ սպասել,— ասաց նրա մայրը։

— Մի բարեկամի մոտ էի... այո՛, ուշացա,— պատասխանեց երիտասարդը։— Բայց դուք կարող էիք և առանց ինձ ճաշել։

— Մի՞թե առանց քեզ ես կարող եմ բերանս պատառ հաց դնել։

— Դու ինձ շա՛տ ես սիրում, մայր իմ,— ասաց որդին և գրկեց նրան։

Նրանք մտան սեղանատունը, ուր ամեն բարիքներով լի, փառավոր սեղանը սպասում էր նրանց։ Երիտասարդը նստավ մոր մոտ, իսկ Արտեմ Պավլիչը հավաքեց յուր շուրջը փոքրիկ երեխանցը...

— Ի՞նչ սովորություն է այդ, հայր, դուք չեք խոսում երեխայոց հետ հայերեն,— ասաց երիտասարդը։

— Հայերեն սովորելով ի՞նչ պետք է դառնան, որդի, հայեվարի հիմի ո՞վ է խոսում,— պատասխանեց Արտեմ Պավլիչը։

— Ամեն երեխա պետք է սկզբից յուր մայրենի լեզուն սովորե, այնուհետև օտար լեզուներ սովորելը նրա համար դժվար չէ՛։ Այդ է պահանջում արդի մանկավարժությունը։

— Ասենք թե մենք հայերեն խոսեցինք երեխաների հետ,— մեջ մտավ տիկին Մարիամը.— քոծ ու բջից էլի պիտի օտար լեզու սովորին...։

Արտեմ Պավլիչը երկար չխոսեց այդ առարկայի վրա, նա ամբողջ ճաշի միջոցին գանգատվում էր թանկությունից։

— Դժվար է էլի հիմա ապրուստը,— ասում էր նա դժգոհությամբ,— էսօր մեյդանում էնքան ման եկա, մինչև ժամից էլ հետ ​ընկա, հազիվ թե կարացի մի քիչ ձուկը և լավ դոշ ճարել, էն էլ ի՞նչ գնով, աստված ազատե...

— Դուք չեք մտածում աղքատների համար, հայր իմ, այն խղճալիքը ի՛նչ պետք է անեն,— հարցրեց երիտասարդը։

— Նրանք առանց ձուկի էլ կարան յոլա գնալ, որդի, բայց մե՛ր բանը դժվար է, մե՛րը...

— Գոնյա՛ ուտելու ցամաք հաց պիտի ունենան։

— Ցամաք հաց ճարելը հեշտ է, որդի, բայց մեր բանը դժվար է, որ ղաբլու-փլավը առանց աղջանաբաթ չենք կարացի ուտել։

— Ինչո՞ւ մենք միշտ ղաբլու-փլավ պիտի ուտենք, և այդպիսի փառավոր տներում ապրենք, բայց աղքատը գիշերը յուր գլուխը դնելու մի տեղ չունենա, և կարոտ մնա պատառ հացի։ Ինչո՞ւ նրանց համար չպետք է մտածենք։

Արտեմ Պավլիչի դեմքի վրա վազեց մի արհամարհական ծիծաղ։

— Ինչո՜ւ...— կրկնեց նա խորհրդական ձայնով։— Էդքան որ կարդացել ես, է՞ս էլ չես սորվի, թե ինչու,— էնդուր վուր աստված աղքատին աղքատ է ստեղծել, հարստին՝ հարուստ. մեզ տվել է փլավ, նրանց՝ ցամաք հաց։ Թե փլավը, թե ցամաք հացը բոլորը նրանն է պատկանում. ումը ինչ կուզե՝ էն կուտա, ո՛վ կարա նրա ձեռքը բռնեք, մեռնի՜մ նրա մեծ զորությանը...

Եվ Արտեմ Պավլիչը սկսավ ջերմեռանդությամբ խաչակնքել յուր երեսը։

«Այդ էլ մեր եսականների վարդապետությունը»...— ասաց յուր մտքում երիտասարդը և հեռանալով ճաշի սեղանից, ասաց հորը.

— Բայց դուք մոռանում եք, հայր, որ աստված հարուստներրին պատվիրեց, որ նրանք ողորմություն անեն աղքատներին։

Վերջին խոսքը համարյա չլսեց Արտեմ Պավլիչը։

Comments