1. Թեմական տեսուչ

Chapter 4

Դ: ԵՐԿՈՒ ՊԱՏՃԵՆ ԵՎ ԵՐԿՈՒ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

Մեր թեմական տեսուչը երբ որ գյուղիցը մի փոքր հեռացավ, հետաքրքրությունից շարժված բաց արավ Միքայելից ստացած ծրարը, և նրա մեջ գտավ երկու գրության պատճեն։ Առաջինի բովանդակությունը հետևյալն էր.

«Տեր֊Մաշառ,

«Թեմական տեսուչն այս օրերս գալու է ձեր գյուղը։ Դա մի շատ խռովարար և անհաշտ մարդ է։ Խորամանկությամբ հարց ու փորձ է անելու և մեր գործերի մասին տեղեկություն քաղելու։ Գյուղացիք բերանների կապը կտրած մարդիկ են, կսկսեն մեզ վերա գանգատվիլ, որ իբր թե մենք իրանց թալանում ենք, տեղի անտեղի կաշառք ենք առնում, պտղին թանկ ծախելով՝ էժան հաշիվ ենք տալիս, մենք չհասը փողով հաս ենք անում և հասը չհաս շինելով՝ դարձյալ փող ենք առնում, թե մենք սրբադրամի մեծ մասը գողանում ենք և ապառիկ ցույց տալիս... ես ինչ գիտեմ, ինչ ասես պիտի գլխներիցը դուրս տան։ Ահա այս ամենի համար առաջուց զգուշացնում եմ քեզ, որ այդ մարդը գա թե չէ՝ իսկույն տանես քո տունը, օրինավոր պատիվ տաս, չթողնես որ մենակ մնա ժողովրդի մոտ և նրանց բերնիցը խոսք դուրս քաշի, և այնպես կանես, որ դա այդտեղ ոչինչ չկարողանա անել և միևնույն ժամանակ չիմանա, որ մենք ենք արգելք եղել։ Իսկ ես կաշխատեմ հասկացնել ում հարկն է, որ մեր գլխիցն ազատեն այդ ցավը... Մեր Ձիապանյան հաջորդը ուզում է ինքը լինել թեմական տեսուչ և մի առիթ է փնտրում դրան հեռացնելու։ Սա շատ ուրախ կլինի, որ դու եթե մի որևիցե ակնարկություն լսես դրա բերնից ընդդեմ հոգևոր իշխանության, իսկույն իմաց տաս իրան։ Ուզում եմ ասել, վերջապես, որ մեր հաջորդը մի նոր եկած քաղցած ու ծարավ մարդ է, սա աչք ունի թեմական տեսչի ռոճիկի վերա, կարող ես ուրեմն հուսալ, որ սա կպաշտպանե քեզ ամենայն դեպքում, միայն թե այդ մարդուն ընդդեմ գործելու ամենայն ջանքով աշխատես... ​

«Անդամ կոնսիստորի և գործակատար քաղաքին Արշակավանա Տեր֊Ավդալ»։

Երկրորդ պատճենն ուներ հետևյալ բովանդակությունը․

«Մենք ի ներքո ստորագրյալ Հայկաշեն գյուղի հասարակությունս ուզենալով՝ որ մեր խոխեքը զհայերեն լավ սովորեն և մարդ դառնան, տվանք զայս ստորագրությունս աղա Նեբրոթբեկին Անտառապետյանին, առ այն զի որ մենք ամեն տարի ամեն տանից վեց շահի տանք և տուն քիրահենք, կամ տան քիրահն տարին երկու հարյուր մանեթ տանք, ևս ճրագլուսն էլ տանք, ևս փայտն էլ տանք, ևս ստարշի ուչիթելին օթախն էլ տանք․․․»։

(Ստորագրություն ամբողջ հասարակության).

