1. Ով էր մեղավոր

Chapter 14

ԺԴ

Այդ ժողովները, որ շարունակում էին շաբաթը մի անգամ, մի կողմից որքան բավականություն էին տալիս Բաքոսյանի ցանկություններին՝ մյուս կողմից այնքան գրգռում էին Արտեմ Պավլիչի տհաճությունը։

Այդ պատճառով մի օր ասաց նա յուր կնոջը։

— Ի՞նչ պիտի ըլի էդ դավի-դառաբի վերջը։

— Ի՞նչ դավի-դառաբա,— զարմանալով հարցրեց Մարիամը։

— Էդպես որ գալիս են, գնում են, ուտում են, վիթում են․․․

— Ո՞վքեր։

— Չե՞ս իմանում, էդ մոթրեվուլ (թափառական) քաղցածները, որ տղիդ նոր ընկերներ են դարձել։

— Ի՞նչ կա որ գալիս են, ջահել տղերք են, միասին հավաքվում են, խոսում են, ժամանակ են անցկացնում։

— Ա՛խր նրանք ո՞վքեր են, ո՞ւմ տղերքն են, որ հավաքել է յուր գլխին։

— Դու ի՞նչ ես հոգում, որ տղիդ նրանք են դուր գալիս։

— Գանա իմ տունը բաղնի՞ս է, ով որ ուզենա մտնե։

— Է՜հ, քեզ հետ գլուխ չունեմ,— ասաց տիկին Մարիամը տհաճությամբ և հեռացավ յուր ամուսնուց։

Արտեմ Պավլիչի այդ վրդովմունքի մեջն էր, երբ նրա որդին տուն դարձավ։

— Ո՞ւր էիր, Միշա,— հարցրեց նա։

— Գնացել էի խնդիր մատուցանեմ, որ լրագիր հրատարակելու հրաման ստանամ,— ուրախությամբ պատասխանեց երիտասարդը։

Արտեմ Պավլիչի դեմքը խոժոռվեցավ։

— Քեզ ասում եմ, Միշա, էդպիսի դարտակ բաներիցը ձեռը վեր կալ, խելքդ գլուխդ հավաքի՛ր, կազեթներում տուտուց բաներ գրելը քեզ մին սև փող օգուտ չի տալ։ ​— Ես իմ օգտի համար չեմ աշխատում, հայր։

— Դրա համա՞ր քեզ զագրանից ուղարկեցի, դրա համա՞ր հազարներ քեզ վրա մսխեցի։

— Ապա ի՞նչ բանի համար,— մեղմությամբ հարցրեց երիտասարդը։

— Ես քեզ ուսում տվի, որ ինձ պետքը գաս, ինձ,— հառաջ տարավ Արտեմ Պավլիչը պինդ ձայնով։

— Ես միշտ պատրաստ եմ քեզ էլ պետքը գալ և այն գործին էլ, որին ես ծառայում եմ։

— Դո՛ւ, դու, ինձ պետքը գաս,— ավելի պինդ ձայնով կրկրնեց հայրը։— Ես քեզ ասում եմ, Միշա, վրացու համար պայման գրե, «հինգ հարյուր մանեթ աշխատանք ունիմ»— դու ինձ խրատ ես տալիս, էդ «խղճմտանքի ընդդեմ բան է, ես չեմ կարա գրել—...» Դե գնա՛, դե գնա՛, քո ուսմունքով, քո խղճմտանքով մի ապասի սև փող դատե բե՛ր, աչքս տեսնե, էն ժամանակ կասեմ, թե դու էլ մարդ ես... թե դու էլ խելք ունես...

Երիտասարդը պահում էր իրան բոլորովին գերմանական սառնասրտությամբ։

— Ես ձեզ հետ բոլորովին համաձայն եմ, որ մի այդպիսի հասարակության մեջ, որ վերջին աստիճանի բարոյական և իմացական փտության մեջն է՝ կենդանի խղճմտանքով չէ՛ կարելի ապրել։

Վերջին խոսքը կատաղության չափ ծակեց Արտեմ Պավլիչի սիրտը, միայն նա, պահելով յուր բարկությունը՝ ասաց որդուն.

— Ես քեզ հոր պես խրատ եմ տալիս, որդի, էս կազեթներեմեն, վարժատներեմեն ձեռը վեր կալ, դրանք քու բանը չեն։ Մի քանի տղերք, որ հավաքել ես գլխիդ՝ քեզանից հեռացրու, նրանցից խեր չկա, նրանք քո փողերու համար են քո չորս կողմը պտիտ գալիս, որ քեզ պլոկեն։ Նատոյի հետ պսակվիր, նա մեծ չինովնիկներից ազգականներ ունի, քեզ կօգնեն, դու էլ ղուլլուղի կմտնես, փող ունիս, ուսում ունիս, լեզուներ գիտես, ղուլլուղի լեզուներ գիտես, ղուլլուղի մեջ օրեցօր կբարձրանաս և շուտով գեներալ կդառնաս։

— Դուք ստիպում եք ինձ պսակվիլ մի աղջկա հետ, որ ուրիշին է սիրում։

— Ո՞ւմ է սիրում։

— Դոկտոր Բարակյանին։

— Էն քաղցած բժի՞շկն ես ասում, նրան ո՞վ աղջիկ կտա։ ​— Չեն տալ, էդ ուրիշ բան է, միայն ես գիտեմ, որ նրանք միմյանց սիրում են։

— Դու ի՞նչ ես միշտ էդ սերը մեջտեղ քցում. դու ինձ խոսք տուր՝ ես հենց էսօր բանը գլուխ բերեմ։

— Ես չեմ կարող ուրիշների անբախտությանը պատճառ դառնալ։

— Ուրեմն չե՞ս ուզում։

— Ո՛չ։

— Ես երկար խոսել չեմ սիրում, Միշա, քեզ ասում եմ, թե իմ խոսքը չկատարես, էլ իմ որդին չես, ես կզրկեմ քեզ իմ ժառանգությունից։

— Հայր իմ,— ասաց երիտասարդը մեղմ ձայնով,— դուք օրենքով չեք կարող զրկել ինձ իմ պապական ժառանգությունից, որովհետև այն ձեզ չէ՛ պատկանում։ Այսուամենայնիվ ես թողնում եմ ձեզ բոլորը։ Միայն կասեմ, որ ես երբեք չեմ կարող ընդունել այնպիսի առաջարկություններ ձեր կողմից, որ ընդդեմ են խղճի, պատվի և ազնվության։

— Ուրեմն դու է՛լ իմ որդին չե՛ս,— գոռաց Արտեմ Պավլիչը դժոխային բարկությամբ։

— Մնաք բարյավ, հայր իմ, ես չեմ կարող ձեր հետ գործ ունենալ, երբ դուք կամենում եք խեղդել իմ մեջ ամեն մի սուրբ զգացմունք․․․

Comments