Chapter 4
Դ
Երիտասարդ Բաքոսյանը էր մի տղամարդ բարձր հասակով, խիտ և սև մազերով, թուխ-դեղնագույն դեմքով, կենդանի և վառվռուն աչքերով։ Նրա բոլոր շարժվածքը, նրա դեմքի ազդու բացատրությունքը արտահայտում էին եռանդոտ բնավորությունը մի համարձակ ուսանողի։
Հանգստանալով ճանապարհի հոգնածությունից՝ Բաքոսյանը սկսավ այցելություններ անել յուր զանազան ծանոթների և բարեկամների մոտ։
— Լավ խելք ես արել, որ օրենքներ ես սովորել,— ասաց նրան մի սպիտակահեր ծերուկ գեներալ։— Շուտով ծառայություն կմտնես, ռոճիկ և չին կստանաս... կտնօրինես քեզ մի լավ ասպարեզ... այնուհետև պատրաստ կլինի քեզ մի կնիկ խիստ չաղ օժիտով...
— Տեսնենք...— պատասխանեց երիտասարդը.— ես դեռ այդպիսի ցանկություններ չունեմ,— ավելացրեց նա և մի քանի սովորական խոսակցություններից հետո կատարեց յուր առաջին վիզիտը։
— Շատ ապրես, որդի,— խրատ էր կարդում նրան հարուստ վաճառական պարոն Փողասերյանցը։ Հայրդ ծերացել է, էլ էնքան բանի պետք չէ. բայց դու հասել ես, աշխատի՛ր նրան օգնել փոդրաթներում, առևտրում և ամեն բանում... Զակոնն էլ խոմ լավ գիտես, ադվոկատի փող էլ չեք տա... Ա՜խ, էդ ադվոկատները դրուստ մարդու կաշին են մաշկում, կաշի...
«Դրա քարոզն էլ լսեցինք»,— ասաց յուր մտքում Բաքոսյանը և փոքր-ինչ խոսելով նրա և ընտանիքի առողջության մասին, հեռացավ պարոն Փողասերյանցից։
Նրան այն օր մնում էր մի վիզիտ տիկին Շնորհաբաշխի մոտ։
Սալոնական տիկինը, որ մի հեռավոր ազագակցություն ևս ուներ Բաքոսյանների հետ՝ ընդունեց երիտասարդին խիստ ուրախությամբ և ընտանեկան կերպով, թեև նայում էր նրա վրա, որպես առաջին փոքրիկ Միշայի վրա։
Նրանց խոսակցությունը մեծ մասամբ եղավ Գերմանիայի, Շվեյցարիայի և այնտեղի ուսանող կնիկների և օրիորդների մասին։ Վերջ ի վերջո, դեռ յուր նախկին գեղեցկության թառամած վարդերը պահպանած տիկինը հայտնեց, թե նա նույնպես նպատակ ունի Ցյուրիխ գնալ։
— Գնում եք ուսանելո՞ւ,— հարցրեց Բաքոսյանը ժպտալով։
— Չէ՛, Միշա, այստեղի կյանքը ինձ բոլորովին ձանձրացրեց, սարսափելի դատարկություն է տիրում մեր քաղաքում, գնում եմ մի փոքր հանգստանալ այնտեղ։
—Այո՛, վատ չի լինի այստեղ հոգնել և այնտեղ հանգստանալ...— հեգնորեն տիկնոջ խոսքը կտրեց Բաքոսյանը։
— Չէ՛, Միշա, այնպես ուզում եմ Ցյուրիխում լինեմ...
— Ուզում եք... գնացեք...
— Դու միշտ ծիծաղում ես, Միշա,— հաճոյամոլ կերպով երիտասարդի ձեռքը բռնելով, ասաց տիկինը։— Դու էլի էնպես հանաքներ ես սիրում, որպես քո պատանեկության ժամանակը։
— Չէ՛, Աննա Կիրիլովնա, ես այժմ շատ համեստ եմ։
—Ի՜նչ նշնելու տղա ես, Միշա, ի՞նչ հինգ հազար թումանով աղջկերք պատրաստ են քեզ համար,— ասաց տիկինը խոսքը փոխելով և միևնույն ժամանակ նրա ձեռքը չթողնելով յուր ափի միջից։
— Ես պորտմանների հետ պսակվելու նպատակ չունեմ... — Չէ՛, չունես, քեզ էլ կտեսնինք։
— Լավ, ինչ նպատակ կա այստեղի աղջիկների հետ պսակվիլ։
— Ինչո՞ւ։
— Նրա համար, որ նրանք ոտքից մինչև գլուխ զուրկ են բուն քաղաքակրթությունից։
— Ո՛չ, Միխայել, այստեղ կան և լավ աղջիկներ։
— Այսինքն նրանք, որ հայերեն խոսելն անգամ չգիտեն։
— Այդ մի մեծ պակասություն չէ՛․ բավական է, որ նրանք ուսում ունեն։
— Հավատացե՛ք, Աննա Կիրիլովնա, այդ ուսյալները գեղեցիկ խնձորների են նմանում, դրսից սիրուն գունով, անուշ հոտով, բայց ներսից ավերված և փտած սրտով…
Մի քանի այդպիսի խոսակցություններից հետո, երիտասարդը հեռացավ, թեև տիկինը շատ ստիպում էր, որ ճաշին իրանց մոտ մնա։