1. Ով էր մեղավոր

Chapter 17

ԺԷ

Ուշադրություն չդարձնելով յուր ամուսնու խստասրտությանը՝ տիկին Մարիամը կանչել տվավ իրանց ծխատեր քահանային, տեր Կիրակոսին, և խնդրեց գնալ որդու մոտ, համոզել հոր հետ հաշտվելու։

Ոչ ոքին այնքան հայտնի չէ լինում մի քաղաքի զանազան մարդկանց բնակարանը, որպես տերտերներին։ Մի քանի ժամվա մեջ քահանան գտավ Բաքոսյանի անհայտ սենյակը։

— Այդպես չէ՛, պարոն Միքայել, աշխարհի կարգը,— ասում էր տեր-հայրը երկար խոսելուց հետո։— Ծերերի և ծնողների առջև պետք է միշտ խոնարհ լինել։ Սուրբ Ավետարանը ասում է. «հնազանդ լերուք ծնողաց ձերոց»։

— Այդ շատ լավ խոսք է, տեր-հայր, միայն սուրբ ավետարանը չէ ասում ծնողներին քաշել և հալածել իրանց որդոց համոզմունքը,— պատասխանեց Բաքոսյանը։

— Էլի պետք է հնազանդ լինել, որդի, նա հայր է, իսկ դու որդի ես, նա ծեր է, նա աշխարհ է տեսել, իսկ դու ջեհել ես, այնքան փորձված չես։

— Ի՞նչ կնշանակե, տեր-հայր, թե փորձված չեմ։ Խելքը և գիտությունը մազերի սպիտակության և սևության մեջ չեն։

— Թո՛ղ լինի․․․ առակն ասում է. «շատ ապրողը՝ շատ բան գիտե»։

— Շատ լավ, ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ է ձեր միտքը։

— էն է, որ գաս, միասին գնանք, հորդ ձեռքը համբուրես և ձեզ հաշտեցնեմ։

— Ես իմ հոր հետ ոչինչ թշնամություն չունեմ. ես դարձյալ պատվում եմ նրան, որպես հայր․ միայն հաշտվել նրա հետ ես չեմ կարող։ Որովհետև, նա պահանջում է, որ ես կուրորեն հետևեմ նրա օրինակին, որ ես դառնամ նրա կյանքի շարունակությունը. այսինքն, մտածեմ այն, ինչ որ նա է մտածում, գործեմ այն, ինչ որ ​նա է գործում, մի խոսքով՝ դառնամ նրա բնավորության պատճենը։

— Էդպես չէ՛, պարոն Միքայել․ հայրդ խելոք մարդ է. այնքան էլ անհասկացող չէ, որպես կարծում եք։ Միայն նրան փոքր ինչ անհաճելի են ձեր մի քանի պարապմունքները։

— Ո՞րպիսի պարապմունքներ։

— Օրինակի համար ուսումնարաններում և էնպեսի տեղերում ձրի դասատվություններ անելը, մշակներին դասախոսություն կարդալը և նրանց համար մտածելը...

Քահանայի վերջին խոսքերը խիստ վատ տպավորություն ունեցան երիտասարդի սրտին և նա ասաց.

— Ես զարմանում եմ, տեր-հայր, որ դուք, փոխանակ համակրելու մի երիտասարդի այդպիսի պարապմունքներին՝ թույլ եք տալիս ձեզ պաշտպանել պառավների կարծիքը, չմտածելով, որ միևնույն պաշտոնը, որ կատարում է նա՝ բոլորովին ձեզ, քահանաներիդ է պատկանում: Գիտե՞ք ինչ էր ասում Հիսուս Քրիստոս դպիրներին և փարիսեցիներին, որոնք արգելք էին լինում ուսման և գիտության ժողովրդի մեջ տարածվելուն, «Վա՜յ ձե՛զ, օրինակացդ, զի թագուցանէք ղփականս գիտութեանն, դուք ոչ մտանէք, և որ մտանելոցն են՝ արգելուք»։ Գիտեք, տեր-հայր, որպես էր նա հոդս տանում ժողովրդի ճնշված, հաղթահարված և ստրկացած դասի դրության բարելավությունը։ Նա ասում էր. «Եկա՛յք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք, և ես հանգուցից զձեզ»։

Քահանան բոլորովին սառեցավ, նկատելով, որ իրավարան դոկտորը Ավետարանն էլ գիտե։

— Մեր կրոնքը,— առաջ տարավ Բաքոսյանը,— չէ քարոզում կաստաներ, որոնցից մինը ծնված լիներ հայր Բրահմայի գլխից, իսկ մյուսը՝ նրա ոտքերից։ Մեր կրոնքի մեջ տիրում է կատարյալ ազատություն: Եվ ձեր ամեն օր կարդացած Ավետարանը նույնը քարոզում է, թե Քրիստոսի եկեղեցվո մեջ ծառա, ազատ, խուժ, դուժ, սկյութացի — բոլորը մի են, Ուրեմն, տեր-հայր, աշխատենք միասին սրբեք մշակ դասի արտասուքը, թողնենք կորուսյալներին իրանց ոսկու կուռքերին երկրպագել, հեռանանք այդ մեզ համար անպիտանացած դասից, որոնց այնքան ատում էր Հիսուս Քրիստոս...։

Քահանան, նկատելով, որ հոր անունով չկարողացավ համոզել Բաքոսյանին, փոխեց յուր խոսքը։

— Մայրդ միշտ լաց է լինում, ասում է «թո՛ղ գա, Նասիրովենց ​Նասիրովենց Նատոյին նշնենք». ամեն օր աղջկա մայրը էլչի է ուղարկում ասում է, Նատոյին ես բացի Միխայելից ուրիշ տղի չպիտի տամ։ Դե՛, որդի, մի այդպիսի աղջիկ, որ մեր քաղքում չկա, քեզ համար ուզում են, էլ ի՞նչ ես սպասում, գնա՛, պսակվի՛ր էլի։

— Ամուսնությունը, տեր-հայր, մի այնպիսի սուրբ բան է, որի մեջ ծնողաց միջամտությունը տեղիք չունի։ Ծնողների բռնաբարությունը այդպիսի հանգամանքներում միայն ավելացնում է անբախտ ամուսինների թիվը։

Քահանան նկատելով Բաքոսյանի երկաթի հաստատամտությունը՝ տխուր հուսահատությամբ թողեց հեռացավ, ափսոսելով յուր մի քանի հարյուր մանեթի կորուստը, որ կարող էր նա ստանալ երիտասարդի պսակվելուց։

Comments