1. Ով էր մեղավոր

Chapter 15

ԺԵ

Հունվար ամիսն էր։

Գիշերային խավարը վաղուց արդեն տիրել էր աշխարհին։ Կատաղի մրրիկը ֆշֆշալով այս և այն կողմ էր ցրվում մանրիկ ձյունի հոսանքը։

Քաղաքի մի խուլ անկյունում, փոքրիկ և խոնավ սենյակի մեջ, աղոտ լույսով վառվում էր մի ճրագ։

Հասարակ աթոռի վրա, գրասեղանի հանդեպ, որոնք կացուցանում էին բոլոր զարդարանքը այդ աղքատիկ բնակարանի՝ նստած էր մի երիտասարդ։

Նա գրում էր։

Տետրակի ճակատին, որ դրած էր նրա առջև՝ կարելի էր կարդալ այս վերնագիրը․ «Կանոններ մշակների ինքնօգնության փոխատու ընկերության»: ​Փոքրիկ տունը, որի մեջ բնակվում էր երիտասարդը՝ պատկանում էր մի ազնվական այրի կնոջ, որի ամուսինը թողել էր միակ ժառանգությունն յուր մի հատիկ աղջկան, որի չքավոր հասույթուվ ապրում էր նա յուր մոր հետ։

Երիտասարդը վարձել էր այստեղ մի փոքրիկ սենյակ, ուր մի աննշան վճարքով չափավորապես կերակրվում էր։

Հանկարծ դռները բացվեցան, ներս մտավ մի մանկահասակ օրիորդ։ Նա յուր կուրծքի վրա բռնած՝ բերում էր մի քանի կտոր փայտ։ Եվ հուշիկ քայլերով մոտենալով հնոցին, սկսավ վառել նրան։

Երիտասարդը ամենևին չնկատեց նրան։ Բայց վառարանի պայծառ լույսը, որ շուտով ծավալվեցավ մռայլոտ սենյակի մեջ՝ դեպի այն կողմը դարձրեց երիտասարդի ուշադրությունը, և նա նկատելով աղջկան, «Ա՜խ, Մանիշակ», գոչեց և վեր թռավ տեղից.

— Դու ի՞նչ գիտեիր, որ այս րոպեիս իմ մատներր, ցրտից սառած, այլևս ընդունակ չէին գրիչ շարժելու։

— Ես գիտեի...— պատասխանեց օրիորդը քնքշությամբ։

— Ապա ինչո՞ւ շուտով վառել չտվիր։

— Ծառայի մայրը գյուղից եկել էր, և ծառան գնացել էր նրան տեսնելու, ես սպասեցի, սպասեցի, չդարձավ։

— Հետո՞։

— Ես ուզում էի ինքս գալ վառելու...

— Հետո՞։

— Վախում էի մայրս բարկանա։

— Եվ դու տխրո՞ւմ էիր, որ արգելում են քեզ։

— Այո, տխրում էի...

— Հետո՞։

— Հետո այնքան սպասեցի մինչև մայրս քնեց։

Երիտասարդը ժպտեցավ։

— Ինչո՞ւ այդպես բարի ես դու, Մանիշակ։

Օրիորդը շառագունեցավ և կամենալով փոխել այդ խոսակցությունը՝ ասաց.

— Դու միշտ գրում ես, Միքայել։

— Այո , գրում եմ... մեզ մնացել է այժմ թանաք և գրիչ...

— Դու խոստացար ինձ հայոց պատմությունից դասեր կարդալ։

— Ես միշտ պատրաստ եմ. եթե դու այնքան բարի կլինես ինձանից դասեր ընդունելու։ ​— Ես շատ ուրախ կլինեմ։

— Ուրեմն սկսենք այս գիշերից,— հեգնորեն ասաց երիտասարդը։

— Արդեն գիշերային երկրորդ ժամն է։

— Ուրեմն գնա՛, հանգստացի՛ր իմ հրեշտակ, ես էլ շատ զբաղված եմ։

Օրիորդը, յուր գեղեցիկ աչքերը վերջին անգամ դարձնելով դեպի երիտասարդը՝ «բարի գիշեր» ասաց և հեռացավ։

«Ահա՛ մի հում և անխարդախ նյութ, որից կարելի է մշակել մի օրինավոր բան», ասաց յուր մտքում Բաքոսյանը օրիորդի գնալուց հետո։

Comments