Chapter 12
ԺԲ
Մի օր երեկոյան պահուն Բաքոսյանը, դառնալով տուն, այնտեղ գտավ տիկին Շնորհաբաշխին։ Նրա մոտ նստած էին Արտեմ Պավլիչը և տիկին Մարիամը թեյ էին խմում։
Տիկին Շնորհաբաշխը խոսում էր, ծիծաղում էր, հանաքներ էր անում և զանազան ընտանիքներում պատահած հետաքրքրական անցքեր էր պատմում։
Տեսնելով երիտասարդին՝ բոլորի դեմքի վրա երևաց մի հաճության ժպիտ։
— Թողեք ե՛ս ասեմ,— ձայն տվավ տիկին Շնորհաբաշխը:
— Չէ՛, ե՛ս կասեմ,— նրա խոսքը կտրեց տիկին Մարիամը։
— Բա՛, ես չե՛մ կարա ասել,— մեջ մտավ Արտեմ Պավլիչը։
— Ի՞նչ եք ուզում ասել,— կրկնեց երիտասարդը, ձեռք տալով վիճողներին։
— Քեզ ուզում են նշանել,— առաջ ընկավ տիկին Շնորհաբաշխը։
— Այդ լա՛վ բան է,— ժպտալով պատասխանեց երիտասարդը։
— Բա վա՞տ բան է...— ուրախությամբ ձայն տվավ Արտեմ Պավլիչը։
Տիկին Մարիամը խորին հոգեզմայլության մեջ էր։
— Թե գիտենաս ու՛մ վրա, Միշա, էս րոպեիս ուրախությունից վեր-վեր կթռչես,— առաջ տարավ տիկին Շնորհաբաշխը։
— Ասա՛, ո՞ւմ վրա, մի՛ վախիր, չեմ թռչկոտի,— մեղմ ձայնով պատասխանեց Բաքոսյանը։
— Դու ուզում ես, որ էդպես հեշտությամբ գիտենա՞ս. ի՞նչ կտաս, որ ասեմ։
— Ինչ որ ուզում ես կտամ, եթե չասես։
— Դրա՛ն մտիկ տուր, դրան, նազ է՛լ է անում,— դարձավ ծիծաղելով դեպի Արտեմ Պավլիչը տիկին Շնորհաբաշխը։
— Նազ կանե, բա ի՞նչ կանե,— կրկնեց Արտեմ Պավլիչը որդու վրա հպարտանալով։
— Հանաքը դենը կենա,— շարունակեց տիկին Շնորհարաշխը, կրկին դառնալով դեպի երիտասարդը,— Միշա, ուզում ենք Նասիբովենց Նատոն նշնել քեզ համար։ Ի՜նչ աղջիկ է, սիրուն, խելացի, ուսումով, հունարով, մի խոսքով, մոդնի աղջիկ է, էլի՛։
Երիտասարդը լուռ լսում էր։
— Դու փողն ասա, Աննա Կիրիլովնա, փո՛ղը,— ձայն տվավ Արտեմ Պավլիչը։— Հոր մի հատիկ զավակ է, էնքան տուն, տեղ, էնքան հարստություն նրան է պատկանում։
— Մի խոսքով, իմ Միշիս լայաղ աղջիկ է,— մեջ մտավ տիկին Մարիամը։
— Գուցե դրանք բոլորն ուղիղ լինեն... միայն ես դեռևս պսակվելու նպատակ չունեմ,— պատասխանեց Բաքոսյանը սառնությամբ։
— Դու էլ մեր քաղքի տղերքի պես սպասում ես մինչև մազերդ սպիտակին, ակռեքդ թափին, էն ժամանակ պսակվի՞ս,— կշտամբելով ասաց տիկին Շնորհաբաշխը։
— Ո՛չ, այդ չէ պատճառը, միայն ես այժմ մի այնպիսի անորոշ դրության մեջ եմ, որ ինձ դեռևս վաղ է մտածել ամուսնության վրա։
Արտեմ Պավլիչը սկսավ զարմանալ։
— Էլ ի՞նչ ես ուզում, ի՞նչ,— ձայն տվավ նա,— հարստություն ես ուզում — ունի, ուսում ես ուզում — ունի, գեղեցկություն ես ուզում — ունի։ Գա՛նա էդպիսի աղջիկը հալվա է, որ երբ ուզենաս բազառիցը առնես։
— Այդ ձեր ասածների դեմ ես վիճելու առիթ չունիմ, միայն ասում եմ, որ ես դեռ պսակվելու մասին չեմ մտածում։
— Էլ ի՞նչ բանի վրա պիտի մտածես, ասա՛, խնդրեմ. մեր քաղքումը ինչքան երևելի տղերք կան՝ Նատոյին մուշտարի են. ոչ մեկին չեն տալիս, ուզում են քեզ տալ, էնդուր համար, որ նրա հերը իմ լավ բարեկամս էր, ջեր դու զագրանիցումն էիր, որ մենք մեկ-մեկու խոսք տվեցինք, որ խնամի դառնանք։ Հիմի նա գնաց էն աշխարհքը, ես մնացի․ բա՛ ես իմ խոսքը չպիտի կատարեմ մի էդպիսի աղջիկը, մի այդքան հարստությունը պիտի թողնեմ ուրի՞շը տանե։
— Ես զարմանում եմ, հայր, որ դուք ձեր աչքի առջև ունիք այդ չնչին հաշիվները, որոնք ամուսնության մեջ ոչինչ նշանակություն չունին։ Դուք չեք մտածում մի բանի վրա, արդյոք Նատոն կարո՞ղ է ինձ սիրել, կամ ես կարող եմ նրան սիրել։
— Հա՛, կսիրե, կսիրե, երբ քո կնիկը դարձավ, իհարկե, կսիրե քեզ։
— Այդ խնդրի լուծումը այդքան հեշտ չէ։ Բայց նորից ես կրկնում եմ, թե դեռ պսակվելու նպատակ չունիմ ես,— պատասխանեց Բաքոսյանը, և դառնալով դեպի տիկին Շնորհաբաշխը, ասաց.
— Ներեցե՛ք, խնդրեմ, ես պիտի գնամ իմ սենյակը, մի քանի հյուրեր ունեմ այս գիշեր ընդունելու։
— Ա՜յ քեզ խե՜լք...— զարմանալով բացականչեց որդու գնալուց հետո Արտեմ Պավլիչը։