Թեմական տեսուչը այս երկոքին պատճենները կարդալով այն զգաց, ինչ որ կզգա մի մարդ, երբ երկու կրակի մեջտեղ կգտնվի... «Ա՜յ ինչ կնշանակե արտաքին և ներքին թշնամի», մռմռաց նա ինքն իրան։ «Այդ ապուշ հաջորդը, եթե ինքն է ուզում թեմական վերատեսուչ լինի, թող լինի, էլ ինչո՞ւ է գայլի հորեր փորել տալիս իմ ճանապարհին, չէ՞ որ այդ հորերի մեջ ինքը կընկնի մի ժամանակ։ Տեր Ավդալի արարքը հասկանալի է՝ «Արջն իր ահիցը կգոռա»։ Այսպես մրթմրթալով քշում էր իր ձին թեմական տեսուչը, հանկարծ նրա դիմացն ելավ իր վաղածանոթ բարեկամներից մինը, որ միևնույն պաշտոնով, այսինքն ուսումնարաններ բանալու համար, իր թիկնապահի հետ պտտում էր միևնույն գյուղերում։ Բարև տվին, բարև առան և իրար քեֆ ու հալ հարցնելուց հետո՝ հետևյալ խոսակցությունը բացվեցավ նրանց մեջ։

— Նազար֊բեգ, ձիդ փոքր֊ինչ հեռու պահիր իմ ձիուցը, սա վատ բնություն ունի, համ կծող է, համ քացի տվող,— ասաց Գրիգորը։

— Շա՛տ լավ, ես քո ձիուցը կզգուշանամ, բայց դու, Գրիգոր, դու էլ ինձանից զգուշացիր։ Ո՛ր գյուղ որ ես մտնեմ, դու այնտեղ չերևաս, թե չէ ես էլ քեզ կծեծեմ։

— Գիտեմ, դու շատ հավատարիմ շուն ես, ում հացն ուտես, նրա դռանը կհաչես, բայց քո կաթնատամներդ իմ ոտքս չանգռելու չափ ուժ չունին, դու միայն կվնգստաս ժանգժանգ թուլի պես, բայց կծել կարող չես․․․ ​

— Դու շատ սխալվում ես, սիրելիդ իմ Գրիգոր։ Ես ոչ միայն կծելու չափ ուժ ունիմ, այլ քեզ իմ օգտին հաչեցնելու իրավունք էլ ունիմ։

— Այդ ես չեմ հասկանում։

— Գիտեմ, որ չես հասկանում, եթե հասկանայիր, այդ պաշտոնը չէիր առնիլ վերադ։

— Խնդրեմ բացատրես։

— Շատ լավ, դե լսի՛ր։ Ահա միասին կերթանք առաջներիս գյուղը։ Ես, ինչպես որ ինձ հրամայված է պիտի հորդորեմ և թե ստիպեմ, որ ուսումնարան բանան։ Այդ արդեն որոշված է, վարժապետն էլ արդեն նշանակված է։ Դու իմ կշտին կլինիս, ինչ որ կասեմ, կլսես։ Բան է, եթե ես կարոտ եղա քո օգնությանը, պիտի դիմեմ քեզ, և դու իրավունք չունես ինձ չօգնելու։ Ուրեմն ինչ որ ես ասեմ, դու պիտի արձագանք տաս, պիտի ասես. «աղան լավ է հրամայում, ինչպես հրամայում է, այնպես արեք»։ Դու որ կաս, ուրեմն իմ պոչն ես, իմ կարկատանը։ Դու իբրև պոչ՝ կարող ես մերթ ծալվիլ և մերթ գալարվիլ, մի խոսքով ազատ շարժվելու իրավունք ունիս, բայց ազատվիլ, անջատվիլ, կտրվիլ ինձանից կարող չես, պետք է միշտ հետևիցս քաշ գաս, չես կարող առաջս ընկնիլ։ Եթե խրթին է ասածս, լավ սերտիր քեզ տված հրահանգը, և կտեսնես, որ այնտեղ ավելի կոկ և քաղաքավարի լեզվով է ասված, ինչ որ հիմի ես քեզ ասում եմ ընկերաբար։

— Ես կարդացել եմ և շատ լավ գիտեմ քո հիշած հրահանգի բովանդակությունը։ Այնտեղ ասված չէ, որ ես իրավունք չունիմ իմ սեփական ուսումնարաններն ունենալու։

