1. Ով էր մեղավոր

Chapter 11

ԺԱ

Նույն ավուր երեկոյան պահուն Արտեմ Պավլիչը կանչեց որդուն յուր սենյակը։ Այնտեղ նստած էր մի վրացի իշխան, կարմիր մախմուրի արխալուղով, ոսկի ժապավենով եզերավորած կաբայով և արծաթապատ խանջալով։

Երիտասարդը քաղաքավարությամբ գլուխ տվավ նրան։

— Իմ որդիս, Միխայիլ Արտեմիչը։

— Կնյազ Ճիանճվելիձե,— ծանոթացրեց նրան Արտեմ Պավլիչը։

Երիտասարդը նստեց։

— Գիտե՞ս ի՛նչ բանի համար կանչեցի քեզ, Միշա,— ասաց Արտեմ Պավլիչը մի այնպիսի լեզվով, որ իշխանը հասկանար։— Կնյազը իմ հինուցվա բարեկամս է, շատ օրինավոր մարդ է, աստված է վկա, դրա ողորմածհոգի հայրը ավելի լավ մարդ էր — աստված իր հոգին լուսավորե — Կախեթումը առաջին օջախն է դրա հոր տունը։

Երիտասարդը անհամբերությամբ սպասում էր, թե ինչո՞վ կվերջանան հոր այդպիսի շողոքորթող գովասանքները։

— Կնյազը,— առաջ տարավ Արտեմ Պավլիչը,— աստված իրան երկար կյանք տա— ինքն էլ շատ մեծ մարդ է Կախեթումը։ Բայց ջեր ջեհիլ է (է՜հ մենք էլ ենք ջեհիլ էլել...) անցյալ գիշեր կլուբումը մի քանի հազար տանել է տվել. (վնաս չունի, ջեհելություն է, մենք էլ ենք էդպեսի բաներ շատ արել..․)։ Հիմի փող է հարկավորել իրան, եկել է, ասում է, Արտեմ Պավլիչ, քեզանից ավել բարեկամ չունիմ, այդ իմ նեղության ժամանակին դու ինձ պիտի օգնես, մի քանի հազար մանեթ ինձ փող պիտի տաս։ Ասում եմ, Միշիս արևը գիտենա, փող չունիմ. չէ հավատում, ասում է, Արտեմ ​Պավլիչ, ի՛նչպես որ ըլի՝ պիտի մեկ տեղանց ճարիս, տաս։ Հիմի ի՞նչ պիտի անինք, Միշա ջան, մեր կնյազն է, ինչպես որ ըլի՝ պիտի ուրիշից ճարենք նրան տանք, դու գիտես, որ ես հիմի փող չունիմ։

— Ես չգիտեմ, որ... — ասաց Բաքոսյանը։

— Հորեն, Միշա, էն սնդուկումը,— շուտով կտրեց Արտեմ Պավլիչը որդու խոսքը,— կնյազը մի քանի բաներ էլ բերել է, որ գրավ թողնի մեզ մոտ, գնա մտիկ արա։

Երիտասարդը վեր կացավ, բաց արավ սեղանի վրա դրած փոքրիկ արկղիկը, որի մեջ կային ոսկեղեն գոհարազարդ մի քանի կանացի թանկագին բաներ, որպիսին են՝ ապարանջաններ, մանյակ, մահիկը (մեդալիոն) և այլն։

— Դրանք, Միշա, կնեյնա Նինուշկայի ապրանքն է. գիտեմ, որ ուրիշ մարդու չի մավա կենա, բայց կնյազը լավ է ճանաչում ինձ, որ ես Արտեմ Պավլիչն եմ, օչովին խայանություն չեմ տնի...

— Վերջապես ի՞նչ եք կամենում ինձանից,— համբերությունը հատնելով հարցրեց երիտասարդը։

— Հա՜, էն էի ուզում ասել, Միշա, վեր առ առաջ մին վեքսիլ գրե 3000 մանեթի մինչև հինգ ամիս ժամանակի, հետո մին պայման գրե, էդ բաները, որ կնյազը բերել է՝ պայմանի մեջ մին-մին նշանակի՛ր, եթե մինչև հինգ ամիս փողն չստանամ, կնյազը պարտավոր է բացի այդ 3000 մանեթը՝ 500 մանեթ էլ շտրաֆ տա ինձ, ես էլ իրավունք ունենամ գրավները ծախել, իմ փողը վեր առնել։

— Գիտե՛ք, կնյազ,— դարձավ նա դեպի վրացին.— ես մեկ ճշմարիտ մարդ եմ, իմ ամեն բանը դրուստությունով է, լավ է, որ էս գլխեմեն ասեմ, որ դուք էլ հասկանաք հեսաբը. ես քեզ 2500 մանեթ նաղդ փող կտամ. թումանը երկու ապասով մեկ ամիսն 100 մանեթ շահ կու բանե, էդ էլ հինգ ամսումը կանե 500 մանեթ, դրա համար եմ ասում, որ վեքսիկը 3000 մանեթ գրե։ Իմ մամի հոգին գիտենա, որ իմ կյանքումս էսպես էժան օչովին փող շահով տված չունիմ։ Բայց ի՛նչ անիմ, բարեկամ մարդ ես, խաթրիցդ չեմ անց կենում...

— Իհարկե, Արտեմ Պավլիչ, մեր բարեկամությունը մի օրվա համար չէ՛ խոմ,— պատասխանեց իշխանը համաձայնվելով վերոհիշյալ պայմաններին։

— Դե՛, վեր առ գրե՛,— դարձավ Արտեմ Պավլիչը դեպի որդին։ ​

— Ես այդպիսի պայման չեմ կարող գրել,— պատասխանեց երիտասարդը հայերեն լեզվով, որ իշխանը չհասկանար։

— Ինչո՞ւ,— հարցրեց հայրը աչքերը լայն բացելով։

— Նրա համար որ, առաջին՝ այդ մարդը օրենքով իրավունք չունի յուր կնոջ սեփականությունը գրավ դնելու, երկրորդ՝ բոլորովին օրենքի հակառակ բան է հինգից ավել տոկոս առնել։

Արտեմ Պավլիչի աչքերը վառվեցան բարկությունից։

— Դե՛ գնա՛, հեռացի՛ր, որ էդ մարդը բան չհասկանա։

Որդին հեռացավ։

«Էդ զակոնները ես լավ գիտեմ», ասաց ծերունի վաշխառուն յուր մտքի մեջ, «դժվար բան չէ, կնկան էլ ձեռք քաշել տալը պայմանի վրա»։

— Գիտես, կնյազ,— դարձավ Արտեմ Պավլիչը որդու գնալուց հետո դեպի յուր զոհը։— Իմ Միշեն զագրանիցայեն գալու ժամանակ ճանապարհին հիվանդացել էր, մինչև հիմի էլ տաքցնում է, ձեռքերը դողում են, չկարացի գրել. խնդրեմ մի փոքր սպասել, ես էս րոպեին կանչել կտամ իմ գրագրին, այսօր կիրակի լինելու համար տանը չէ՛։

— Շատ լավ, ես կսպասեմ,— ասաց իշխանը։

Comments