Chapter 3
Գ: ՆՈՐ ԽՆԴԻՐ
Երբ որ ժողովուրդն այդպես քաշվեց հեռացավ, մեր տեսչի գլխին սառը ջուր մաղվեց։
— Տեր աստված, ես ի՞նչ էի երևակայում և հիմի ի՜նչ եմ տեսնում,— ասում էր նա ինքն իրան։— Այս սարերի գլխին, ձորերի միջին մատնությո՜ւն, դավաճանությո՜ւն, սպառնալի՜ք․․․ Զարմանալի բան է։ Ե՞րբ ցանվեցավ այս անմեղ սրտերի մեջ սատանայի այս չար որոմը․․․
Մեր տեսուչը պետք էր որ զարմանար, ըստ որում դեռ նոր էր, կամ ինչպես կասեն՝ դեռ խամ էր։ Նա կարծում էր, թե մեր գյուղացիք հին նահապետական պարզության մեջ պետք է լինին և եդեմական անմեղությունը պահած, և այդ պատճառով դեռ թեմական տեսուչ չեղած, սաստիկ բարկանում էր եղած թեմականների վերա ասելով. «Այնպիսի մարդկանց են տվել այդ պաշտոնը, որոնք ոչ ժողովրդի լեզուն գիտեն և ոչ նրա հետ վարվելու եղանակն են իմանում։ Փափուկ մեծացած, իրանց օրումը ձի չնստած, էլ ինչ ասել կուզի, որ այդպիսի մարդիկը չեն կարող կառքի ճանապարհից աջ կամ ձախ շեղվիլ, ձորերի մեջ մտնել, սարերի վերա բարձրանալ, ցրտի ու տաքի դիմանալ, մի տեղ ոտքով ման գալ, մյուս տեղ ձիով, ձի չեղած տեղը ջորու և իշի վրա նստել, անչայ մնալ, ցամաք հաց ուտել, պաս պահել... չէ՛, դրանք ոչինչ չեն կարող անել»... Բայց հիմա տեսնում էր, թե որքան սխալված է եղել ինքը, և որքան սխալ էր նույնիսկ իր տեսությունը սկզբից մինչև վերջը...
— Պարո՛ն տեսուչ, շատ մի՛ մտածեք,— ասաց Միքայելը։— Այսպես է ահա՜ մեր ժողովուրդը՝ ինչպես տեսնում եք...
— Այո, շատ անպետք մարդիկ են, ես ամաչում եմ դրանց փոխանակ,— հաստատեց Առստամը։
— Բայց այսպես չէր այս ժողովուրդը սրանից մի քսան տարի առաջ...
— Քսան տարի առաջ մեր մարդիկը ֆիզիկապես էլ ավելի խոշոր էին, բայց հիմա տեսեք ինչքա՛ն մանրացել, ինչքան նվազել են։ Երևի կա մի արտաքին զորեղ ազդեցություն, որ մեր ժողովրդին ոչ միայն ֆիզիկապես է փոքրացնում, մանրացնում, այլև բարոյապես։ Պարոն տեսուչ, ես ահա տասը, տասնհինգ տարի է, որ թափառում եմ այս ժողովրդի մեջ և եկել եմ այն եզրակացության, որ մեր գյուղացիք իրանք իրանց կրթելու ոչ կարողություն ունին, ոչ էլ հասկացողություն։ Կարողություն չունին, ըստ որում, սրանց կյանքը հազար ու մի հարվածների ենթակա է, այսօր մորեխն է կտրում իրանց հացը, վաղը՝ մուկը, երաշտ է անում, կարկուտ է գալիս, անասուններն են կոտորվում... Ոչ երկինքն է օգնում և ոչ երկիրը, ոչ բարեկամը և ոչ չարակամը․․․ Պետք է ուրիշ ճար, ուրիշ հնար մտածել։
— Օրինակ՝ ինչպիսի՞ հնար։ Հայտնեցեք, ես ուրախությամբ կլսեմ։
— Գիտե՞ք ինչ կա։ Այսօր մեր ժողովրդին առաջարկում են տան գլուխ վեց շահի տալ, իսկ մնացածը, ասում են, մենք ինքներս կհոգանք և ուսումնարան բաց կանենք։ Բայց ահա քառասուն տարուց ավելի է, որ մեր ժողովուրդը տան գլուխ չորս շահի է տալիս անընդհատ «սրբադրամ» անունով, իսկ քահանայք՝ մեկ֊մեկ մանեթ։ Եթե սրա վրա ավելացնենք և պտղին, որ նմանապես մի մշտական և տարեցտարի աճող տուրք է, կարող եմ ասել, որ յուրաքանչյուր տուն տարեկան առնվազն տալիս է արդեն մի մանեթ տուրք։ Մյուս փոփոխական և մասնավոր տուրքերը սրա հետ չեմ խառնում։ Իմ կարծիքով պետք է այդ սրբադրամի և պտղու հաշվով մի քանի կենտրոնական ուսումնարաններ բանալ, որ ժողովուրդն էլ տեսնի, թե իր տվածի մի մասը իր բարոյական զարգացման վերա է գործ դրվում։ Եթե այսպես արվի, ժողովուրդը կսկսի ջերմեռանդանալ, կսիրե իր հոգևոր իշխանությունը, նրան հարազատ հայր կճանաչե և կեռապատկե իր տուրքը․․․
— Այդ շատ լավ եք ասում, պարոն Միքայել. բայց մի՞թե չգիտեք, որ հոգևոր իշխանությունը այդպես էլ արել է, այսինքն ձեր ասած տուրքերի մի մասը ազգային հոգևոր դպրանոցին է հատկացրել։