— Ես չեմ ասում, թե իրավունք ամենևին չունիս, այլ թե այնքան ունիս, ինչքան ամեն մի աղքատ ունի... իր տիրոջ սեղանի փշրանքների վերա։ Չէ՛, ես տեսնում եմ, որ դու քո և իմ իրավունքների տարբերությունը լավ չես ուսումնասիրել, եթե լավ ուսումնասիրած լինեիր, կտեսնեիր, որ քո իրավունքր իմ իրավունքի զրոն է։ Ես մեկ, դու էլ զրո, ես կդառնամ տասը, իսկ դու կմնաս դարտակ զրո։ Դու իրավունք ունիս ամեն մի եկեղեցու մոտ մի ուսումնարան բանալ, ինչպես բոլոր մոլլաները իրավունք ունին իրանց մեչիդին կից մի մոնթարան ունենալ։ Այդ իրավունքը վայելում են բոլոր կրոնի ​հոգևորականները։ Բայց տե՛ս, ես ի՛նչ իրավունք ունիմ: Ես իրավունք ունիմ ամեն մի հասարակության մեջ ուսումնարան ունենալու։ Եկեղեցին քոնն է, իսկ հասարակությունը, ժողովուրդը՝ իմը։ Եկեղեցին առանց հասարակության զրո է, այս բանը Մսերյանի հավատապատումն էլ կասի քեզ։ Ես երբ որ հասարակության մեջ մի ուսումնարան եմ բաց անում, որի աշակերտները միավորներից են լինում բաղկացած, իսկույն քո զրոները գալիս են նրանց կպչում և ես ունենում եմ տասնավոր աշակերտներ, իսկ դու՝ ոչինչ։ Հասկանո՞ւմ ես, սիրելի ազգասեր, ի՞նչ եմ ասում։ Բայց այս դեռ ամենը չէ։ Ես իմ ձեռին ունիմ հարուստ գանձարան, կարող եմ նոր հարկ էլ դնել ամեն մի հասարակության վերա. իսկ դու ոչ մինն ունիս և ոչ մյուսը։ Քանի՞ կոպեկ կարող ես գոյացնել քո աջահամբույրներից, կամ ի՞նչ միջոց ունիս այդ կոպեկներն ազատել քո գիշատիչ ագռավների ձեռքից։

Թեմական տեսուչը գլուխը քաշ ձգեց, իբր արհամարհելով իր պաշտոնակցի ասածները, և սկսեց գայլի ու գառան առակը մրմնջալ քթի տակին։ Չգիտեր ի՞նչ պատասխան տա իր զորեղ հակառակորդին՝ ճարը կտրված մանկավարժական օրենքների պաշտպանությանը դիմեց, որ ցույց տա, թե այնուամենայնիվ արդարությունն իր կողմն էր։

— Հասարակությունը կարող է չհամակրել ձեր տված հակազգային կրթությանը, և ավելի լավ կհամարե իր ազգային ուսումնարանը պահել և ազգային կրթություն տալ իր որդոցը։

— Այդ հանգամանքի առաջքն առնելը հեշտ է։ Հասարակությունը կրթության մեջ զանազանություն անել եթե գիտե, այն ի վնաս ձեր է, ըստ որում մերն է գերադասում, իսկ եթե մինը նրանցից սկսե հակառակը պնդել, իսկույն կերևի, որ ուրիշի թելադրությամբն է դատողություն տալիս և մի քանի հարց որ փորձից հետո կխոստովանի, որ ինքն էլ չի իմանում, թե ինչ է ասում, այլ թեմական տեսուչն է սովորեցրել նրան։

— Ի սեր աստծո, թող քո այդ սպառնալիքը։ Մի՞թե գյուղացին չի իմանում, որ երեխան իր մայրենի լեզվով ավելի կհասկանա ինչ որ իրան ասում են, քան թե օտար լեզվով... ​

— Ո՛չ, գյուղացին այդ չգիտե։ Նա չի իմանում, որ բացի լեզվից, ուրիշ բան էլ են սովորեցնում ուսումնարանումը։ Նա ուրախ է, որ իր որդին մի օտար լեզու է սովորում, օտար լեզվով խոսում։ «Հայերենը գիտե ու գիտե, ասում է նա, ես ուզում եմ, որ մի ուրիշ լեզու էլ գիտենա, չունքի ասած է՝ մարդս քանի լեզու որ գիտե, այնքան մարդ է»։ Բայց եթե կլինին ճշմարիտ այնպիսի գյուղեր, որ կուզենան անշուշտ, որ իրանց որդիքը հայերեն էլ սովորեն, մենք կարող ենք «շաբաթվա մեջ մի դաս էլ հայերեն նշանակել...

