Chapter 20
ԺԻ
Անցան մի քանի օրեր։
Մութ խավարային գիշեր էր։
Քաղաքի մի անկյունում, մարդկանց բնակարանից հեռու զգացմունքների տխուր և ուրախ վրդովմունքներով, կանգնած էին երկու հոգի։
— Ես բաժանվում եմ քեզանից, Մանիշակ, մի հեռու և վտանգավոր ճանապարհ բացված է իմ առջև,— ասաց Բաքոսյանը օրիորդի ձեռքը բռնելով։— Գուցե այլևս չհաջողվի մեզ տեսնել միմյանց, բայց, հավատա՛, Մանիշակ, որքան կյանք կա և կլինի իմ մեջ՝ երբեք չեմ մոռանա քեզ։
Օրիորդը մինչև այն ժամանակ չէր համարձակվել բաց անել երիտասարդին յուր սիրտը, բայց բաժանման վերջին րոպեն խլեց նրա կուսական շրթունքից համեստության կնիքը և նա ասաց. — Բայց դու չե՜ս խղճում, Միքայել, որ թողնում ես ինձ միայնակ…
— Ես ցավում եմ, որ բաժանվում եմ քեզանից, միայն չեմ կարող չգնալ…
— Ասա՛, գոնյա, որ սիրում ես ինձ։
Վերքին խոսքերը մինչ այն աստիճան վառեցին օրիորդի ամոթխածությունը, որ նա գիշերային մթության մեջ կարծես չէր կամենում, որ երիտասարդը նշմարե նրա նույն րոպեին շառագունած դեմքը, և յուր գլուխը թաքցրեց նրա սաստիկ զարկվող կրծքի վրա։
— Լսի՛ր, Մանիշակ, ինձ դժվար է ասել այդ խոսքը, որովհետև ես ունիմ մի այլ սիրուհի, որի սերը այժմ կոչում է ինձ դիմել դեպի նա...— ասաց Բաքոսյանը րոպեական շփոթությունից հետո:
Օրիորդը սարսափեցավ։
— Ուրեմն, ես կորած եմ...— հառաչեց նա և թուլացավ երիտասարդի գրկի մեջ։
Այդ տխուր-հոգեկան վրդովմունքը տիրեց մի քանի րոպե։
— Հայրենիքիս մեջ պատերազմ կա, Մանիշակ,— ձայն տվավ երիտասարդը խորին ոգևորությամբ։— Իմ ազգը — իմ սիրուհին կոչում է ինձ... պետք է գնամ...
Օրիորդը սթափվեցավ։
— Գնա՛, Միքայել, հայոց աստվածը թո՛ղ քեզ օգնական լինի,— ասաց նա քաջազնական արիությամբ:— Գնա՛, պատերազմի՛ր, ես կաղոթեմ քեզ համար։
Քաղելով օրիորդի շրթունքից վերջին հրաժարական համբույրը՝ Բաքոսյանը նստեց կառքը, որ նրան սպասում էր փոքր-ինչ հեռու և անհետացավ գիշերային խավարի մեջ։
18... թիվն էր։
Զեյթունի լեռները խնկվում էին վառոդի ծխով: Տաճիկները պաշարել էին նրան։ Մի երիտասարդ առաջնորդում էր քաջերի խումբին։ Կռվի բորբոքված խռովության մեջ նա բարձրացավ ամբարտակի վրա։ Մի առնաուտ զինվոր, դարան մտած ժայռի հետքում՝ պարզեց յուր հրացանը։ Գնդակը սուլեց, երիտասարդը, կրծքից վիրավորվելով, գլորվեցավ գետին։
Հորիզոնի խավար մթնոլորտից ցոլաց մի աստղ...
Դա Միքայել Բաքոսյանն էր։
Թ… քաղաքի բլուրների մեջ մեղմ—բարեպաշտական հնչումներով լսելի էր լինում փոքրիկ վանքի վաղորդյան զանգահարության ձայնը։ Մի մանկահասակ կուսան, բոլորովին սև հագնված, շտապում էր դեպի Աստուծո տաճարը։ Նա առանձնացավ մի խուլ անկյունում, և չոգած մերկ հատակի վրա՝ գունատված — աղոթասեր շրթունքներով կուսական սրտի ջերմ մաղթանքները վերախնկում էր դեպի հավիտենական աթոռը։
Դա օրիորդ Մանիշակն էր։
Բայց ի՛նչ եղավ Արտեմ Պավլիչի և տիկին Մարիամի վերջը։ Որդու հանկարծակի անհետանալը, առանց յուր մասին որևիցե տեղեկություն թողնելու վրդովեց խստաբարո ծերունու քարացած սիրտը։— Նա հանգստություն չուներ։ Նա տանջվում էր փոշմանությունից, տանջվում էր յուր մեջ խիստ ուշ զարթած խղճմտանքից...։
Որդու մահվան լուրը հասցրեց նրան վերջին հարվածը։ Ծերունին խելագարվեցավ։
Իսկ տիկին Մարիամը, սրտի կսկծից մաշված և վշտահարված առաքինուհին, խնամք էր տանում հիվանդ ամուսնուն, անդադար հիշելով իր սիրելի Միշային…
— Ո՞վ էր մեղավոր։