Chapter 19
ԺԹ
Երիտասարդի առողջությունը փոքր-ինչ լավացել էր, հանկարծ ստացավ նա մի նամակ: Այդ նամակը գցեց նրան անհանգստության մեջ։
— Գիտե՞ս, Մանիշակ, ո՛րքան շտապում եմ ես շուտ առողջանալ,— ասաց նա մի անգամ օրիորդին, որ նստած էր նրա մոտ։
— Ես էլ շատ եմ շտապում...— պատասխանեց աղջիկը հրեշտակային պարզամտությամբ։
— Միայն այդ ցանկությունները մեր երկուսիս մեջ բոլորովին զանազան նպատակներ ունին։
— Թո՛ղ ունենան... միայն ես շատ ուրախ եմ, որ դու այսօր բավական լավ ես։
— Անմե՛ղ գառնուկ,— կոչեց հիվանդը համազգացությամբ նայելով օրիորդի երեսին։
Հայտնվեցան հիվանդի ընկերները։ Օրիորդը հեռացավ։
Բաքոսյանի առողջությունը բավական ուրախություն պատճառեց նրան։ — Մեր կյանքը,— ասաց երիտասարդը,— մի չնչին բան է․ նա այսօր կա, վաղը ոչնչացավ։ Բայց մենք, պարոններ, աշխատենք կյանք տալ այն գործին, որին ամենքս նվիրված ենք։
— Մեր նպատակը և ցանկությունը իսկ այդ է,— պատասխանեցին նրանք։
— Լոկ նպատակը կամ ցանկությունը, բարեկամներ, ոչինչ նշանակություն չունի, երբ նա չէ իրագործվում, երբ նա մարմին չէ դառնում։ Լոկ ցանկությունը ցնո՛րք է։
— Ի՞նչ պետք է արած, երբ մեր հասարակական կյանքի մեջ հիմք չկա,— հարցրեց մինը։
— Այնտեղ որ հասարակական կյանքը այնպիսի փտած դրության մեջ է գտնվում` գործող մարդուն պետք է հիմնվել յուր սեփական ուժերի վրա, ոչ ոքից նպատակ և օժանդակություն չսպասելով։ Պառավներին մենք չենք կարող ուղղել, նրանց կուղղե միայն գերեզմանը։ Մեր կրթյալ երիտասարդությունը համարյա՛ փչացած է, նրանք մեզ համար կորած են։ Իսկ միակ ուժը որ մնացել է կենդանի, թարմ և անկեղծ՝ գտնվում է ամբոխի մեջ,— մեր հույսը պետք է նրա վրա դնենք և աշխատենք մշակել նրան։
Չնայելով Բաքոսյանի մարմնական տկարությանը՝ նա այնօր խոսում էր առանց լռելու։ Կարծես վերջին ժամն էր, որ այլևս չպիտի խոսեր յուր ընկերների հետ։