— Բայց ձեր արածը մանկավարժության օրենքներին, բարոյակրթության հիմունքներին, ազգայնության սուրբ սկզբունքներին գլխովին հակառակ է...

— Ո՞վ է ասում այդ, ով հաստատեց, որ այդ ճշմարիտ է: Թող, ի սեր աստծո, այդ ցնորքը։ Եթե մարդիկ տարեցտարի փոխում են իրանց նիստ ու կացը, իրանց կերակուրն ու հագուստը, իրանց սրբազան համարած ծեսերն ու ադաթները, իրանց լեզուն ու կրոնը, էլ ի՞նչ ես ուզում, տեսնում ես, որ ամենայն ինչ փոխվում է և փոխվում է այնպես, ինչպես որ տիրող քաղաքական օրենքներն են պահանջում։ Այդ ո՞ր մանկավարժությունն է, որ հերքում է այդ աշկարա բանը, ո՞ր մանկավարժական օրենքներն են, որ քաղաքական օրենքների դեմ մրցելու չափ ուժ ունին, մեկ ասա տեսնեմ...

— Գիտես ի՞նչ կա, Նազար աղա, այդ բոլորը քեզ այդպես թվում է, ըստ որում գրքի մի երեսն ես կարդացել միայն և այն էլ լրիվ չես կարդացել։ Քաղաքական օրենքներից ավելի օրենքներ կան, դոքա ասվում են պատմական օրենքներ: Եթե դու բարոյակրթության կանոններն ու օրենքները խելացնոր բաներ ես համարում, այսուամենայնիվ չես կարող հերքել պատմական օրենքները, որոնք շատ խիստ են, շատ անաչառ։ Այդ արդարադատ և աստվածային օրենքների հիման վերա, միշտ խամ, միշտ թմրած չի մնալ մեր ժողովուրդը, կզարթնի նրա ինքնասիրությունը, ինքնապատվությունը, այդ կետին նրան կհասցնե ժամանակակից համաշխարհական անիվը հառաջ շարժող ազգայնության հոգին։ Այդ զորության ազդեցությամբ մենք արդեն մեր ձեռին ունինք գրականություն, լրագիր, ամսագիր և, թեև սակավաթիվ, ունինք ​ազգային ուսումնարաններ։ Եվ դու, որ հիմա մեր ժողովրդի վրա նայում ես իբրև անբան արարածների վրա, իբրև միայն ֆիզիկական օրենքների տակ նվաճված ֆիզիկական մարմնի վերա, շուտով կտեսնես, որ նա ոչ ծառ է, ոչ քար, և ոչ անասուն, այլ ունի հոգի, բանականություն և այդ ցույց կտա նա քեզպեսների ճակատների վերա դրոշմելով մի նոր խարան, խարան աղվեսադրոշմ, և եթե շամփրով կպսակե քեզպիսի մարդասերների դդում գլուխը...

— Հա՜... հա՜... հա՜... հա՜... ի՛նչ հանկարծ տաքացար, մեր տղա։ Մի՛ վշտանար, ես քեզանից պակաս հայ չեմ, իմ սիրտն Էլ է ցավում, բայց ինչ արած, ինչ որ ճշմարիտ է, նա ցնորք չէ... է՛հ, թողնենք այդ անախորժ խոսակցությունը, հիշենք մեր հին բարեկամությունը, երբ ոչ մի հասարակական հոգս մեզ չէր զբաղեցնում և իրար դեմ թշնամացնում։ Ահա մտնում ենք գյուղը, դու ո՞րտեղ պիտի իջնես...

— Իհարկե քեզ հետ չեմ իջնիլ ոչ մի տեղ... դու կերթաս քո քյոխվի մոտ, ես իմ տերտերի։ Ես առավոտը շուտով կհեռանամ, որ էլ քո սև երեսը չտեսնեմ: Ասած է՝ «Հայի տունը որ հայը չքանդե, աշխարհ վեր կենա, ոչինչ չի կարող անել»,— ասաց թեմական տեսուչը և իր ձին մտրակելով՝ բաժանվեցավ իր պաշտոնակցից։

Comments