1. Ով էր մեղավոր

Chapter 6

Զ

Կյուրակի օր էր։

Արտեմ Պավլիչը, վաղ առավոտյան մի բաժակ կծովի թեյ խմելով՝ գնացել էր մեյդանը, որ ճաշի համար ձկներ և այլ բաներ առնե, որ այնուհետև եկեղեցի գնա ու պատարագ տեսնե։

Արտեմ Պավլիչը արդեն վաթսուն տարեկան մարդ էր։ նա յուր հաստ փորով, հաստ գլխով և բավականին հաստ քսակով ոչ միայն համարվում էր քաղաքի հարուստներից մինը, այլ ճանաչում էին նրան որպես շատ փորձված ու խելացի մարդ։ նա ուներ հոյակապ երեքհարկանի տուն, խանութներ, մշակության դաշտեր, և երեք գույնզգույն մեդալներ, որոնք տոն օրերին միմյանց պոչից կապած, քարշ էր տալիս յուր շլինքից։

Ւսկ տիկին Մարիամր, այն բարի և առաքինի աստծու գառնուկը, շնչում էր մայրական ոգու բոլոր քնքշությամբ։ Նա գթառատ մայր էր և ժիր ու գործունյա տանտիկին։ ​Տիկին Մարիամը տալիս էր յուր սպասավորներին զանանազան հրամաններ, երբ երիտասարդ Բաքոսյանը պատրաստվում էր տանից դուրս գնալ։

— Էլի գնում եք վիզիտնե՞ր անելու, Միշա,— հարցրեց նրանից մայրը։

— Այո՛, մայր իմ, գնում եմ...— պատասխանեց որդին խորհրդական ձայնով։

— Որ այդպես է, ֆրակդ հագի՛ր։

— Այսպես էլ կարելի է գնալ։

— Ամոթ չէ՞, ի՛նչ կասեն։

— Այն մարդիկը, որոնց մոտ ես այսօր այցելություն պիտի անեմ, այնքան համեստ են և բարի, որ առանց ֆրակի էլ կընդունեն ինձ։

Քանի ժամից հետո Բաքոսյանը գնում էր մի նեղ և կեղտոտ փողոցի միջով։ Նա անցավ քաղաքի այն մասը, ուր լցնում էին աղբեր և անմաքրություններ, և շուտով հայտնվեցավ մի կիսավեր շինության մեջ։ Այնտեղ մի քանի կիսամերկ մշակներ, շապիկները հանած, կոտորում էին այն մանրիկ արարածներին, որոնք հանապազ ծծում էին նրանց արյունը, մի քանիսը սառը գետնի վրա թեք ընկած, փլփլած պատերի տակին, զրույց էին անում, իսկ մի քանիսը իրանց յարին հիշելով, կամ կարոտած վաթանը (հայրենիք) միտ բերելով, տխուր-մելոդիական ձայնով բայաթիք էին երգում...

Բաքոսյանը շատ զարմացավ, նկատելով, որ նրանք իրանց տեսածին պես, փախան և թաքնվեցան իրանց փոքրիկ, ծխից և մխից սևացած խրճիթների մեջ։

Նա ներս մտավ խրճիթներից մինը։ Խոնավ արտաշնչությունը այդ անասնական բնակարանի իսկույն նրա ուղեղին զարկեց։

— Ի՞նչու դուք փախաք ինձանից,— հարցրեց նա մի ալևոր մշակից, որ չէր դադարում իրան գլուխ տալուց։

Խեղճ ալևորի լեզուն կապվեցավ։

Նրա ընկերները ողորմելի ձայնով ասացին.

— Աղա, ոտքերուդ մատաղ, աստված է վկա, մենք ամենքս բիլեթներ ունենք...

Բաքոսյանը չգիտեր ինչո՛վ բացատրել այդ խոսքերը։

— Ես չեմ եկել ձեզանից բիլեթ պահանջելու,— ասաց նա։

— Մենք այդպես հասկացանք, աղա, քեզ մատաղ ըլենք. այն չինովնիկը ամեն օր գալիս է... բիլեթ է ուզում, մենք ցույց ենք ​տալիս՝ «էս մինը հին է, ասում է, էս մինը պատռած է, ասում է, էս մինը ֆարշիվ է, ասում է, ձեզ խիստ կպատմեմ, ասում է»։ Մենք վախում ենք, փող ենք տալիս նրան, որ մեզ Սիբիր չուղարկե...

— Խեղճե՜ ր...— դառն կերպով հոգոց հանելով հառաչեր Բաքոսյանը։— Եվ ձեր բիլեթները ուղի՞ղ են,— հարցրեց նա։

— Ուղիղ են, որպես արևը երկնքում, աղա, կամենում եք ցույց կտանք,— ասացին բոլորը միաձայն։

— Հարկավոր չէ՛, բայց դուք իմացեք, որ այն չինովնիկը ձեզ խաբում է, որ փող առնե, մյուս անգամ գալու լինի՝ ոչինչ չտաք, միայն նրա անունը իմացեք, թե ով է նա, որ ինձ ասեք։

— Աստված քեզ երկար կյանք տա, ազատի՛ր մեզ, աղա ջան, նրա ձեռքից,— աղաչում էին մշակները։

— Դուք միայն նրա անունը իմացեք, բավական է։

Սույն խոսակցության միջոցին Բաքոսյանը լսեց մի դառն հոգոց հանելու և հառաչանքի ձայն, նայեց խրճիթի մթին անկյունում, աղյուսներով հատակած խոնավ գետնի վրա պառկած էր մի մաշված երիտասարդ։ Այդ հսկայի պարթևական մարմինը, որ բռնել էր ահագին տարածություն, սարսափելի կմախքի էր նման։ Նրա փալանը բարձի տեղ դրած էր նրա գլխի տակ և մի քրքրված վերարկու ձգած էր նրա վրա։

Մի քանի րոպե նայելով հիվանդին. «դա դեռևս կարող է ապրել», ասաց նա յուր մտքի մեջ և տխուր զգացմունքներով հեռացավ այդ սարսափելի բնակարանից։

Քանի ժամից հետո մի կառք կանգնեցավ այդ տան հանդեպ։ Հիվանդին նրա մեջ դնելով տեղափոխեցին մի խեղճ ընտանիքի մոտ, որին պատվիրած էր խնամք տանել նրա առողջությանը։

Comments