— Ազգային հոգևոր դպրանո՜ց․․․ անունը մեծ՝ մեջը փուչ։ Ձեր քաղաքի այդ ուսումնարանը, որ ազգային հոգևոր դպրանոցի մեծ տիտղոսն ունի, ես լավ գիտեմ, որ նա ոչ միայն իմ ասած տուրքի մի մասն է տանում, այսինքն ամբողջ սրբադրամը, այլ տանում է նաև բոլոր ուխտատեղյաց արդյունքը, սեփականել է բոլոր վանքերի անհուն կալվածները, նա է ստանում ամբողջ վիճակի մոմավաճառության արդյունքը, պսակահասից մասն է ստանում, մետրիկական վկայականներից ստանում է, էլ չգիտեմ որ մեկն ասեմ։ Եվ թող տանե, թող դրա կրկնապատիկը, եռապատիկը տանե, խոսք չունիմ ասելու, բայց ոչ թե տանե կուլ տա, այլ մի արդյունք ցույց տա։ Մի՞թե այդ ահագին արտոնությունը վայելելու փոխարեն նա ոչ չնչին պարտականություն չունի՞։ Գիտեմ, պիտի ասեք ունի, և այդ այն է, որ նա պիտի վիճակին տա բարեկրթված քահանաներ, հմուտ ուսուցիչներ։ Ցույց տվեք այսօր, չեմ ասում բարեկրթված և ուսյալ, այլ ինչպես էլ որ լինի, մի հատ քահանա, կամ մի հատ ուսուցիչ, որ այդտեղից լինի դուրս եկած։ Ինչպես ասացի, քառասուն տարուց ավելի է, որ մենք գյուղացիքս այդ ուսումնարանին անընդհատ հարկ ենք տալիս և վերջ ի վերջո բանից դուրս է գալիս, որ մեր դառը քրտնքով աշխատած փողով ձեր քաղաքացիք մեզ ոչ թե քահանա կամ ուսուցիչ են տալիս, այլ ոսկի շարքեր են շինել տալիս և իրանց հարսների ճակատից կախում... Այդպես կարող են անել միայն անբարոյականության ամենավատթար աստիճանի մեջ գտնվող անսիրտ և անհոգի չարչիները։ Այդպես կարող են անել միայն Բրքիշոյի և Շմուելիի ցածուն արբանյակները։
Թեմական տեսուչը շատ լավ զգում էր, որ Միքայելի ասածներն ինչքան մաղձոտ՝ նույնքան և ճշմարիտ էին. Միքայելը, ինչպես կասեն, նրա սրտիցն էր ջուր խմում, բայց իբրև պաշտոնական անձն, իբրև հոգևոր վարչության պաշտոնյա, անհարմար էր համարում ցույց տալ, որ համակիր է նրա ասածներին, ուստի կամենալով վերջ տալ այդ խոսակցությանը, դարձավ դեպի տերտերը հետագա հարցումով․
— Մի՞թե ճշմարիտ է, որ ձեր գյուղացիք արդեն ստորագրություն են տվել, թե ցանկանում են... ուսումնարան ունենալ։
— Ես չգիտեմ, պարոն տեսուչ, ես էլ ձեզ պես լսել եմ, որ այդպես մի բան են արել, և մենակ մեր գյուղացիք չեն, որ համաձայնել են, բոլոր գյուղերից էլ ստորագրություն են հավաքել այս քանի օրս։ Բայց դուք ինչպե՞ս եք կարծում, մի՞թե դա վատ բան է...
— Այսինքն՝ «պա՞րտ է տալ զհարկ եթե ոչ»,— ավելացրեց Առստամը հեգնաբար, քահանայի հարցումից վրդովվելով։ Բայց թեմականը շուտ վրդովվող չէր, նա մի վայրկյան գլուխը քաշ գցեց և քթի տակ մռմռալով ասաց․
— Ես չասացի թե վատ բան է, բայց ինձ հարկավոր է իմանալ, որ էլ զուր տեղը սար ու ձոր չընկնիմ։ Ուսումնարանն ուսումնարան է, ով կուզի թող բաց անե, այդ մեզ համար միևնույն է․․․
— Իհարկե միևնույն է, տեր հայր,— խոսքը հաստատեց Առստամը։— «Պարտ է տալ զԿիրակոսին Կիրակոսի և զՄարկոսին Կիրակոսի»։ Այսպես չէ՞ տեր-հայր։
— Ավետարանումն այդպես չի ասված,— պատասխանեց տերտերը։
— Ինչպե՞ս չի ասված։ Ավետարանում չի՞ ասված միթե, որ եթե մեկը քո բաճկոնը խլե, շապիկդ էլ տուր նրան, որ կնշանակե՝ թե մեկը քո աղջիկդ խլե, պետք է կնիկդ էլ տաս նրան․․․
Առստամի այս խոսքը թնդացրեց տերտերին, երևի նրա ձգած քարը տերտերի ցաված տեղին դիպավ․․․
Տեսուչը տեսավ, որ սրանց վեճն ավելի պիտի թնդվի, վեր կացավ տեղիցը և հրամայեց իր ձիավորին, որ ձիանը դուրս քաշե։ Տերտերը շատ ստիպեց, որ մնա, բայց նա չհոժարեց, հեծավ ձին և երեսը շրջեց դեպի Իսրայելի մյուս գյուղերը... Միքայելը նրան գնաս բարով ասելիս՝ մի ծրար տվավ և ասաց, որ ճանապարհին բաց անի կարդ․․․